Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 14:42
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 7 » ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՌՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՐԻԱԿԱՆ ՆԱԽԱԴԻՐՔ ԱՌԱՋԱՒՈՐ ԱՍԻԱՅՈՒՄ
20:55
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՌՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՐԻԱԿԱՆ ՆԱԽԱԴԻՐՔ ԱՌԱՋԱՒՈՐ ԱՍԻԱՅՈՒՄ
Ա.

ԴԱՏ ԵՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ

(ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ)
Սույն աշխատությունն առաջին անգամ լույս է տեսել 1942թ. Սոֆիայում, որից էլ կատարված է վերատպությունը: Աշխատության Բ հատորը երբեւէ լույս չի տեսել, եւ նրա ճակատագիրը մեզ անհայտ է: – Խմբ. 


    Ամբողջ մի գրականութիւն կայ բովանդակ մարդկութեան պատմութեան մէջ ծաւալով ամենամեծ, խորքով ամենազարհուրելի այս եղեռնագործութեան մասին: Քառորդ դար է անցել աշխարհաժխոր այդ դէպքից, բայց հայ յիշողութիւնը, մտածումը դեռ նրանով են կլանուած: Տասնեակներով հատորներ են յօրինել հայ գրողները, պատմագիրները, իսկ հայ մամուլը շարունակում է նորանոր դրուագներ արձանագրել: Եւրոպացիներից Լեպսիուսը Գերմանիայում, Լորդ Բրայսն Անգլիայում, Ժագ դը Մորգանը Ֆրանսիայում եւ ուրիշ շատերը նոյն այդ երկրներում, Զուիցերիայում, Իտալիայում, Սկանդինաւիայում թէ Ամերիկայում գրի են առել անօրինակ նախճիրի այլ եւ այլ դրուագներ: Բայց դրանք տուել են այն, ինչ հնարաւոր է վերարտադրել անպատմելիօրէն սարսափելի մարդկային երեւակայութիւնը տանջող եւ անմեկնաբանելիօրէն մղձաւանջային մի երազի փշրանքներից: Հայկական աղէտն սպասում է հանճարաւոր իր դիւցազնեղերգուին: Օրուայ հայը դեռ հոգեկան կարողութիւն չունի ծնել նմանին. նա շա՛տ է մօտ արիւնոտ դէպքին, դեռ լալիս է իր զոհերի վրայ: Բեկորային են նաեւ եւրոպացի գրագէտների գեղարուեստական վերարտադրումի փորձերը` «Տրապիզոնցի Անթառամը», «Մուսա Լերան Քառասուն օրերը» եւ նման գրուածքները շօշափում են միայն մասնակի դէպքերը: Պատմական նիւթը լիագումարօրէն ուսումնասիրուած չէ դեռ. իր ծաւալով ու մանաւանդ ներքին բնոյթով դա նաեւ անսպառ է: Երկու միլիոն մարդիկ են ոչնչացել հոգեկան եւ մարմնական տանջանքներով: Նրանցից իւրաքանչիւրին վիճակուել է առանձին մի ողբերգութիւն – չարչարանքի հազարաւոր ձեւեր, հոգեկան անյոյս խռովքներ: Նրանք բոլորը քաջարի մի ցեղի զաւակներն էին, որոնք, սակայն, խաբուած` դահիճներից եւ դաւադրուած` աշխարհից, մատնուեցին կրաւորական նահատակութեան ճակատագրին: Կրօնապէս անհունօրէն խորազգաց եւ պատուախնդիր մարդիկ` նրանք տեսան իրանց սրբավայրերի կործանումը, իրանց սրբութիւնների պղծումը: Կենսազգացութեամբ յաւիտենապաշտ` նրանք մեռան` ապրելով իրանց ցեղի վախճանի սարսուռները: Բարոյապէս ամենաբարձր չափով զգայուն` նրանց վիճակուեց կրել ազգային իրանց պատուի անարգումը` ամենասպանիչ վիրաւորանքների, նողկալի պղծագործութիւնների անհաւատալիօրէն հրիշաւոր ձեւերով: Օտար մի ականատես (սիրիացի քրիստոնեայ մի բժիշկ) վկայում է. «Յիսուսը պիտի հրաժարուէր իր առաքելութիւնից, եթէ նա ապրելիս լինէր այն բոլորը, ինչ մահից առաջ վիճակուեց ամէն մի հայի»: Ամերիկացի կրօնական մի գործիչ (Վիքըրի) աւելացնում է. «Նման պարագաներում, ամերիկացիները հաւանաբար կրօնափոխ դառնային»: Բայց հայերը մեռան` հաւատարիմ իրանց ազգային թէ կրօնական ուխտին, մեռան որպէս քրիստոնէական գաղափարի առաքեալներ: Կրաւորական նահատակութիւն, բայցեւ ի՛նչ կամք, ի՛նչ հերոսական, գերմարդկային ի՛նչ մաքառումներ, ի՛նչ տագնապներ: 
    Ոճիրը նախապատրաստուեց եւ գործուեց դիւային նենգութեամբ - զգուշօրէն, բայց դաժան հետեւողականութեամբ եւ գազանական բնազդների լիակատար շղթայազերծումով: Համաշխարհային պատերազմի սկսման օրը (28 յուլիս 1914թ.), Սուլթանի հրովարտակով յայտարարուեց զօրահաւաք: Հայերը ներկայացան աւելի մեծ օրինապահութեամբ, քան թուրքերը: Նրանք կենտրոնացուեցին մասամբ Կարինի բանակավայրում, մասամբ` Դարդանելի գծի վրայ, մինչդեռ ուրիշ աւելի մեծ խմբեր, ամրաշէն զինուորների անուան տակ, անզէն վիճակում, ցրուեցին երկրի զանազան կողմերը, հայաբնակ վայրերից հեռու: Այս ձեւով հայկական գաւառները գրեթէ դատարկուեցին 20-45, յաճախ մինչեւ իսկ 50 տարեկան տղամարդ հայ բնակչութիւնից: Դրա հանդէպ` Հայաստանում կենտրոնացուեցին քրդական Համիդէի հեծելագնդերը, թուրքական նորակազմ ասպատակախմբերը («չէթէ»), որոնք ընկան հայկական անպաշտպան գիւղերի վրայ: Ո՛չ հայ զինուորներն էին տեղեակ իրանց ընտանիքների վիճակին, ո՛չ էլ վերջինները գիտէին նրանց տեղը: Աշնան, հոկտ. 20-ին, սկսուեց ռուսեւթուրք պատերազմը, որին շուտով պիտի հետեւէր Անգլիայի յարձակումը Դարդանելի վրայ: Երկու ճակատների վրայ էլ հայ զինուորները կազմում էին թուրք զօրքի ընտիր տարրը. կռւում էին քաջութեամբ: Այդ մասին վկայում էին Դարդանելի թուրք հրամանատարները, վկայում էր անգամ պատերազմական նախարար Էնվէրը, որը Սարիղամիշի իր արկածախնդրութեան օրերին (1914/15 դեկտեմբեր-յունուարին) անձամբ տեսել էր հայ զինուորի մարտական որակը եւ Կ. Պոլիս վերադարձին` գրում էր Կոնիայի հայ առաջնորդին - «…Օգտւում եմ առիթից` Ձեզ ասելու, թէ օսմանեան բանակի հայ զինուորները խղճմտօրէն են կատարում իրանց պարտքը ռազմադաշտում եւ վկայում են այս բանը, որ ես անձամբ տեսած եմ»: Ամբողջ 1914/15-ի ձմրան` Ալաշկերտի ճակատով դէպի Մանազկերտ առաջացող ռուս բանակի ջանքերը կասեցնող ոյժն եղաւ Մշու զօրաբաժինը, որի զինուորների 80%-ը բաղկացած էր Տարօնի հայերից: 
    Բայց այդ բոլորը չէին կարող փոխել էնվէրների հիմնական նպատակը, որ բանաձեւուել էր 10 կէտերի մէջ եւ յղուել երկրի բոլոր կողմերը: Ներքին գործերի նախարար Թալէաթի գաղտնի այդ հրամանագիրը, ի միջի այլոց, ասում է. «…2) Հաւաքել բոլոր հայերի ամէն տեսակ զէնքերը»… 4) …զօրքերն ու կարգապահական ոյժերն իբր թէ ջարդերն արգիլելու գործածել … 5) Բնաջնջումը գործադրել մասնաւորաբար յիսունից վար այրերի եւ դպրոցական ուսուցիչների վրայ: Աղջիկներն ու մանուկները թողնել` իսլամացնելու համար»… 7) Կառավարական հայ պաշտօնեաները, պատճառաբանելով, թէ լրտեսութիւն են արել, վտարել բոլոր պաշտօնատներից: 8) Բանակի մէջ գտնուողների պատշաճ ձեւով բնաջնջումը` զինուորական իշխանութեանց կողմից: 9) Գործողութիւնը ամեն տեղ միաժամանակ սկսել եւ այսպէս ինքնապաշտպանութեան պատրաստուելու ժամանակ չթողնել»:
    Ձմրան (1914/15-ի), տունը մնացած հայ պատանիները, զինուորական տարիքից վեր բոլոր տղամարդիկ (մինչեւ 60-70 տարեկան), անգամ կիները, լծուած էին ե՛ւ ահաւոր մի ծառայութեան: Մասնաւորապէս Մուշի, Խնուսի, Քղիի, մինչեւ Երզնկայի եւ Բաբերդի հայերը շալակով պարէն եւ ռազմամթերք էին տեղափոխում Կարին եւ Հասան-Կալա: Հազարաւորներ ցրտահար եղան, բքախեղդ, իսկ վերջում պարզուեց, որ նրանցից հարիւրներ էլ զանազան կիրճերում սպանուել են թուրք ասպատակախմբերի ձեռքով: Նոյն այդ ձմրան, ոստիկանական խմբերը, նախ` որպէս թէ «պետութեան կարիքների համար», կամաւորապէս, ապա, արդէն անպաշտպան կիները, երեխաները դաժանօրէն չարչարելով` գտել եւ հաւաքել էին գրեթէ բոլոր կարգի զէնքերը: Տեսնելով, որ ժողովուրդն ի սպառ զրկուած է ինքնապաշտպանուելու մարդկային ոյժերից եւ զինական միջոցներից, հենց նոյն ձմրան երկրորդ կէսից զինաթափել սկսեցին ե՛ւ բանակի հայ զինուորներին: Դեռ 1914-ի դեկտեմբերի վերջին զանգուածային կոտորածներ տեղի ունեցան Ալաշկերտի Զէտկան, Մ. Սուլէյմանի հայ գիւղերում եւ Բերդ աւանում: Սրանք ա՛յն հայերն էին, որոնք չէին նահանջել ռուսական բանակի հետ: Կոտորածը տարածուեց Թութակի շրջանի եւ Վանայ լճի հիւսիսում գտնուած հայ գիւղերում: Մինչեւ մարտ կողոպտուել էին արդէն 500 հայ գիւղեր եւ նրանց բնակիչներից սրի էին քաշուել 26.000 անպաշտպան կիներ, պատանիներ, երեխաներ: Ապրիլի սկզբին տաճիկները փորձեցին ոչնչացնել նաեւ Վանայ լճի արեւելեան գաւառակների հոծ հայ բնակչութիւնը: Թէպէտեւ մեծապէս զինաթափ եւ կռուող ոյժերի ահագին մասը կորցրած, Վասպուրականի հայերը դիմեցին յուսահատական ինքնապաշտպանութեան: Հայաստանում ո՛չ ոք գիտէր, թէ նոյն ձմրան որպիսի՛ ողբերգական դէպքեր էին պատահել հեռաւոր Կիլիկիայի կողմերում, ուր կործանուել էր տղամարդ իր բնակչութիւնն օսմանեան դրօշի ծառայութեան տրամադրած եւ կամաւորապէս զինաթափուած հինաւուրց արծիւների բոյն Զէյթունը, որի հպարտ զաւակները դեռ մարտին տեղահանուել եւ քշուել էին դէպի արաբական անապատները: Թուրքերի համար այնքան սարսափելի Զէյթունի այս չսպասուած կործանումը` սնուցեց ընդհանուր տեղահանութեան յանդգնութիւնը: Թէ ի՛նչպէս սկսեց դա եւ ի՛նչպէս ընթացաւ, այդ մասին, հազար-հազարների հետ, պատմում են գերման երկու քոյրեր, որոնք 1914-ի հոկտեմբերից մինչեւ 1915-ի ապրիլ եղել են Կարինում, «Գերման զինուորական առաքելութեան» («Deutsche Militar-Mission») ծառայութեան մէջ եւ հետագային շատ բաների ականատես են եղել Երզնկայում, Սեբաստիայի Ճանապարհին: Նրանց գրածները լոյս են տեսել Ժընեւում 1915-ին եւ ապա յիշուել Հայկական Եղեռնին նուիրուած շատ գրքերում: 
    Ահա մի քանի հատուածներ նրանց պատմածներից.
    «1915-ի մարտին, մենք հայ մի բժշկից իմացանք, թէ կառավարութիւնը մի մեծ կոտորած է պատրաստում: Նա խնդրեց մեզ զօրավար Պասելտից իմանալ, թէ ճի՞շդ է դա: Հետագային մեզ յայտնեցին, որ ազնիւ այս սպան եւս վախենում է այդ բանից եւ խնդրել է հեռանալ իր պաշտօնից… Մենք հիւանդացանք տիֆով եւ պաշտօնեաների յաճախակի փոփոխութեան պատճառով ստիպուեցինք հեռանալ Կարինից: Միջնորդութեամբ Կարինի գերման հիւպատոսի, որ վայելում էր հայերի վստահութիւնը, մենք մտանք Երզնկայի Կարմիր Խաչի մէջ եւ այնտեղ աշխատեցինք եօթը շաբաթ: Յունիսի սկիզբը, Երզնկայի Կարմիր Խաչի վարիչը – X. սպայակոյտի բժիշկը, մեզ ասաց… թէ Երզնկայի եւ շրջակայի ամբողջ հայ ազգաբնակչութիւնը պիտի տեղափոխուի Միջագետք, ուր նա մեծամասնութիւն չի կազմելու, բայց կոտորածներ չեն լինելու եւ միջոցներ ձեռք պիտի առնուեն տեղահանուածներին կերակրելու եւ զինուորական պահակախմբերով ապահովելու նրանց: Իբր թէ Երզնկայում գտել են զէնքով եւ ռումբով բռնուած կառքեր եւ շատ ձերբակալութիւններ են կատարուել: …Յունիսի սկզբի շաբաթին մեկնելու էր առաջին կարաւանը. հարուստներին թելադրուեց կառք վարձել: Նրանք պէտք է գնային Խարբերդ: Յաջորդ երեք օրերում նոր տեղահանութիւններ եղան… Ստիպուեցին մեկնել ե՛ւ մեր հիւանդանոցում ծառայող հայերի ընտանիքները, նոյնիսկ հիւանդ մի կին. նրան խնամող դոկտ. Նոյկիրխի բողոքը միայն երկու օրով ուշացրեց նրա մեկնումը: Մեզ մօտ կօշկակարութիւն անող մի զինուոր (46 տարեկան) ասաց քոյր X-ին. «…Ես երբեք ոչինչ չեմ արել կառավարութեան դէմ, բայց եւ այնպէս խլում են իմ ամբողջ ընտանիքը, իմ մօրը` որ 70 տարեկան է, իմ կնոջն ու հինգ երեխաներին, եւ ես չգիտեմ, թէ նրանք ո՛ւր են տարւում»: Նա լաց է լինում մանաւանդ մէկուկէս տարեկան փոքր իր աղջկայ համար: Հետեւեալ օրը նա եկաւ եւ ասաց. «Իմացայ, նրանք ամէնքն էլ մեռած են»: Եւ դա կատարելապէս ճիշդ էր…: Հայ երկու դեռատի ուսուցչուհիներ, ուսած Խարբերդի կոլեջում… պատմեցին, թէ կարաւանը կողքից քիւրդերի եւ յետեւից թուրքական կէս-կանոնաւոր զօրքի խաչաձեւ կրակի տակ էր առնուած: Նրանք ընկել են գետին եւ մեռած ձեւացել եւ ապա կարողացել են խոտորնակ ճանապարհներով հասնել Երզնկա… Երբ Երզնկա են հասել` մի ոստիկան ուզել է տիրանալ մատաղատի օրիորդին. նշանածը բողոքել է: Սա սպանւում է, եւ երկու օրիորդները տարւում են թուրքերի տները, ուր նրանց հետ վարւում են սիրալիր կերպով, բայց պահանջում են, որ մահմեդական դառնան: Նրանք այս տեղեկութիւնները մեզ հաղորդեցին մի բժշկի միջոցով, խնդրելով, որ մեզ հետ Խարբերդ տանենք իրանց: Եթէ թոյն լինէր, ասել են նրանք, կը թունաւորուէին:
    …«Զինուորները մեզ պատմեցին, թէ այդ անզէն դժբախտներն ի՛նչպէս են կոտորուել ամէնքն էլ: Կիները ծունկի էին գալիս եւ իրանց երեխաներին ձգում Եփրատի մէջ: Մի զինուոր ասում էր. «Սարսափելի բան էր, ես չէի կարողանում կրակել»: Մենք ուրիշ թուրքերից էլ լսեցինք պարսաւանքի եւ կարեկցութեան խօսքեր: Նրանք պատմեցին, որ պատրաստի սայլեր են եղել` դիակները դէպի գետը տանելու եւ կոտորածի հետքերը ջնջելու համար: (Ամսի 11-ի երեկոյեան տեսանք, որ զինուորները վերադառնում են աւարով)… Շարունակ հասնում էին տեղահանուածների կարաւաններ, ամէնքն էլ բերուած սպանուելու համար: …Մեր յոյն կառապանն ասաց, որ զոհերի ձեռքերը կապում են եւ ժայռերի բարձունքից ձգում գետի մէջ…: Քոյր X եւ ես… մտածեցինք, թէ ի՛նչ կարող ենք անել եւ վճռեցինք մինչեւ Խարբերդ ընկերանալ թափօրներից մէկին: Մենք դեռ չգիտէինք, թէ կառավարութիւնն է հրամայել նրանց կոտորել ճանապարհին, կարծում էինք, թէ այդ կերպով կարող էինք առաջն առնել ոստիկանների վայրագութիւնների եւ քիւրդերի յարձակումների… Ուստի, հեռագրեցինք Կարինի հիւպատոսին` ասելով, որ մենք արձակուած ենք հիւանդանոցից եւ խնդրում ենք, Գերմանիայի շահի համար, Երզնկա գալ: Նա մեզ պատասխանեց. «Անկարելի է հեռանալ պաշտօնատեղիցս, սպասում եմ աւստրիացիներին, որոնք այստեղով պիտի անցնեն յունիս 22-ին»: Յունիս 17-ի երեկոյեան Կարմիր Խաչի դեղագործ Գ.-ի հետ գնացինք պտոյտի: Նա էլ մեզ պէս զարհուրած էր վայրագութիւններից… Նա էլ արձակուել էր պաշտօնից: Մենք պատահեցինք մի ոստիկանի, որ մեզ պատմեց, թէ 10 րոպէ հեռաւորութեան վրայ Բաբերդից տեղահանուածների մեծ մի կարաւան է կասեցուել: …Պատմեց, թէ ի՛նչպէս տղամարդիկ կոտորուած եւ կիրճի խորն էին նետուած… թէ ի՛նչպէս… կիները բռնաբարուել են, թէ ի՛նչպէս գլուխներն են ջարդել այն երեխաների, որոնք ճչում կամ ուշացնում էին կարաւանի երթը…
    «Քաղաքի մուտքի մօտ Կամախի կիրճի ճանապարհը բաժանւում է պողոտայից: Այնտեղ կար ստրուկների շուկայի նման մի բան. մենք ինքներս էլ վերցրինք վեց տղաներ` 3-ից մինչեւ 14 տարեկան…եւ մի աղջնակ: Այս վերջինին յանձնեցինք մեր թուրք խոհարարուհուն: Նա ուզում է երեխային տանել դոկտ. X-ի մասնաւոր տան խոհանոցը` մինչեւ մենք վերադառնանք եւ վերցնենք նրան. բայց բժշկի զինուորական կցորդը` Ռիզա բէյը, ծեծում է կնոջը եւ երեխային ձգում փողոց:… Մինչ մենք մեր վեց երեխաներով վերադառնում ենք հիւանդանոց: Ամենափոքրը բաբերդցի մի հարուստի զաւակն է, ծածկուած իր մօր վերարկուի մէջ, արտասուելուց երեսն ուռած. նա առաջ է նետւում ցոյց տալով մի ոստիկան. «Ահա՛ իմ հօր սպանողը»… Գնացինք միւթէսարիֆի մօտ… Այդ մարդը հրէշի կերպարանք ունէր… Նա մեզ ասաց, որ այլեւս չի ուզում հանդուրժել մեզ եւ թէ մեզ չի թոյլատրում Խարբերդ գնալ… Նա մեզ պէտք է ուղարկի Սեբաստիա, եւ ինչ որ ամենավատն էր, թոյլ չտուեց մեզ հետ տանել երեխաներին: Նա ոստիկան ուղարկեց, որպէսզի նրանց մեր սենեակից վերցնի:… Նրանց այնքան շուտ անցկացրին… որ չկարողացանք վերադարձնել նրանց մեզ մօտ թողած դրամը (475 ղրուշ): Մենք խնդրեցինք դոկտ. Լինդենբերգին, որ այդ գումարը նրանց յանձնի… եւ ճիշդ մեր մեկնումի վայրկեանին, երբ մեզ արդէն ասել էին, որ նրանք սպանուած են, Ռիզա բէյն եկաւ մեզանից պահանջելու այդ դրամը` երեխաներին յանձնելու պատրուակով…պիտի ճանապարհորդէինք… Սեբաստիա (յունիս 21-ին)… տեսանք հինգ դիակներ (որոնցից մէկը` կին), մէկը` հագուստով, միւսները` մերկ եւ մի ուրիշն անգլուխ… Մենք պատահեցինք տեղահանուածների մի բազմութեան… Կամախի կիրճի ճամբին: Սակաւաթիւ տարիքաւորներ, բազմաթիւ կանայք ու շատ սիրուն երեխաներ… Մի աղջնակ ծիծաղում էր` դիտելով այս տարօրինակ տեսարանը, մինչ ուրիշ դէմքեր մեռելային լրջութիւն ունէին: Ո՛չ մի շշուկ. ամէն ինչ խաղաղ էր եւ այս դժբախտներն անցնում էին կարգով… անցնում էին` մի քանիսը բարեւելով մեզ: Նրանք ամէնքն այժմ Աստծու գահի առաջն են եւ Նրան են բողոքում»…
    Կամախի կիրճի զարհուրանքի ականատեսներից Երամ Գալուստեանը (աղէտի օրերին` 17 տարեկան պատանի, Վերի Բագառիճ գիւղից) պատմում է.
    -«Կամախ հասանք եւ հայկական ուրիշ կարաւաններին խառնուելով` բազմութիւն դարձանք: Սա աւելի ընկճեց մեզ: Զգում էինք, որ այլեւս ազգ չենք: Տարօրինակ մի զգացում, որին ենթակայ էակը բնազդաբար անձնատուր է լինում մահաբաղձութեան` «Շուտ մեռնէինք-վերջանայինք»… Եփրատի հետ` իջնում էինք աստիճանաբար խորացող կիրճը… Մէկը միւսին հարցնում էր. «Ո՞ւր ենք գնում». մի ուրիշը տրտնջում էր, որ «մահն ուշանում է»: …Գետի ահարկու որոտը տրամադրութիւններն աւելի՛ երազային էր դարձնում եւ երբ կոտորածն սկսուեց` հայերն արդէն մահապատրաստ էին: Հրազէնների որոտից յետոյ (* Վախենալով դիմադրությունից` թուրք զօչքն ու իսլամական խուժանը կիրճի բարձունքներում նախապէս բռնուած դիրքերից մի քանի ժամ խաչաձ— կրակի տակ են պահել հայկական անզէն եւ 90 %-ով կանանցից ու երեխաներից կազմուած կարաւանները, եւ երբ հազարներ արդէն զարկուած են եղել, վար են իջել` գործը սրով շարունակելու:)  ծերպերից դուրս նետուեց դարանակալ խուժանը` սուսերամերկ: …Հայերն յափշտակուած էին մեռնելու խենթութեամբ. ամէնքը մղւում էին դէպի գետ եւ աղջիկները զարմանալի երանութեամբ նետւում էին յորձանքի մէջ»… 
    Այդ ձեւով ոչնչացուել են Կարինի եւ Տրապիզոնի նահանգների բոլոր այն կարաւանները, որոնք քշուել են նոյն կիրճով: Այդ տեղից Եփրատի յորձանքները տարել են 150 հազար մորթուածների, ինքնասպանների դիակներ: Մնացորդները, շաբաթների աննկարագրելիօրէն տանջալից ճամբորդութիւնից յետոյ, նոյն ճակատագրին են ենթարկուել Եփրատի այլ մի կիրճում, Մալաթիայի մօտերը: Տրապիզոնի այր մարդիկ շղթայակապ լցրել են նաւեր — կացնահար թէ ողջ-ողջ` թափել Սեւ ծով: Սակաւաթիւ կիներ եւ երեխաներ, որոնք կարողացել են տոկալ չարչարանքներին եւ հասնել մինչեւ արաբական անապատներ` ոչնչացուել են Դէր-Զօրում: Նոյնն է վիճակուել Տիգրանակերտի եւ Խարբերդի նահանգների հայութեան: Չորս այս նահանգներից ոչնչացուել են 650 հազար հայեր:
    Սեբաստիայի հայ ուսուցիչներից մէկը նկարագրում է Փոքր Հայքի մօտ 400 հազար հայերի ոչնչացումը (*Կարապետ Գաբիկեան, «Եղեռնապատում», Բոստոն, 1924 թ., էջ 602): Ձեւերն ընդհանրապէս նոյնն են: Զինուորագրութիւնից զերծ մնացած այրերի մի մասը (երեւելիները, ինքնապաշտպանութեան ընդունակները) զգուշաւոր կերպով ձերբակալել են, զանազան պատրուակներով: Մնացեալներին հանել են կանանց եւ երեխաների կարաւանների հետ: Մի քանի նախորոշուած վայրերում, մասնաւորապէս Ֆըրնջըլար գիւղում, դատել են նրանց եւ դաժան գանակոծումներով կողոպտել: Շղթայակապ վիճակում, նրանց ներկայութեան սարքել են քստմնելի նախճիրներ: Ոսկիներ գտնելու պատրուակով մերկացրել են կանանց եւ զազրելի ձեւերով անպատուել նրանց: Ապա կացնահար սպանել են ամօթանքի վշտից խորտակուած, շղթաների տակ անզօրօրէն բողոքող տղամարդկանց: Կիներից շատ-շատերն ինքնասպանութիւն են գործել: Անտէր մնացած երեխաները թափուել են ջուր: Ով կարողացել է մի կերպ հասնել մինչեւ Մալաթիա, տարուել է «մանկական պարտէզներ»: Այս «պարտէզներ»-ը–աղբիւսատեղիներ–յատկացուելիս են եղել հայ մանուկներին հաւաքելու եւ կառավարական խնամքով իսլամի համար դաստիարակելու: Մի շարք «պարտէզներ»-ում կենտրոնացրել են 1-5 տարեկան հազարաւոր երեխաներ: Բայց յետոյ, յայտարարելով, թէ առողջապահական քննիչ է գալիս, փոսեր են բացել եւ նրանց ողջ-ողջ թաղել այդ «պարտէզներ»-ում: Մինչեւ Մալաթիա, կարաւանները մի քանի տասնեակ անգամ ենթարկուել են հաւաքական կողոպուտի: Մասնակի կողոպուտն եղել է առօրեայ, ամէնժամեայ սովորական երեւոյթ: Ճիւղակոտոր կարաւանները Սամոսատ հասնելիս` ենթարկուել են վերջնական կողոպուտի եւ ջարդի: Մայրերն իրանց զաւակներն իսլամացումից փրկելու նպատակով` նրանց յանձնել են Եփրատի յորձանքին: Թուրքերն սկսել են կիների եւ աղջիկների զանգուածային առեւանգում: Սամսոնցի մտաւորական մի օրիորդ բարձրացել է մի ժայռի գլխին եւ կոչ ուղղել. «Ո՛վ հայ է, ո՛վ սիրում է Քրիստոսին, թո՛ղ ինձ հետեւի»: Հարիւրներով, հազարներով կանայք, աղջիկներ, ձեռք-ձեռքի տուած, հետեւել են նրան` Եփրատի ալիքների մէջ: Ամբողջ 15 օր արիւն է հոսել Եփրատը, դիակների անցքը տեւել է ամսից աւելի: Խմելու ջրից զրկուած իսլամ բնակչութեանը կառավարութիւնը մխիթարել է այն յայտարարութեամբ, թէ գետը տրամադրուել է «անհաւատների դիակների փոխադրութեան»: Կարաւաններից միայն չնչին մի բեկոր է հասել Սուրուճ, Հալէպ, Դէր-Զօր: 
    Մասամբ նոյն բախտն է վիճակուել 500 հազար ուրիշ հայերի, որոնք տեղահանուել էին Թրակիայից, արեւմտեան Անատոլիայի շրջաններից, Կ. Պոլսից, Զմիւռնիայից Կիլիկիայից: Կ. Պոլսից եւ Զմիւռնիայից տեղահանուել են միայն տեղական բարձր մտաւորականները եւ հայաստանցի պանդուխտները: 
    Հայկական Տաւրոսի կիրճերից մէկում, Բաղէշի մօտերը, ոչնչացել է համանուն նահանգի մի քանի հայահոծ գաւառների բնակչութիւնը: Այդ շրջանը` հայ զէնքի առասպելական հսկաներից Սերոբի ծննդավայրը, ծանօթ էր մարտական իր անցեալով: Դեռ կենդանի էին հին հերոսներից շատերը: Բայց խաբուած զանազան միջամտութիւններից, թելադրանքներից` նրանք համակերպուել են զինաթափուելու եւ տեղահանուելու ճակատագրին: Ահաւոր է եղել Բաղիշու ջարդը: Տասնեակ հազարների կարաւաններից չի մնացել կենդանի ե՛ւ ոչ մի հետք: 
    Կրկնակի նահատակութիւն է վիճակուել Օսմանեան կայսրութեան բոլոր մասերից քշուած կարաւանների այն մնացորդներին, որոնց Գողգոթան երկար է տեւել–մինչեւ արաբական անապատները: Այստեղ, դանդաղ մահուան չարչարանքն հասել է ամենաքստմնելի նրբութիւնների–սովի հետ` պղծագործութիւններ, զանգուածային գնդակահարումներ, ողջ-ողջ հրկիզումներ, թաղումներ: Զոհերը զրկուած են եղել վերջին մխիթարութիւնից` ինքնասպանութիւն գործելու հնարաւորութիւնից: Քչերն են կարողացել գաղտագողի մօտենալ Եփրատին եւ գտնել յաւիտենական իրանց հանգիստը: Անապատի անծայրածիր աւազների վրայ թափուած են մնացել տասնեակ հազարաւոր որբեր: 
    Մի քիչ տարբեր պատկեր հայաշխարհի մնացեալ անկիւններում: Ալաշկերտի շրջանն ազատւում է հայ պատանիների կազմակերպած դիմադրութեամբ եւ թեթեւ կռիւներով (ռուս բանակը շուտ է հասնում): Ծաւալով մեծ կռիւներ են տեղի ունենում Վանի ամբողջ նահանգում: Այստեղ ժողովուրդն ոտքի է կանգնում, երբ կառավարութիւնը դաւադրաբար սպանում է ծանօթ հայ գործիչ Իշխանին եւ խաբէութեամբ ձերբակալում (յետոյ` անհայտ պարագաների տակ ոչնչացնում) Օսմ. պարլամենտի հայ ներկայացուցիչներից Վռամեանին: Կառավարութիւնը «բարեկամական» հրաւէր է ուղղում ե՛ւ Արամին: Երբ հայերը բացատրութիւն են պահանջում Իշխանի եւ Վռամեանի վախճանի  մասին` թուրք զօրքը պաշարում է Վան քաղաքի հայկական թաղերը եւ նրանց ենթարկում թնդանօթային կրակի: Հայերը դիրքեր են գրաւում եւ բարձրացնում անհաւասար կռուի դրօշը: Բռնկւում են բոլոր գաւառները, որոնցում, դեռ Իշխանի սպանութիւնից առաջ, բազմաթիւ արիւնոտ դէպքեր էին պատահել: Վանում թէ գաւառներում կատարւում են քաջութեան անմոռանալի գործեր: Թուրք զօրքի յարձակումները յետ են մղւում ծանր կորուստներով: Եղել է, անշո՛ւշտ, զէնքի եւ ռազմամթերքի մեծ տագնապ: Բայց հայ մասնագէտները մասամբ բաւարարել են կարիքը: Նրանք հիմնել են փամփուշտներ լեցնելու, զէնքեր նորոգելու, անծուխ վառօդ պատրաստելու, ռումբեր շինելու աշխատանոցներ: Ստորերկրեայ անցքեր բանալով` հայերը դժոխային մեքենաներով, հրդեհումով, յանկարծական գրոհումներով ոչնչացրել կամ գրաւել են թուրքական զօրանոցները: Մայիսի առաջին օրերին (կռուի սկզբնաւորութիւնից գրեթէ մի ամիս յետոյ) թուրքերը, կատարելապէս ջախջախուած, դիմել են փախուստի: Վանի նշանաւոր միջնաբերդի վրայ, դարերի ընդհատումից յետոյ, կրկին ծածանուել է հայկական դրօշը: Մայիս 6-ին Վան են մտել ռուսական բանակի հետ գործող հայ կամաւորների խմբերը: Յաջորդ օր հասել է ե՛ւ ռուսական բանակը:
    Վանի նման բախտաւոր ելք չունեցաւ հեռաւոր Պոնտոսի սահմանների մօտ օրհասօրէն գուպարող հայկական արծուեբոյն Շաբին Կարահիսարը` ծննդավայրը Անդրանիկի: Դիմադրողներն անհունօրէն հեռու ռուսական ճակատից` չունէին փրկութեան թէկուզ խաբուսիկ յոյս: Այստեղ ապստամբութիւնը ծայր է տալիս բանտից, ուր սկսուելիս է եղել ջարդը` խաբէութեամբ ձերբակալուած մի քանի հարիւր հայերի: Նրանց յաջողուել է ոչնչացնել իրանց դահիճներին եւ նրանց զէնքերը վերցնելով` յարձակուել հայկական թաղերն արդէն պաշարած եւ մի քանի տներ էլ հրդեհած ոստիկանների եւ զինուորների վրայ: æարդելով ե՛ւ սրանց, հայերը հրդեհում են կառավարչատունը, զօրանոցը եւ կրակը տարածում թուրքական թաղերը: Կենդանի մնացած թուրքերը փախչում են (Շաբին Կարահիսարում թուրքերը քրիստոնեաների կրկնապատիկն էին): Հայերը տիրում են քաղաքին եւ օսմանեան զինապահեստից ռազմամթերք փոխադրում Տիգրան Մեծի, Միհրդատի ժամանակներից մնացած բերդը, հսկայ քարաժայռի վրայ: Երզնկայից, Սեբաստիայից հասնում են թուրքական մի քանի գնդեր, թնդանօթներով: Հայերը տեղափոխւում են բերդը: Սկսւում է ամիս տեւող անհաւասար կռիւը: Թուրքական զօրքի բոլոր յարձակումները ձախողւում են, արեան մեծ կորուստներով: Մահ են սփռել մասնաւորապէս հայկական ձեռնառումբերը: Մօտ երկու հազար զոհեր տալով, թուրքերը վերջ են տուել յարձակողական փորձերին եւ հարցի լուծումը թողել հեռուից գործող մարտկոցին եւ ժամանակին: Վերը` քարաժայռի վրայ, տիրել է սովը: Սպառուելու մօտ է եղել ե՛ւ ռազմամթերքը: Իբրեւ ելք, հայերն որոշել են ճեղքել պաշարման շղթան եւ անցնել դէպի պոնտեան լեռները: Յարձակումն յաջողուել է, բայց անհնար է եղել շարժման մէջ դնել քաղցից ուժասպառ ժողովուրդը: Պատահել է ե՛ւ աղիտաւոր թիւրիմացութիւն: Վար իջած վաշտերից մէկը, գիշերային մթութեան մէջ, ընկել է բերդի քարաժայռից նետուած հայկական ռումբերի տակ եւ գրեթէ ամբողջովին ոչնչացել: Սրանով կտրուել է թուրքերի թիկունքն անցած եւ քարաժայռի տակը գտնուած հայ խմբերի կապը: Տխուր այս պատահարը եւ բացուող լոյսը պատճառ են դարձել, որ քարաժայռից իջած ոյժերը բոլորովին կտրուեն իրանց թիկունքից եւ աստիճանաբար առաջանան Կիրասոնի ուղղութեամբ: Սկսուել է նոր յարձակում: Հայերն սպառել են իրանց վերջին ռումբերը եւ գնդակները: Կռուողներից ո՛վ թշնամու գնդակով չի ընկել` վերջ է տուել իր կեանքին ինքնասպանութեամբ: Նոյնն են արել բազմաթիւ կիներ, աղջիկներ, հետեւելով կռուի վարիչներից Վահան Հիւսիսեանի գեղանի կնոջ օրինակին: Սովից կիսամեռօրէն ուժասպառ կանանց եւ երեխաների մի մասը կոտորուել է թուրքերի ձեռքով, միւսը` իջեցուել է քաղաք` թաղուած գանձերի տեղը ստուգելու նպատակով, ապա վերածուել է գաղթակարաւանի եւ դանդաղ մահուան ճանապարհով քշուել դէպի Միջագետք: 
    Հեռաւոր Հարաւում, Ալեքսանդրէտի ծոցի մօտ, հիացմունքի արժանի մի հերոսական ստեղծեցին Սուեդիայի մի քանի հայ գիւղերի բնակիչները: Նրանք բարձրացան Մուսա լեռը եւ 58 օր (ո՛չ թէ 40) պայքարեցին թուրքական բազմաթիւ զօրքերի դէմ: Նրանք ջախջախեցին թուրքերի բոլոր յարձակումները` առասպելական, անհաւատալի քաջութեամբ: Քիչ էին նրանք (4-5 հազար հոգի), բայց հրաշքներ գործեցին: Կռուեցին հին դարերի հայկական մոլեգնութեամբ: Այդտեղ, ամենացայտուն կերպով, թուրքը կրեց խորհրդանշական իր պարտութիւնը հայ ցեղից: Նա սարսափով լքեց կռուադաշտը, հայերին թողնելով իր մարտկոցը եւ իր համար փրկարար ելք համարեց, երբ ֆրանսիական ռազմանաւերն ափին մօտենալով` իրանց վրայ վերցրին Մուսա լերան կատաղի այս մարտիկները – տղամարդիկ, կիներ, պատանիներ, աղջիկներ, որոնք բոլորն էլ կռուել էին իրանց ցեղին հասցրած անարգանքից գերմարդկօրէն տառապածների ցասումով:
   Ողբերգական վախճան ունեցաւ պատմական Հայաստանի հեռաւոր հարաւում, Սիրիայի սահմանների մօտ ընկած Եդեսիայի ամենասրտաճմլիկ դիւցազնականը: Այստեղ էլ երիտասարդութիւնն ամենայն օրինապահութեամբ մտել էր թուրք բանակի շարքերը: Մեծ հեռաւորութեան պատճառով (ռուսական թէ անգլիական բանակներից) չկար, չէր կարող լինել փրկութեան հեռանկար: Եդեսիայի հայերը, սակայն, տեսել էին հերոսական Զէյթունի տեղահանեալների կարաւանները. մի քանի փախստականներից լսել էին նաեւ նրանց ոչնչացման մասին: Կառավարութիւնը պահանջում է եղեռնավայրից հրաշքով փախած եւ այդտեղ ապաստանած զէյթունցիների յանձնումը: Շուտով հասնում է եւ երկրորդ գոյժը` սպանուել են Բաղդադի գծի վրայ աշխատող 1.500 անզէն հայ զինուորները: Շուկայում, յանկարծօրէն, ձերբակալւում են նաեւ տեղական երեւելիներից մի քանի տասնեակ մարդիկ: Երկրորդ մի ձերբակալութեամբ` բանտարկուած հայերի թիւն հասնում է 200-ի: Կառավարութիւնը փրկագին է պահանջում եւ հայերը վճարում են մեծ քանակութեամբ թանկագին զարդեղէն եւ 6.400 հնչուն ոսկի: Ստանալով գանձը` նոյն գիշերն իսկ բանտարկեալները գաղտնօրէն քաղաքից դուրս հանելով` ոչնչացնում են մի ձորում, Տիգրանակերտի ճանապարհին: Անարգ այս յաջողութիւնից յետոյ կառավարութիւնը պահանջում է հայ անուանի հերոս Մկրտիչ Եօթնեղբայրեանի եւ բոլոր զէնքերի յանձնումը: Քաղաքի մօտերը, հայկական Կամուրջ գիւղում, մի ընդհարում է տեղի ունենում Մկրտիչի եւ թուրք ոստիկանների միջեւ, որոնցից մի քանիսն սպանւում են: Շուկայում կոտորւում են 500 հայեր եւ ասորիներ: Ոստիկանները մտնում են հայկական թաղը եւ պաշարում մի տուն, ուր այդ վայրկեանին գտնուել է ե՛ւ Մկրտիչը: Ոստիկաններից 20-ը սպանւում են, միւսները` զինաթափւում եւ ազատ արձակւում: Թուրքերը յարձակւում են հայկական թաղերի վրայ: Բայց ղօղանջում են նաեւ հայ եկեղեցիների զանգերը` ազդանշան դիմադրութեան: Թուրքերը փախչում են` թողնելով 450 դիակ: Հայերը խուժում են իսլամական թաղերը, որոնց բնակիչներից մի մասը կոտորւում է, մնացեալը` փախչում: Կանանց, երեխաներին, չարագործութիւններ չարած տղամարդկանց խնայում են եւ պատսպարում: Հասնում են թուրքական նոր ոյժեր: Կռիւը տեւում է 33 օր: Հայերը դիմադրում են կրօնական վերացումի հասած ոգորումներով: Հայ մարտիկների թիւն եղել է 1.000-ից մի քիչ աւելի (պատանիներ օրիորդներ, կանայք, տարիքոտ մարդիկ եւ միայն սակաւաթիւ երիտասարդներ): Թուրք զօրքը կրում է ծանր կորուստներ եւ խայտառակ պարտութիւններ (Ուրֆայի թուրք կոմիսէր Եուսուֆ էֆէնդին հետագային` անգլիական հրամանատարութեան տուել է հետեւեալ հաշիւը. «Բացի (հայերի կողմից) ոչնչացուած տեղական ոյժերից… կռիւներին մասնակցեցին ընդամէնը 11.000 կանոնաւոր զինուորներ: Երբ ամէն ինչ վերջացաւ, Ֆախրի փաշան ողջ մնացած 3.000 զինուորներով մեկնեց Բաղդադի ճակատը»): Հրաշքներ են գործում հայ աղջիկների զինեալ խմբերը, գլխաւորութեամբ օրիորդ Քէթէնճեանի: Թնդանօթաձիգներից շատերը հնձւում են սքանչելի նշանառու Սարգիս Եօթնեղբայրեանի (հրամանատար Մկրտիչի եղբայրը) հարուածներից: Յանդուգն այս մարտիկը մի գիշեր խորանում է թուրքերի թիկունքը, հասնում հեռաձիգ 3 թնդանօթներից մէկի դիրքը, սպանում անակնկալի եկած զինուորներին, փչացնում թնդանօթը եւ փոքրիկ իր խմբով վերադառնում քաղաք: Բայց ճակատագրի կծու հեգնանքներից է, որ զօրաւոր հոգին յաճախ պարտւում է զօրաւոր զէնքից, ինչպէս մշակոյթը, որ խորտակւում է բարբարոսութեան կրունկի տակ: Շաբաթների ռմբակոծութիւնը կատարեալ աւերակոյտի է վերածում Եդեսիայի հայկական քաղաքամասը: Կռուողներից թէ ժողովրդից շատերն են ընկել: Ինքը` հրամանատար Մկրտիչը, ծանրապէս վիրաւոր, ձիերի վրայ կամ զինուորների ուսերին դրուած պատգարակով է այցելում դիրքերը: Վերջին օրերին հայերն արդէն հրդեհուած տներից, փլատակների միջից են դիմադրում: Վիրաւորների խնդրանքով, հարազատները նրանց թոյն են տալիս կամ սպանում: Կանայք ինքնասպանութիւն են գործում այնպիսի նուիրումով, որպէս թէ կրօնական սրբազան մի ծէս են կատարում: Նրանք մեռնում են` ստանալով հոգեվարող քահանաների օրհնութիւնը: Եւ, այսպէս, լռութեան սեւ վարագոյրն իջնում է պատմական Եդեսիայի վերջին սրտաճմլիկ դիւցազնահանդէսի վրայ: 
    Ամէնից զարհուրելին, սակայն, կատարուեց հայոց հայրենիքի կենտրոնական մարզում` հայ լուսաւորութեան եւ պատմական փառքի օրրան Տարօնում: Պատերազմից ամէնից աւելի Տարօնի շրջանն էր տուժել: Թուրքական բանակին նա տրամադրել էր զէնքի ընդունակ ամբողջ իր ոյժը: Բացի դրանից, հազարաւոր պարէնակիրներ, որոնցից մօտ 6.000-ը ցրտահար` մեռել են կամ անպէտքանալու աստիճան հիւանդացել: Ընդհանուր տեղահանութեան օրերին (1915-ի մայիսին) Տարօնն արդէն կորցրել էր մարտական գրեթէ ամբողջ իր ոյժը: Հակառակ դրան, թուրքերը մինչեւ յուլիս 15-ը զգուշանում են մօտենալ այդ շրջանին: Հայ մի քանի գործիչների ծայրայեղ օրինասիրութիւնն էլ անդամալուծել է ժողովրդի ապստամբական ոգին: Յուլիսի սկիզբներին ռուսական բանակը մօտենում է Տարօնին, ուստի եւ` թուրքերն ահագին զօրքեր են լեցնում այդ գծի վրայ: Բայց ռուսներն անակնկալօրէն նահանջում են եւ զօրամասերն ու իսլամական տասնեակ հազարաւոր զինուած խուժանը տրամադրւում են Մշոյ հայաբնակ մեծ դաշտի ոչնչացման գործին: Մի գիշեր գիւղերն առանձին պաշարւում են: Լուսաբացին թնդանօթները գործում են Մուշ քաղաքի վրայ: 
    Ազդանշանը տրւում է. (*  Այդ ազդանշանի յիշողութիւնը պատկերալից կերպով արտայայտուել է Խ. Հայաստանի բանաստեղծներից մէկի (Տաչօնի կոտորածի օրերին փլատակների մէջ անտէր մնացած մի մանուկ) տողերում.«Ինձ արթնագրին թնդանօթով օրօրոցից մի անգոյն,
                     Ինչ որ լավ էր` մանկութիւնից խորտակեցին իմ հոգում,
                      Կործանեցին մեր խրճիթը մութ անտառի եզերքում,
                    Հիմա աւեր այդ խրճիթն ու մանկութիւնն եմ ես երգում»...) սկսւում է ընդհանուր կոտորածը: Թէպէտեւ անակնկալի եկած, հայերը կռւում են շատ եւ շատ գիւղերում: Կռւում են առանց ռազմամթերքի, առանց երիտասարդ ոյժերի, ամէն գիւղում 5-10 հրազէններով–մէկը` 100-ի, երբեմն` մի քանի հարիւրի դէմ: Դիւցազնական, բայց անյոյս դիմադրութիւն: Աւրան մեծ գիւղում, ուր հաւաքուելիս են եղել նաեւ շրջակայ մի քանի գիւղերի բնակիչները, եռօրեայ կատաղի կռիւներից յետոյ, հայերն հաւաքւում են եկեղեցի, հսկում են կատարում եւ վերջին գնդակներով սպանում իրանց հարազատներին: Նոյն օրհասն Իննակնեան լեռներում: 
    Մուշ քաղաքում, կռուի առաջնորդ Կոտոյեան Հաջի Յակոբը մի քանի անգամ ճեղքելով թուրք զօրքի շղթան` լեռ է բարձրացնում 6.000-ի չափ կանանց, երեխաների խմբեր: Օրհասական մի յարձակման ժամանակ վիրաւոր` նա հարկադրւում է կռիւը սահմանափակել պաշտպանողականով: Ռազմամթերքի սպառումով, նա հրաման է տալիս հրդեհել տները: Մինչդեռ տղամարդիկ վերջին գնդակներով թշնամին իր դիրքումն են պահել, կանայք, աղջիկները վառել են հայրենի յարկերը: Սարսափելի է եղել ինքնաողջակիզումի տեսարանը: Զոհերն աղօթել են` բարձրաձայն երգելով եւ փառք տալով Աստծուն, որ զերծ են մնում մահմեդական ոսոխների պիղծ ձեռքերի հպումից: Ուրիշ տասնեակ հազարներով կանայք, երեխաներ հաւաքուել-այրուել են թշնամու ձեռքով – միայն Աւղուտ գիւղում` 15.000: Մարդկային կմախքների ընդարձակ դաշտեր, մոխրակոյտեր են կազմուել Խասգեղ, Ցրօնք, Սոխգոմ, Բլէլ եւ այլ գիւղերի մօտ: Ուրիշ հազարներ իրանց վախճանը գտել են ողջ-ողջ նետուելով Արածանիի (արեւելեան Եփրատ) ջրվէժներից, սահանքներից: Սեւ Սարի ստորոտներին եւ լանջերին ընկած մի քանի տասնեակ գիւղեր կարողացել են կռուով բարձրանալ Քան լեռը: Շուտով այստեղ հաւաքուել է 40-50 հազար հոգի (ըստ ոմանց` մօտ 70.000): Բռնկուել է ե՛ւ Սասունի լեռնավայրը, ուր հայերը մի քանի արիւնահեղ ճակատամարտերից յետոյ` ունեցել են նոյն սրտաճմլիկ վախճանը: Քանում, ուր հասնում են նաեւ Սասունի հայութեան մի քանի խմբերը, կռիւները շարունակուել են մինչեւ աշուն: Ահաւոր է եղել վերջին օրուայ պատկերը: Թշնամին, տեսնելով, որ պաշարուածների կողմից այլեւս հրազէնի ձայն չի գալիս, խուժել է հայերի բանակավայրը: Սպառած վերջին գնդակները` սրանք դիմադրել են քարերով, հրացանի կոթերով, դաշոյններով, փայտերով: Կանայք եւ աղջիկները, գրկած իրանց զաւակներին, փոքրիկ եղբայրներին, քոյրերին, նետուել են ժայռերից: Նրանք, որ ընկել են մեռելակոյտերի վրայ եւ ողջ մնացել` խելագարօրէն վազել են դէպի ուրիշ ժայռեր եւ երկրորդ, երրորդ անգամ նետուել: 

* * *

    «Կարդալով այսպիսի սոսկումների մասին` թւում է, թէ իսկապէս երազում էք»,- ասում է հայկական եղեռնը նկարագրող ֆրանսիացի մի հեղինակ: Բայց երազանման այդ մղձաւանջը խլել է կեանքը երկու միլիոն մարդկանց, եւ սրանց հետ` մոխրացրել դարաւոր մի մշակոյթ: Կործանուել են քրիստոնէութեան հնագոյն եւ մեծափառ տաճարները, գործ` Դ. Ե. եւ հետագայ դարերի: Ճարտարապետական ամենահռչակաւոր կոթողներից շատերը հիմնահատակ քանդուել են (ինչպէս Մշոյ Ս. Կարապետի հռչակաւոր վանքը), ուրիշները վերածուել են մզկիթների, ախոռների կամ ի հեգնումն մարդկային քաղաքակրթութեան` նաեւ «թանգարաններ»-ի (ինչպէս Աղթամարի գեղակառոյց տաճարը): Հարիւրաւոր հին վանքերի ճակատագիրը բաժանել են հազարաւոր եկեղեցիները, ոմանք նոյնպէս գործ` քրիստոնէական միջնադարի: Ոչնչացուել են անգամ գերեզմանատները, ջարդուել, փշրուել են հայկական գեղաշէն, նրբագիծ խաչքարերը-թանկարժէք գործեր քրիստոնէական արուեստի: Կրակի են յանձնուել հազարաւոր գրչագիր աւետարաններ, կրօնական, պատմական երկեր - անհունօրէն արժէքաւոր թէ՛ որպէս աղբիւր, թէ՛ որպէս հայկական մանրանկարչական նշանաւոր արուեստի սքանչելիքներ: Նիւթական կողոպուտի չափը, իր ահագնութեան մէջ, մնում է անորոշելի: Նոյնպէս ե՛ւ մարդկային զոհերի իսկական թիւը:
    Ելնելով 1912թ. անկատար վիճակագրութիւններից (ըստ որոնց` Թուրքիայի հայերի թիւը մօտ երկու միլիոն է), եւրոպացի հեղինակները հայերի մարդկային կորուստը ցոյց են տալիս 1,100.000: Իրողութիւն է, որ հայ ազգի ծանրութեան կենտրոնը գտնւում էր Թուրքիայում: Ռուսական վիճակագրութիւնը Կովկասի հայերի թիւը (հայկական եղեռնի օրերին) ցոյց է տալիս 1.786.794: Թուրքիայի հայերը նուազագոյնը սրա մէկեւկէսն էին, յամենայնդէպս` ո՛չ պակաս 2.500.000-ից: Դեռ 1884 թուականին, ամենաճշմարտամօտ համարուած անգլիական մի աղբիւր հայերին հաշւում է 2.000.000: Ճի՛շդ է` հետագային եղան ջարդեր (330.000), արտագաղթ (200.000), բայց հայերի նման աճող (նուազագոյնը` 3%-ով) մի ժողովուրդ 1915-ին, ուրեմն` 30 տարուայ ընթացքին, դարձեալ կարող էր իր թիւը հասցնել 2.5 միլիոնի: Վերջապէս, եւրոպական աղբիւրները միայն Կ. Պոլսի հայերի թիւը, ներկայ դարի սկզբին, հաշւում են 250.000, իսկ հայկական նահանգների նկատմամբ` վեց պետութիւնները յաճախ են միաձայնօրէն պնդել քրիստոնեաների մեծամասնութեան վրայ: 
    Կոտորածը տարածուել է (1918-ին) պարսկական Ատրպատականի հայկական շրջաններում (Խոյ, Սալմաստ, Ուրմիա), ուր անխտիր ջնջուել են տասնեակ հազարներով հայեր եւ քրիստոնեայ ասորիներ: Վերջապէս, արեան հեղեղներ են հոսել Կովկասում` ռուսական Հայաստանում (Կարս, Շիրակ, Լոռի-Փամբակ, Նախիջեւան, Գողթն, Նուխի, Արէշ, մասնաւորապէս` Բագու): Լեպսիսուսի բերած տախտակից հասկացւում է, որ Թուրքիայից Հայաստան եւ Կովկաս են ապաստանել մօտ 450.000 հայեր: Խորհրդային վիճակագրութիւնը (այն էլ 1926-ին) Հայաստանի եւ Կովկասի հայերի թիւը հաշւում է 1.332.000: Դուրս է գալիս, որ Կովկասում հայերը տուել են մօտ 900.000 զոհեր (1.786.794+450.000–1.332.000), չհաշուած անգամ 9 տարուայ աճը: Անշո՛ւշտ, կեղծուած է այս թիւը. քաղաքական հաշիւներով, բոլշեւիկները կատարել են ե՛ւ թուաբանական ջարդ: Հակառակ իմաստով նրանք կեղծել են նաեւ թուրքաթաթարների թիւը, որ 1917-ի ցարական վիճակագրութեամբ 2.070.000 էր, 1926-ի բոլշեւիկեան վիճակագրութեամբ` 1.675.000: Թուրքական 1918-ի ներխուժման հետեւանքով, Կովկասում եղել են հայերի եւ մահմեդականների փոխադարձ ոչնչացումներ, գրեթէ հաւասար, մօտ 350.000-ական կորուստներով: Մօտ 200.000 հայեր Անդրկովկասից անցել են հիւսիսային Կովկաս, հարաւային Ռուսաստան, նոյնքան թուրքաթաթարներ տեղափոխուել են Թուրքիային մնացած հայկական նահանգները: 
    Վերցնենք այժմ թուրքաց Հայաստանի Մեծ Հայքին պատկանող 5 նահանգները (Կարին, Վան, Բաղէշ, Տիգրանակերտ, Խարբերդ), զանց առնելով Տրապիզոնը եւ Սեբաստիան: Ըստ 1912-ի պակասաւոր վիճակագրութեան, հինգ այդ նահանգներն ունէին 2.630.500 բնակիչ: Նոր Թուրքիայում 5 այդ նահանգները վերածուել են 9-ի, որոնց բնակչութեան համագումարն է, ըստ թուրքական 1927-ի պաշտօնական վիճակագրութեան, 1.207.817: Այս ընդհանուր թուից պէտք է հանել ռուսական Հայաստանից Բայազէդի նահանգին կցուած Սուրմալու գաւառի 54.000 մահմեդական բնակիչները եւ, վերջապէս, հայկական ջարդերից յետոյ թուրքաց Հայաստանի նահանգներում վերաբնակուած մօտ 150.000 ուրիշ մահմեդական ներգաղթողներ: Ուրեմն, 1912թ. 2.630.500 բնակիչներից 1927-ին մնացել է շուրջ մէկ միլիոն, այն էլ` ըստ թուրքական վիճակագրութեան: Հանելով այդ նահանգների 800.000 քրիստոնեայ բնակչութիւնը` պարզւում է, որ այդ մարզում ոչնչացուել են, մի՛շտ անտեսելով 9 տարուայ բնական աճումը, 830.000 մահմեդականներ: Փոխադարձ ոչնչացումներ են եղել ե՛ւ Կիլիկիայում, պարսկական Ատրպատականում, արեւմտեան Անատոլիայում, Տրապիզոնի նահանգում, ուր հայերն առանձին կամ ռուսների եւ յոյների մասնակցութեամբ տարել են վրէժխնդրական կռիւներ: Թողնելով Պարսկաստանի, Անատոլիայի, Թրակիայի, Կիլիկիայի շրջանների բնակչութիւնների վերաբերեալ բաղդատական մանրամասնութիւնները, մենք եզրակացնում ենք. թուրք կառավարութեան 1915/20-ին յղացած եւ գործադրած ժողովրդասպան ծրագրին` Թուրքիայում, Կովկասում եւ պարսկական Ատրպատականում զոհ են գնացել աւելի քան 3.200.000 մարդիկ, որոնցից շուրջ 2.000.000-ը` հայեր (բռնի իսլամացումով հայ ազգի համար կորածների թիւն անորոշ է) եւ շուրջ 1.200.000-ը` մահմեդականներ:     Հայկական եղեռնի օրերին հայերի ճակատագիրը բաժանեցին քրիստոնեայ ասորիները եւ աղանդաւոր (արեւապաշտ) եզդիները: Հետագային սկսուեցին քրիստոնեայ յոյների ջարդերը: Իսկ 1924-ից թուրքական սուրը գործում է մահմեդական, բայց ցեղով արիական քիւրդերի դէմ: Այսօր (քրտական ջարդերից եւ Երզնկայի երկրաշարժից յետոյ) Մեծ Հայքի նախկին 5 նահանգներում ապրում են միմեանց արեան թշնամի դարձած 550.000-ի չափ քիւրդեր եւ 400.000-ի չափ թուրքաթաթարներ: Դրա հանդէպ հայկական Մեծ Եղեռնից ազատուած եւ աշխարհի չորս ծագերը ցրուած Թուրքիայի 750.000 հայերի թիւն արդէն հասել է 1.200.000-ի, որից 400.000-ը` խորհրդային սահմաններում, 200.000-ը` Ամերիկայում, 200.000-ը` արաբական երկրներում, 100.000-ական` արեւմտեան Եւրոպայում եւ Բալկաններում, մնացեալը` այլեւայլ երկրներում): Խորհրդային Միութեան հայերի թիւն է (ըստ 1939-ի վիճակագրութեան) 2.154.000: Ուրիշ 170.000 հայեր ապրում են Պարսկաստանում: Բոլոր հայերի օրուայ թիւն է 3.5 միլիոն: Չլինէին 1915-ի կոտորածները եւ տարագրութեան յատուկ աննպաստ պայմանները` հայերն այժմ պիտի կազմէին մօտ 10 միլիոննոց մի ազգութիւն: Ահա՛ թէ ի՞նչ է կորցրել հին Եւրոպայի դիւանագիտութեան ամենամեծ զոհը` Առաջաւոր Ասիայում արիական իր ուխտի համար եւ քրիստոնէական քաղաքակրթութեան դրօշի տակ նահատակուած հայ ժողովուրդը:
Категория: Հայկ Ասատրյան | Просмотров: 530 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024