3 Բաղդադու Խալիֆան կանչեց, ասաց. — Հա՜, ասքա՜ր, ասքա՛ր արեք, գնացե՛ք. Աղջիկ կը տա՝ կը տա. չի տար, Քար քաղեցե՛ք, ավազ մաղեցե՜ք, Ժողվեցեք, բերե՛ք՝ ինչ կա։ Էլան, ասքար արին, էկան. Էկան Հայոց թագավորի վերա։ — Ահա, թագավոր, Քո աղջիկ կամ կը տաս տանենք, Կամ քար քաղենք, ավազ մաղենք, Ժողվենք, տանենք՝ ինչ կա։ Թագավորն իրիշկեց, ի՜նչ իրիշկեց,– Քանց աստղ էրկինք՝ զորք է թափվե։ Կռիվ արին, շատ զորք սպանին. Խաչապաշտ թագավոր կոտրվեց։ Ծովինար խանում էրդիք կայներ էր. Միտք արեց իր մեջ. «Որ իմ հերն իմանար, Էսքան մեղք ու արունք չէր ձգի իմ վիզ, ինձ կը տար— Իմ պատճառով էսա ամեն մարդ տի սպանեն, Էնոնց տղաներ տի մնան որբ, ինձ տ’անիծեն, Վերջըն զոռով ինձ տի տանեն։
Աղեկն էն է, որ ես իմ կամքով էրթամ, Իմ հոր թագավորությունն էլ հաստատ մնա»։ Աղջիկն էլավ, գնաց իր հոր դիվան, Ասաց.— Հա՛յրիկ, ինչի՞ կը մտածես։ Հեր պատասխան էտու էնոր, ասաց. — Ես էնոր համար կը մտածեմ, Որ էս զորքեր ամեն, էն քո համար է էկած Կամ տ’էրթաս, կամ մեր էրկիր տ’ավերեն, Խալիֆան մեր թագավորություն տ’առնի, Զամեն տի սպանի, գերի տի տանի։ Թե իմ աղջիկ տամ, էն արաբ է, ես հայ եմ։ Ծովինար խանում ասաց. — Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ, Զամեն տի սպանի իմ պատճառով, Աղեկն էն է, ե՛ս էրթամ, Ուրիշ մարդու թող բան չըլնի։ Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն. Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ, Զանց մեր Հայաստան էրկիր ավերի, Էն հազար հազար հոգիք կորուսանին։ Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։ Ժողով արին իրենց մեջ, Թե ի՛նչպես անենք,տա՞նք, թե՞ չտանք։ Զուղաբ արին թագավորի աներոջ,— Ինչ Վարդպատրկա էպիսկոպոսն էր,— էկավ։ Զուղաբ արին ՔեռիԹորոսին,— էկավ։ Թագավոր կանչեց իր ընտանիք, Ժողով արեց, ասաց. — Ժո՛ղովուրդ, դուք ի՞նչ կ’ասեք. Կամքով տա՜նք զաղջիկ, թե չէ՝ կռվենք. Դուք ի՛նչ խորհուրդ կը տաք։ Մեկն ասաց.— Չկա՛րնանք՝ կռիվ անենք. Աղջիկ է՛ տանք՝ առնի, տանի։ Մեկն էլ ասաց.— Չէ՛, կռիվ կ’անենք.։ Մենք զմե զամեն տի տանք կոտորել Ու զմեր աղջիկ չենք ի՛տա կռապաշտ թագավորին։ — (Դե ազգություն է, թասիբ կ’անեն), Էդտեղ Թորոս, տասյոթ-տասնութ տարեկան էր,
Տեսավ ժողովական կ’ուզեն՝ Պատիվ անեն թագավորին, Կ’ուզեն կռիվ անեն, աղջիկ չտան,— Ասաց.— Թագավոր ապրած կենա, Ես գիտեմ ժողովական կ’ուզի՝ Կռիվ անի, աղջիկ չտա. Աղեկ է, որ աղջիկ մի վերջանա, Քանց թե ազգ մի վերջանա։ Թա՛ գավոր, որ դու ինձի ականջ անես Արի աղջիկ տանք՝ տանի. Մենք չկա՛րնանք՝ կռիվ անենք։ Էնպես հաշվենք, թե էդ աղջիկ Իսկի չի՛ էղեր քեզի։ Էդտեղ խորհուրդք արին, Էպիսկոպոսն էլ համաձայնավ, ասաց. — Մեկ հոգու պատճառով ա՞զգ մի տանք կտրե՛լ. Չէ՛, էդ մե՛կ հոգին թող էրթա։ Հեր չէր ուզի էդ բան. Տեսավ, որ ճար վերան կտրավ, Համաձայնավ, էլավ, աղջիկ տվավ։ Խաբար ղրկեց Խալիֆային, Թե.— Հա՛, կը տանք, արի տա՛ր։ Խալիֆան էլ իր պատրաստություն տեսավ, Զիր հարսնևոր առավ, էկավ։ Աղջիկ գնաց հոր մոտ, ասաց. — Հա՛յրիկ, Խալիֆային ասա՝ Ջոկ տեղ քոշկ ու սարայ մի շինի, Ինձ որ տանի, էնտեղ դնի. Մեկ տարի մոտ ինձ չգա, Իմ հետ փարդան չմտնի։ Հա՛յրիկ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ, Որ առավոտ, իրիկուն ժամ ասի, Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով. Մեկ էլ քեռմե՛ր մի դիր հետ ինձ, ես կ՛էրթամ։ Ես ինչ ասի, Խալիֆային խնդրի, Որ էն բաներ կատարի։ Հերն էլ իր աղջըկան ասածն ամեն Բադդադու Խալիֆային ասաց։
— Խա՛լիֆա, ասաց Գագիկ թագավոր. Ես հետ քեզ կռիվ չեմ անի. Ես հետ քեզ պայման տի կապեմ։ Որ ես իմ աղջիկ տամ քեզ, Իմ աղջկան հետ քահանա մի տի գա. Էն իր աստված կանչի, իր խաչ պաշտի, Դու քո կռքեր պաշտես։ Էնոր ջոկ տեղ սենեկ մի տի տաս, Մեկ տարի էլ մոտ ինք չէրթաս։ Կռապաշտ թագավորն ասաց. — Ջա՛նըմ, ես հետ քեզ կը հաշտըվիմ. Հետ քեզ պայման կը կապենք։ Դու քո աղջիկ տուր ինձ, Ես էլ քենե հարկ չեմ ուզի. Իմ անուն քո աղջըկան վերա ըլնի, Ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, բավ է։ Չէ թե չուր մեկ, ուխտ ըլնի. Չուր յոթ տարի մոտ ինք չէրթամ։ Խըդամ մի կըդնես հետ, Քահանա մի կըդնես հետ. Աղջիկ կը տաք, ես կը տանեմ մոտ ինձ. Իմ սարայի դիմաց էնոր համար Ջոկ քոշկ ու սարայ կը շինենք։ Աղջիկ մնա ի՛ր օրենքով, Ես մնամ ի՛մ օրենքով. Չէ՞ մենք արաբ ենք, դուք՝ հայ։
|