Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 10:54
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 7 » ԱՆԱՐԻՈՒԹԻՒՆԸ - ՄԱՅՐ ՉԱՐԵԱՑ
20:39
ԱՆԱՐԻՈՒԹԻՒՆԸ - ՄԱՅՐ ՉԱՐԵԱՑ
ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ԱՆԱՐԻՈՒԹԻՒՆԸ - ՄԱՅՐ ՉԱՐԵԱՑ

Խորհրդածութիւններ Վարդանանց տօնի առթիւ


ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ

Հին է սրա պատմութիւնը: Նա երէկ չէ ծնւել եւ վաղը չպիտի մեռնի: Խօսել սրա մասին կը նշանակէ պատմել մեր ցեղի պատմութեան ամենատխուր էջերը: 
Դա զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու, որի մասին հայոց պատմութիւնն ասում է զայրոյթով՝ «Շապուհի զօրքերը կ՚առաջնորդէին հայանուն դաւաճանները՝ ծանօթ Հայաստանի դիրքերին ու դրութեան»: Ազգադաւն է նա, որի սեւ գործերի մասին խօսելիս վաղուայ պատմիչը զզուանքով պիտի գրէ՝ «Տաճիկ զօրքերին դէպի Հայաստան կ՚առաջնորդէին հայանուն կարմիրները»: 
Երէկ նա չէր ճանաչում ազգային անկախ պետութիւն, այսօր ներքին թշնամին կաշուից դուրս է գալիս արդարացնելու եւ ամրացնելու օտար իշխանութիւնը Հայաստանում: 
Օտարի լուծը ժամանակին նա արդարացրել է Պարսկահայաստանում, Տաճկահայաստանում, Ռուսահայաստանում, եւ վաղը եթէ իրերու բերումով թաթարները մտան մեր երկիրը, եւ վաղը եթէ մեր երկրում ապրող մի բուռ եզիդներն իսկ արիութիւն ունեցան հայութեան պարտադրելու իրենց գերիշխանութիւնը - ներքին թշնամին՝ անարի հայը, ծափ կը զարնէ եւ սրանց: 
Միայն ազգային իշխանութիւն չէ ճանաչում դա: Վաղը նա չպիտի ճանաչի եւ երրորդ Հայաստանը, եթէ այնտեղ յեղա- փոխականների փոխարէն իշխեն հայ-կաթոլիկները՝ ամենից չէզոքները: Այս է, այսպիսին է մեր ներքին թշնամին, որը այնքան սեւ դարեր եւ օրեր է ապրեցրել հայութեան, որը քանիցս ու քանիցս ներսէն է պայթեցրել մեր բերդերը եւ հեշտացրել օտարների մուտքն ու իշխանութիւնը Հայաստանում: 
* * * 
Վատերը կարճայուշ են լինում: 
Մենք գիտենք, սակայն, թէ ինչպէս պատժուեց Ե. դարի հայու վատութիւնը: Քաղաքական հեռատեսութեան դիմակի տակ գործող Վասակի դաւաճանութիւնը չմնաց անպատիժ, իսկ Աւարայրի խնկելի «արկածա¬խնդիրը» հայ ժողովրդի կողմից հռչակուեց սուրբ: 
Նոյն ձեւով պատժուեցին եւ Դավիթ բէկի հակառակորդները ԺԸ. դարում: 
Աւելի խստագոյնս պիտի պատժուին հայոց պատմութեան կողմից մեր օրերի ներքին թշնամիները: 
Պատմութի՜ւնը... Ա՜հ, դատաւորների այդ մեծ եւ անմահ դատաւորը, որին չէ յաջողել լռութեան դատապարտել եւ ոչ մի ոյժի, չպիտի կարողանայ կաշառել եւ կարմիրների արծաթը: Պատմութեան դատաստա՜նը - ահա սեւ օրերը վատերի: 
Այդ օրը նա պիտի թքէ վատ մեռելների գերեզմանին եւ կենդանի վատերի ճակտին անփառունակ: 
* * * 
Սակայն, իրենից ի՞նչ է ներկայացնում ներքին թշնամին՝ հոգեբանօրէն: Ո՞վ եւ ի՞նչ է դա որպէս հոգեբանական նկարագիր: - Անարին է դա: Դա կենդանի համադրութիւնն է հին փառասէր հայու եւ դարերի ընթացքում օտար լծերի տակ տկարացած, անարիացած հայու: 
Անարին է դա, որի մէջ դեռ ապրում է Տիգրան Մեծի շրջանի հայ մարդու փառասիրութեան մի մասը: 
Անարին է դա, որի մէջ անթեղուած մնում է դեռ Արշակունիների շրջանի հայ մարդու փառասիրութեան մի մասը. - Արշակունիները, որոնց օրօք հայկական զինանշանը կը խորհրդանշէր Արծիւը՝ թեւաբաց՝ աշխարհակալ: 
Անարին է դա, Տիգրան Մեծի եւ Արշակունիների աշխարհակալ հայութեան փառասիրութեամբ օժտուած, բայց դարերի ստրկութեան մէջ իր արիութիւնը կորցրած հայն է ներքին թշնամին: 
Կա՛յ, սրա մէջ կայ փառասիրութիւն, բայց պակասում է արիութիւնը: Իսկ նման արարածը ե՛ւ դժբախտ է, ե՛ւ վտանգաւոր: Սրան պէտք է բաւարարել իր փառասիրութիւնը, բայց աւա՜ղ, արիութեան պակասի շնորհիւ սա անընդունակ է զոհաբերութիւն պահանջող մեծ, բարի եւ առաքինի գործերի: Նա կ՚ուզէր երկնքի աստղերը վեր բերել, արծւի թեւերից փետուր խլել. նա կ՚ուզէր իր անւան շռինդով առնւազն հայոց աշխարհը լեցնել... Նա փառասէր է եւ... այսքանը: 
Փառասէր, բայց եւ ոչ արի: Իսկ նմանը ե՛ւ դժբախտ է, ե՛ւ դժբախտացնող. իսկ նմանը չար ոյժ է, չարագործ, հրէշ: 
* * * 
Անարի փառասէրն իր հետքերն է թողել եւ համաշխարհային պատմութեան մէջ: Նախանձի որդը հանգիստ չէր տայ Հերոստրատին: 
Նա կ՚ուզէր անմահանալ, յաւերժանալ, բայց կը պակասէր արիութիւնը: Եւ ահա՛ մի գիշեր նա ուզեց անմահանալ: Եւ մթութեան մէջ կատարեց իր մութ գործը. նա հրդեհեց, կրակի մատնեց հին աշխարհի ամենամեծ տաճարը եւ իր անունը կապեց պատմութեան, անմահացաւ... որպէս չարագործ: 
* * * 
Մեր ներքին թշնամին. 
Հայ Հերոստրատն է դա, որն իր սեւ գործերով մեր դարերի պատմութիւնն է սեւացրել: Եւ որքան շա՜տ են նրանք, - փոքրիկ Հերոստրատները: Հիւանդոտ փառասիրութեամբ, բայց զուրկ արիութիւնից: Նրանք, բոլոր տեսակի Հերոստրատները գործի վրայ են այսօր: Նրանք գործում են եւ անմահանում... Հերոստրատաբար, չարագործաբար: 
Նրանք այսօր հայ ցեղի սրբութիւնների ամօթալի աճուրդն են կազմակերպել: Սրբութեանց առեւտուր: օախու են հանուած Մայիս քսան եւ ութը, Եռագոյնը, Հայկական անցագիրը: Դաւել են եւ դաւում են վատերը հայ ցեղի գոյութեան եւ այդ գոյութիւնն արդարացնող սրբութիւնների դէմ: 
Արիութեան պակասը, անարիութիւնը - ահա՛ վատ հայերի եւ նրանց վատութիւնների մայր պատճառը: 
Քանի դեռ հայ մարդու փառասիրութեան չէ միանում վտանգն ու մահը անգիտացող արիութիւնը, քանի դեռ կայ անարի հայը - կը լինի ներքին թշնամին. իսկ քանի դեռ կայ այդ հրէշը - քաղաքական աւելի բարւօք վիճակը երազ պիտի մնայ մեզ համար: 
Անարիութիւն - ահա՛ վատ հայու գոյութեան պատճառը: Վատ հայը - ահա՛ հայ ժողովրդի դարերի եւ այսօրւայ դժբախտութեան գլխաւոր պատճառը: 
* * * 
Եթէ անարիութիւնը՝ մայրը բոլոր չարագործների եւ չարեաց՝ եթէ անարիութիւնն է երբեմնի հոգով արծիւ մեր ժողովուրդը դարձրել Գառն Աստուծոյ - դարերի անմեղ որսը Արեւելքի գայլ ցեղերի համար, արիութիւնն է, որ պիտի փրկէ հայութիւնը: 
Արիութիւն - յետ այսու սա՛ պիտի լինի հայ մարդու կոչումը: Վահագնի հետ պիտի խօսի հայ մարդը հիմա - Աստուածը հին հայոց, Աստուածը Արիութեան եւ Յաղթանակի: 
Փտած, եղծանւած են հին մագաղաթները: Նոր աւետարանի խօսքը պիտի լսի հայութիւնը: 
Ցեղօրէն անկախ ապրելու եւ ստեղծագործելու՝ եւ ոչ ժամանակաւոր կեանք մուրալու համար հայ ժողովրդի հաւաքական հոգու մէջ հրամայողաբար յարութիւն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ հզօր Աստծու: Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան Արարատեան դաշտում, Սիւնիքում, Արցախում, մեր գաղութներում, ամէն տեղ, ուր կ՛ապրի հայը՝ ամէն մի հոգու մէջ, քանզի արիութիւնն է եղել յաւիտենական պարտականութիւնը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել: 
- Արիացի՛ր, արիացո՛ւր՝ սա պիտի լինի մեր օրուայ նշանաբանը: Վահագն-Աստուած, արիապաշտութիւնը - նոր կրօն, հայ մարդն - արի՛, եթէ չենք ուզում մեր տեղն արեւի տակ մի օր զիջիլ մեզնից արիներին: 
«Արաքս» օրաթերթ, Սոֆիա 1926թ., 11 փետրվար
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 435 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024