Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 05:58
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 23 » «ՍԱՆ ՍՏԵՖԱՆՕ» - «ԿԻՊՐՈՍ» - «ԲԵՐԼԻՆ»
20:15
«ՍԱՆ ՍՏԵՖԱՆՕ» - «ԿԻՊՐՈՍ» - «ԲԵՐԼԻՆ»
 «ՍԱՆ ՍՏԵՖԱՆՕ» - «ԿԻՊՐՈՍ» - «ԲԵՐԼԻՆ» 

    Բայց ահա՛ «Սան Ստեֆանօն»: Աշխատում են Կովկասի հայերը, Էջմիածինը, Կ. Պոլսի Պատրիարքարանը: Թուրքիայի հայ հոգեւորական պետերը դիմում են Ալեքսանդր Բ. կայսեր: Ռուսները ծանօթ են հայոց գեր-քրիստոնէական զգացումներին, հաւատարմութեան: Ռուսական բանակի ընդհանուր հրամանատար Մեծ Իշխան Նիկոլայ Նիկոլայեւիչն ասում է Ադրիանուպոլսի հայոց առաջնորդ Գէորգ Ռուսճուկլեան վարդապետին. «Կայսեր` եղբօրս հեռագրեցի, թէ հայերի ցոյց տուած ընդունելութիւնը, սէրը եւ համակրութիւնը չտեսայ ո՛չ յոյների, ո՛չ էլ այլ ազգերի մօտ: Մի քանի օրից կը լինեմ Սան Ստեֆանօ եւ մօտ ձեր Պատրիարքին: Ձեր հարցը եւ յոյսն ի դերեւ պիտի չելնեն, անհո՛գ եղէք, եղբօրս հետ բանակցութեան մէջ ենք»:
    Բայց «բանակցութեան» մէջ էր ե՛ւ Դիզրայէլին: Ռուսաստանի ձեռքով փրկուած Հայաստան - դա պիտի նշանակէր Հնդկաստանի ճամբաների կորուստ: 
    Սան Ստեֆանոյի դաշնագիրը կնքուեց հայ Տատեանի ապարանքում, յուսախաբութեան մատնելով տան տիրոջը եւ իր բոլոր ազգակիցներին: Ռուսներն հարկադրուել էին դաշնագրի 16-րդ յօդուածի երկդիմի խօսքերով մխիթարել հայերին. «Նկատելով, որ ռուս զօրքերի Հայաստանում գրաւած, բայց Թուրքիային վերադարձուելիք հողերից մեկնելը կարող է կռիւների եւ երկու պետութիւնների բարեկամական յարաբերութիւններին վնաս բերող կնճիռների ծնունդ տալ, Բարձրագոյն Դուռը պարտաւորութիւն է ստանձնում` հայերի բնակած գաւառներում տեղական կարիքների պահանջած բարւոքումներն ու բարենորոգումները գործադրել առանց այլեւս յապաղելու, եւ նրանց ապահովութիւն երաշխաւորել քիւրդերի եւ չերքէզների դէմ»: 
    Ուրեմն, դիւանագիտական վարագոյրի ետեւ գործող մութ մի ոյժ հարկադրել էր ռուսներին` հրաժարուել Հայաստանից: Դառնօրէն  խաբուել, զոհուել էին հայերը, որոնց ռուսները թելադրում էին միջամտութիւն յարուցող «կռիւներ եւ կնճիռներ» ստեղծել: Սա հաշտութեան դաշինք չէ երկու պետութիւնների միջեւ, այլ` դաւադրութիւն մի երրորդի, այս դէպքում` պետական կեանքից զուրկ հայ ժողովրդի դէմ: 
    Հայերին մնում էր երկու ելք. 1) դիմել Եւրոպայի միջամտութեան, 2) ռուսական զօրքի հետ` լքել Թուրքիային վերադարձուելիք հայրենի գաւառները: 
    Եւրոպայի միջամտութեան դիմելը գալիս էր թէ՛ Անգլիայի, թէ՛ Ռուսաստանի հաշուին: 
    Սան Ստեֆանոյի դաշնագրով Ռուսաստանը չէր ստացել այն ամէնը, ինչ ցանկանում էր. ուստի` յաւակնում էր հայերի բողոքի շնորհիւ Եւրոպայում հաճութիւն ստեղծել աւելի լայն նուաճումների համար: Իսկ Դիզրայէլին ահազանգ էր բարձրացնում, որ Բալկաններում ռուսական ազդեցութիւնը հասել է Եգէական, Հայաստանում` նրան է մնացել Բայազէդի շրջանը, այսինքն` Հայկական Բարձրաւանդակի կենտրոնական մարզը եւ Տրապիզոն-Իրան անդրանցական ուղու մի մասը: Դիզրայէլին էլ ուզում էր եւրոպական միջամտութիւն եւ դրա գլխաւոր մի առիթը համարում էր Հայկական Խնդիրը: 
    Հայերն զգում էին, որ գտնւում են կրակի ու ջրի միջեւ: Այլ բան չէր մնում նրանց, քան Եւրոպա գնացող իրանց պատուիրակութեան գլուխը կարգել ոչ թէ մի դիւանագէտ, այլ` մի բարոյագէտ-իմաստասէր` Խրիմեան Հայրիկը, որն ասում էր. «Եւրոպացիներին պիտի խօսիմ միայն լացի լեզուով»: Լա՛ց իսլամական լծի տակ տառապող քրիստոնեաների համար, բայց լա՛ց նաեւ Եւրոպայի քրիստոնէական բարոյականի վրայ: 
    Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ներսէսը քրիստոնէութեան համար կործանարար անգլեւռուս մրցակցութեան վերջ տալու յոյսով, գրում էր Բերլինի Վեհաժողովի նախագահ Բիսմարկին. «Հայաստանում չէզոք շրջան ստեղծելով, եթէ ապագայ կռիւների առաջքը բոլորովին չառնուի, երկու կողմի գրգռութիւնը գէթ պիտի պակսի»: 
    Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի պատուիրակներն այցելեցին Պետերբուրգ, Լոնդոն, Հռոմ, Փարիզ, Վիէննա եւ հաւաքուեցին Բերլին, ուր տեղի պիտի ունենար եւրոպական վեց մեծ ոյժերի վեհաժողովը: Ամէն տեղ լաւ ընդունելութիւն, մասնաւորաբար Լոնդոնում. միտինգներ, ցոյցեր, հանդիպումներ, խոստումներ: 
    Խրիմեանի «լացի լեզուն» հասկանում էին` Անգլիայում Գլադստոնը, Գերմանիայում` Բիւլովը: Դրանից ազդւում էին նաեւ Վիկտորիա թագուհին, գերման կայսրուհին, որոնք խոստանում էին միջամտել քրիստոնեաների փրկութեան համար: 
    Բայց հարցի լուծումը կախուած էր Ռուսաստանի եւ Անգլիայի արտաքին քաղաքականութիւնը վարողներից: Ռուսները վախենում էին Խրիմի նախընթացից եւ իրանց զէնքի փայլուն յաղթանակը վերածում էին դիւանագիտական անարգ պարտութեան: Շուվալովն այլեւս Սալիզբուրիի կամակատարն է: Օգտուելով այդ յաջողութիւնից` Դիզրայէլին սկսում է հակահայ աշխատանք, թոյն սրսկելով Անգլիայում, որ «հայերը գործիք են ռուս քաղաքականութեան ձեռքում», իսկ նեղսրտած Ալեքսանդր Բ. կայսրը, Պետերբուրգում, Խորէն Նարբէյ եպիսկոպոսին իր դառնութիւնն էր յայտնում. «Հայերն ընդդիմանում են ռուսական ծրագրին», այսինքն` Անգլիայի հետ են:
    Հայ իմաստասէր Խրիմեանը չէր մոռացել այցելել ե՛ւ Լոնդոնի կենդանաբանական պարտէզը: Դիտել էր վագրերի կերակրումը – հզօր վագրը մռմռալով լափում էր մսի մեծ պատառը եւ կատաղում էր, երբ փորձում էին տալ նաեւ տկար վագրի բաժինը: Հարցնում է իմաստասէրը. «Անօթի՞ պիտի մնայ այս կենդանին»: Մատակարարը պատասխանում է. «Ո՛չ, բայց նա իր բաժինը պիտի ստանայ, երբ յագեցած է մեծ վագրը»: Եւ իմաստասէր-բարոյախօսը գրում է իր ժողովրդին հետեւեալ եզրակացութիւնը Եւրոպայի դիւանագիտութեան մասին. «Այս քաղաքակիրթ աշխարհիս մէջ մարդագէլներ պիտի ուտեն Թուրքաստանի մեծ կտոր միսերը, զրկեալ հայուն գէթ կտորիկ մը ոսկոր պիտի թողո՞ւն»:
    Հայկական Հարցը «լուծւում» էր Բերլինի Վեհաժողովի յուլիս 8-ի նիստում: Դրանից ամիս առաջ, յունիս 4-ին, Կ. Պոլսում Անգլիայի եւ Թուրքիայի միջեւ կնքուել էր հետեւեալ դաշնագիրը. «Եթէ Ռուսաստանը, իր ձեռքում պահելով Բաթումը, Արդահանը, Կարսը… այսուհետեւ փորձի տիրել Ն. Կ. Մ. Սուլթանի Ասիական որեւէ երկրի… Անգլիան պարտաւորւում է միանալ Ն. Կ. Մ. Սուլթանին` զէնքի ոյժով այդ երկրները պաշտպանելու համար»: Եւ աւելացւում էր` «որպէս փոխարինութիւն» սուլթանը խոստանում է մտցնել անհրաժեշտ բարենորոգումները «քրիստոնեաների եւ այլ հպատակների» բարւօք կառավարման համար եւ «որպէսզի Անգլիան իր պարտաւորութիւնները կատարելու համար հարկաւոր միջոցներն ապահովի, Ն. Կ. Մ. Սուլթանը հաւանութիւն է տալիս նոյնպէս, որ Կիպրոս կղզին գրաւուի եւ կառավարուի Անգլիայի կողմից»: 
    Բացի այսպէս կոչուած «կիպրոսեան» այս դաշնագրի կնքումից, դիւանագիտական վարագոյրի ետեւ տարւում էր ե՛ւ այլ աշխատանք: Թուրքիայի «պաշտպան» Սալիզբուրին ձեռք էր առնում «Հայաստանի փրկութեան ուխտով» Բերլին եկած Ֆրանսիական Հանրապետութեան ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարար Վադինգտոնին, սրա հետ նաեւ` Իտալիայի ներկայացուցիչին` նրանց առաջ դնելով թուրքական ափրիկեան կայսրութիւնը բաժանելու ծրագիրը. «Եգիպտոսը` Անգլիային, Թունիսը` Ֆրանսիային, Տրիպոլին` Իտալիային»: Լուռ էր այլեւս Վադինգտոնը: Շահուած էր ե՛ւ Իտալիան: Աւստրիան դէմ էր արդէն Ռուսիայի ազդեցութեան հզօրացմանը Բալկաններում: Բիսմարկն անմասն այս սակարկութիւններին` նախագահի իր պաշտօնը վարում էր ամենից աւելի Եւրոպայի քաղաքական ներդաշնակութիւնը փրկելու մտահոգութիւնով: Շուվալովին մնում էր «վախ յայտնել», որ ռուսական զօրքերի հեռանալը, խոստացուած բարենորոգումների կիրարկումից առաջ, կարող է խռովութիւնների պատճառ դառնալ: Սալիզբուրին յայտարարում է, որ «հայերի շահերը պէտք է պաշտպանուեն»:
    Ծանօթ այլեւս իրերի կացութեանը Եւրոպայում` Աբդիւլ Համիդը Հայոց Պատրիարքարանից ստիպողաբար պահանջում է ետ կանչել հայկական պատուիրակութիւնը: Եւ Ներսէս Պատրիարքը, որ դեռ հաւատում էր Նախախնամութեան, պատասխանում է. «Աւելի շուտ կը համաձայնիմ կախուիլ պատրիարքարանի դրան վրայ, քան թէ կատարել այդ քայլը»: Բայց Նախախնամութեան ձայնը լսելի է միայն սրբերին. նրա կամքը գործում է յաւիտենազգաց ոգիների մէջ: Ներսէս Պատրիարքի սխալը նրանում էր, որ ինքն որպէս իմացապաշտ ոգի` չէր կարող հաշտուել այն մտքին, թէ եւրոպական հանճարն առաջնորդւում է միայն չոր ներկայապաշտութեամբ: 
    Բերլինի դաշնագրի 61-րդ յօդուածն ասում է. «Բարձրագոյն Դուռը պարտականութիւն է ստանձնում առանց այլեւս յապաղելու, գործադրել այն բարւոքումներն ու բարենորոգումները, որոնք տեղական պէտքերն են պահանջում հայերի ապրած գաւառներում, եւ հայերի ապահովութիւնն երաշխաւորել քիւրդերի եւ չերքէզների դէմ: Այս նպատակով ձեռք առած միջոցները (Բարձրագոյն Դուռը) պարբերաբար պիտի ծանուցանի պետութիւններին, որոնք պիտի հսկեն նրանց գործադրութեան վրայ»: 
    Ո՛ւր որոշումների մէջ անորոշութիւն կայ, այնտեղ չկա՛յ պարտականութիւն: Ո՛ւր պարտականութիւն չկայ, այնտեղ չի՛ կարող լինել ո՛չ պատասխանատուութիւն, ո՛չ էլ հսկողութեան իրաւունք: Եւ վերջապէս, բառախաղը քաղաքականութեան մէջ, միայն ոճիր է սերմանում:
    Այսպէս` ջնջւում է «Սան Ստեֆանոյի» դաշնագիրը: Կրճատւում են Բուլղարիայի սահմանները. ռուս զօրքը հեռանալու է ո՛չ միայն Կարինից, այլեւ Բայազէդից: Թուրքիայի քրիստոնեաների պաշտպանութիւնը հռչակւում է եւրոպական բոլոր մեծ ոյժերի եւ ո՛չ թէ միայն Ռուսիայի մենաշնորհը: Հայաստանի համար նախագծւում են «բարենորոգումներ», գործադրելի Օսմանեան Դրան կողմից` եւրոպական ոյժերի վերահսկողութեամբ: Դիզրայէլին վերադառնում է Լոնդոն եւ ընդունւում է ինչպէս յաղթական կեսարները Հռովմում, իսկ Հայաստանում ոճիրների ամբողջ մի դժոխք է պայթում հայ ժողովրդի գլխին: 

    ԴԱՌՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐ 

    Ռուսական բանակն հեռանում է թուրքաց Հայաստանի գրաւուած մասերից: Հայերն այրում են իրանց տները, հացահատիկը, յարդը, խոտը, վերցնում են մի-մի բուռ հող իրանց հայրերի գերեզմաններից, համբուրում են հայրենի յիշատակարանները եւ իրանց սրտերում պայթած դարաւոր ցաւի հռնդիւններով բռնում են ռուսաց Հայաստանի ճամբարները: Բոցերի մէջ է ամբողջ մի աշխարհ եւ տասնեակ հազարների, հարիւր հազարների մարդկային կարաւաններն արցունքի հեղեղներով գալարւում են ծխով բռնուած մի երկնքի տակ: 
    Սահմանագլխին նրանց դէմ ցցւում է ռուսական սուինը - «ե՛տ»: Ռուսական դիւանագիտութիւնը գիւտ էր արել. «Հայերը պետք է վերադառնան իրանց տեղերը, որպէսզի Հայկական Հարցը կենդանի մնայ ռուսեւթուրք նոր սահմանագլխին եւ միջամտութեան նոր առիթներ ընծայի»:
    Անգլիան էլ չէր ցանկանում հայերի տեղափոխումը, որպէսզի ինքն եւս չկորցնի Թուրքիայում միջամտելու առիթները:
    Ռուսաստանը հաւատում է Թուրքիայի հայերի միջոցով մի օր կրկին իջնել դէպի հարաւ, Անգլիան մտածում է նոյն այդ հայերի սիրաշահումով վտանգել ե՛ւ Ռուսաստանի տիրապետութիւնը, Կովկասում: 
    Եւ ահա՛ հայերին պարտադրւում է վերադառնալ եւ նստել մոխիրների վրայ:
    Միմեանց դէմ քաղաքական դաւեր լարելով` եւրոպական պետութիւնները հայերին յանձնեցին իսլամի վրէժխնդրութեան: Կրօնապէս պատուախնդիր մարդկանց թէ ժողովուրդների համար զարհուրելին ո՛չ թէ թշնամուց կրած նահատակութեան տանջանքն է, այլ` հաւատակիցների դաւաճանութեան պատճառած ցաւը: Հայոց պատմութիւնը, մօտաւորապէս բիւզանդական շրջանից, լի է լքումի փաստերով: Դրանք երբեմն արագացուել են տկարութեամբ, մինչդեռ այժմ դաւաճանութիւնը կատարւում էր քրիստոնեայ ոյժերի զօրութեան մոլուցքից: Այս իրողութիւնը պիտի ունենար հոգեբանական ծանր անդրադարձումներ: Տառապած, բայց հպարտութիւնը չկորցրած մարդկանց պէս` ազգերն էլ նախընտրում են սպանուել թշնամուց, քան թէ կրել բարեկամի վիրաւորանքը: Հայն իր հոգին էր կարդացել եւրոպացու սրտում եւ այժմ նրան տեսնում էր իսլամի զինակցի եւ քրիստոնեաների մտաւորական սպանիչի դերում: Բերլինի դաշնագրի 61-րդ յօդուածը քաղաքական արժէքի տեսակէտով թղթէ մի խօսք էր, բարոյական առումով` արիւնոտ մի հեգնանք, անարգ մի մահավճիռ հայ ժողովրդի վզից: Դա կրում էր կնիքը խարդախ այն գործերի, որոնց հեղինակները մտածելուց առաջ որոշել են խզել ամէն կապ Աստծու եւ պատասխանատւութեան զգացումի հետ: Անիրաւ մի դատաւոր աւելի՛ մեծ յոռետեսութիւն է սփռում կեանքում, աւելի՛ է քանդում մարդկանց հոգիները, ստորացնում ճակատագիրը, մահափորձի ենթարկում հաւատը դէպի բարոյականը, վիրաւորում արդարութեան, սրբութեան զգացումը, քան հազար-հազար ոճրագործներ` միասին: Եւ, վերջապէս, Յուդաները չարագործում են, որովհետեւ փարիսեցիներ կան, իսկ սրանք օրինականացնում են չարիքը, որովհետեւ Պիղատոսներ կան: Բերլինի դաշնագրում խօսուած է քիւրդերի եւ չերքէզների մասին եւ հայերի պաշտպանութիւնը վստահուած է բուն ոճրագործին` թուրք իշխանութեան: Դրանից յետոյ, Աբդիւլ Համիդն իրաւունք ունէր հետեւել «տրամաբանութեան կարգ»-ին եւ աչքի ընկած աւազակներին, մարդասպաններին տալ աստիճաններ, շքանշաններ: 
    Բարոյականի ծաղրանքը հզօրների կողմից` տառապեալների մէջ ստեղծում է ցասումի յուսալքութիւն-մի հոգեվիճակ, որ սնուցում է անտարբերութիւնը` դէպի ճակատագրի չարիքները եւ յաճախ յանգում է մինչեւ իսկ նահատակութեան բաղձանքի: Եղերական վայրկեաններին ազդու դարձող այդպիսի մի հոգեվիճակով հայերը պիտի վերենթարկուէին օսմանեան իշխանութեան:
    Կարինի, Բայազէդի շրջանները վերագրաւող թուրք զօրքին հետեւում էր մահմեդական զինուած խուժանը` թուրքեր, թաթարներ, չերքէզներ, չեչեններ` Բուլղարիայից, Կարսի շրջանից եւ քիւրդեր` Հայաստանի հարաւային գաւառներից, մինչեւ իսկ Քիւրդիստանից: Նրանց հետ քայլում էր մոլեռանդութեան, վրէժի, կողոպուտի եւ ոճրագործումի ոգին: Նրանք փախել էին զինուած քրիստոնեաներից եւ այժմ գործ ունէին անզէն քրիստոնեաների հետ:
    «Ձեր սուտ կրօնի անհաւատ թագաւորների օգնութեա՞ն դիմեցիք. ահա՛ նրանց օգնութիւնը»… եւ դաշոյնի հարուածներ, խարազանում, բռնաբարումներ, բռնագրաւումներ: Իշխանութեան պաշտօնն էր վայրագութիւնների դէմ բողոքող կամ նրանց ընդդիմացող հայերին բանտարկել եւ որպէս ապստամբների «օրէնքով» պատժել:
    Թուրքերի վերահաստատման դեռ առաջին օրերին անգլիական հիւպատոսները գրում էին իրանց կառավարութեան. «Քրիստոնեաների ներկայ վիճակն աւելի՛ է վատ, քան երբեւէ եղել է»: «Ամէն տեղ, իւրաքանչիւր քայլափոխին, կործանումի եւ բռնութեան ոգին է յայտնւում հազարաւոր ձեւերի տակ» (հիւպատոս Տրոտըրի 1878-ի աշնան տեղեկագրերից): 

    ՍԱԼԻԶԲՈԻՐԻԻ ՓՈՐՁԵՐԸ 

    Բերլինի դաշնագիրը ստորագրած եւրոպական պետական գործիչներից Սալիզբուրին է թերեւս միայն տառապում Անգլիայի շահած դիւանագիտական յաղթանակի դառն, արիւնոտ այս պտուղներից: Նրա եւ Դիզրայէլիի միջեւ սկսւում է քրիստոնեայ անգլիացու եւ դաւանափոխ հրեայի ոգիների խուլ հակամարտութիւնը, թէպէտեւ սեղմուած պատշաճութեան ձեւերի եւ կայսրութեան ընդհանուր շահերի հաշւառման սահմաններում: Սալիզբուրին ուզում է թէ՛ Թուրքիայի քրիստոնեաները փրկել, թէ՛ ռուսական արշաւի առաջն առնել: Դիզրայէլին մտահոգուած է միայն վերջինով եւ ելքը տեսնում է իսլամ տարրերի ուժեղացման մէջ` քրիստոնեաների հաշուին: Նա դիմում է օրինական անզօր միջոցների, սա` դաւադրութեան: 
    Սալիզբուրին հրապարակ է քաշում Կիպրոսի դաշնագիրը: Մշակում է բարենորոգումների մի ծրագիր եւ պարտադրում թուրքերին: Սուլթանը, սակայն, իրագործումը կապում է նիւթական միջոցների հետ եւ խնդրում է 6 միլիոն ոսկու փոխառութիւն: Սալիզբուրին համաձայնւում է, բայց անգլիական դրամատներն ու դրամատէրերը, դրդուած Դիզրայէլուց եւ արդէն անյուսօրէն պարտապահանջ թուրքերից, զլանում են նոր վարկ բանալ: Այսպիսով, մարդկային ողբերգութիւնը վերածւում է նիւթական զաւեշտի: 
    Սալիզբուրին, սակայն, դիմեց նոր կիսամիջոցների: Նա աւելացրեց անգլիական հիւպատոսների թիւը եւ հրահանգեց նրանց մասնաւոր ուշադրութեան առարկայ դարձնել Թուրքիայի քրիստոնեաների դրութիւնը եւ պահանջուած դէպքերում միջամտել` զեղծումներին, բռնութիւններին վերջ տալու նպատակով: Միաժամանակ, նա պարտադրեց սուլթանին նշանակել եւրոպացի ոստիկանական մի հրամանատար եւ երկու լիազօրներ,- մի հայ եւ մի թուրք,- Հայաստանի դրութիւնը քննելու եւ պահանջուած բարենորոգումների ձեւերն ու բովանդակութիւնը ճշդելու համար: Այս քայլերն ունեցան դրական իրանց արդիւնքները, բայց շա՛տ կարճ ժամանակի համար:
    Լիազօրները Հայաստան հասան 1879-ի գարնան: Կարինում թէ այլուր, նրանք լսեցին հայերի պահանջները. վալիները` հայ: Նրանց նշանակումը սուլթանից, բայց` Հայոց Պատրիարքի համաձայնութեամբ: Պետական հաստատութիւնների մէջ հայեւթուրք լեզուների հաւասարիրաւութիւն: Պաշտօնէութեան եւ ոստիկանութեան կէսը քրիստոնեայ, կէսը` մահմեդական: Կառավարութեան կողմից զինուած քիւրդ հրոսախմբերի զինաթափում եւն., եւն.: 
    Բայց հենց այդ օրերին դեսպան Լայարդը գրում է Սալիզբուրիին. «Այժմ դաւեր են մղւում Փոքր Ասիայում, ինչպէս այն նպատակով, որ հայոց ազգութիւնը վերականգնեն, այդպէս էլ այն, որ առաջացնեն իրերի այնպիսի դասաւորում, որ սարսափի աղաղակ խլէ քրիստոնեայ ամբողջ ազգաբնակչութիւնից եւ յանգի եւրոպական միջամտութեան: Ես մի քանի անգամ նախազգուշացրել եմ թուրք նախարարներին, որ եթէ նրանք չշտապեն իրագործել Բերլինի դաշնագրի հայերին վերաբերեալ որոշումները, նոյնպէս ե՛ւ յունիս 4-ի դաշնագրինը, եւ վերջապէս, եթէ նրանք ձեռք չառնեն քրիստոնեաների պաշտպանութեան համար անհրաժեշտ միջոցները Փոքր Ասիայում, պիտի տեսնեն, բայց արդէն շատ ուշ, որ սուլթանը ենթարկուած է այդ նահանգներից ոմանցից զրկուելու վտանգին»:
    Արտաքուստ հայասիրական այս ելոյթով դեսպան Լայարդը մոլորանքի եւ սարսափի է մատնում իր ղեկավարին ինչ-որ ռուսական վտանգով: Նա գիտի, որ Բերլինի դաշնագիրը լքուած, մոռացութեան է տրուած ստորագրողների կողմից, եւ այս քայլով ուզում է հենց նոյն ճակատագրին ենթարկել ե՛ւ կիպրոսեան յունիս 4-ի դաշնագիրը, որի ոյժով Սալիզբուրին փորձում էր փրկել Թուրքիայի քրիստոնեաների դրութիւնը: 
    Յաղթանակել էր Դիզրայէլին, եւ Աբդիւլ Համիդն այլեւս չէր վախենում Սալիզբուրիի սպառնալիքներից: Լայարդի այս գրութիւնից յետոյ, թուրք կառավարութիւնը վերջ է տալիս «բարենորոգչական» փորձերին, ետ է կանչում լիազօրներին, հեռացնում է ոստիկանութեան եւրոպացի պետին, արգելում է հայ թերթերին գրել Հայաստանում կատարուած բռնութիւնների եւ կողոպուտների մասին, արգելում է արտասահմանի հայ թերթերի մուտքը Թուրքիա, հալածանքի է ենթարկում հայ դպրոցը եւ կրթական ընկերութիւնները, պահանջ է դնում Կ. Պոլսի Հայոց Պատրիարքին` յարաբերութիւններ չպահել օտար պետութեանց հետ, չգործածել «Հայաստան» բառը, եւ, վերջապէս, պաշտօնականացնում է սարսափի իշխանութիւնը հայկական նահանգներում:
    Ծայրայեղ չափերի է հասնում մասնաւորապէս հողերի բռնագրաւումը` կապուած Թուրքիայում իսկ անօրինակ դաժանութիւնների հետ: Հայ գիւղերը դատարկւում են: Հայերի տներում ու հողերի վրայ հաստատւում են մահմեդական գաղթականները եւ վաչկատուն քիւրդերը: 
    Գաւառներից Պոլիս են հասնում սարսափի եւ բողոքի ահաւոր ճիչեր: Ներսէս Պատրիարքը դիմում է քրիստոնեայ պետութիւնների դեսպաններին: Լայարդը պատասխանում է նրան. «Իբրեւ մահմեդական պետութիւն` Թուրքիան ապաստան է տալիս իր կրօնակից փախստականներին. ի՞նչ կարելի է ասել դրա դէմ»: 
    Դիզրայէլին լուծած էր հայոց հարցը: Նա համաձայնուել եւ ներշնչել էր տաճիկներին` քրիստոնեաների աստիճանական ջնջումով վերացնել ռուսների դէպի հարաւ թափանցելու կարելիութիւնները: 

    ԳԼԱԴՍՏՈՆԻ ՓՈՐՁԵՐԸ 

    Բայց մարդիկ իրանց մեղքերի մի մասը քաւում են դեռ այս աշխարհում: Դիզրայէլիի թրքասիրութիւնը ներքուստ աւելի եւս տկարացրեց Պահպանողական կուսակցութիւնը: Իշխանութեան գլուխ եկաւ Գլադստոնը: Պոլսից հեռացաւ «իսլամներին ցնծացող» Լայարդը եւ նրա տեղը գրաւեց «քրիստոնէասէր» Գոշէնը: 
    Գլադստոնը, որի ասպարէզ գալը քրիստոնեաներն ընդունեցին որպէս Նախախնամութեան մի այցելութիւն, պահանջում է Բերլինի դաշնագրի 61-րդ յօդուածի գործադրումը: Նա խանդավառւում է այն բանով, որ դաշնագիրն ստորագրող մեծ պետութիւններն անխտիր ընդառաջեցին իր կոչին: Նրանց դեսպանները, միանման ծանուցագրերով եւ միաժամանակ, յիշեցնում են Բերլինի դաշնագրի 61-րդ յօդուածը եւ հարց տալիս թուրք կառավարութեան, թէ ի՞նչ է ձեռնարկուած հայերի դրութիւնը բարելաւելու համար: 
    Թէպէտեւ կրակների մէջ էր Հայաստանը, բայց եւրոպական ոյժերի միացեալ այս շարժուձեւը գալիս էր հայերին մխիթարելու, թէ աշխարհում դեռ կենդանի են քրիստոնէական ոգին եւ բարոյականը: Տառապանքն ստեղծում է նաեւ յատուկ մի զգայնութիւն, որի շնորհիւ ենթական անկեղծ խօսքից նոյնքան բարոյական բաւարարութիւն է ստանում, որքան ազնիւ գործից: Առանց այդ էլ հայերն այլեւս Եւրոպայից գործ չէին սպասում, այլ` միայն ազնիւ կեցուածք: Նրանք սարսափում էին ո՛չ թէ քաղաքական, այլ` բարոյական հիասթափութիւնից: Նրանք ոյժ ունէին դիմագրաւել թուրքական հալածանքներին, բայց անզօր էին հոգեպէս տանել եւրոպական դաւերի բարոյական հարուածը: Նրանք տեսնում էին, որ Թուրքիան հակահայ իր քայլերի մէջ, յաճախ գօտեպնդւում է հենց եւրոպական այդ դաւերից: 
    Գլադստոնը ձգտում է ո՛չ միայն վերջ տալ այդ դաւերին, այլեւ հայկական ողբերգութեան առիթով փորձում է Եւրոպան մի միութեան վերածելու կարելիութիւնները: Բայց մեծ երազողներին յաճախ պակասում է գործնականի զգացումը, ամենափոքր չափով: Նա աւելի բարձր կարծիք ունէր Եւրոպայի մարդկայնական առաքելութիւնների մասին, ուստի եւ` չկարողացաւ հասկանալ, որ կայսերակալումի տենդով բռնուած մի աշխարհում տիրում է իրական շահերի հակամարտութիւն, իսկ ուր այսպէս է, այնտեղ, թեկուզ «հեռաւոր եղբայրներ»-ի հանդէպ ունեցած պարտականութիւնների խնդրում, բոլորի պատասխանատուութիւնը, ընդհանուր երաշխաւորութիւնը, «վերահսկողութիւն»-ը ասել է` ո՛չ ոքի պատասխանատուութիւն, ո՛չ մի երաշխաւորութիւն, ո՛չ մի վերահսկողութիւն: Գլադստոնի համար Հայկական հարցը քաղաքակրթութեան, բարոյականի հարց էր, ուստի, նա դրանում չէր տեսնում ինչպէս անգլիական, այդպէս էլ` եւրոպական ուրիշ որեւէ պետութեան քաղաքական շահերի վտանգումը կամ դրանց խաչաձեւումը: Նրա համար կային ազատութեան արժանի տառապեալներ, որոնք պէտք է փրկուէին: Բայց նրա տկարութիւնը հենց թեւաւոր գաղափարապաշտութեան մէջ էր: Դրանում էր ե՛ւ հայերի տկարութիւնը: Եւ ճակատագրի կծու հեգնանքներից է թերեւս – նմանը միշտ էլ հասկանում է նմանի ցաւը, բայց քիչ դէպքերում նմանը կարող է փրկել նմանին: 
    Թուրք կառավարութիւնը յուլիս 5-ին (1880թ.) պատասխանում է վեց մեծ պետութիւնների յունիս 11-ի ծանուցագրին: Այդ պատասխանագրում, ի միջի այլոց, ասուած է.
    «Հակառակ պատերազմին հետեւանք եղող ամէն տեսակ մտազբաղումներին եւ դժուարութեանց` կառավարութիւնը Քիւրտիստանի բոլոր կողմերն ուղարկեց ձեռնհաս պաշտօնատարներ, որոնց միակ գործն էր ամէնից աւելի ազդու միջոցներ փնտռելու թէ՛ հայերի եւ թէ՛ կայսրութեան միւս հաւատարիմ հպատակների անդորրութիւնն ապահովելու… «Կառավարութեան ուշադրութիւնը գրաւած է կարեւոր մի միջոց - ա՛յն է` արթուն հսկել կրթութեան եւ հասարակաց աշխատութեանց առաջադիմութեան, որոնք մի երկրի երջանկութեան գլխաւոր սատարն են…
    «Ոճիրների պատահումը բնական է աշխարհի բոլոր երկրներում, բայց երբ դրանք գործւում են հայոց բնակած տեղերում` կրքոտ մտքերն երեւակայական եղեռնագործութիւններ են հնարում…
    «Կառավարութիւնը պիտի անուանէ մի վարիչ (գիւղախմբական ժողովներից), որ իր հրամանի ներքեւ պիտի ունենայ քաղաքապահ զօրք, որի գործը պիտի լինի ապահովել գիւղախմբի կարգն ու անդորրութիւնը, ձերբակալել չարագործներն ու սրիկաները, եւ պաշտպանել բնակիչներն բռնութեան եւ կեղեքումների դէմ…
    «Պաշտօնական մարդահամարի արդիւնքից» երեւում է, որ հայկական նահանգների բնակչութեան թիւն է` «հայեր` 17%, միւս ոչ-միւսիւլմաններ` 4%, միւսիւլմաններ` 79%… 
    «Բ. Դուռը Բերլինի դաշնադրութիւնն ստորագրող պետութեանց պիտի ծանուցանէ բոլոր այն միջոցները, որ ինքը ձեռք առած է հետզհետէ բարեկարգութիւններ մտցնելու Քիւրտիստանում եւ ասիական նահանգներում, ուր ապրում են նաեւ հայեր»:
    Թուրքերը գտել են Եւրոպայի աքիլլէսեան կրունկը եւ պաշտպանւում են հեգնախառն ստերով: Հայաստանը դարձել է «Քիւրտիստան», հայերը` փոքրամասնութիւն, նրանց դէմ կազմակերպուած պետական հալածանքը` սովորական ոճիր-արկած, ոճիրը` բնական երեւոյթ, երկրի միակ մշակութակիր ժողովրդի դպրոցական հաստատութիւնների խափանումը` կրթութեան մէջ երջանկութիւն տեսնելու գիտակցութիւն: Եւ այդ բոլորից յետոյ` ո՛չ միայն զոհերի տառապանքը, այլեւ աշխարհի զօրաւոր ոյժերի լրջութիւնը, բարոյականը ծաղրող մի փաստաթուղթ ստորագրելու յանդգնութիւն:
    Վեց մեծ պետութիւնների դեսպանները թուրք կառավարութեան ուղղուած հաւաքական մի ծանուցագրով (7 սեպտ. 1880թ.), ի միջի այլոց, ասում են. «Յուլիս 5-ի ծանուցագրի ուշադիր ուսումնասիրութիւնն ապացուցում է, թէ Օսմանեան պետութեան առաջարկութիւնները չեն համապատասխանում Բերլինի դաշնագրի 61-րդ յօդուածի ո՛չ ոգուն եւ ո՛չ տառին…
    «Ստորագրողներիս ներկայացրած պետութիւնները գիտեն, որ Օսմ. պետութիւնն երկու յանձնախումբեր ուղարկած է հայաբնակ նահանգները, բայց բանաւոր պատճառներ ունին մտածելու, որ նրանց պաշտօնը ե՛ւ ո՛չ մի արդիւնք տուած է: Բ. Դուռը հակառակ 61-րդ  յօդուածի պարտաւորութիւններին` զլացած է իրանց հաղորդել այն կարգադրութիւնները: 
    «Ոչինչով է ապացուցւում, թէ որեւէ բարւոքում է ներմուծուել արդարադատութեան գործում. ընդհակառակն` հիւպատոսական բազմաթիւ տեղեկագրերը հաստատում են, որ դա անցեալի բաղդատմամբ` եթէ ո՛չ յոռեգոյն, գէթ նոյնքան անգոհացուցիչ է: 
    «Հայաբնակ նահանգներում տեղի ունեցած եղեռնների մասին Բ. Դրան տալ կարծած բացատրութիւնների բառերն իսկ ապացուցում են, որ նա զլանում է խոստովանել տիրող անիշխանութեան աստիճանն եւ երկրի դրութեան ծանրակշռութիւնը, որի յարատեւումը, ամենայն հաւանականութեամբ, առիթ պիտի դառնայ ընդարձակ այդ շրջանների քրիստոնեայ ժողովուրդների բնաջնջման: 
    «Լայնածաւալ այդ նահանգների մասնաւոր նկարագիրն է քրիստոնեայ տարրի գերիշխանութիւնը. այս իրողութիւնը հաշուի չառնող որեւէ բարենորոգում չի կարող գոհացուցիչ արդիւնքներ ունենալ: 
    «Ձեր ծանուցագրի մէջ նշանակուած համեմատութիւնը (ազգաբնակչութեան տարրերի թուի մասին) այնչափ տարբեր է ուրիշ տեղեկութիւններից, որ պետութիւնները չեն կարող այն իբրեւ ճշգրիտ ընդունել»: 
    Սրանով, Եւրոպայի վեց մեծ պետութիւնները միաբան եւ միախորհուրդ յայտարարում են պարզապէս, որ Օսմանեան պետութիւնն ո՛չ միայն ոճրագործների, այլեւ ստախօսների, խեղաթիւրողների մի ընկերակցութիւն է: Նրանք գիտեն նաեւ, որ քրիստոնեայ ժողովուրդները դատապարտուած են բնաջնջումի: Բայց փոխանակ փրկութեան գործնական միջոցներ առաջարկելու` նրանք բաւարարւում են թղթէ սպառնալիքներով ու թուրքերին քաղաքական իմաստութիւն, բարոյական, ճշմարտասիրութիւն եւ արդարամտութիւն քարոզելով: 
    Շուտով պիտի քանդուէր ե՛ւ բարոյական այդ միութիւնը եւ հայ ժողովուրդը մենակ պիտի մնար իր ողբերգութեան մէջ. Գլադստոնը մենակ` իր երազների հետ: 
    Տառապեալների ազատագրումին նպաստելն ենթադրում է սրտի մշակոյթ. մինչդեռ այդ օրերի Եւրոպան իր հանճարի թէ կամքի կոչումը տեսնում էր առաւելապէս նիւթական քաղաքակրթութեան մէջ: Հայկական հարցով ամէնից աւելի զբաղւում էր անգլիական հասարակական կարծիքը: Բայց հենց Անգլիայում Գլադստոնի անձի մէջ աւելի՛ տնտեսագէտն էր գնահատւում, քան` բարոյագէտը: Այդ էր պատճառը, որ նա ո՛չ միայն չկարողացաւ լուծել իրլանդական «հոմրուլ»-ի հարցը, այլեւ սրա եւ նման խնդիրների կապակցութեամբ` մի քանի անդամ կորցրեց պետական ղեկավար գործիչի իր դիրքը: Մնացեալ Եւրոպան աւելի՛ էր ենթակայ իրերի տրամաբանութեան ազդեցութեան: Ամէնուր զգալի էր դառնում «երկու ոգիների պայքար»-ը. պառակտւում էր իմաստասիրական մտածումը, գաղափարապաշտութիւնը յայտարարւում էր «քաղցր սուտ» եւ քաղաքականութիւնը աւելի ու աւելի էր հեռանում բարոյականից: 
    Մասնաւորապէս 80-ական թուականներին սերմանուեց այն, ինչ պիտի հնձուէր 1914-ին: Անօրինակ ազդեցութիւն ձեռք բերեց դրամատիրութիւնը: Ազգային տնտեսութիւնն իր տեղը զիջեց համաշխարհայինին եւ կլանուեց սրանից: Նոյնանման յեղաշրջում կրեց քաղաքականութիւնը, որ ազգայինից անցաւ համաշխարհայինի: Հսկայական չափերով զարգացած ճարտարարուեստը պահանջագրեց արտադրութեան համար հում նիւթեր, գերարտադրութեան համար` շուկաներ հայթայթելու մոլուցքը: Պետութիւնները վարակուեցին գաղութատիրական տենդով: Նրանք չգտան կրաւորական աշխարհն ըստ կարիքների բաժանելու մի բանաձեւ, այլ իրարից յափշտակեցին` ինչ որ դեռեւս մնացել էր Ափրիկէում, Ովկիանիայում թէ այլուր: Նորագրաւ այդ գաղութներում յաճախ գծուեցին անբնական սահմաններ, որով` առաջացան շահերի նոր խաչաձեւումներ, նոր հակամարտութիւններ: Ո՛չ միայն ծովային, այլեւ ցամաքային բնութիւն ունեցող երկրների առեւտուրը տեղափոխուեց ծովերի վրայ, որով` ազատ ելքը դէպի բաց ծովը, դարձաւ գոյութեան խնդիր: Ստեղծուեց ո՛չ միայն մայր երկիրը, այլեւ գաղութները եւ առեւտուրը պաշտպանելու հարկադրանք: æղայնացուցիչ մրցում մտաւ առեւտրի, սպառազինութեան մէջ: Կազմուեցին զինակցութիւններ` ներքուստ յենուած նախանձի, արտաքուստ` խմբակցական շահերի պաշտպանութեան սկզբունքին: Այդ բոլորին զուգահեռ, շատ տեղերում ընկերային շարժումը վերածուեց գաղտնի, դաւադրական կազմակերպութիւնների: Կառավարութիւնների առաջ դրուեց ներքին ընկերային բարենորոգումների հարցը, որ աւելի հրահրեց դասակարգային հակամարտութիւնների ոգին: Որոշ երկրներում վերարծարծուեցին ե՛ւ ազգային փոքրամասնութեանց խնդիրները: Կարճ` պետութիւն լարուեց պետութեան դէմ, զինակցութիւն` զինակցութեան, ազգ` ազգի, դասակարգ` դասակարգի: Հակամարտութեան այս ոգին ընդհանուր իր կնիքը դրեց պատմական իրերի զարգացման վրայ, «իրական շահեր»-ի ըմբռնումը կապուեց տուեալ վայրկեանին, իսկ այսվայրկենապաշտութիւնն ամէն ինչ դարձրեց յարաբերական:
    Նման պայմաններում, ամէնից շուտ մոռացւում են բարոյական պարտաւորութիւնները: Քրիստոնեայ պետութիւնների վարիչները, որոնք պիտի նախընտրէին առանձին-առանձին մզկիթ մտնել, քան թէ միասնաբար եկեղեցի` շա՛տ բնական կերպով պիտի լքէին ե՛ւ Հայկական Հարցը: Այդ դրութիւնը պիտի օգտագործէր Թուրքիան: 
    Առակ թէ իրական դէպք` բայց Աբդիւլ Համիդի հոգեբանութեան թէ թուրքական քաղաքականութեան համար յատկանշական է հետեւեալ պատմութիւնը: Հայկական առաջին (1895-ի) կոտորածներից յետոյ Աբդիւլ Համիդը կարծել է, որ ջնջուել է եւ էլ հնարաւոր չէ հայ յեղափոխական շարժումը: Բայց մի օր նրան յայտնում են, որ ստեղծուել է նոր եւ աւելի՛ զօրաւոր հայկական մի կազմակերպութիւն: «Ուրեմն, հայերն այժմ երկո՞ւ կուսակցութիւն ունեն»,- ցնծագին հարցնում է նա: Բանբերի հաստատական պատասխանի վրայ` Համիդը մենախօսում է. «Հիմա կարող եմ հանգիստ քնանալ, որովհետեւ երկու կուսակցութիւններն աւելի իրարի դէմ պիտի կռուեն»: Նոյնանման պատմութիւն 1912-ին, երբ գահընկէց Սուլթանին առաջարկում են Սալոնիկից տեղափոխուել Կոնիա. «Աւա՜ղ, Բալկանի քրիստոնեաները միացան»,- բացականչում է Համիդը եւ աւելացնում. «Օսմանեան ոյժի գաղտնիքը քրիստոնեաները պառակտուած պահելու հնարամտութեան մէջ է»: Այդ հնարամտութեան խնդրում Համիդը հանճարի պատիւը վերապահում էր իրան: Բայց յետնորդներն ապացուցեցին, որ գիտեն այդ «գաղտնիք»-ը, եւ այն էլ նրանից ո՛չ պակաս հմտութեամբ: 
    Եւրոպան զարգացրել է դիւանագիտական շա՛տ նուրբ մի արուեստ, բայց բարբարոսների իշխանութեան մէջ խորամանկութիւնն աւելի՛ մեծ դեր է խաղում: Հայկական բոլոր աղէտները, հալածանքները, կոտորածները զուգադիպել են Եւրոպայի մեծ ոյժերի պառակտումներին: Հաստատ է, որ թուրքերը մի՛շտ էլ ապահովել են եւրոպական այս կամ այն կառավարութեան «բարեացկամութիւն»-ը եւ ապա գործի դրել սուրը` հպատակ քրիստոնեաների դէմ: Հաստատ է նոյնպէս, որ երբ Գլադստոնի նման մարդիկ են եղել եւրոպական այս կամ այն կառավարութեան գլուխը` նրանք չեն յանդգնել կանանց, երեխաների ջարդեր կազմակերպել, թէկուզ Եւրոպայում բարեկամներ ունեցած լինեն: 
    Եւ ահա՛ 80-ական թուականներին, Թուրքիան հաշուի էր առնում երկու պարագայ` Գլադստոնը եւ պառակտուած Եւրոպան: Առաջինի երկիւղից նա զգուշանում էր կոտորածներ, ցնցող դէպքեր ստեղծել եւ չափաւորում էր հալածանքները հայերի դէմ, երկրորդի քաջալերող անտարբերութիւնից նա յանդգնութիւն էր ձեռք բերում մերժելու աստիճան ձգձգել հայկական նահանգների բարենորոգումների 
հարցը: Այդպիսով, հայեւթուրք յարաբերութիւնները ստանում էին տարօրինակ մի հաւասարակշռութեան բնոյթ – հաւասարակշռութիւն վտանգուածութեան խորին զգացումի եւ համեմատաբար զուսպ սպառնալիքի միջեւ: 

    ՏԽՈՒՐ ՄԻ ՄԻՋՆԱՐԱՐ 

    Ռուս ոչնչականները 1881թ. սպանեցին Ալեքսանդր Բ. կայսրին – Ռոմանովների հարստութեան վերջին լաւ ներկայացուցչին: Հայերի հետ կապ չունեցող այդ դէպքը տխուր իր հետեւանքները պէտք է ունենար ո՛չ միայն Ռուսաստանի բոլոր ժողովուրդների, այլեւ Թուրքիայի հայութեան ճակատագրի վրայ: Այդ օրերին, ռուսական պետութեան ղեկը գտնւում էր հայ իշխան Լորիս Մելիքեանի ձեռքում: Սա ձգտում էր մի կողմից ռուսական ոչնչականութիւնը, անիշխանական շարժումն արմատախիլ անել, միւս կողմից` համոզում էր լուսամիտ Ալեքսանդր Բ. կայսեր` ընկերային անհրաժեշտ բարենորոգումներ մտցնել Ռուսաստանում: Նա ռուսական նոր սահմանադրութեան իր ծրագիրն էր մշակում, երբ տեղի ունեցաւ չարաղէտ ոճիրը: 
    Հակառակ իրանց կրած քաղաքական դառն հիասթափութիւններին, հայերն իբրեւ խորապէս կրօնազգաց եւ քրիստոնէական ամբողջ աշխարհով ապրող ժողովուրդ` հոգեհանգիստներ են կատարում օծեալ մի թագաւորի եղերական մահուան առթիւ: Կ. Պոլսի հայոց մայր եկեղեցիում կայացած հոգեհանգստից յետոյ ընդունելութիւն է լինում Պատրիարքարանում, ուր ռուս դեսպան Լոբանով Ռոստովսկին բաժակաճառ է ասում «Հայաստանի կենաց»: 
    Հայ շրջանակներում թէ՛ քաղաքական աշխարհում դեսպանի այս ելոյթը թողնում է ա՛յն տպաւորութիւնը, թէ Ռուսաստանը, Գլադստոնի համաեւրոպական փորձի վիժումից յետոյ, կրկին իր ձեռքն է առնելու Հայկական հարցի տնօրինումը: 
    Շուտով պատահում է ե՛ւ ուրիշ մի դէպք. Անգլիան 1882-ին գրաւում է Եգիպտոսը: Տարի առաջ Ֆրանսիան արդէն տիրել էր Թունիսին: Յոյսեր, ուրեմն, որ քրիստոնեայ պետութիւնները սեղմում են Թուրքիան` քայլ առ քայլ առաջանալով դէպի Հայաստան: 
    Բայց շուտով հայերի վրայ իջնում է հիասթափութեան ծանր մշուշը: Եւ առաջին հիասթափուողները լինում են հենց ռուս զէնքի փայլուն ասպետներից եւ Ռուսաստանը ազատական սկզբունքների վրայ բարեկարգել փորձող Զօր. Լորիս Մելիքեանը եւ Եգիպտոսի հռչակաւոր բարեկարգիչ եւ անգլիական տիրապետութեան հողը մշակած Նուբար փաշան: Ճակատագիրն երկու այս հայերին հանդիպեցնում է Ֆրանսիայում: Մինչեւ իրանց ծերութիւնը, երկուսն էլ հաւատացել են, թէ ծառայել են քրիստոնէութեան ընդհանուր դատին, միաժամանակ, որպէս հայրենասէր հայեր` Ռուսաստանից թէ Անգլիայից ակնկալել են Թուրքիայում տառապող իրանց ազգակիցների փրկութիւնը: Իսկ այժմ Ռուսաստանին ծառայած Լորիս Մելիքեանն ասում է, թէ ինքն յոյս չունի նրանից: Նուբար փաշան նոյնն է ասում Անգլիայի մասին: Լորիս Մելիքեանը, որ արդէն ճանաչել է ռուս քաղաքականութիւնը, պնդում է, որ յոյսն Անգլիան է: Նուբարը, որ լաւ գիտէ Անգլիան` յոյսը կապում է Ռուսաստանին: Երկուսին էլ մնում էր մոխիր ցանել նաեւ հեռաւոր սրբերին կապած յոյսերի վրայ եւ ընդունել, որ այդ երազները մերձաւորից, իրականութիւնից զարկուած ցաւոտ սրտի խաբկանքներ են միայն: 
    Ռուսաստանում գահ բարձրացաւ Ալեքսանդր Գ.-ն – յետադէմ մի բռնակալ: Դա մերժեց բարենորոգման ամէն ծրագիր եւ ձեռք առաւ հալածանքի քաղաքականութիւնը. հալածանք ո՛չ միայն ընկերապէս դժգոհների, յեղափոխականների, ոչնչականների, անգամ գաղափարական ազատականների դէմ, այլեւ` մշակութունակ ազգային փոքրամասնութիւնների: Հալածւում էին գերմանները, ֆինները, մասնաւորապէս` հայերը: Ընդհանուր կերպով, տարւում էր ռուսացման վայրագ մի քաղաքականութիւն: Պատահում է աւելի եւս տխուր մի դէպք, որ հայերին քաղաքականապէս վտանգել է տալիս ե՛ւ Թուրքիայում: Բալկաններում, նոյն Ալեքսանդր Գ.-ի բռնակալ ոգու պատճառով, հակամարտութիւն է ստեղծւում ռուսական համասլաւականութեան եւ բուլղար ազգայնականութեան միջեւ: Ազդուած դրանցից` ռուսական քաղաքականութիւնը Հայկական հարցի նկատմամբ մշակում է նոր տեսակէտ. «Ռուսաստանը չի ուզում իր սահմանների վրայ նոր Բուլղարիա ստեղծել»:
    Հենց նման յայտարարութեան էր սպասում Թուրքիան: Բայց սա նպաստաւորուեց ե՛ւ այլ մի կողմից: Եգիպտոսի գրաւումից յետոյ Անգլիան յարձակւում է Սուդանի վրայ, որով` նա ո՛չ թէ գալիս է դէպի Առաջաւոր Ասիա, այլ` խորանում է դէպի Ափրիկէ: Նոյն այդ Սուդանի անյաջող արշաւանքը դառնում է Գլադստոնի դահլիճի անկման գլխաւոր մի պատճառը: Ասպարէզ է գալիս Սալիզբուրին, որ իր հետ բերում է բրիտանական կայսերապաշտական քաղաքականութեան աշխուժացում: Ծրագրւում է գրաւել ո՛չ միայն Սուդանը, այլեւ` Հարաւային Ափրիկէի բուրական գաղութները: Մինչ այդ, գաղութատիրական քաղաքականութիւնն էր որդեգրել ե՛ւ Գերմանիան: Ճակատագրօրէն, դա դիրք էր գրաւել նաեւ Սուդանի եւ Հարաւային Ափրիկէի միջեւ - մի մարզ, որի վրայով պիտի անցնէր անգլիական երազ դարձող Կապ - Կահիրէ երկաթուղագիծը: Թշնամի ռուսական կայսերապաշտութեան, Սալիզբուրին փորձում է հասկացողութեան գալ Գերմանիայի հետ: Հետագային լինում են եւ փոխադարձ որոշ զիջումներ, բայց հակամարտութեան պատճառները շա՛տ էին խոր, եւ դրանք չէին կարող վերացուել քաղցր խօսքերով, փոքրիկ զիջողութիւններով: Շա՛տ ուշ, միայն 1884-ից էր Գերմանիան սկսել գաղութատիրական քաղաքականութեան եւ իր մեծութեան ու կարիքներին անհամապատասխան արդիւնքներ էր ձեռք բերել: Նա որոնումների մէջ էր եւ իր հայեացքն յառել էր դէպի Առաջաւոր Ասիա: Տաճիկները գիտէին, որ ռուսները կարող էին Հայկական դատից հրաժարուել, բայց Հայկական Բարձրաւանդակից` երբե՛ք: Նրանք գիտէին նոյնպէս, որ հաստատուելով Եգիպտոսում` Անգլիան իր ձեռքը պէտք է առնի սկզբից ի վեր թուրքատեաց արաբ տարրը եւ վտանգի նրանց տիրապետութիւնը Կարմիր ու Միջերկրական ծովերի եւ Պարսից ծոցի միջեւ: Ահա այդ սպառնալիքի դէմ` նա տեսնում էր մի հատիկ ելք – յենուել Եւրոպայի հզօր ոյժերից մէկի վրայ: Զօրաւոր այդ յենարանը նա գտաւ` Բաղդադի երկաթուղագծի մենաշնորհը տալով Գերմանիային: Դրանով Թուրքիան հասնում էր ե՛ւ այլ մի նպատակի. դէպի Հնդկաստան տանող կարեւոր մի ճամբա յանձնելով Գերմանիային, նա մի կողմից անգլեւգերման հակամարտութիւնն էր սրում, միւս կողմից` գերմանեւռուսականը: Այս հակամարտութիւններն օգտագործելով` նա պիտի մաքրէր իր հաշիւը հայերի հետ, որովհետեւ տեսնելով, որ վտարւում է Ափրիկէից, նա կանխազգում էր, որ նոյնն է լինելու ե՛ւ Բալկաններում, ուստիեւ` Հայաստանն որպէս թիկունք թէ նահանջի ուղի` նրա համար ստանում էր ճակատագրական նշանակութիւն: 
Категория: Հայկ Ասատրյան | Просмотров: 534 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024