Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 13:44
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 29 » «ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ»
13:28
«ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ»

«ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ»

Այո՛, մենք կայինք նաև Նրանից առաջ: 

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, 
Եվ դարե՜ր առաջ: 

Մենք բռնությունից խույս էինք տալիս՝ 
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ. 
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դինապաստ անում 
Եվ դրանով իսկ անուն ստանում՝ 
Կոչելով մեզ Հայկ: 

Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ, 
Ձո՛ւկ, 
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից 
Իր փորը վառած՝ 
Կիսաբաց բերնով 
Երկընքից անջուր 
Գոնե անձրևի շիթ էր պահանջում: 

Լեռը ծակելով՝ 
Մենք նրա միջով ջուր էինք տանում 
Ու շռայլ բանում 
Մեր այգիների այրի արգանդին: 

Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք 
Ձևը վարսանդի 
Եվ կոչում կարաս, 
Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր, 
Եվ մկըրտության այդ ջուրը դեղին 
Հարբածությունից նույնիսկ առավել 
Զարմանք էր ազդում այն գոռոզներին, 
Որ մեզ այնուհետ 
Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»: 

Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝ 
Դառնալ դիցուհու արձան անթերի, 
Եվ այդ հլությունն անձնատուր ոսկու 
Անվանում էինք Մայր զգաստությանց՝ Մեծըն Անահիտ:

Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն, 
Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր 
Եվ... կոչում Գառնի...

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ: 
Մեր արքաների և իշխաններ արածի վրա չարածը դրած՝ 
Նրանց գործն էինք դեռ շարունակում 
Լարերի վրա բամբ բամբիռների 
Եվ... դա անվանում Երգ Վիպասանաց... 

Արշակները մեր՝ 
Հայրենի հողին ոտքով շփվելով, 
Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում 
Եվ ըմբերանում տիրակալներին: 

Մուշեղները մեր՝ 
Օտար զորությանն ընդդիմանալիս 
Նրանց հարեմը գերի առնելով 
Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝ 
Առնականության և վեհանձնության դաս էին տալիս, 
Այնպիսի՛ մի դաս, 
Որ ոսոխն անգամ անգիր էր անում... 

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ: 

Մենք աստղերն էինք մեր աչքով զննում, 
Արփալույս էինք թելերով հինում, 
Տաճարից ելնում ու թատրոն գնում, 
Վայելում նաև հաճույքը վսեմ 
Մեր այն պարուհի-կաքավողների, 
Որոնց մարմինը նվագ էր լռած 
Եվ որոնք նաև «երգեին ձեռամբ»...


Սակայն աշխարհի լայնքի վրայով 
Մի չտեսնըված մրրիկ էր անցել: 

Հրեա մի գունատ՝ 
Քշված իր երկրից, 
Օտարականի ու հյուրի տեսքով, 
Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ: 

Զորավոր էին աստվածները հին, 
Այնքան զորավոր, 
Որ անկեղծ էին ու չէին ստում: 

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին 
Եկավ շաղ տալու խոստումներ օդում, 
Եկավ զինավառ գեղեցիկ ստով…

Միամիտ էին աստվածները հին, 
Միամիտ այնքա՛ն, 
Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի 
Եվ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով: 

Իսկ եբրայեցին եկավ ասելու. 
«Այս է մարմինն իմ.առեք ու կերեք: 
Այս է արյունն իմ.ըմպեցեք սիրով»... 

Ուղղամիտ էին աստվածները հին, 
Ուղղամիտ էին՝ 
Պարզ դերձակի պես. 
Իրենց հավատի հանդերձը նրանք 
Միշտ ձևում էին ճիշտ կյանքի վրա: 

Իսկ եբրայեցին եկավ կարելու 
Մի համընդհանուր-կախարդիչ հանդերձ, 
Որով պիտի որ հավասարվեին 
Ե՛վ վտիտ ու գեր, 
Ե՛վ հաստ ու բարակ…

Ճշտախոս էին աստվածները հին, 
Ճշտախոս էին՝ 
Երեխայի պես. 
Մարդկանց մարդ էին նրանք անվանում, 
Իսկ իրենց` աստված: 

Իսկ եբրայեցին ասաց. «Մարդ եմ ես», 
Եվ ... դարձավ աստված՝ 
«Մարդ եմ» ասելով... 

...Զորավոր էին աստվածները հին, 
Այնքա՛ն զորավոր, 
Որ անկեղծ էին ու չէին ստում: 
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ, 
Երբ ով չի ստում՝ պիտի կործանվի՜ ...
Категория: Պարույր Սևակ | Просмотров: 640 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024