Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 05:03
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 14 » ԿՌՈՒԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ -«Միայն զէնքով կայ հայոց փրկութիւն»
20:36
ԿՌՈՒԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ -«Միայն զէնքով կայ հայոց փրկութիւն»
ԿՌՈՒԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ 

    Այլեւս ո՛չ մի յոյս եւրոպական դիւանագիտութեան վրայ: Հայաստանում յեղաշրջում է կրում մտայնութիւնը` փրկութիւն սեփական ոյժերով: Ժողովրդի հոգեբանութիւնն արտացոլում է շատ տարածուած մի երգում. «Միայն զէնքով կայ հայոց փրկութիւն»: Ստեղծուել էր քաջութեամբ մեռնելու վարակիչ տրամադրութիւն: Բայց անկարելիութեան աստիճան դժուարանում էր սպառազինումի հարցը: Կար անշուշտ գիտակցութիւնը, թէ առանց արտաքին օժանդակութեան` անազատ ժողովուրդները չեն կարող պայքարի միջոցներ ստեղծել: Պետութիւններից ո՛չ մէկն էր զէնք տալիս հայերին: Մնում էր զանազան վայրերում հիմնել փոքրիկ զինագործարաններ, որոնք պիտի աշխատէին գաղտնի, մերկացուելու, բռնուելու տեւական վտանգի տակ: Երկրորդ միջոցն էր` արտասահմանում պատահական գնումներ կատարել եւ զինակիր խմբերի միջոցով տեղափոխել երկիր: Այդ խմբերն յաճախ կռուի էին բռնւում երկուստեք շատ խիստ կերպով հսկուած ռուս-տաճկական սահմանագլխին եւ ընկնում երկու կրակի միջեւ: Այդպիսի դէպքերում նրանք զարկում էին միայն տաճիկներին եւ թիկունքից հնձւում ռուսական դաւադիր գնդակներից: Երկրում պահանջ կար նուազագոյնը 100.000 հրացանի, բայց մեծամեծ կորուստներով հազիւ հնարաւոր եղաւ 2-3 հազարի հայթայթում: Այդ պայմաններում հայ յեղափոխականներին մնում էր կռուին տալ մասնական (պարտիզանական) ձեւ, ինչպէս նաեւ զարգացնել ահաբեկչական գործունէութիւնը: Շուտով հայ յեղափոխութիւնը վերածուեց ահաբեկչական հսկայ մի կազմակերպութեան - ամէնից ծաւալունը, սարսափելին եւ հետեւողականը այդ օրերի աշխարհում: Առաջին փորձը գործադրուեց քիւրդ այն ցեղախմբերի դէմ, որոնք միացած տաճիկ զօրքերին` դարանակալել եւ ոչնչացրել էին 1896-ին Վանից հեռացած հայերին: 300 հոգուց բաղկացած յեղափոխական մի խումբ Պարսկաստանից թափանցեց տաճկաց սահմանից ներս եւ 1897թ. յուլիս 25-ին ոչնչացրեց քրդական «մազրիկ» ցեղը: Քիւրդերի մէջ ծայր տուեց բեկում, յուսալքում եւ տատանում Սուլթանի հակահայ քաղաքականութեան նկատմամբ: Քիւրդ որոշ ցեղապետեր սկսեցին փնտռել հայ յեղափոխականների բարեկամութիւնը: Նրանք ո՛չ միայն սարսափել էին հայ յեղափոխականների քաջութիւնից, այլեւ` զարմացել նրանց մեծահոգութեան վրայ: Հայերը ջարդել էին միայն «աշիրէթ»-ի զինուած տարրը եւ խնայել կանանց, երեխաներին - մահմեդականների համար անհասկանալի, բայց եւ սքանչացումի արժանի վարմունք: Զարհուրանքը շուտով պիտի լրացնէր Ալաշկերտի Խաստուր գիւղի դէպքը: Այստեղ 80 հոգիանոց յեղափոխական մի խումբ անարգ փախուստի էր մատնում ռազմադաշտում 500 սպանուածներ թողած թուրք զօրքը եւ քրդական ցեղախմբերը: Բայց դիւցազնական կռիւները տեղի էին ունենում Տարօնում, ուր Սերոբը, Անդրանիկը, Գէորգ Չաւուշը առասպելական հերոսների տեղ էին գրաւում քրիստոնեայ եւ մահմեդական ժողովուրդների երեւակայութեան մէջ: Այստեղ ստեղծւում էր մասնական կռուի առանձին մի դպրոց, երեւան էր գալիս հերոսների անսպառ մի սերունդ, որ զարգացնում էր յարձակողական թէ պաշտպանողական միշտ այլազան ձեւեր, մեթոդներ` բոլորն էլ սարսափ եւ շուարում պատճառող: Դրանցից մէկն էր, օրինա՛կ, Առաքելոց վանքում կամաւոր պաշարումի ենթարկուելը` հոյակապ մի յղացումը Տարօնի խռովքոտ զաւակներից Կոտոյեան Հաջի Յակոբի: Մօտ 60 ընտիր հերոսներ, 1901-ի խեղդ աշնան, մտան Առաքելոց վանք եւ ամրացան հայ մշակոյթի առաքեալների յիշատակին նուիրուած հինաւուրց այդ մենաստանում: Թուրք զօրքը պաշարեց նրանց, բայց ծանր կորուստներ կրելով` քաշուեց հեռուները եւ կազմեց պաշարման գօտի: Թուրքերն ենթադրում էին, որ հայ յեղափոխականները բաւարար չափով պաշար չունեն եւ պիտի հարկադրուեն անձնատուր լինել: Բայց անցնում էին օրերը եւ հայկական փոքրիկ բերդն ընկրկումի նշաններ ցոյց չէր տալիս: Պաշարող զօրքն օրական 20-30 զոհ էր տալիս ձիւնին եւ ցրտին: Ծայր տուեց ե՛ւ տիֆի ահաւոր համաճարակը: Ծանր դրութիւնը կրկին մղեց Սուլթանին` դիմել բանակցութիւնների: Կրկնւում էր Օսմանեան դրամատան պատմութիւնը, այն տարբերութեամբ միայն, որ Սուլթանն այս անգամ դիմում էր ուղղակի Կ. Պոլսի հայոց պատրիարքի միջամտութեան: Թուրք կառավարութեան լիազօրները Մշոյ հայոց Առաջնորդի հետ` վանք գնացին: Նրանք առաջարկեցին անձնատուր լինել, որովհետեւ Սուլթանը խոստացել է ներում տալ հայ յեղափոխականներին եւ իրագործել նրանց պահանջները: Յեղափոխականների պետ Անդրանիկն ասում է, որ իրանք դուրս կը գան վանքից, երբ գործադրուեն «մայիսեան ծրագրի» բարենորոգումները, որ իրանք ներումի կարիք չունեն, որովհետեւ «այն օրից, որ հրացան ենք վերցրել` որոշել ենք մեռնել»: Յեղափոխականները գիտէին, որ արդիւնք չեն տալու բանակցութիւնները: Միւս կողմից, նրանք յաջող կերպով լուծել էին տրուած ռազմական խնդիրը` թուրք զօրքն ուժասպառուած էր եւ բարոյալքուած. համաճարակը ռազմադաշտից թափանցել էր Մշոյ զօրանոցները եւ անխնայ հնձում էր: Նոյեմբեր 21-ի գիշերը խումբը հեռանում է վանքից: Թշնամին նկատում է, բայց նախընտրում է մեռեալ ձեւանալ: «Հրաշք»-ի կատարումից յետոյ միայն նա բարձրացնում է զարմանքի աղաղակներ. «Փախա՜ն, փախա՜ն»…
    Համատարած ահաբեկումը թուրք վարչութեան գազանաբարոյ ներկայացուցիչների դէմ եւ զարմանք ու սարսափ պատճառող յեղափոխական խմբերի տեւական կռիւները խարխլում էին Սուլթանի պետութեան մեքենան: Յոռետեսութեան հետ` դեժգոհութիւն էր ծաւալւում նաեւ թուրք ժողովրդի մէջ: Քրիստոնեաների շարժումն սպառնալից էր դառնում նաեւ Օսմանեան կայսրութեան եւրոպական մասում: Կրետէն արդէն միացուել էր Յունաստանին, իսկ Մակեդոնիայում խորանում էր ազատագրական կռիւը: Հայեւմակեդոնական յեղափոխականները կնքել էին եղբայրական ուխտ եւ միասին գործում էին ընդհանուր թշնամու դէմ: Սուլթանի առաջ դրւում էր երկընտրանք` կա՛մ տեղի տալ, կա՛մ ոչնչացնել հայ յեղափոխութեան գլխաւոր կենտրոնները, մասնաւորապէս` Տարօն-Սասունը: Դեռեւս Օսմ. դրամատան դէպքից յետոյ Սուլթանը փորձել էր հասկացողութեան գալ հայ յեղափոխականների հետ: Նա իր արտաքին գործոց նախարարի օգնական, հայազգի Արթին փաշա Տատեանի միջոցով բանակցութիւններ էր սկսել Հ. Յ. Դաշնակցութեան Կենտրոնի հետ, Ժընեւում: Սուլթանն սկզբունքով ընդունում էր բարենորոգումները, բայց ո՛չ թէ Եւրոպայի, այլ հենց հայ յեղափոխական կազմակերպութեան վերահսկողութեան ներքոյ: Հայերը պահանջում էին եւրոպական երաշխաւորութիւն եւ որպէս նախապայման` առաջարկում.
    ա) «Թուրքիայից դուրս ելած բոլոր հայ գաղթականների վերադարձը` հայրենիք:
    բ) æարդերի եւ գաղթականութեան միջոցին թուրքերի եւ քիւրդերի կողմից իւրացուած հողերի եւ անշարժ կայքերի վերադարձը օրինական տէրերին: 
    գ) Քաղաքական յանցանքով բանտարկուած բոլոր հայերի ազատ արձակում»:
    Այս բանակցութիւնները խզուել էին 1899-ին, երբ Սուլթանի քրիստոնեայ գործակիցները նրան վստահեցրել էին, թէ Լահէյում գումարուելիք խաղաղութեան յանձաժողովը չի զբաղուելու պետութիւնների ներքին խնդիրներով: 
    Այդ գործակիցները վստահութեան հետ այժմ Սուլթանին ընծայում էին «դրական» օժանդակութիւն: Կովկասի փոխարքայ իշխան Գոլիցինի եւ Ռուսաստանի պետական կեանքի այդ օրերի վարիչ Պլէվէի սադրանքներով, Նիկոլայ Բ.-ն ստորագրում էր յունիս 12-ի (1903թ.) հրովարտակը, որով յարքունիս էին գրաւուելու հայ եկեղեցական կալուածները, խափանուելու էին հայկական դպրոցները: Գործակցելով Աբդիւլ Համիդի հետ` ցարի կառավարութիւնը հարիւր հազարներով զոհեր էր պատճառել հայութեան եւ այժմ սպառնում էր նրան սպանել նաեւ բարոյապէս, մշակութապէս: Յորդել էր արդէն հայերի դառնութեան բաժակը, եւ ահա՛ ռուսաց Հայաստանի թէ Կովկասի բոլոր կողմերից բարձրացաւ ցասումի ալիքը: Սրտայոյզ ձայներ էին հասնում Էջմիածին. ամբողջ ազգը միասիրտ կանչում էր իր Աստուածը, դիմում էր իր հռչակաւոր հովուապետին` այդ օրերին արդեն 84-ամեայ վաստակեալ ծերունի, բայց հմայքով միշտ վեհափառ Խրիմեանին. «Հայրի՛կ, Հայրի՛կ, փրկի՛ր մեր Սուրբ Եկեղեցին, փրկի՛ր մեր ազգը, օրհնի՛ր սրբազան մեր պայքարը, առաջնորդի՛ր մեզ»: 
    Երբ ցարի բարձր պաշտօնատարները ներկայացան Էջմիածնի Վեհարանը` «խոնարհաբար խնդրելու», որ հայոց Հայրապետը ընթացք տայ կայսերական «օրէնք»-ին` Խրիմեանը պատասխանեց. «Երբ Էջմիածին մտայ իբրեւ Ամենայն Հայոց Կաթուղիկոս` երդուեցի Աստծո առջեւ, հաւատարիմ մնալ Ս. Եկեղեցւոյս եւ ազգիս… ուստի` համաձայն չեմ եւ երբե՛ք չեմ ընդունի այդ օրէնքը»: Օգոստոս 3-ին Պլէվէն սպառնական հեռագիր է ուղղում «Նորին Սրբութիւն Հայոց Կաթողիկոս»-ին. «Ամէն մի յետաձգում, իբրեւ անհնազանդութիւն կայսերական կամքին, առաջ պիտի բերէ ծանր հետեւանքներ»: Ռուս կառավարութիւնն սպառնում էր կոտորել կայսրութեան ամենահաւատարիմ ժողովուրդը, զինու զօրութեամբ խորտակել աշխարհի հնագոյն քրիստոնեայ Եկեղեցին: Դաւաճանական, հակաքրիստոնէական այդ ելոյթի դէմ` ապերախտուած եւ դաւադրուած հայ ժողովուրդը տրամաբանում էր. «…զօրք ու թնդանօթներ չունենք մենք… բայց մեր զէնքն արդարութիւնն է, մէկը բարձր այն ոյժերից, որ կարողացել է մեծամեծ պետութիւններ ջախջախել»: 
    Օգոստոս 21-ին հայոց Կաթողիկոսն հրահանգում էր հայ եկեղեցական համայնքներին, վանահայրերին` «չմասնակցել յանձնողական որեւէ գործողութեան»: Աստուծոյ տաճարները կողոպտող, «աւազակ» կառավարութիւնը (ինչպէս հայ աշուղներն էին որակում իրանց երգերում) ոտքի հանեց կոզակների զօրախմբեր, որոնք յաճախ հրեայ, մահմեդական պաշտօնատարների ղեկավարութեամբ, ջարդում էին եկեղեցիների դռները, սրբազան անօթների պահարանները, մատենադարանները:
    Այս անարգանքը չէր կարող մարսել կրօնապէս պատուախնդիր ժողովուրդը, եւ ահա՛ Կովկասի մի ծայրից միւսը բարձրացաւ ցասումի փոթորիկը. «Ցոյց տանք ուխտադրուժ բռնապետութեան, որ նա չի կարող տեւողաբար եւ անպատիժ կերպով խաղալ մի ազգի ճակատագրի հետ»:
    Արիւնահեղ առաջին ընդհարումը հայ ժողովրդի եւ ռուս զօրքի միջեւ` տեղի ունեցաւ Վաղարշապատի մօտերը, երբ ռուսական մի վաշտ կտրեց Երեւանից դէպի Էջմիածին շարժուող հայկական մի թափօրի առաջը եւ կրակ բացեց: Հայերը` տղամարդիկ, կանայք, աղջիկներ, պատանիներ, քարերով խուժեցին զօրքի վրայ: Թիկունքից նրանց միացաւ Վաղարշապատի ժողովուրդը եւ զօրքը հարկադրուեց քաշուել: Երեկոյեան, ազգային ուխտի սրտաշարժ ցոյցեր եղան էջմիածնի տաճարի եւ Վեհարանի առաջ: Նոյնանման, բայց աւելի արիւնոտ դէպք պատահեց Իգդիրի շրջանում, ուր հայ ցուցարարները փայտերով եւ քարերով կռիւ էին մղում ռուսական մոսին հրացանների եւ սրերի դէմ: Կռիւներ բոլոր գաւառներում, անգամ Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսում, ուր եկեղեցական արարողութեան ժամանակ ռուս զօրքը յարձակում գործեց հայոց գլխաւոր տաճարի վրայ: Ամէնից արիւնոտ կռիւները մղուեցին Գանձակում եւ Բագւում: Գանձակում յարձակումն անձամբ վարում էր քրիստոնէութիւն ընդունած հրեայ զօրավար Անդրէեւը, որ օրեր յետոյ դիակնացած գետին պիտի փռուէր հայ ահաբեկիչների գնդակից: Բագւում կրօնական արարողութիւնից յետոյ եկեղեցիում դիրք բռնեցին 300 զինուած հայ երիտասարդներ, որոնք զանգերի յարատեւ ղօղանջի տակ սկսեցին կռիւը: Սրտաճմլիկ տեսարան: Ռուսական գրոհներն անընդհատ ետ էին մղւում: Երկուստեք տրւում էին զոհեր: Գիշերը ռուսներն ետ քաշեցին զօրքը եւ բանակցութիւններ սկսեցին հայ մեծամեծների հետ: Գնդակների որոտը դադարեց, շարունակւում էր միայն զանգերի լալահառաչ, թախծոտ ղօղանջը: Եկեղեցու գաւիթում դրուած էին 11 նահատակներ եւ նրանց շուրջը տնքում էին 65 ծանր վիրաւորներ:
    Արեան հեղումն սկսել էր եւ այլեւս կարելի չէր կասեցնել 200 տարի շարունակ քրիստոնէաբար խաբուած ժողովրդի ցասումը: Հայ յեղափոխական կազմակերպութիւնը գործի էր դնում ահաբեկչական սարսափելի մեքենան: Կովկասի այլեւայլ կենտրոններում իրար ետեւից թաւալգլոր ընկնում էին բազմաթիւ նահանգապետներ, զօրավարներ, ոստիկանական պաշտօնեաներ. կատարեալ մի կոտորած: Զերծ չմնաց նոյնինքն փոխարքան` իշխան Գոլիցինը, թէպէտեւ միայն դաշոյնի ծանր հարուածներ ստանալով: Սարսափած` հայ ահաբեկիչների ուրւականից եւ միաժամանակ ծանօթ նրանց բարոյականին, այս բռնաւորը, իր պալատից դուրս գալիս, բաւական չէր համարում իր կառքը շրջապատել թիկնապահ կոզակների ջոկատով, այլ որպէս ինքնապաշտպանութեան միջոց` կողքին բազմեցնում էր իր կինը: Հայ յեղափոխականների աւանդութիւնն արգելում է կանանց, երեխաների վրայ զէնք վերցնել: Նման դէպքերում օրէնք չէ ռումբ, հրազէն գործածելը: Եւ ահաբեկիչները կեանքը, գործի նպատակը ստորադասելով սկզբունքին` ցատկում են իշխանի սուրացող կառքի վրայ, փորձելով դաշունահարել նրան: Բայց հազիւ դաշոյնի երեք հարուածներ հասցրած, նրանք գնդակահարւում են կոզակների ջոկատից: Ահաբեկչական հարիւրաւոր փորձերից այս դէպքը միայն արդիւնքով անյաջող եղաւ եւ ելքով` ողբերգական գործադրողների համար: Բայց եւ այնպէս, խաւարեց նաեւ Գոլիցինի աստղը: Վէրքերը մահացուցիչ չէին. մահացուցիչ եղաւ կրած սարսափը: Կովկասի բռնաւորը կիսախելագար վիճակում փախաւ Ռուսաստան եւ մեռաւ: 
    Քաջալերուած ռուսեւհայ արիւնոտ այս բաղխումներից եւ համոզուած, որ թուրքաց Հայաստանի յեղափոխականներն այլեւս չեն կարող Կովկասից օգնութիւն ստանալ, երկար նախապատրաստութիւններից յետոյ թուրք կառավարութիւնը 1904թ. գարնան, 15.000 կանոնաւոր զինուորներով, մօտ 40.000 քիւրդերից եւ թուրքերից բաղկացած անկանոն զօրախմբերով եւ տասնեակ թնդանօթներով պաշարեց Սասունը: 
    Հայերն ունէին միայն մի քանի հարիւր հրացան եւ սակաւաքանակ ռազմամթերք: Նրանց ոյժն իրանց ծայրագոյն յուսահատութեան եւ հռչակուած հերոսների հմայքի եւ քաջութեան մէջ էր: Կռիւն սկսուեց մարտ 30-ին, իրարից հեռու ընկած հինգ ճակատների վրայ: Մինչեւ ապրիլ 13-ը, թշնամին կրեց ջախջախիչ պարտութիւններ: Բայց այդ օրը ճակատագրական եղաւ նաեւ հայ յեղափոխականների համար. մի հակայարձակումի ժամանակ զոհուեցին կռուի մտաւորական վարիչներից մարգարէատիպ Հրայրը եւ ուրիշ քաջեր: Ապրիլ 14-ին թշնամին ստացաւ օգնական նոր ոյժեր, բայց այդ օրն էլ հայերն իրանց ռազմամթերքն սպառելու գնով` կարողացան ջախջախիչ հարուածներով ցրել եւ փախուստի մատնել թշնամին: Յաջորդ օրուանից ռազմամթերքի ծանր տագնապը հարկադրեց հրամանատար Անդրանիկին` սեղմել դիմադրութեան ճակատը: Մինչեւ ապրիլ 20-ը հայերն այրեցին իրանց գիւղերը եւ կենտրոնացան Գելիէգուզան: Հայկական դիրքերը շարունակում էին մնալ անպարտելի, բայց թշնամու մարտկոցը հեռուից ռումբեր էր տեղում գիւղի վրայ, ուր տեղաւորուած էին 20.000 կիներ, երեխաներ: իշերը որոշում տրուեց ժողովուրդը փոխադրել Մշոյ դաշտ եւ Սասունի անառիկ կէտերը: Կռիւը տեղափոխուեց դաշտ ու շարունակուեց Սասունի այլ եւ այլ կիրճերում, բարձունքներում: 
    Թուրքերը չկարողացան կոտորածներ սարքել Հայաստանի մնացեալ մասերում: Նրանք հարկադրուած էին իրանց ոյժերը զբաղեցնել պաշարողական դրութեամբ եւ դիմադրել Կովկասի, Պարսկաստանի սահմաններից անընդհատ խուժող յեղափոխական խմբերին: Այս խմբերից շատերը սահմանագլխին ընկան ռուս եւ թուրք կրակի միջեւ: Օլթիի մօտ պատահեց զազրելի դէպք. ռուս եւ թուրք զօրքն օղակի մէջ առաւ յեղափոխականների խումբը: Հայերը չկրակեցին ռուսների դէմ, եւ խմբի ծերունի քահանան խաչով ու խաղաղութեան դրօշով դիմեց նրանց: Բայց գնդապետ Բըկովը հրամայեց անխնայ կոտորել: Հակառակ դրան, հայերը շարունակեցին զարկել միայն տաճիկներին եւ հնձուեցին ռուսական գնդակներով: Ոչնչացումից յետոյ 14 հոգի անձնատուր եղան ռուսներին: Բայց սարքուեց գազանական մի խրախճանք. թուրք զինուորների աչքի առջեւ ռուսները մորթեցին այդ գերիներին` իբրեւ հատուցում իրանց զինակցի տուած զոհերի: Մի քանի օր յետոյ, Օլթիի փողոցներում, Բըկովը փչեց իր շունչը հայ ահաբեկիչի գնդակից: Ուրիշ տեղերում, ուր խմբերը յաջողեցին խորանալ թուրքական սահմանից ներս, տեղի ունեցան դիւցազնական կռիւներ: Մոսունում, գիշերային մի յարձակումով, յեղափոխականները ռումբերով ոչնչացրին թուրքական զօրանոցը եւ ամբողջ զօրքը: Թշնամու համար նոյնքան աւերիչ եղաւ Զօրի յարձակումը: Բասենում, Ալաշկերտում, Արճէշում եւ այլուր ոչնչացան մի քանի հայկական խմբեր, բայց տասնապատիկ, քսանապատիկ զոհեր խլելով թշնամու բանակից:
    Տարօն–Սասունում պանծալի հերոս էորգը (թուրքերից Չաւուշ անուանուած) շարունակում էր շանթահարող իր հարուածները: Անհաւասար կռիւը հիացրել էր աշխարհը: Ցնցումը մեծ եղաւ մանաւանդ, երբ Կ. Պոլսում Սուլթանի պալատական մզկիթի առջեւ, «Սելամլըք»-ի արարողութեան ժամանակ, պայթեց հայ յեղափոխականների դժոխային մեքենան: Դիպուածով Սուլթանը զերծ մնաց մահից, բայց զարհուրեց շուրջը տարածուած մեռելաստանից: Խորտակուած էր այլեւս արիւնարբու բռնաւորի կորովը: Յոգնել ու յուսալքուել էր ե՛ւ նրա զօրքը Հայաստանում:
    Պատուհասել էր նաեւ Ռուսաստանը: Հեռաւոր Արեւելքում ճաբոնացիները չարաչար պարտութեան էին մատնել նրա զօրքը եւ խորտակել նաւատորմիղը: Ռուսաստանում ծայր էր տուել յեղափոխութիւն, որ այդ երկրում մի՛շտ էլ բորբոքւում է ո՛չ թէ իրերի պատմական զարգացման, այլ` պարտութեան, պարտուողականութեան հետեւանքով: Առասպելներ հիւսող ժողովրդի հետ` սնոտիապաշտ ցարն էլ թերեւս հաւատում էր, որ այդ աղէտները ծագեցին, որովհետեւ սրբի հռչակ հանած հայոց Կաթողիկոսը նզովել էր նրան: Չեղեալ հռչակուեց յունիս 12-ի կայսերական «անդարձ» որոշումը, մանաւանդ որ դրա հեղինակ Պլէվէն էլ ընկել էր ռուս յեղափոխականների գնդակից: Բայց եւ այնպէս, վերականգնելով Հայ Եկեղեցու իրաւունքները` ցարի կառավարութիւնը նոր աղէտ էր պայթեցնում հայ ժողովրդի գլխին: Համիսլամականութեան անունով, նա զինեց, գրգռեց Կովկասի մահմեդական բնակչութիւնը եւ ասիական յետադէմ այդ ոյժը հանեց հայերի դէմ: Ամբողջ մէկեւկէս տարի (1905/1906) Կովկաս վերածուեց դժոխքի: Կռիւն սկսուեց Բագուից եւ տարածուեց երկրի բոլոր կողմերը: Այրուեցին քաղաքներ, հիմնայատակ կործանուեցին գիւղերը, հրդեհուեցին անգամ Բագուի նաւթահանքերը: Միլիոնների (միայն Բագւում 25 միլիոն ռուբլի) նիւթական կորուստ կրեց հայութիւնը: Եղան անխնայ ջարդեր: Ցնցուեց Եւրոպան: «Թայմզ»-ը մեղադրում էր ռուս կառավարութեան, որ նա հրահրել է թուրքեւթաթարների կողոպտիչ բնազդները` քաղաքակրթութեան դրօշակիր հայերի դէմ: Զինակից Ֆրանսիայի մամուլն արտայայտում էր իր դժգոհութիւնը: «Թան»-ը (15 սեպտ. 1905) գրում էր. «Հայերն աւելի կրթուած եւ աւելի աշխատասէր, քան Կովկասի միւս ժողովուրդները` ներկայացնում են իմացականութիւնը, իսկ թուրք ժողովուրդն ունի պահպանողական… մտայնութիւն»: «Մատէն»-ը շեշտում էր, որ «Մի անդունդ է բաժանում երկու ցեղերին… ներհակ բնազդներ. մէկը քաղաքակրթութեան մի իդէալ է հետապնդում, միւսը` յետ մղում… Թաթարները յանձնառու են լինում պատժել ազատամիտ մի ժողովուրդ, որ իր իդէալով իսկ ահարկու մի ոյժ է բռնապետական կառավարութեան (ցարի) դէմ»: Ուսումնասիրական արժէքաւոր մի գործ* էր հրատարակում Լուիջի Վիլարին, եզրակացնելով, որ հայեւթուրք ընդհարումները «մի մասն են այն կռուի, որ ժամանակակից քաղաքակրթութիւնը մղում է ասիական բարբարոսութեան դէմ»: Նոյն կարծիքն ու վերաբերումն ո՛չ միայն ամբողջ Եւրոպայում, այլեւ ռուսական ազատական հոսանքների շրջանակում: Բացառութիւն էր կազմում առաւելապէս հրեաներից եւ վրացիներից առաջնորդուած ռուսական «սոցիալ դեմոկրատ» կազմակերպութիւնը: Պլեխանովի թեւն անհանգստանում էր, որ «Հ. Յ. Դաշնակցութիւնը ցանցով պատել է ողջ Անդրկովկասը», իսկ Լենինի թերթը փորձում էր դէպքերը բացատրել մոնղոլաբանական իր տրամասութեամբ. «Հայկական դրամատիրութեան եւ թուրք պրոլետարիատի պայքար»: 
    Այլասերումն առաջ է բերում խղճմտանքի ծռութիւն, իսկ վերջինը` տիրապետող է դարձնում անտրամաբանականը: Ռուսները զինուոր չէին վերցնում մահմեդականներից եւ այժմ զինում էին տունը նստած թաթարներին` սրանց ձեռքով կոտորելու Հեռաւոր Արեւելքում, Ճաբոնիայի դէմ կռուի տարուած իրանց հայ զինուորների ընտանիքները: Ցարական իշխանութիւնը գլխաւոր իր առաքինութիւնը թէ առաքելութիւնը համարում էր քրիստոնէութեան դատի, սրբութիւնների պաշտպանութիւնը եւ մահմեդականների միջոցով կողոպտել, սրբապղծել տալիս հայ եկեղեցիները: Ռուս մարքսականները պճնազարդւում էին «մարդկային առաջադիմութեան դրօշակիր» մակդիրով, բայց յղացումով, մեթոդով թէ նպատակով ասիական` քաջալերում էին համիսլամականութեան անունով «ջիհատ» հռչակած թուրքեւթաթարներին, մահմեդական յետադէմ կալուածատէրերին, պղծեռանդ եւ խաւարամիտ մոլլաներին: 
    Բայց ճակատագիրն էլ իր տրամաբանութիւնն ունի. այդ մոլորանքներն ախտանշաններ էին, որ Ռուսաստանում քանդուած է բարոյականը, որ ցարականութիւնը դատապարտուած է ոչնչացումի, քրիստոնէութիւնը` սնանկութեան, իսկ մարքսականութիւնը կոչուած է միայն ընկերային պատրանքներ յղանալու եւ քաղաքական ոճիրներ վիժելու: Այդ բոլորից յետոյ թաթարները պիտի չդժուարանային ցարի իշխանութեան հմայքի, շահերի անունով` վրէժ լուծել հայերից այն բանի համար, որ նրանք են ռուսական դրօշը Կովկաս բերել եւ դեռ շարունակում են կռիւը մահմեդական մեծագոյն պետութեան` Թուրքիայի դէմ: Բագւում, անձակում, Նախիջեւանում եւ ամէնուր, թաթար խուժանները կրում էին «Ե՛տ Ալլահ, ե՛տ Մուհամմեդ, ե՛տ Ալի, մա՛հ իսլամի, Խալիֆ-Սուլթանի թշնամի հայերին» եւ նման մակագրութիւններով դրօշներ: անձակի կայարանում ռուս սպաները ծափահարում էին այս նշանախօսքերի հեղինակներից` թաթար գործիչ Ալաքբար Խասմամեդովի ճառը. «Պարոնայք սպանե՛ր, բացատրեցէ՛ք ձեր զինուորներին, որ մենք` թուրքերս, բազմաթիւ զոհեր տալով, կռւում ենք ցարի թշնամիների` հայերի դէմ»…
    Այդ կռիւն էլ վերջացաւ թուրքեւթաթարների չարաչար պարտութեամբ: Անակնկալի եկած, հայերն սկզբում ունեցան կորուստներ: Բայց նրանք շատ շուտ կազմակերպեցին եւ կենտրոնացրին հակահարուածիչ իրանց ոյժերը: Անգամ Սասունից եւ թուրքաց Հայաստանի ուրիշ մասերից Կովկաս հասան մի շարք հռչակուած հերոսներ: 
    Բագւում, ուր այդ օրերին թուրքերն իրանց թուով հայերի գրեթէ կրկնապատիկն էին, յարձակումն սկսուեց փետրուար 5-ի (1905թ.) երեկոյեան: Նրանք կրակի տուեցին իրանց թաղերում գտնուած հայերի տները. մոխրացան տասնեակ ընտանիքներ, հրդեհից փախչող կիներն ու երեխաները մորթոտուեցին փողոցներում: Ամբողջ 40 ժամ հայերը խաղաղութեան կոչեր էին ուղղում մահմեդականներին եւ միջամտութեան խնդրանքով դիմումներ անում իշխանութեան: Բայց կողոպուտը, հրդեհումները, ոճիրները շարունակւում էին անարգել: Բագուի գեներալ-նահանգապետ Նակաշիձէն (ազգով` վրացի) կոզակների զօրախմբերով շրջագայում էր հայկական թաղամասերում եւ յայտարարում, որ անզօր է, բաւականաչափ զօրք չունի դէպքերի առաջն առնելու: Հայերը զէնք խնդրեցին պաշտպանուելու համար. մերժեց: Երբ նրանք կարողացան իրանց հատուկենտ զէնքերով մի քանի խմբեր կազմել եւ օգնութեան գնալ թուրք թաղերում այրուող իրանց ազգակիցներին` կոզակներն հրաման ստացան հետապնդել նրանց եւ զինաթափել: Առեղծուածը լուծուած էր: Բագուի նախկին քաղաքագլուխ եւ հասարակական գործիչ, ռուս Նովիկովը «բաց նամակ» էր ուղղում նահանգապետ Նակաշիձէին. «Ողջ Ռուսաստանը, ողջ աշխարհը սասանուեց, իմանալով… Բագւում կատարուած սարսափները… Ես ճանաչում եմ հեղինակը եւ սրբազան պարտք եմ համարում յիշել նրա անունը: Կոտորածի հեղինակը դուք էք: Կայէնից էլ վատ էք, Կայէնը միայն մի եղբայր սպաննեց, դուք ձեր ձեռքերը թաթախեցիք հարիւրաւոր անմեղ եղբայրների արեան մէջ: Յուդայից էլ վատ էք դուք, որովհետեւ զարհուրելի գործը նիւթելուց յետոյ, նա զղջաց եւ խեղդամահ եղաւ, մինչդեռ դուք հնարաւոր էք համարում դեռ ապրել… Դուք անարգեցիք Ռուսաստանը… Թո՛ղ ձեր անունը յաւիտեանս արհամարհուած լինի»: Ո՞ր Ռուսաստանը, բարեհոգի՛ Նովիկով, ա՞յն, որ այլեւս իսլամի, ասիական բարբարոսութեան զինակիցն է եւ որի հազարաւոր չարանենգ գործիքներից մէկն է միայն Նակաշիձէն:
Կոտորածը, հրդեհումը, կողոպուտը Բագւում շարունակուեցին մինչեւ փետրուար 9-ը, երբ հայերը, ղեկավարութեամբ քաջահմուտ ռազմագէտ Նիկոլ Դումանի, շշմեցուցիչ հարուածներով ջախջախեցին թաթար հորդաները եւ հարկադրեցին նրանց «հաշտութիւն» խնդրել: Պարտուած թշնամու զարհուրանքն աւելի մեծ եղաւ, երբ հայ ահաբեկիչների գնդակներից եւ ռումբերից Բագուի փողոցներում իրար ետեւից դիաթաւալ ընկան Նակաշիձէն եւ իր բազմաթիւ հրեայ, վրացի, թաթար, ռուս պաշտօնատարները:
    Կռիւը վարակիչ կերպով տարածուեց ամբողջ Կովկասում: Նախիջեւանում գործուեցին սանձարձակ գազանութիւններ–հրդեհումի, կողոպուտի, ջարդի, պղծումի մոնղոլակերպ նախճիրներ: Ռուս իշխանութեան եւ զօրքի աչքերի առջեւ սրբապղծուեցին հայ եկեղեցիներ, բռնաբարուեցին, մորթոտուեցին հայ կանայք եւ երեխաներ, եղան անգամ բռնի իսլամացման փորձեր: Ցարական կառավարութիւնը «խաղաղարար»-ի հանգամանքով Նախիջեւան էր ուղարկել ռուսական զօրավարի աստիճան եւ պաշտօն ստացած մի թաթար` զօր. Ալիխանովը, որի կոզակ ջոկատները, սակայն, չկարողացան կասեցնել հայ յեղափոխական ոյժերի խորտակիչ հակահարուածը: Այստեղ էլ թաթարները, հարիւրաւոր դիակներ թողնելուց յետոյ` ցրիւ եկան, դիմելով փախուստի եւ «հաշտութեան» խնդրանքի: Ինքը` զօր. Ալիխանովը, որ բարբարոսութիւններ էր գործել նաեւ վրացական գիւղերում, ստացաւ մահուան իր պատիժը` հայ ահաբեկիչներից:
    Օգոստոսին, Բագւում վերսկսուեց կռիւը` աւելի ծաւալուն աւերածութիւններով: Բայց այս անգամ վերջնական եղաւ այդ շրջանի թաթարութեան ջախջախումը: 
    Կարճ տեւեցին կռիւները Թիֆլիսում, ուր Բորչալուից խուժած թաթար հրոսակները 500 սպանեալներ տալուց յետոյ` բարձրացրին «հաշտութեան» սպիտակ դրօշը:
    Երեւան քաղաքում եւ նահանգում հայերն արագ եւ վճռական հարուածներով հնազանդութեան մղեցին թաթարներին: 
    Ամէնից երկարատեւ, արիւնահեղ, բայց եւ թաթարների համար ճակատագրօրէն աղիտաւոր եղան Արցախի եւ Սիւնիքի կռիւները: Այստեղ թաթարները կռուեցին յամառօրէն` տալով հազարաւոր զոհեր: Հիմնայատակ կործանուեցին մի շարք աւաններ եւ գիւղեր: Շուշի եւ անձակ քաղաքներում կռիւներն ստացան ճակատային պատերազմի բնոյթ: Շուշիում հայերը պատրաստեցին եւ գործածութեան դրին նաեւ թնդանօթ: անձակում, ի վնաս հայերի, գործում էր նաեւ ռուսական «հաշտարար» մարտկոցը: Բայց հայերն անգերազանցելի մնացին իրանց կազմակերպուածութեամբ, ինչպէս նաեւ ձեռնառումբերով եւ դժոխային մեքենաներով, որոնց պատրաստումին թէ գործածութեան անընդունակ եւ անծանօթ մնացին թաթարները: Շուշիում սրանք խորտակուեցին սպառիչ կերպով: Գանձակում ցրուեցին` փախուստի դիմելով: Թաթարների համար վերջնական եղաւ Ասկերանի կիրճի աղէտը: Այստեղ հայերը պաշարեցին եւ մինչեւ վերջին մարդն ոչնչացրին թշնամու լաւագոյն ոյժերը` Աղդամի շրջանի թուրք խաներից եւ բէկերից կազմուած հրոսախմբերը: 
    æախջախիչ կերպով պարտուած` թաթարները դիմեցին ռուս կառավարութեան միջնորդութեան: Կովկասի նոր փոխարքայ իշխան Վորոնցով-Դաշկովի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հայեւթուրք պատուիրակների համագումարը: Կայացաւ «հաշտութիւն»: Կովկասում հայերը տարել էին ռազմապէս փայլուն, բայց քաղաքականապէս անօգուտ մի յաղթանակ: Թուրքերը հեռանում էին համագումարից` սրտում պահելով պարտուածի ոխը: Նոյնանման զգացումներ էր սնուցում ե՛ւ ցարական իշխանութիւնը, որ կորցրել էր ո՛չ միայն հարիւրաւոր պաշտօնատարներ, այլեւ` հմայքը: Եւ այդ այն աստիճան, որ հայերը զլանում էին դատական իրանց խնդիրները լուծել պետական դատարաններում եւ դիմում էին յեղափոխական ատեաններին (բոլոր վայրերում, հայերը հիմնել էին ո՛չ միայն այսպիսի ատեաններ, այլեւ` բանտեր), իսկ հայ պահակները, անգամ Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսի փողոցներում, կանգնեցնում եւ խուզարկում էին ռուս սպաներին, որպէսզի սրանք չկարողանան գաղտնիաբար զէնքեր մատակարարել թաթարներին…
    Թուրքաց Հայաստանում շարունակւում էր կռիւը էորգի («Չաւուշ») յեղափոխական խմբերի եւ թուրք զօրքերի միջեւ: Համոզուած, որ այրուած են բոլոր կամուրջները ռուսների եւ հայերի միջեւ` Սուլթանը վերջին իր ճիգերն էր թափում արեան մէջ խեղդելու հայ յեղափոխութիւնը: 
    Հետագային կռուադաշտ պիտի դառնար ե՛ւ Պարսկաստանը, ուր հայ յեղափոխական խմբերը, գլխաւորութեամբ Եփրեմի, ղեկավար դեր ստանձնեցին պարսկական սահմանադրական շարժումների մէջ: Երկարատեւ այս կռիւները մղուեցին ո՛չ միայն երկրի խաւարամիտ ոյժերի դէմ, այլեւ` ռուս իշխանութեան, որ յենուած թաթարածին Ղաջարական արքայական տան եւ թուրքաթաթար յետադէմ տարրերի վրայ, ձգտում էր իր տիրապետութեան ենթարկել Պարսկաստանը: Յաղթեցին սահմանադրական ոյժերը: Հայ հռչակուած հերոսը դարձաւ Թեհրանի կառավարիչ: Բայց արդիւնաւոր չեղաւ ե՛ւ այս յաղթանակը. դաւադրօրէն սպանուեց Եփրեմը (մինչեւ այժմ էլ մութի մէջ են մնում մահափորձի հեղինակները) եւ ռուսական զօրքը մտաւ հիւսիսային Պարսկաստան: 

    ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐ ԵՒ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ 

    Տաճկաց թէ ռուսաց Հայաստանում տեղի ունեցած արիւնոտ այս դէպքերն ամենապարզ կերպով ապացուցում են, որ ռուսեւթուրք իշխանութիւնները վճռել էին ոչնչացնել հայ ժողովուրդը: Տաճիկների վարմունքը հասկանալի էր, ըստ ամենայնի: Հայերի համար ողբերգութիւն էր ստեղծել ռուսական քաղաքականութիւնը: Դա մոլորանքի քաղաքականութիւն էր: Ճակատագրի գրքում դա պէտք է մնայ ապերախտութեան եւ անիրաւութեան, միաժամանակ` սեփական քաղաքական շահերի վայրենի անգիտակցութեան ամենադասական փաստը: Տաճիկները փորձում էին ջնջել հայերին, որպէսզի վերանայ ռուսական առաջխաղացման սպառնալիքը: Նոյնն էին անում ռուսները, կարծելով որ դրանով աւելի՛ շուտ կը հասնեն իրանց նպատակին: Եւրոպական դիւանագիտութեան վատ աշակերտը` ռուս քաղաքական մտածումը տառացիօրէն էր հասկանում նրա խօսքերը: Ռուս ոգու գլխաւոր թերութիւնը հէնց նրանում է, որ դա քաոսային է, բայցեւ ելք գտնելու հարցում` անխտրողական: Երբ եւրոպացին դեռ տեսաբանում է` ռուսը նրա տեսութիւնն արդէն վերածել է կոպիտ գործի: Անգլիան, Գերմանիան Արեւելքում մղում էին իսլամը սիրաշահելու պրոպագանդ: Ռուսաստանը դրան հակադրեց իսլամասիրական քաղաքականութիւնը եւ գործօն կերպով զինակցեց թուրքերին` քրիստոնեաների դէմ: Դրանով հանդերձ, նա կատաղութեան պատրուակ համարեց այն փաստը, որ հայերը, 1898-ին, Կ. Պոլսում, դիմել էին գերման կայսեր: Այդ քայլը համարւում էր «դաւաճանութիւն» ռուսական քաղաքական հեռանկարների դէմ, ուստի ե՛ւ արդարացւում պատուհասիչ ամէն միջոց: 
    Օրհասական վիճակից հայերը փրկուեցին (թէպէտեւ ծանր կորուստներով) շնորհիւ երեք գործօնների: Դրանք էին. 
    1. Դիմադրութիւնը:
    2. Եւրոպական հասարակական կարծիքի ցասումը:
    3. Քաղաքական աշխարհի նոր դասաւորումները: 
    Դիմադրութիւնը, տուեալ պայմաններում, եղաւ աւելի՛ քան հերոսական: Կովկասում հայերի յաղթանակը բացայայտ էր: Թուրքաց Հայաստանի կռիւների մասին Պրեսանսէն ֆրանսիական պարլամենտում յայտարարում էր. «Արիւնոտ այդ ողջակէզները ջարդեր չեն միայն: Եղել են կռիւներ - ես բարձրաձայն գովում եմ հայերին - անհաւասար կռիւներ, քանի որ նրանք գրեթէ անզէն են»: Ո՛չ միայն անզէն, այլեւ` բարոյապէս մենակ էին նրանք` բարբարոսների ամբողջ մի աշխարհի դէմ: Այդ օրերին շատերն էին կրկնում իտալական ազգի մեծ հերոսի որդու` զօրավար Րիչիոտի արիբալդիի խօսքերը. «Զէնքով միայն կարելի է ստիպել եւրոպական դիւանագիտութեան, լսելու… թուրք բռնապետութեան տակ տառապող հայերի ձայնը: Այդ մտքով ես եւ իմ բարեկամները տրամադրութեան տակն ենք հայ անբախտ ազգի, որի հետ է ամբողջ մեր համակրանքը»: Բայց հենց այդ դիւանագիտութիւնն էր արգելք դառնում հերոսական թռիչքների, խաչակրաց նոր արշաւանքի: Անգամ Գարիբալդին, որի ասպետական սրտում հեռաւոր եղբայրների տառապանքի ձայնն այնքան խոր արձագանքներ էր գտնում, չէր կարողացել Հայաստան գնալ: 
    Մենակ եւ անզէն հայերի հերոսական այդ դիմադրութիւնը համակրանքի ալիքներ բարձրացրեց անգամ Ռուսաստանում: Ռուս ազատական մտաւորականութիւնը խոր ամօթանք էր ապրում, որ ցարի կառավարութիւնը, միացած ասիական բարբարոս ոյժերին, հալածում է քրիստոնէութեան եւ քաղաքակրթութեան դատի համար այնքա՛ն տառապած մի ժողովուրդ: Վիկտոր Չերնովի, Ստրուվէի արտասահմանեան թերթերը բուռն կերպով քննադատում էին քաղաքականապէս սխալ, բարոյապէս վարկաբեկիչ այդ գործերը եւ ներբողականներ հիւսում մարտնչող հայ ժողովրդի հասցէին: Հայկական հալածանքները խորացնում էին վրդովմունքը ռուսական կայսրութեան ազգային փոքրամասնութիւնների (ֆինլանդացիների, լեհացիների եւլն.) մէջ: Իրար էին մօտենում ճակատագրակից ժողովուրդներ, որոնց ազգային դատին քաջալեր էր հանդիսանում ռուս գաղափարական մտաւորականութիւնը: Ուռճանում էր բռնապետութեան ներքին թշնամիների բանակը: 
    Փարիզում, 1904-ին, ֆինն յեղափոխականների հրաւէրով եւ Միլիւկովի նախագահութեամբ կայացաւ Ռուսաստանի ընդդիմադիր հոսանքների գաղտնի համաժողովը, որին մասնակցեցին ազատական ռուսները, լեհերը, հայերը, ֆինները, վրացիք, եւն.: Համաժողովը, ի միջի այլոց, որոշեց. 
    ա) «Բռնապետութեան ոչնչացումը»:
    բ) «Ազգային ինքնորոշման իրաւունք… բոլոր ժողովուրդների համար»:
    Այս որոշումները մեծ խանդաղատանքով ընդունուեցին Եւրոպայի առաջադիմական հոսանքների կողմից: Ժորէսը խանդավառ` գործնական արդիւնքներ էր սպասում: Ֆրանսիայի հանրային կարծիքի առջեւ վարկաբեկուած էր զինակից ցարական Ռուսաստանը: Դէպքը ճակատագրական մի անկիւնադարձի հանգամանք ունէր մասնաւորապէս հայերի համար: Պատմութեան մէջ առաջին անգամն էր, որ նրանք մասնակցում էին հակակառավարական մի շարժման: Ցարական իշխանութիւնը կորցնում էր իր ամենաուխտեալ հպատակների վստահութիւնը: Ճակատագրօրէն դժբախտ մի դէպք` հայերի գոյութեան եւ ռուսների առաջաւորասիական տիրապետութեան երազի համար:
    Մեծ ցնցում առաջ բերեցին Սասունի դէպքերը: Դիւանագիտութիւնը վճռական քայլերի չդիմեց. նա բաւարարուեց մի քանի հիւպատոսներ Մուշ ուղարկելով: Հիւպատոսները (անգլիական, ֆրանսիական, ակամայից նաեւ` ռուսական) տաճիկներին հարկադրեցին Սասունի հայերի վերաբնակեցումն իրանց հայրենի գիւղերում: Բայց հանրային կարծիքը դրանով չէր բաւարարւում: Անգլիայում Գլադստոնի տեղը գրաւել էր Լորդ Բրայսը, որ միթինկներ էր գումարում, բողոքներ կազմակերպում: Ֆրանսիայում Պրեսանսէ, Ժորէս, եւ շատ-շատերը պահանջում էին Ռուսաստանի հետ զինակցութիւնը խզելու գնով` պաշտպանել Հայկական դատը: Դեռ 1901-ից խորապէս փոխուել էր Ֆրանսիայի վերաբերմունքը: Թուրքերը չէին կարող կամ զլանում էին վճարել ֆրանսիական դրամատէրերի պահանջները: Կառավարութիւնը Միտիլլի էր ուղարկում նաւատորմիղը եւ սպառնում Թուրքիային: Ոմանք` Թուրքիային ահաբեկելու, ուրիշները` հայերին նպաստելու նպատակով, պահանջում էին դնել հայկական նահանգների բարենորոգումների հարցը: Պարլամենտում կատաղի պայքար էին մղում պահպանողական Դընի Կոչէն եւ մանաւանդ ընկերվարականներ Մարսէլ Սանբա եւ Ռուանէ: Փոթորկալից ճառերից եւ ցոյցերից յետոյ, դահլիճը 227-ով ընդդէմ 212-ի ստացաւ անվստահութեան քուէ (4 նոյեմբեր 1901-ին): Պարլամենտը պահանջում էր վճռական միջամտութեամբ լուծել Հայկական Հարցը: Վարչապետ Վալդեկ Ռուսօն միջամտում էր` խոստանալով ձեռք առնել աւելի ազդու միջոցներ: Արտաքին գործոց նախարար Դելկասէն հաստատում էր Հայաստանի «ցաւալի կացութիւնը»: Նա իր ցասումն էր յայտնում, որ հայ ազգը «շարունակաբար եւ անպատիժ կերպով կեղեքւում է եւ ենթարկւում եղեռնափորձի»: Բայց արդարանում էր, որ «միայն Ֆրանսիան չէ Բերլինի դաշնագիրն ստորագրողը»: Ժորէսն յայտարարում էր, թէ «մեծ յոյսեր եմ դրել Ֆրանսիայի վրայ` Եւրոպայի հանրային կարծիքը հաւաքական գործունէութեան մղելու: Ֆրանսիան պէտք չէ կանգ առնի կէս ճամբին… եթէ չի ուզում դաւաճանել պատուի օրինագրքին»: 
    Սասունի արիւնոտ դէպքերի օրերին Դելկասէն, բուռն ծափերի մէջ, յայտարարում էր. «…շա՛տ իրաւացի կերպով կարելի է ամբաստանել նրան (Օսմանեան կառավարութեան), որ հակառակ բացորոշ յանձնառութիւնների, պահում է այնպիսի մի վարչութիւն, որի ներքոյ ապստամբութիւնը հանդիսանում է յուսահատ եւ գազազած ազգաբնակչութեան ապաւէնը: Անմեղ զոհերի թիւը չափազանց պարզօրէն վկայում է, որ զինուորները (թուրք) շատ էլ չեն նեղուել ընտրութեան մէջ… Դուռը պէտք չէ յոյս տածի, որ իր պատասխանատւութիւնն ո՛չ այլ ինչ է, բայց եթէ լոկ խօսք»: Պրեսանսէն դառն, ցասումնալի խօսքեր էր ասում Եւրոպայի վարձկան գրչակների հասցէին, որոնք բարոյապէս դեռ խուլ ու կոյր, կամ` շլացած թուրքական ոսկիներից` արդարացնում են բարբարոսութիւնը: Ամբողջ խորհրդարանի բուռն ծափերի տակ, նա շնորհակալութիւն էր յայտնում Դելկասէին, որ նախարարական ամբիոնից պաշտօնապէս յայտարարեց, թէ «հայերի… ապստամբութիւնն ամէնից սուրբն է բոլոր պարտաւորութիւններից»: Ֆրանսիայում ցնցող տպաւորութիւն էին թողնում մանաւանդ Վիկտոր Բերարի խորազնին ուսումնասիրութիւնները, մերկացումները: 
    Հարցապնդումներ, բողոքի ցոյցեր եղան եւրոպական միւս երկրների խորհրդարաններում, նաեւ գերմանական Ռայխստագում, աւստրիական Ռայխսրատում: Բելգիայում Վանդերվելդը յամառ պայքար էր տանում «այն ոյժի դէմ, որ այնտեղ, Արեւելքում, աւելի գազանային եւ աւելի խորամանկ` յաւակնում է միւս կառավարութիւնների կրաւորական մեղսակցութեամբ եւ ոսկիներ ծախսելով, գլուխ հանել մի ժողովրդի ջարդը»: Բրիւքսէլում կազմակերպուեց հայասէրների մեծ համագումար-ցոյցը. պատգամաւորներ Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, եւրոպական միւս գրեթէ բոլոր երկրներից: Լոնդոնում Լորդ Բրայսի նախագահութեամբ տեղի ունեցաւ նաեւ անգլեւֆրանսիական մասնաւոր մի համագումար:
    Բոլոր այս ոգորումները, քայլերը, անշո՛ւշտ, ազդեցին ռուսական քաղաքականութեան վրայ: Միւս կողմից, նրանք սանձեցին ե՛ւ թուրք կառավարութեան հայաջինջ ախորժակները:
    Բայց անօգուտ պիտի անցնէին այդ բոլորը, եթէ քաղաքական աշխարհում տեղի ունեցած չլինէին նոր դասաւորումներ պահանջադրող խմորումներ:
    Հակառակ Նիկոլայ Բ.-ի կառավարութեան Սուլթանին ցոյց տուա ջերմ գործակցութեան` հայութիւնն ոչնչացնելու խնդրում, Կ. Պոլսում ուժեղացած էր գերմանական ազդեցութիւնը: Ռուսաստանում կային (թէպէտեւ քիչ) հասկացողներ, որ Սուլթանը միայն շահագործում եւ խաբում է ցարի կառավարութիւնը, որ վերջինը լքելով աւանդական իր քրիստոնէապաշտպան քաղաքականութիւնը, խորտակում է իր իսկ տիրապետութեան հիմքերն Առաջաւոր Ասիայում: Բայց գործում էր ո՛չ թէ զղջումի, դարձի ոգին կամ քաղաքական իմաստութիւնը, այլ` միայն նախանձը, նեղսրտութիւնը: Կրետէի հարցում էլ Ռուսաստանը բռնել էր նոյն հակաքրիստոնէական դիրքը: Բայց յոյների պարտութիւնից յետոյ թուրքերը ճանաչում էին միայն Գերմանիայի երախտիքը: Երբ 1897-ի աշնան ֆրայհէր ֆոն Մարշալն որպէս գերման կայսերական պատուիրակ Կ. Պոլիս գնաց` թուրքերը նրան ընդունեցին շքեղ ցոյցերով: Աւելի մեծ եղաւ ռուսների կատաղութիւնը, երբ Կ. Պոլսում երեւաց գերման կայսերական զոյգը: Կայսրը դեռ Պոլսում էր, երբ ռուս կառավարութիւնը յանկարծ «յունասէր» դարձաւ եւ 18 հոկտ. 1898-ին, վերջնագիր յղեց թուրքերին` պահանջելով զօրքերի հեռացումը Կրետէից: Գէորգ իշխանը նշանակուեց Կրետէի կառավարիչ եւ կղզին կցուեց Յունաստանին: Դրանով ցարն ուզում էր թուրքերին ցոյց տալ գերմանական բարեկամութեան անարժէքութիւնը: Բայց աւելի՛ մեծ զայրոյթ առաջ բերեցին Վիլհելմ կայսեր յայտարարութիւններն Երուսաղէմում եւ Դամասկոսում: Քրիստոնէական ուխտավայրում, աւետարանական փրկչի նորակառոյց եկեղեցու օծման առիթով, կայսրը գերմանական հովանաւորութիւն հռչակեց բոլոր գերմանների վրայ, առանց դաւանական խտրութեան, մինչդեռ գերման կաթոլիկները մինչ այդ ենթակայ էին ֆրանսիական հովանաւորութեան: Դամասկոսում կայսրը ճառ ասաց խաչակիրների դէմ մղած կռիւներով իսլամական հերոս համարուած քիւրդ Սալահէդդինի դամբարանի վրայ, իրան, մի որոշ չափով, հռչակելով պաշտպանը «աշխարհի 300 միլիոն մահմեդականների», որոնցից 250 միլիոնն Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հպատակներն էին: Դրանով հարթուեց անգլեւֆրանս-ռուսական զինակցութեան ուղին, թէպէտեւ Ասիայում անգլեւռուս շահերն ու նպատակները շարունակում էին մնալ ներհակական: Ռուսաստանը, 1899-ին, վերջին եւ ձախող մի փորձ արեց նեղուցների եւ ասիական Թուրքիայի վերաբերեալ հասկացողութեան գալու Գերմանիայի հետ: Գերմանիան պիտի պաշտպանէր Ռուսիայի Դարդանելեան նպատակները, սա` նրա փոքր-ասիական տնտեսական ձեռնարկները: Անգլիայում, 1901-ին, գահ բարձրացաւ Եդուարդ Է.-ն, որը յամառօրէն հետապնդեց Գերմանիան չէզոքացնելու եւ զինակիցներով պաշարելու քաղաքականութիւնը: Անհրաժեշտ էր զօրաւոր մի հարուած հասցնել Ռուսիային, որպէսզի սա ի սպառ նետուէր անգլիական քաղաքականութեան ուռկանը: Դա արուեց Հեռաւոր Արեւելքում, Ճաբոնիայի ձեռքով (1904/5-ին): Ռազմապէս, քաղաքականապէս նսեմացած եւ ներքին յեղափոխական շարժումներից վտանգուած, ռուս կառավարութիւնն զգում էր, որ զինակից Ֆրանսիայում չունի այլեւս Հանոտոյի օրերի կշիռը: Ֆրանսիան ծանօթ այլեւս ռուսական փտախտին` զօրաւոր հակում էր ցոյց տալիս դէպի Անգլիա: Հարցն այլեւս պարզ էր: Կնքուեց անգլեւֆրանսիական դաշինքը` Հիւս. Ափրիկէի վերջնական բաժանման վերաբերեալ (8 ապրիլ 1904): Դրանով, Ֆրանսիան աւելի՛ զօրաւոր մի նեցուկ գտաւ Գերմանիայի դէմ: Շուտով ծագեց Մարոկկոյի կնճիռը. Անգլիան եւ Գերմանիայի զինակից Իտալիան (որ դեռ չէր ստացել վաղուց խոստացուած իր բաժինը Հիւս. Ափրիկէում) պաշտպանեցին ֆրանսիական տեսակէտը: Հենց ռուս-ճաբոնական պատերազմից անմիջապէս յետոյ, ասիական կալուածների փոխադարձ ապահովութեան սկզբունքով, դաշինք կնքուեց նաեւ Անգլիայի եւ Ճաբոնիայի միջեւ: Ֆրանսիայում այն աստիճան ընկել էր ռուսական կշիռը, որ այնտեղ մարդիկ անպատշաճութիւն չէին տեսնում միանալ այդ դաշինքին: Այդ բոլորից յետոյ, թւում էր, թէ առողջ տրամաբանութիւնը Ռուսաստանին պիտի մղէր դէպի գերմանական զինակցութիւնը: Դրա փոխարէն, կնքուեց անգլեւռուսական մի դաշինք (1907-ին)` գլխաւորապէս Պարսկաստանում ազդեցութեան գօտիներ հաստատելու (հիւսիսը` Ռուսաստանին, հարաւը` Անգլիային): Ռէվալում տեղի ունեցաւ Էդուարդ Է.-ի եւ Նիկոլայ Բ.-ի տեսակցութիւնը (8 յունիս 1908): Դարդանելի ցնորքներն աւելի բուռն կերպով ալեկոծեցին ռուս դիւանագէտների սահմանափակ երեւակայութիւնը: Այդ դէպքը ճակատագրական հետեւանքներ ունեցաւ թուրք պետութեան եւ հայ ժողովրդի համար: Դարդանելը ձեռք բերելու յոյսով, ինչպէս նաեւ դաշնակից Անգլիայի եւ Ֆրանսիայի հասարակական կարծիքը բաւարարելու հաշիւներով, Ռուսաստանը փոխեց կամ փոխել կեղծեց հակահայ իր քաղաքականութիւնը: Նոյնը կատարեցին թուրքերը` Օսմանեան խարխլած պետութիւնը բաժանումի վտանգից փրկելու նպատակով: 

    ՕՍՄԱՆԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ 

    Հայերի եւ Հայկական Դատի եւրոպացի պաշտպանների արած քաղաքական լայնածաւալ աշխատանքը դրական արդիւնքներ չտուեց: Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում կար մեծ համակրանք: Բայց այս տեղերում էլ, ինչպէս Վանդերվելդն էր ասում Բելգիայի մասին, «պետական եւ սրտի նկատումներ»-ի հակամարտութեան հետեւանքով, մարդիկ բաւարարւում էին բողոքներով, ցոյցերով: Վիլհելմ կայսրը, 1898-ին, անպատասխան թողեց հայերի դիմումը: Հետագային (1906թ.) հիասթափութեամբ վերջացան նաեւ Միացեալ Նահանգների նախագահ Ռուզվելտի միջամտութեան կապուած պատրանքները: 
    Յոգնած եւ հիասթափուած էին նաեւ թուրքերը: Ռուսաստանն էր նրանց գլխաւոր յենարանը եւ աջակիցը: Բայց նրանք հաւատում էին, որ ռուսների հակահայ քաղաքականութիւնը ժամանակաւոր թիւրիմացութիւն է միայն եւ իր հիմքում չի վերացնում ռուսեւթուրք հակամարտութիւնը: Դեռ 1905թ. մայիսին Կովկաս էր եկել նոր փոխարքայ Վորոնցով-Դաշկովը, որ իրան պճնազարդում էր «հայասէր»-ի փետուրներով եւ ձգտում էր հաշտեցնել ռուս պետականութեան եւ հայ ազգայնականութեան շահերը: Անգլեւռուս զինակցութիւնից (1907թ.) յետոյ «երիտասարդ թուրքեր»-ը մատնուեցին ահաւոր տագնապի: Նրանց առջեւ ցցուեց խարխլած Թուրքիայի բաժանման ուրուականը: Նրանք կրկին դիմեցին հայ յեղափոխականներին: Թուրքիայում գործող յեղափոխական ոյժերի եւ «երիտասարդ թուրքեր»-ի միջեւ կնքուեց համաձայնութիւն (1907թ. դեկտ.): Կէտերն էին` 1) Աբդիւլ Համիդի գահընկեցութիւնը, 2) ներկայ վարչաձեւի արմատական փոփոխութիւնը, 3) պարլամենտական դրութեան հաստատումը: Միջոցների շարքում նախատեսուած էր ե՛ւ «ընդհանուր ապստամբութիւն»-ը: Բայց այդպիսին տեղի չունեցաւ, եւ «երիտասարդ թուրքեր»-ը միայն հեռուից «բարեկամաբար» դիտում էին հայերի շարունակած կռիւը: Կացութիւնը փոխուեց, երբ տեղի ունեցաւ Եդուարդ Է.-ի եւ Նիկոլայ Բ.-ի տեսակցութիւնը Ռէվալում (1908թ. յունիսին): Դրանից մի ամիս յետոյ (1908թ. յունիսին) Սալոնիկի բանակը Կ. Պոլիս մտաւ եւ յայտարարեց Սահմանադրութիւն: 
    Կատարուածը յեղափոխութիւն չէր, այլ` քաղաքական անարիւն դերասանութիւն, որ մեթոդ էր դարձել 1830-ական թուականներից, «երիտասարդ թուրքեր»-ի շարժման հիմնադիր Ռէշատ փաշայի օրերից: Թուրքիայի տկարութեան բոլոր վայրկեաններին կատարուել էին նման խեղկատակութիւններ («Գիւլհանէի Հատտի Շէրիֆ»-ը` 1839-ին, «Հատտի Հիւմայիւն»-ը` 1856-ին, «Միդհատի սահմանադրութիւն»-ը` 1876-ին): Դրանք փորձուած միջոցներ էին մարդկայնութիւն, ազատականութիւն, պետական իմաստութիւն կեղծելու ճանապարհով` յետ վանել եւրոպական միջամտութեան վտանգը: Նոյնն էր կրկնւում այժմ: «Ազատութիւն-խաղաղութիւն-հաւասարութիւն» նշանաբաններով, թուրքերն ուզում էին բարոյապէս Եւրոպային զինաթափել, ռազմապէս` հայերին: Դադարեց հայեւթուրք կռիւը, թէպէտեւ «հաշտութեան» ձեւի տակ, ժամանակաւոր մի զինադադար էր միայն կնքուել: Թուրքերն առիթ չփախցրին շարունակելու դաւը` հայ ժողովրդի գոյութեան դէմ: Սահմանադրութեան հռչակումից հազիւ 8 ամիս անց նրանք անակնկալօրէն յարձակուեցին հայերի վրայ: Կիլիկիայում ջարդուեցին 30.000 հայեր: æարդին մասնակցել էին հենց «երիտասարդ թուրքերը»: Կարինում հայերը փրկուեցին գրեթէ հրաշքով: Այստեղ Եղիշէ Թոփչեանը, կռահելով գալիքը, հայկական գիւղերից զինուած ոյժեր էր մտցրել քաղաք: Կիլիկիայում, թուրքերն իրանց կորուստները հաշւում էին 19.000: Մեղքը բարդուեց Աբդիւլ Համիդի վրայ եւ խնդիրը փակուեց նրա գահընկեցութեամբ: Դրանով էլ չփոխուեց կացութիւնը: Հայաստանում յարաբերութիւնները սրուած էին մնում, մասնաւորապէս հողային հարցի պատճառով: Հայերը յետ էին պահանջում համիդեան սարսափների օրերին քիւրդերի եւ թուրքերի կողմից բռնագրաւուած իրանց հողերը: Թուրքերը միայն թղթի վրայ էին ճանաչում հայերի «օրինական իրաւունք»-ը: Բայց եւ այնպէս, այդ շրջանին անհամեմատօրէն լաւ էր Թուրքիայի հայերի դրութիւնը, մանաւանդ որ Ռուսաստանում վերսկսել էր հալածանքը հայ յեղափոխականների դէմ, իսկ Պարսկաստանում մղւում էին «սահմանադրական» կռիւները: Քաղաքականի հետ` նաեւ հայերի մշակութային կեանքի ծանրութեան կենտրոնը տեղափոխւում էր թուրքաց Հայաստան: 
    Կ. Պոլսում է՛լ աւելի էր բարձրացել հայերի քաղաքական կշիռը: Օսմ. պետութեան նախարարութիւններից մի քանիսը, յաճախ` անգա՛մ արտաքին գործոցը, հայերի ձեռքում էր: Ամբողջ Թուրքիան գտնւում էր Օսմանեան պարլամենտի հայ մի քանի երեսփոխանների (ինչպէս Գրիգոր Զօհրապ) հռետորական հմայքի, նրանց մշակած հանրօգուտ շինարարութիւնների, գործերի նախագծերի ազդեցութեան տակ: Քրիստոնեաների զինուորագրութեան հետեւանքով, թուրքական բանակում հայ տարրը, որակի տեսակէտով, գրաւում էր առաջնակարգ դիրք: Կ. Պոլսի «Հայոց Միացեալ Ընկերութիւն»-ը եւ կրթական այլ մարմիններն ստեղծում էին դպրոցական հսկայական մի ցանց ամբողջ Հայաստանում եւ Անատոլիայում: Թուրքիայի տնտեսական շինարարութեան եւ առաջադիմութեան զարկերակը գտնւում էր հայերի ձեռքում: Հայ մտաւորականութիւնը վերջնականապէս լքել էր կռուի ուղին եւ Հայկական Հարցի լուծումը կապել Արեւելքի ընդհանուր հասարակական-քաղաքական պայմանների բնաշրջական զարգացման հեռանկարներին: Մեծ խանդավառութեամբ եւ ապագայի լաւ յոյսերով, հայերը, 1912-ին, տօնեցին իրանց գրերի գիւտի 1500-ամեակը: Նրանք ոգեւորուած էին մասնաւորապէս հայկական համալսարանի ծրագրով: Կատարւում էին դրամական մեծ նուիրատւութիւններ (միայն բագուեցի Արշակ Ղուկասեանը նուիրեց 7 միլիոն ոսկի ռուբլի): Համալսարանը պիտի հաստատուէր հէնց դարերով բարբարոսների լծի տակ տառապած թուրքաց Հայաստանում` հայոց հայրենիքի պատմականօրէն նուիրական Տարօն գաւառում: Պիտի վերականգնուէր, ուրեմն, հայկական հին, պանծալի մշակոյթը: 
    Այդ օրերին, ահա՛, Եւրոպայի դիւանագէտները յիշեցին 34 տարի առաջ, 1878թ. «Բերլինի Վեհաժողով»-ի հայերին արած խոստումները: Նրանք պահանջեցին եւ հարկադրեցին տաճիկներին` լայն ինքնավարութիւն տալ հայերին: Մութ եւ ահաւոր առեղծուած - գլխաւոր պահանջողն էր ցարական Ռուսաստանը: 
Категория: Հայկ Ասատրյան | Просмотров: 492 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024