|
|
|
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ
Հայոց Յեղափոխական շարժման միացել եմ 17 տարեկան հասակից՝ իբրեւ գիմնազիստ: Հետագայում լքել եմ Համալսարանը եւ գործել ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906-ին անցել եմ Բուլղարիա եւ Մակեդոնական ազատագրական շարժման ղեկաւարներ Բորիս Սարաֆովի եւ Լիապով Գուրինի միջնորդությամբ ընդունւել Սօֆիայի սպայից դպրոց Դմիտրի Նիկոլովի անունով: Աւարտելով դպրոցը (I կարգ) վերադարձել եմ Կովկաս՝ Մուրադի հայդուկային խմբի հետ Հայաստան անցնելու համար: Այնուհետեւ գործել եմ Պարսկաստանում: 1909-ին վերադարձել եմ Կովկաս եւ ձերբակալւել: Բանտերում՝ Ջուլֆայից մինչեւ Պետերբուրգ՝ մնացել եմ աւելի քան 3 տարի, 163 դաշնակցականների ծանոթ դատաւարութիւնից հետոյ՝ Սիբիր չընկնելու համար, անցել եմ Բուլղարիա: ► 1912-ին հայ կամաւորներից կազմակերպել եմ մի վաշտ եւ Անդրանիկի հետ մասնակցել Բալկանեան պատերազմին-հանուն Մակեդոնիո եւ Թրակիո ազատագրության: Պատերազմի վերջին շրջանում, իբրեւ յեղափոխականներ՝ հրաժարւել ենք մասնակցել բալկանյան ժողուուրդների ներքին կռիւներին եւ զօրացրել Հայկական վաշտը: Ես վիրաւորւել եմ այդ պատերազմում: Հայոց դրօշակը եւ շատ հայ կրծքեր զարդարւել են քաջութեան խաչերով: ► Անցեալ համաշխարհային պատերազմի նախօրեակին՝ ներման արժանանալով ցարական կառաւարութեան կողմից՝ վերադարձել եմ Կովկաս՝ Թուրքիայի դէմ մղւելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիւների առաջին շրջանում վարել եմ Հայ-կական կամաւորական II գումարտակի փոխհրամանատարութիւնը, վերջին շրջանում՝ ղեկաւարել հայ-եզիդական մի առանձին զօրամաս: ► 1917-ին, սակաւաթիւ ուժերով օգնութեան եմ փութացել պաշարւած Կողբին եւ փրկել այդ շրջանի հայութեանը: Այդ միեւնույն օրերին անցել եմ Աբբաս Գիոլ, կապւել եզիդների հետ, հետս առնելով վերջինների առաջնորդ Իւո բէգին, վերադարձել եմ Տփխիս եւ նրան կապի մեջ դրել Հայոց Ազգ. Խորհրդի հետ: ► Հայաստանի անկախութեան նախօրեակին վարել եմ Ալաջայի կռիւները, որոնցով կարելիութիւն ընձեռել Էրզերում-Սարիղամիշ-Ղարսէն նահանջող հայկական զօրամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապօլ, եւ Արփաչայը կտրել անցել եմ միայն այն ժամանակ, երբ վերջին նահանջող հայ զինւորի հետ իմ մարդկանց յաջողւեց փոխադրել Անիէն պրոֆ. Մառ-ի պեղումների արդիւնքը հանդիսացող արժեքաւոր հնութիւնները: ► 1918 մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսէի ճակատամարտը: Վիրաւորւել եմ: Ներկայացել ամենաբարձր քաջութեան շքանշանի: Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսէի ճակատամարտի ոչ թէ օրւայ Խ. Հայաստան այլ եւ այդ երկրամասի վրայ այսօր ապրող հայութիւն չէինք ունենայ: Ղարաքիլիսէյի եռօրեայ հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատեան հայութիւնը եւ հիմը դրեց Հայկական Պետութեան: ► Հայաստանի անկախութեան օրով, 1919-ի աշնան փրկել եմ Դաւալուի եւ Վեդիի միջեւ պաշարւած Հայկ. II գունդը: ► 1919-ի երկրորդ կեսէն անցել եմ Սիւնիք՝ Էդիֆ բեյի զօրքերի կողմից պաշարւած, սովի ու սուրի մատնւած Գողթանին օգնութիւն հասցնելու համար: Փրկւեցին թէ’ այդ շրջանը, թէ’ այդտեղի հայութիւնը: ► Այնուհետեւ լծւել եմ վտանգւած Ղափանի եւ Արեւիքի հայութեան ֆիզիքական գոյութեան պաշտպանութեան գործին՝ ետ մղելով Մուսաֆաթական Ադրբեյջանի եւ Նուրի, Խալիլ թուրք փաշաների պարբերական յարձակումները: ► 1920-ի կէսերին՝ Դրօի զորամասի կողմից Ղարաբաղն ու Զանգեզուրը լքելուց յետոյ՝ ստանձնել եմ բովանդակ Սիւնիքի ինքնապաշտպանութեան գործը: Մեր այդ՝ աշխարհից բացարձակապէս կտրւած լեռնաշխարհում առանց բաւարար հացի եւ ռազմամթերքի, առանց սպայական կադրի եւ արտաքին որեւէ օգնութեան, քաղաքականապէս մենակ, շրջագծաձեւ ճակատի վրայ, աւելի քան մի տարի տեւող անհաւասար ու յաղթական կռիւներով՝ Սիւնիքը-որը Հայաստանի կառաւարութեան եւ Մոսկւայի ներկայա-ցուցիչ Լեգրանի միջեւ կնքւած պայմանագրով յանձնւած էր Ադրբեյջանին - պարտադրում է իր կամքը Խորհրդ. իշխանութեանը, Միասնիկեանի օրով իր 1921, յունիս, դեկլարացիայով Սիւնիքը համարւում է կցւած իր մայր երկրին-Հայաստանին: Սիւնիքի հերոսականի շնորհիւ փրկւած են նաեւ Հայաստանի մտաւորականութիւնը, Հ.Յ. Դաշնակցութիւնը, հայ յեղափոխական եւ մարտական տարրերը: ► Իմ կեանքն ու գործնէութիւնը կհաստատեն հետեւեալ իրողութիւնները՝ - Ես միշտ երեւան եմ եկել վտանգների ժամանակ: Խաղաղութեան օրով պաշտօններ չեմ փնտրել, քանզի չեմ սիրել: Վարել եմ միշտ էլ ժողուրդական ուժեր, մի տեսակ պաղութիւն զգալով դեպի այսպէս կոչւած «կանոնաւոր» զօրամասերը: Ղեկաւար տարրե-րը քամել եմ ժողուրդից եւ վերջինները կաղապարել, եթէ այսպէս կարելի է ասել, ըստ իր պատկերի: Կռիւներում եղել եմ մարդ, աւելի քան մարդ, անգամ թուրք ու թաթարների դէմ- վկա’յ զօրամասերիս ուղղւած իմ հրամանագրերն ու կանչերը: Սովետական իշխանութեան կողմից ինձ վերագրուածները հասարակ յերիրանքներ են՝ սահմանւած ամեն գնով հակառակորդը վարկաբեկելու ձգտող պրոպագանդի համար: Ես երբեք չեմ օգտւել արտաքին ուժերից, անգամ հարազատ Պետութեան միջոցներից: Առաջնորդւել եմ Մամիկոնեանների ուխտով. եղել եմ խոր հաւատքի եւ էտիկայի մարդ, եւ այդ իսկ պատճառով յաճախ դառնութեան բաժակներ դատարկել: Հաւատքի եւ պաշտամունքի տաճարում միշտ էլ առաջին տեղերը յատկացուած են եղել Աստուծոյ եւ Հայրենիքիս: Հայաստանն է եղել երկրաւոր սրբազնագոյնն ինձ համար: Շնչել, ապրել եմ նրանով՝ միշտ պատրաստ տառապելու, զոհաբերելու եւ մեռնելու նրա համար: Դա է եղել իմ սրբազան ցաւը, կարօտը, ուրախութիւնը, իմ գոյութեան իմաստը, իմ ան-մահութիւնը, իմ գերագոյն իրաւունքն ու պարտականութիւնը, միաժամանակ երկրի ժողովուրդը ջերմօրէն կապւել ու կուրօրէն հետեւել է ինձ: Ինձ թշնամացել են սրբութեան զգացումից զուրկ կիսամտաւորականն ու թուղթէ... կանոններով ղեկաւարւող միջակ զինւորականը: Ռօճիկ չեմ ստացել* ողջ կեանքում: Հրաժարւել եմ անգամ օտար պետութեան սահմանած թոշակից: Ունեցել եմ հարուստ լինելու եւ ճոխ ապրելու ամեն կարելիութիւն, սակայն ապրել եմ իբրեւ ժողուրդի մարդ, համեստօրէն, աղքատ կոչւելու աստիճան: Նյութապաշտութիւնը յեղափոխականի, զօրականի, հայրենասէրի համար համարել եմ մէկը մեր աշխարհի ամենամեծ պղծութիւններէն: Հայաստանից հեռանալիս հետս եմ առել Արաքսի Հայկական ափում զինւորներիս կողմից զարնւած վագրի մորթին - իմ միակ վարձատրութիւնը, Զաւալ փաշայի դաշոյնը - իմ միակ պատերազմական աւարը, պարտութիւն չտեսած Սիւնեաց Դրօշակը- թո’ղ դա դրուի կրծքիս վրայ, գերեզմանիս մեջ, եւ մի հին Հայկազեան բառարան- իմ միակ մխիթարիչը տարագրանքի մեջ: ► Հայը Հայաստանից դուրս ենթակայ է վատասերումի: Այդ չարիքի դէմ պայքարել հնարաւոր է միայն ցեղային արժէքների, առաքինութիւնների եւ սրբութիւների խոր ճանաչումով ու վերապրումով,- մի բան, որ հիմնաւորեցի եւ անւանեցի Ցեղակրօնութիւն: Դրա նպատակն էր՝ անհայրենիք հայութեանը հոգեւոր ու քաղաքական անտուն-անտիրութիւնից փրկելով, դարձնել հայրենատէր: Դա Հայրենատիրական շարժում է, որի մէջ վերանորոգւելով միայն պիտի միանան հայութեան բոլոր հատուածները: Իմ այդ ազգահոգ քարոզչութեան համար հայութեան հատւածականացած, ապահայրենացած ու պարտւողական տարրերը դաւադրեցին ինձ: Ներո՜ւմ եմ բոլորին, ներում կրկնակ պատճառներով- առաջին՝ իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դեպի որեւէ Հայ մարդ. երկրորդ՝ խորապէս հասկանում եմ այդ դժբախտներին, որոնք դեռ չեն յաղթահարած ստրուկն իրենց մեջ որով եւ՝ մնացել են տկար եւ չար: Այսօր, իբրեւ հայրենակարօտ տարագիր մի հատիկ ցանկութիւն ունեմ- Մեռնե՜լ Հայրենի լեռների վրա: ► Բուլղարիայում տեղի ունեցաւ ռազմա-քաղաքական անցքերի հասունցրած պետական հարւածը: Սպասւում է Կարմիր բանակը: Գիտեմ թէ ինչ է սպասւում ինձ, բայց եւ այնպէս որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիութիւն ունեմ par avion* ինձ նետելու Wien**: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկւեն մեր կազմակերպութիւնները: Մնալու աւելի լուրջ պատճառներ ունեմ՝ ծանօթ երկու ընկերներիս: Եկաւ սովետական բանակը, եւ տեղի ունեցաւ այն, ինչոր սպասում էի: Օգտւելով ստեղծւած թոհուբոհից՝ իրենց ցեղի կաթով չմեծցած մի քանի վատասերած հայեր արդէն գործի են անցել: Նրանք - առաւելապէս կօշկակարներ, իբրեւ ոստիկանական լրտեսներ՝ հետները զինւած բուլղար միլիցիոներներ առած, ընկած են տնետուն, ինձ են փնտրում: Հաւիտենօրէն զզւելի ստրուկնե՜ր, որոնք տկար իրենց չարութիւնը բաւարարելու - իրենց հայազգի «թշնամիները» ոչնչացնել տալու սեւ նպատակով - միշտ էլ օգտւել են օտար ուժերից: Նուազ զզւելի չեն, սակայն, նաեւ միայն անուանապէս ազգայնական տարրերը: Իբրեւ շուկայի բարոյականի տէր էակներ՝ անասնանալու աստիճանի սննկանացած են սրանք: Ծանօթ, բարեկամ, ազգական - ոչ ոք իր դուռը կբանայ առջեւդ, եթէ անգամ Նազովրեցու խաչն ուսիդ եւ փշէ պսակը արնածոր ճակտիդ իր պաշտպանութիւնը փնտրես: Մոռացան, մոռացան բոլորը , որ իմ թափած աշխատանքի շնորհիւ միայն ամբողջ չորս տարի զերծ մնալով հրեաների ճակատագրից՝ հարստացան ու հարստացան: Նրանք, որոնք դեռ երէկ հայեացքդ ու բարեւդ կ’որսային, այսօր փախչում են անունիցդ, ստուերիցդ անգամ: Կարմիրները սպասում են ինձ. եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ: Թո’ղ կատարւի անխուսափելին: Այսօր կեանքին ես կապւած եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին: Ո՞ւր ես, ո՞ւր ես դու Հայաստանի տիրասիրտ ու պաշտելի ժողովուրդ, որի ոգին գիտցաւ միշտ էլ վսեմանալ վտանգների ժամանակ: Գաղո՛ւթ, դու մի անգամ եւս ինձ ապրեցրիր ամօթանքի ողբերգութիւնը- ամօ՜թ քեզ: ՆԺԴԵՀ
|
Категория: Мои статьи | Добавил: PanArmenizm (14.08.2011)
|
Просмотров: 525
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|