ՎՏԱՆԳԻ ԳԻԾԸ
Թուրքերը տիրելով Փոքր Ասիային, Հելլեսպոնտոսից (Դարդանէլ) անցան Թրակիա, մտան Բալկաններ, խորացան մինչեւ Կենտրոնական Եւրոպայի դռները, առանց ձեռք տալու Վոսփորի շուրջը խցկւած բիւզանդական «կայսրութեան»: Նրանք նոյնիսկ խնամիական-բարեկամական կապեր հաստատեցին բիւզանդական կայսրերի հետ: Գրեթէ մէկ դար (93 տարի) թուրքերն իրենց տիրապետութեան կենտրոնում հանդուրժեցին բիւզանդական կայսրութեան այդ կղզեակը, մի օր էլ (1453թ.) խորտակելու նրա պարիսպները եւ կայսրերի մայրաքաղաքում սուլթանների գահը հաստատելու:
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Եթէ մի բոլշեւիկի հարցնենք, թէ ի՞նչ է կատարւում Խ. Հայաստանում, նա կը պատասխանի` չտեսնւած շինարարութիւն:
Իսկ եթէ լուրջ մի պատմագէտի հարցնենք, թէ ի՞նչ է կատարւում Խ. Հայաստանի շուրջը, նա կը պատասխանի` այնտեղ քաշւում է դեղին այն պարիսպը, որ մի ժամանակ թուրքերը քաշեցին Բիւզանդիոնի շուրջը:
Այն ժամանակւայ Բիւզանդիոնի սահմաններն էին. արեւելքից` Թուրքիա, արեւմուտքից` Թուրքիա, հարաւից` Թուրքիա, հիւսիսից` գրեթէ Վոսփորի լայնութեամբ մի գծով` Սեւ ծով: Խ. Հայաստանի սահմաններն են. արեւելքից` կովկասեան Թուրքիա (Ազրբէյջան), արեւմուտքից` Թուրքիա, հարաւից` Թուրքիա եւ թուրք-թաթարական Ատրպատական, հիւսիսից` Լոռւայ ձորի լայնութեամբ մի գծով` Վրաստան:
Մինչդեռ թուրքերը դարանակալում էին, բիւզանդացիք զբաղւած էին աստւածաբանական վէճերով, եւ օրհասական վայրկեանին Վոսփորից ո՛չ օգնութիւն ստացան, ո՛չ էլ փրկութեան ելք:
Այսօր նոյնանման օղակի մէջ ընկած հայերը վիճում են քաղաքական օրիենտացիաների եւ ընկերային խնդիրների մասին, կրքեր են հրահրում եւ դաւեր նիւթում, առանց մտածելու, որ Լոռւայ ձորի ճամբան կարող է մի օր փակւել:
Այս երեւոյթի բուն պատճառն այն է, որ մենք սիրտը թողած` զօռ ենք տալիս խելքին:
Բայց խելք, որի մէջ սիրտ չկայ, կենսաբանօրէն ի սպառ անպէտք է: Դա մտքի այլասերում է եւ հոգեւոր վայրէջք:
Ամէն բանից աւելի մեզ պէտք է ոգու նոր յղութիւն, ցնցում եւ խռովք:
Հայաստանի առեղծւա՛ծ, հայոց գոյութեան առեղծւա՛ծ - սրանք ցեղի կնճիռներն են եւ ո՛չ թէ այլասերւած մտքի:
Այլասերւած միտքը` դա անարիւն ճարպիկութիւնն է, փերեզակների զէնքը, ապահովութեան խաբկանքը:
Ցեղը` դա վտանգի կռահումն է, կենսաբանական թափը, յաղթանակի կարօտը:
Յաղթանակ երազել - նշանակում է կանխազգալ վտանգը: Վտանգի գիծը` դա յաղթանակի կամուրջն է:
«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 1