Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 07:45
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 10 » ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19:37
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ  ՀԱՅՈՑ  ԳՈՐԾԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Հայկ Ասատրյանն այս պարզաբանումը գրել է 1944 թվականին, Բուլղարիայում համայնավար իշխանության հաստատումից անմիջապես հետո, բուլղարահայ «Ռազմիկ» թերթի համարներից քաղված մեջբերումներով` նպատակ ունենալով այն ուղարկել Բուլղարիայի եւ Խորհրդային Միության տարբեր ատյաններ, պաշտոնատար անձանց, ընդ որում նաեւ Անաստաս Միկոյանին` ապացուցելու համար, որ ոչ թերթը, ոչ էլ նրա խմբագրակազմը նացիստամետ չեն: 
    Տեքստն առաջին անգամ հրապարակվել է 1993 թվականին, Սոֆիայում, Վիդկա Նիկոլովայի կազմած «Ոգու բանաստեղծը եւ սրի ասպետը. Տեոդոր Տրայանով եւ գեներալ Նժդեհ» ժողովածուում, որտեղից էլ կատարված է հայերեն թարգմանությունը: – Խմբ.



    Ծագումով հայ որոշ անձինք պատճառ դարձան գեներալ Նժդեհի եւ մի քանի հայ երիտասարդ հայրենասերների ձերբակալվելուն: Մնացածը թյուրիմացության հետեւանք է... Այդ հայրենասերները 1935 թվականից ի վեր որեւէ քաղաքական կուսակցության չեն պատկանում, որեւէ քաղաքական ծրագիր չունեն եւ տքնել են միայն հանուն իրենց ժողովրդի բարոյական միասնության. մի ժողովուրդ, որ տարագրության մեջ մատնված է ահավոր ազգային ողբերգության, ուծացման, այլասերման եւ կուսակցական երկպառակությունների, որոնք սպառնում են խորտակել հայ ազգային կյանքը: Նրանց քարոզչությունը նպատակ ուներ փրկել հայ ժողովրդի բարոյական ուժն ու արժեքները: Ճիշտ նմանապես, այդ հայրենասերները երբեք չեն գործել Խորհրդային Միության դեմ եւ այնքան էին դժգոհ նրանից, որքան եւ մյուս եվրոպական ուժերից, որոնք նախորդ աշխարհամարտում զոհեցին Հայաստանն ու հայ ժողովրդին: Ընդհակառակը, նրանք ցանկանում էին եւ հավատում, որ Խորհրդային Միությունը կընդլայնի Խորհրդային Հայաստանը, վերստին կհամախմբի հայ բնակչությանը մեկ միաձույլ հայրենիքում եւ կշտկի հին Ռուսաստանի ու Եվրոպայի սխալը: 
    Նրանց քարոզչության ամբողջ իմաստը Խորհրդային Հայաստանի ամրապնդումն ու պաշտպանությունն էր: 
   Երբ բռնկվեց ներկայիս պատերազմը, Արեւմուտքի մութ աղբյուրներից շատ հրահրիչ լուրեր տարածվեցին ընդդեմ Խորհրդային Հայաստանի եւ առհասարակ ընդդեմ հայ ժողովրդի: Միաժամանակ, օրեցօր ուժգնացավ հակահայկական քարոզչությունը գերմանալեզու գրականության մեջ: Գերմանացի գիտնականները հայերին ընկալում էին իբրեւ առաջավորասիական ցեղ` հրեաների ցեղակիցը, եւ բոլոր հայերը գիտեին, որ իրենց էլ սպասում է հրեաների ճակատագիրը: Մյուս կողմից, խորհրդա-գերմանական պատերազմի ընթացքում մի քանի տասնյակ հազար հայ գերիներ ընկան գերմանացիների ձեռքը եւ սպասում էին մահվան կամ էլ Խորհրդային Միության դեմ լեգեոնների մեջ ընդգրկվելուն: Ահավասիկ, այս երկու վտանգներից խուսափելու համար հայ հայրենասերները դիմեցին հետեւյալ քայլերին. 
    1. Մի քանի գրքեր հրապարակեցին` ցույց տալու համար, որ հայերը առաջավորասիական ցեղ չեն, այլ արիացիներ: 
    2. Նրանցից ոմանք մեկնեցին Գերմանիա` այդ ուղղությամբ աշխատելու, ընդդեմ հայ ժողովրդի համար վտանգավոր այն միջոցների, որ մտադիր էր ձեռնարկել գերմանական Rassen politische Amt-ը: 
    3. Կազմակերպեցին խորհրդային եւ ֆրանսիական բանակների հայ ռազմագերիներին օգնելու գործը, որպեսզի տառապանքներից փրկեն արդեն իսկ փոքրաթիվ հայ ժողովրդի այդ երիտասարդ ռազմագերիների կյանքը: 
    Գերմանիա ուղարկվածներն այս խնդրի իրագործմանը ծառայելու հնարավորություն չունեին, որովհետեւ գերմանացիները թույլ չէին տալիս օգնությունը լայնորեն կազմակերպել եւ նախատեսում էին նրանց լեգեոնների կազմի մեջ մտցնել: 
    Այնուհետեւ գերմանացիներն այդ երիտասարդներից պահանջեցին գործի անցնել հայկական լեգեոններում: Բայց նրանք հրաժարվեցին` հայտարարելով, որ կկռվեն միայն Թուրքիայի դեմ: Նրանք ընդդիմացան եւ, ի վերջո, վերադարձան իրենց բնակավայրերը` առանց հակախորհրդային որեւէ ձեռնարկման մասնակիցը դառնալու: Ընդհակառակը, թե՛ Նժդեհը եւ թե՛ նրա հետ մեկնած մարդիկ Գերմանիայի հայկական շրջաններին բացատրեցին իրենց արարքի իմաստը. հայկական կողմից դավաճանություն կլիներ խառնվել գերմանա-խորհրդային առճակատմանը եւ պատճառ դառնալ Խորհրդային Հայաստանի նոր դժբախտությունների: 
    Այդ հայրենասերները փրկեցին Եվրոպայի եւ Բալկանների հայկական գաղութները գերմանական հալածանքից: Հայ համայնավարների դեմ նրանք երբեք սադրանք թույլ չտվեցին, դատապարտեցին հայ կուսակցական գործիչների կողմից ձեռնարկված ամեն մի այդպիսի փորձ, եւ իրենց ամբողջ ծառայության դիմաց այդ մարդիկ այսօր սադրանքի զոհ են: Նրանց գործելակերպը հասկանալու համար բերում ենք որոշ հատվածներ իրենց պաշտոնաթերթ «Ռազմիկի» առաջնորդողներից: 

    Թիվ 3, 10 հունվարի, 1941թ. 

    Ծանր էր մեր վիճակը երեկ: Թեթեւ չէ եւ այսօր: Մենք ելք չենք գտել Եվրոպայի քաղաքական ուժերի հակասություններից: Դրա հետ մեկտեղ, այսօր չենք ըմբռնում ռուս-թուրքական հարաբերությունների հանելուկը: Ռուսաստանի նոր համակարգում մեր կշիռը փոքր է: Հայկական հարցը շարունակում է մնալ օրենքից դուրս: Ոչ մեկի սիրտը չի ցավում, որ հայը հող չունի: Այդ ամենի մեջ մեղքի ամենամեծ բաժինը մերն է: Բոլշեւիկ լինի, թե նացիոնալիստ, հայը շարունակում է ծառայել սնահավատությանը... 
    Մեր պահանջները Ռուսաստանից հայտնի են. Խորհրդային Հայաստանի սահմանների ընդլայնումն ու մեր ժողովրդի համախմբումն այնտեղ: 
    Մեր հողը տրված է թուրքերին, եւ մեր ժողովուրդը տարագրության մեջ դատապարտված է քայքայման: Չկա աշխարհում մի հայ, որ հրաժարվի Թուրքահայաստանից, չկա մի հայ, որ չտենչա ապրել եւ մեռնել իր Արարատի հովանու տակ: Չկա մի հայ, որ սրտից հանի իր պապերի սրբազան Տարոնը: Եթե ռուսները դեռեւս չեն հասկացել այդ, ուրեմն անցել են հայ ժողովրդի կողքով` առանց նրա մարդկային էության խորքը թափանցելու: Իսկ եթե հասկացել են, ժամանակն է արդեն, որ ուղղեն իրենց հին սխալը: 

    Թիվ 4, 17 հունվար, 1941թ. 

    Բոլշեւիկները ժառանգեցին ռուսական հին կայսրությունը: Դրա հետ մեկտեղ, նրանք ժառանգեցին նաեւ այն պատմական հարցերը, որ դարեր շարունակ դրված էին ռուս ժողովրդի առջեւ: Այդ հարցերից մեկը Հայկական հարցն է: 
    Թե ինչպես էր վերաբերվում հին Ռուսաստանը այդ հարցին, բոլշեւիկներն իրենք մեզնից լավ գիտեն: Դա մեր մարդկային ուժերի, քրիստոնեական զգացմունքի, մեր հույսերի օգտագործումն էր եւ մեր ժողովրդի աստիճանական ոչնչացումը թուրքերի ձեռքով: 
    Հայի մտապատկերներում միայն «Դեր-Զոր» բառը հիշեցնում է 600000 հայ կանանց եւ մանուկների կործանումը... 
    Եկավ բոլշեւիզմը, որի առաջին գործը «տունդարձ» նշանաբանն էր, իսկ դա նշանակում էր սարսափներ ապրած, իր թվաքանակի կեսը կորցրած հայերին մենակ թողնել թուրքերի առաջ: Մոսկվան չէր լսում մեր աղաղակը եւ ոչ էլ գնահատում էր մեր պահվածքը: Մենք մենակ էինք մնացել Գերմանիայի դաշնակցի` թուրքերի առաջ: Եվ միակն էինք կովկասյան ժողովուրդներից, որ ողբում էր Ռուսաստանի թուլությունը: Թաթարները սոսկալի նախճիր սարքեցին Շամխորում` նահանջող ռուսական զորքի գլխին2: Տառապյալները դարձյալ հայերն էին: 
    Եկան թուրքերը: Նրանց ներխուժումը մեզնից մոտ կես միլիոն զոհ խլեց: Այդ օրերին եւ այդ վիճակում Անդրանիկը Նախիջեւանից ռադիոգիր է հղել Մոսկվա. «Ես կռվում եմ միացյալ եւ անբաժանելի Ռուսաստանի հողում»... 
    Կնքվեց թուրք-բոլշեւիկյան համաձայնագիր, որն ուղղված էր ընդդեմ Անտանտի: Բայց դաշնակիցների դեմ ոչ բոլշեւիկները, ոչ էլ թուրքերը չկրակեցին: Զոհ դարձան հայերն ու հույները: Էնվերը կարողացավ խաբել Մոսկվային, թե իսլամը մեծ քաղաքական ուժ է, եւ դրա բանալին գտնվում է թուրքերի ձեռքում: Քաղաքական զորեղ ուժերից միայն Անգլիան էր հասկանում իսլամի գաղտնիքը, միայն նա գիտեր, որ Թուրքիան իսլամի տիրակալը չէ, այլ քաղաքական մակաբույծը: Ինչեւէ, սխալը գործվեց: Էնվերի իսլամական բանակն իր զենքն ուղղեց բոլշեւիկների դեմ... Իսկ մենք` հայերս, կորցրինք ամեն ինչ, մեր հողերը թողեցինք թուրքերին եւ կրելով մեր 2000000 զոհերի տառապանքը` սփռվեցինք օտարության մեջ: 
    Մոսկվան գուցե եւ անաստված է, իսկ մենք` անուժ... Բայց արյունով գծված մեր սահմանները պետք է վերականգնվեն: 

    Թիվ 5, 24 հունվարի, 1941թ

    Բոլշեւիկները ցանկացան լոբանովյան ոգին ոչնչացնել Ռուսաստանում, բայց արդյունքն այն եղավ, որ «Հայաստանն առանց հայերի» մնաց թուրքերին: Հին թե բոլշեւիկյան Ռուսաստանին հայությունը բազմաթիվ եւ կարեւոր քաղաքական գործիչներ է տվել: Բայց այն, ինչ հայ զանգվածները տալիս են Ռուսաստանին, մարդկության պատմության մեջ կմնա որպես անօրինակ անձնազոհություն: Մինչդեռ, դրա դիմաց Ռուսաստանն անտարբեր է մնում հայի ճակատագրի հանդեպ: 
    Սակայն վրա է հասել ժամանակը, որպեսզի այդ բոլոր սխալներն ուղղվեն: 
  Այն օրվանից, երբ թուրքերը ցույց տվեցին իրենց ախորժակը Կովկասի նկատմամբ, մենք ցանկացել ենք Ռուսաստանի հայկական քաղաքականությունը փոխված տեսնել: Ռուսաստանում դեռեւս չի գոյացել այն ըմբռնումը, որ մեր հակաբոլշեւիզմը հայ ժողովրդի աննախադեպ մարդկային ողբերգության հետեւանքն է... Թուրքերը մարդկային թվաքանակ չունեն Թուրքահայաստանում, բայց տեր են դարձել Կարսի մարզին եւ Արարատյան դաշտավայրի մի մասին... 
    Ռուսաստանը դեռեւս Հայկական հարցի ճիշտ ըմբռնումը չունի: Եվ չի ուզում հասկանալ, որ մեր պատմության սլաքն ուղղված է դեպի հարավ, եւ Հայաստանը, ընդարձակվելով դեպի Վան, Մուշ եւ Էրզրում, փրկում է նրա տիրապետությունը Կովկասում: 

    Թիվ 6, 31 հունվարի, 1941թ. 

    Ո՞րն է պատմական այն ցավալի փաստի անբանական պատճառը, որ Ռուսաստանը` հակառակ 150-ամյա արյունոտ ջանքերին, չի կարողացել տիրանալ Հայկական բարձրավանդակին` Առաջավոր Ասիայի ռազմավարական բանալուն: 
    Անգլիայի դիմադրությո՞ւնը: Հակասություննե՞րը եվրոպական ուժերի շահերի միջեւ: Օսմանյան տերության, իսլամի ո՞ւժը: Պատճառը սրանցից ոչ մեկն էլ չէ... Ռուսաստանը հասկանում է մեր լեռների ռազմավարական նշանակությունը եւ հայկական գործոնի քաղաքական կշիռը, բայց սառնասրտորեն է վերաբերվում մեր երկրի բնության գաղտնիքներին, ինչպես եւ մեր ժողովրդի ճակատագրին: Ժխտելով Հայաստանի բնաաշխարհագրական ամբողջականությունը եւ ցանկանալով մեր հողը աշխարհագրական միաձուլման ենթարկել «Անդրկովկաս» հասկացության տակ` Ռուսաստանը չի կարողանում տեսնել հայկական գործոնի դրական կողմը եւ քաղաքական հմտությամբ օգտվել դրանից: Հին Ռուսաստանը թուրքերի դեմ ուղղված հայ ազգային-ազատագրական ողբերգական շարժման մեջ տեսնում էր «հեղափոխական վտանգ», իսկ բոլշեւիկյան Ռուսաստանի համար դա դարձել է «հակահեղափոխական վտանգ»... 
    Ճակատագրի օրենքն է. նա, ով մեղանչում է որեւէ երկրի բնության գաղտնիքների դեմ, չի կարող իմաստավորված օգտագործել այդ երկրի աշխարհագրական դիրքը... Նա, ով վեհ խղճի մտոք չի ապրում այն տառապյալների ցավը, որ փրկություն են իրենից ակնկալում, նրա քաղաքական կամքը զրկվում է բարոյական շարժունությունից: Այդ դեպքում զոհերը բնորոշվում են Դեր-Զորով, իսկ ազատարարը` ուրացմամբ: 
Հայաստանի եւ հայերի առնչությամբ Ռուսաստանի առջեւ դրված են հետեւյալ հարցերը. 
    1. Հայաստանը թուրքերի Արեւելյան Անատոլիան չէ եւ ոչ էլ ռուսների հարավային Անդրկովկասը, այլ Հայկական բարձրավանդակը, որ մկրտված է հայ ժողովրդի անվամբ: 
     2. Հայկական բարձրավանդակը արիացի հայերի հայրենիքն է եւ ոչ թե Անատոլուի մոնղոլ թուրքերինը: 
   3. Ռուսաստանին եւ մանավանդ Կովկասում նրա տիրապետությանը վտանգ չի սպառնում հայերի կողմից, որոնց ազգային իդեալը Արաքսի ափից ուղղված է դեպի հայկական Տավրոսը: Վտանգն սպառնում է մոնղոլական ժողովուրդների կողմից, որոնց պանթուրքիստական երազանքները ձգվում են մինչեւ Բաքու, Դաղստան եւ Կասպից շրջան: 
    4. Նա, ով քաղաքական ազդեցություն չունի Հայկական բարձրավանդակի վրա, կարող է դարերով երազել, բայց չտեսնել Դարդանելը: Մեր բարձրավանդակը, հիրավի, Դարդանելի ռազմավարական թիկունքն է, որ անատոլիական մի ժողովրդի տիրապետության տակ է: Այդ ժողովուրդը, որն Անդրկովկասում եւ հյուսիսարեւմտյան Իրանում ցեղակիցներ ունի, չի կարող իր տիրապետությունն ավարտուն համարել Կովկասում: 
    5. Նոր Ռուսաստանն իր ժողովուրդներին հող եւ ինքնորոշում է խոստանում: Երկու միլիոն հայ այսօր անհող են ու տարագիր... 
    Իսկ Հայաստանը մնում է հայ ժողովրդի դահիճների կրունկի տակ: 
    Մենք ուզում ենք պատմական փաստերը փոխված տեսնել: Ուզում ենք տեսնել պատմական մեղքերից մաքրված մի մեծ ժողովուրդ: 

    Թիվ 7, 7 փետրվարի 1941թ. 

    Ավելի քան 2000 տարի է, ինչ հայը կանգնած է «Եվրոպա» առեղծվածի առաջ... Բարիք եւ բարյացակամություն նա չի տեսել Եվրոպայից, այլ միայն երախտամոռություն... Մեր փրկությունը չի գա ոչ Եվրոպայի ցեղակիցներից, ոչ նրա քրիստոնեությունից, ոչ իմպերիալիզմից եւ ոչ էլ նրա հասարակական ուսմունքներից ու շարժումներից: Հակառակ իր քաղաքական ուժին եւ քաղաքակրթիչ եռանդին, նա չի կարող մարդկայնորեն փրկել եւ ինքն իրեն... 
    Եվրոպական ոգու մասնատման առաջին զոհը դարձավ մեր ժողովուրդը, որը հուսահատ պայքար է մղում Արեւելքի դեմ: Այդ դարավոր պայքարում, օգնության փոխարեն, Եվրոպան մեզ դավաճանորեն հարվածներ է հասցնում...
   Չնայած դրան, մեր ժողովուրդը մնացել եւ շարունակում է մնալ Եվրոպային նվիրված... 
    Ներկայիս պատերազմը հայն ընկալում է որպես խոր ողբերգություն... 
    Նախորդ պատերազմում մենք ոչ մի թշնամական քայլ չձեռնարկեցինք Գերմանիայի դեմ, այլ միայն ապրեցինք այն սարսափը, որ նա դաշնակից է դարձել քրիստոնեության եւ մեր ժողովրդի թշնամուն` Թուրքիային: Պատերազմից հետո մենք նույն զգացումն ունեինք Ռուսաստանի հանդեպ: Այսօր ճիշտ նույնն ենք զգում Անգլիայի հանդեպ: Ոչ թե թշնամություն, այլ միայն ցավ... 
    Եվրոպան կարող է դա բացատրել այնպես, թե մենք ավելի շատ սրտի եւ զգացմունքի ժողովուրդ ենք, քան քաղաքական մտքի: Բայց մենք հավատում ենք, որ կգա զղջման ժամանակը. այդ նույն Եվրոպան մի օր կհասկանա, որ անսիրտ քաղաքականությունը դժբախտություն է ոչ միայն թույլերի, այլեւ զորեղների համար, ոչ միայն ուրիշների, այլեւ իր համար...

    Թիվ 8, 14 փետրվարի 1941թ. 

    Մենք երբեք այն կարծիքին չենք եղել, թե Հայաստանին սպառնացող վտանգն անցել է: Մենք ապրել ենք թուրք-գերմանական ռազմական դաշինքի սարսափները... Բոլշեւիկները մինչեւ այսօր էլ չեն ուզում հասկանալ պանթուրքիզմը... Թուրքիան միշտ էլ կարողացել է թանկ վաճառել իր աշխարհագրական դիրքը եւ հերթով վաճառում է մերթ Անգլիային, մերթ Գերմանիային, մերթ Ռուսաստանին, հետո` վերստին Անգլիային եւ այդպես շարունակ... Եվրոպացիներն ընդհարվում են իրար հետ: Դարդանելը մնում է թուրքերին, իսկ կոտորածի սարսափներն ապրում են հայերը: Անգլիացի զինվորական տեսուչները շրջագայում եւ աշխատում են ոչ միայն Դարդանելում ու Թուրքիայում, այլեւ Էրզրումում ու Կարսում, այնտեղ, ուր 22 տարի առաջ գերմանացի տեսուչները թուրքերին հրահրեցին Ռուսաստանի դեմ: Անգլիայի նպատակակետը Բաքուն է: Բայց թուրքերը գիտեն, որ այդ ճանապարհն անցնում է Երեւանով: Հնարավոր է, որ անգլիացիները թույլ չտան Դեր-Զորի կրկնությունը: Հնարավոր է, որ ռուսական բանակը ավելի շատ ցույց տա իր ուժը, քան միտքը: Բայց այս ամենը չի նշանակում, թե հայությունը պետք է հույսը դնի միայն իր թշնամու դաշնակցի մարդասիրության եւ իր դաշնակից բանակի քաջության վրա. Կովկասը թուրքական ներխուժումից պաշտպանելու համար ամենաբնական եւ արդյունավետ տարրը հայությունն է:

   Թիվ 9, 21 փետրվարի 1941թ. 

    Ներկայիս պատերազմի առաջին օրերին, երբ Սիրիայում Վեյգանի 3 բանակի առջեւ ծառացավ Անդրկովկասի հարցը, խորհրդավոր «փախստականներ» հայտնվեցին Հալեպում: Դրանք խորհրդային սահմաններից ճողոպրած ադրբեջանցի թաթարներ էին: Նրանք ուզում էին իսլամի անունից արաբական աշխարհի միջոցով սադրանքներ հրահրել խորհրդային իշխանության եւ հատկապես Խորհրդային Հայաստանի դեմ: Նրանք պատմում էին, թե խորհրդային իշխանությունը հայերի օգնությամբ մահմեդականների սոսկալի հալածանք է սկսել: Դա պանթուրքիզմը պանիսլամիզմի հանդերձով ներկայացնելու փորձ էր: Մեզ համար պարզ է այդ սադրանքի աստառը: Այս վտանգի հանդիման մենք խորհրդային իշխանությունից ակնկալում ենք. 
    1. Հայաստանի դիրքերի ընդլայնում դեպի Թուրքիա: 
 2. Խորհրդային Միությունում սփռված հայերի համախմբում Հայաստանում եւ Հայաստանի ինքնապաշտպանության կրկնապատկում: 
    3. Չմերժել արտասահմանի հայերի ամեն կարգի ծառայություն` ի պաշտպանություն իրենց հայրենիքի: 
    Ահավասիկ այն միջոցներից մի քանիսը, որոնցով հնարավոր է վանել հայ ժողովրդի գոյությանն ու Կովկասում ռուսական տիրապետությանը սպառնացող վտանգը: 

    Թիվ 49, 15 փետրվարի 1942թ. 

    Մենք գտնվում ենք սարսափելի աղետի առաջ: Հայ գերիների առայսօր հայտնի քանակը (20000) ինքնին ցույց է տալիս ծանր կորուստների թիվը: 
    Դեռ չգիտենք, թե ինչ նոր չափեր կընդունի պատերազմը, ինչ կկատարվի Կովկասում եւ մանավանդ Հայաստանում... Սպառնալիքներն ու վտանգը մեծ են: Գուցեեւ ինչ-որ հրաշքով փրկվենք... Մեր առջեւ դրված են նախ հայրենիքի պաշտպանության եւ վիրավորների ապաքինման հարցերը: 
    Տասնյակ հազարավոր հայ գերիներ մեզնից փրկություն են ակնկալում: Ցույց տանք, որ մենք հայրենասերնե՛ր ենք: Պարտքը կրկնապատիկ մեծ է, որովհետեւ նրանք Հայաստանի երիտասարդ ուժերն են... 
    Օգնե՛նք հայ ռազմագերիներին: Թող նրանք զգան, որ տարագրության մեջ հայի սիրտը չի մեռել: 


    Թիվ 191, 29 դեկտեմբերի 1943թ. 

    Մեր քննադատությունն ուղղված է ոչ թե անցյալի հայ ազգային կուսակցությունների, այլ ներկայիս կուսակցական գզվռտոցի դեմ, որը չարիք է եւ կեղծիքի, նախանձի ու զրպարտության դպրոց: Մեր թերթի դեկտեմբերի 4-ի համարում ավարտեցինք «Լ’էկո դը Նանսի»-ում4 հրապարակված հոդվածի թարգմանական տպագրությունը: Այդ հոդվածը մահվան դատավճիռ է հայ կուսակցություններին: Միջկուսակցական այդ գզվռտոցը երկնքից չի ընկել, եւ այն հայերի գործն ու ոգեւորությունն է, ովքեր շահագրգռված են կուսակցական հաշիվներով: Այդ հոդվածում ասված է, որ հայ համայնավարները ճարպկորեն աշխատանքի են մտնում` որպես Մոսկվայի գործակալներ, եւ որ Թուրքիայում, Քրդստանում, Իրանում ու Սիրիայում Մոսկվայի լավագույն գործակալները հայերն են... 
    Ինքներդ դատեք, թե ինչով են նրանք զբաղված: Դա՞ է քաղաքական աշխարհին հայերի ծառայության ուղին: 

    Թիվ 190, 25 դեկտեմբերի 1943թ. 

    Պատերազմը մեր առջեւ մի շարք հարցեր է դրել, որոնք շարունակում են դեռեւս չլուծված մնալ: Այդ հարցերից են. 
    1. Ռազմագերիներին եւ տուժածներին օգնության գործը: 
    2. Հայկական քարոզչությունը: 
    Այս հարցերի առնչությամբ համագործակցություն չի ստեղծվել հայկական բոլոր գաղութների միջեւ: Հետեւաբար` բավականաչափ արդյունքներ չկան: Հայ ռազմագերիների եւ տուժածների համար Եվրոպայի ու Բալկանների հայկական գաղութները ինչ-որ բան ուղարկել են, բայց անջատ-անջատ եւ անբավարար քանակությամբ: Ռազմագերիների համար ամենամեծ հանգանակությունը հավաքվել է Բուլղարիայում` հայկական Գթության խաչի նախաձեռնությամբ: Նկատի առնելով միայն Ֆրանսիայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի գաղութների նյութական հնարավորությունները` կարելի է ակնկալել, որ կհավաքվի առնվազն 100 միլիոն լեւ, եթե ընդունակ լինենք գործն համազգային ծավալով կազմակերպել: Նման գումարը հնարավորություն չի ընձեռում լավագույնս եւ ազնվորեն օգնելու նաեւ այլ կարգի տուժածներին: Այդ առումով մենք հաջողության չհասանք, եւ դրա պատճառը մանրախնդիր անմիաբանությունն է... Այս պայմաններում ռազմագերիներն իրենք են սկսում հոգալ իրենց վիճակի մասին: 


    Թիվ 191, 29 դեկտեմբերի 1943թ. 

    Հայկական քարոզչության գործի բարվոք կազմակերպումն ավելի անհրաժեշտ է դառնում, որովհետեւ մենք լավ չենք ճանաչում ուրիշներին եւ քանի որ «փակ» ենք, ճիշտ նույն կերպ ուրիշները եւս չեն ճանաչում մեզ: Այն, որ լավ չենք ճանաչում ուրիշներին, հաստատում են Մեծ եղեռնից փրկվածների խոստովանությունները: Գրեթե բոլոր հայ մտածողները նշել են, որ հայերս չէինք ճանաչում թուրքերին, թեեւ ապրել ենք նրանց հետ մոտ կես հազարամյակ... 
    Այն, որ «փակ» ենք եւ մյուս ժողովուրդները մեր մասին ստույգ գիտելիքներ չունեն, հաստատում է Եվրոպայում ներկայումս առկա թյուր ըմբռնումը: Մեզ համարում են առեւտրական ժողովուրդ` անմարտունակ, ինքնապաշտպանվելու անընդունակ, բարոյապես անլիարժեք եւ խարդախությամբ ապրող: Չեն ուզում հավատալ, որ հայը հերոսական ոգի ու պատմություն է ունեցել... Ժողովուրդները ոչնչանում են նաեւ մյուսների մասին ունեցած սխալ գիտելիքների եւ իրենց մասին ուրիշների կազմած թյուր կարծիքի հետեւանքով: Մենք չունենք գիտականորեն, ոչ էլ հոգեբանորեն կազմակերպված ազգային քարոզչություն: Արդյունքում, հայության թողտվությամբ, Գերմանիայում ամրապնդված այն թյուր կարծիքը, թե մենք պատկանում ենք առաջավորասիական ցեղին, թափանցել է գիտություն: Ազգային քարոզչության գործը պահանջում է ձերբազատվել պատահականություններից, կամայականությունից եւ ոչ գիտական մոտեցումից: Այն պետք է կազմակերպվի որպես համազգային գործ: 

Բուլղարերենից թարգմանեց
Զավեն Բոյաջյանը 



Թարգմանչի ծանոթագրությունները

    1 Ռասաների քաղաքական գերատեսչություն (գերմ.): 
    2 Խոսքը Շամխորի դեպքերի մասին է (1918թ. հունվարի 9-12), երբ թուրք-թաթար մոլեռանդների ձեռքով կազմակերպվեց կովկասյան ռազմաճակատից Ռուսաստան վերադարձող շուրջ 1000 ռուս զինվորների ջարդը: 
    3 Խոսքը ֆրանսիացի գեներալ, գերագույն գլխավոր հրամանատար Մաքսիմ Վեյգանի (1867-1965) մասին է, որը մասնակցել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներին: 
    4 Ֆրանսիական թերթ: 
Категория: Հայկ Ասատրյան | Просмотров: 411 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024