|
|
|
Главная » 2011 » Նոյ » 14 » ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ԱՐԵԳՆԱԶԸ
21:35 ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ԱՐԵԳՆԱԶԸ |
ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ԱՐԵԳՆԱԶԸ
Արարատի հարավային կողմերից գուժկան եկավ Արամի մոտ և հայտնեց. - Ո՛վ, Մեծդ Արա՜մ, գիտցած եղիր, որ սև անապատներից մի վիթխարի վիշապ-օձ է հայտնվել մեր սարերում, աղբյուրների ակն է բռնել և ջուր չի տալիս. Չորանում են արտերն ու այգիները, կոտորվում են անասուններն ու վայրի գազանները, ծարավից նվաղում են Արիները: Շատ զորավոր է այդ վիշապ-օձը, և ոչ մի ուժ չի կարող նրան հաղթել: Մի ճար գտիր՝ փրկելու մեզ այդ ահավոր չարիքից: Արամը դիմեց Թորգոմին և ասաց. - Որդի՜ս, դու պիտի ժառանգես իմ թագավորությունը և պիտի լինես Արարատյան Արիների՝ Հայգ Արմենների առաջնորդը: Այսօր ժամն է քո զորությունը դնես նրանց պաշտպանությանը: - Հա՜յր իմ,- ասաց Թորգոմը,- քո կամքը Արայից է և քննության ենթակա չէ: Ես գնում եմ կռվելու այդ վիշապ-օձի դեմ: Թե Ամենազոր Վահագնը հովանավորի ինձ, ես կսպանեմ վիշապ-օձին և կհաստատեմ Արմեններին առաջնորդելու իմ իրավունքը: Իսկ եթե արժանի չլինեմ Վահագնի հովանավորությանը, ես կսպանվեմ և Արմեններին կազատեմ գաճաճ կառավարող ունենալու դժբախտությունից: Արամը օրհնեց Թորգոմին, զոհ մատուցեց Աստվածներին ու դիմեց Վահագնին. - Ո՛վ, դու Վահա՜գն Ամենազոր, ծանր կռվի է գնում Թորգոմը: Պատանի է նա և անփորձ, վիշապ-օձը զորավոր է և խորամանկ: Պատանի Թորգոմի հետ եղիր, հովանավորիր նրան և հաղթանակով պսակիր նրա սուրը: Պատանի Թորգոմը իր հրեղեն ձիով սլացավ Արարատի հարավային կողմը: Առավոտյան դուրս եկավ Հավերժական Քաղաքից և երեկոյան հասավ աղետի վայրը: Տխուր տեսարան բացվեց նրա առաջ՝ չորացած ծառեր, խանձված բուսականություն, իսկ Արիները ծարավից թուլացած, սպասում էին լուսաբացին, որ մի կույս աղջիկ զոհելով, մի քիչ ջուր ստանան վիշապ-օձից: Բնակավայրից ոչ հեռու, խանձված դաշտում պառկեց Թորգոմը՝ գիշերը հանգստանալու, որ առավոտյան կռվի վիշապ-օձի դեմ: Երկնքից անթիվ աստղեր աչքով էին անում նրան: Թորգոմը զգաց, որ հայրենի երկնքի աստղերը հավատում են իր հաղթանակին: Իսկ աստղերի հետևից հենց ինքը՝ Վահագն էր ժպտում իրեն: Երանության մեջ Թորգոմը փակեց աչքերը: Իսկ հեռվից՝ երկնի խորքից լսվում էր Վահագնի ձայնը. ՙԵրկրային աստված պատանի Թորգոմ, ես քեզ հետ եմ, և դու կհաղթես վիշապ-օձին՚: ԵՎ հանգիստ քնեց Թորգոմը մինչև լուսաբաց: Առավոտյան Թորգոմն արթնացավ մեծ աղմուկից: Մի մեծ թափոր շարժվում էր դեպի լեռները: Իսկ թափորի առջևից քայլում էր մի դեռատի աղջիկ: Աղջիկը լուռ, հնազանդ քայլում էր առաջ: Նա չէր ընդդիմանում, չէր բողոքում, չէր աղերսում, քանի որ վիճակը իրեն էր ընկել: Աղջիկը հրաշք գեղեցկություն ուներ: ԵՎ Թորգոմը շատ վշտացավ, որ այդ արեգնազ գեղեցկուհին պիտի բաժին հասներ վիշապ-օձին: Թորգոմը լուռ հետևում էր թափորին: Թափորը բարձրանում էր լեռները: Լեռների մեջ մի մեծ լերկ ժայռ էր ցցված: Չհասած այդ ժայռին, թափորը կանգ առավ, իսկ աղջիկը անջատվեց թափորից ու գնաց կանգնեց ժայռի տակ: ՙԱյս գեղուհու դեմքին շատ ավելի ժպիտը կսազեր՚, - մրմնջաց պատանի Թորգոմը և ձին խթանելով, գնաց կանգնեց աղջկա կողքին: Մի ահեղ ոռնոց լսվեց, ցնցվեց հողը, և վիթխարի վիշապ-օձը դուրս եկավ ժայռի հետևից: - Հացն ու գինին, տեր կենդանին, - կանչեց Թորգոմը և սուրը պարզած, հարձակվեց վիշապ-օձի վրա: Մեծագույն մենամարտ սկսվեց պատանի Թորգոմի ու ահեղ վիշապ-օձի միջև: Երկիրն էր ցնցվում, փոշին ծածկել էր արևի դեմքը: Երկար էին կռվում Թորգոմն ու վիշապ-օձը: Զորավոր էր Թորգոմը, բայց անփորձ էր՝ նա գրոհում էր դիմացից: Խորամանկ ու ճկուն էր վիշապ-օձը՝ խուսափում էր առճակատ կռվից և փորձում էր թիկունքից հարվածել Թորգոմին: Աղջիկը տեսավ Թորգոմի զորությունը և նրա թիկունքում իրեն ապահով զգաց: ԵՎ նա դիմեց Աստղիկ դիցուհուն. - Օ՛, Դիցուհի՜դ մաքրամաքուր, դո՜ւ, որ սերն ես զորության, իմ կուսական սերը փոխանցիր պատանի Թորգոմին, նրա սիրտը բորբոքիր իմ սիրո կրակով, և թող իմ սերը զորացնի նրան և նրա բազուկը հաղթությամբ կռի: Լսեց Աստղիկը գեղուհու աղերսը և նրա սերը փնջելով, գցեց Թորգոմի վրա: Բոցավառվեց Թորգոմը, նրա պատանի սիրտը հրդեհվեց սիրո կրակով: Նայեց աղջկան, թունդ առավ և մի հուժկու զարկ տվեց վիշապ-օձին: Օձը երկու կտոր եղավ. մի կտորը սարի մի լանջով գլորվեց ցած, մյուս կտորը՝ մյուս լանջով: ԵՎ հորդաց ջուրը լեռներից ու գահավիժեց ցած: Ցնծում էին Արիները, ագահորեն խմում էին ջուրը և փառաբանում էին Թորգոմին ու Զորության Աստված Վահագնին: Իսկ աղջիկը փարվել էր Թորգոմի կրծքին ու երջանկությունից ժպտում էր: - Անունդ ի՞նչ է, գեղեցիկ աղջի՜կ, - հարցրեց Թորգոմը: ԵՎ աղջիկը պատասխանեց. - Իմ անունը մոռացել եմ արդեն: Ինձ բոլորը Զոհ էին ասում այս գիշեր: Իսկ հիմա, որ դու վերածնեցիր ինձ, ինքդ էլ կնքիր իմ անունը: - Քո ժպիտը արեգնազ է, - ասաց Թորգոմը, - և ես քեզ Արեգնազ կանվանեմ: Թորգոմը վերադարձավ Հավերժական Քաղաք: ԵՎ Արամը խնամախոսներ ուղարկեց՝ գեղեցիկ Արեգնազի ձեռքը խնդրելու Թորգոմի համար: Արեգնազի հայրը ասաց. - Թորգոմը Հայր Արայի կամքով տերն է իմ աղջկա կյանքի, և իմ աղջիկը նրան է պատկանում: Բայց ես շատ վաղուց ուխտ եմ արել, և եթե ես իմ կամքով տամ աղջկաս, ուխտադրուժ կլինեմ, որ վայել չէ երկրային աստծուն: Տեսնո՞ւմ եք հեռվում փռված հսկայական գորշ տարածքը: Մեծ Ջրհեղեղից առաջ դա ծաղկավետ դաշտ էր, և միջով էլ գետ էր հոսում: Հիմա դա ամբողջությամբ աղուտ է, և ոչինչ չի աճում այնտեղ: ԵՎ ես ուխտել եմ իմ աղջկան տալ նրան, ով այդ աղուտը նորից կվերածի ծաղկավետ դաշտի: Խնամախոսները վերադարձան ու Արամին հայտնեցին աղջկա հոր խոսքերը: - Արդար է նա, - ասաց Արամը, - աստվածը ուրիշ աստծո ուխտը նույնպես պիտի հարգի: ԵՎ պատվիրեց Թորգոմին այդ գորշ աղուտը վերածել ծաղկավետ դաշտի: Թորգոմը գնաց, հասավ աղուտին: Նայեց շուրջը և տխրեց: ՙԾաղկավետ Արարատում այս անապատն ի՞նչ գործ ունի՚, - ասաց նա: Ապա զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային և անմահ Աստվածներին և օգնություն խնդրեց նրանցից: ԵՎ ճարտարագետ Տիրը հայտնվեց նրա մոտ: - Ո՛վ, ազնիվ Թորգո՜մ, - ասաց Տիրը, - Հայր Արայի կամքով եմ եկել քեզ մոտ: Լսիր իմ պատվերը: ետի հունը վաղուց ծածկված է չորացած տիղմով: Մաքրիր գետի հունը տիղմից, ապա բարձրացիր լեռները, գտիր ջրի ակունքը և այնտեղից ջուրը ուղղիր այդ հունի մեջ: Տիրի օգնությամբ Թորգոմը գտավ գետի հունը: Կանչեց շրջակայքում բնակվող Արիներին: Շատ շատերը եկան և Թորգոմի հետ մաքրեցին գետի հունը: Ապա Թորգոմը բարձրացավ լեռները, գտավ ջրի վտակները, որ գետնի տակ էին գնում: Այդ վտակները ուղղեց դեպի գետի հունը: Ջուրը եկավ, և գետը վարարեց: Տիրը հավաքեց արևի ճառագայթները, խառնեց դրանք ու փոշի դարձրեց: Փոշին շաղ տվեց հողի վրա, և հողը մաքրվեց աղից: ԵՎ Թորգոմը դիմեց Աստղիկին. - Օ՛, Դիցուհի՜դ Վարդամատն՝ չքնաղ Աստղի՜կ, այս դաշտի վրա Արարատյան բազմազան ու բազմագույն ծաղիկներ ու վարդեր ցանիր: ԵՎ Աստղիկը բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ ու վարդեր շաղ տվեց, և անմիջապես դաշտը ծփաց աստվածային ծաղիկներից ու վարդերից: Հավաքվեցին մոտիկ ու հեռու բնակավայրերից հազարավոր Արիներ, ուրախացան, խնջույք սարքեցին, փառաբանեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին, փառաբանեցին նաև Թորգոմին ու այդ դաշտն անվանեցին Թորգոմա դաշտ: ԵՎ Արեգնազի հայրը, իր ուխտի համաձայն օրհնեց իր աղջկան ու տվեց Արամի որդուն: Մեծ հարսանիք սարքեց Արամը և պսակեց Թորգոմին ու Արեգնազին: Յոթ օր, յոթ գիշեր տևեց հարսանիքը: Յոթ օր հետո Արամը մեծ զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային, Անմահ Աստվածներին և սուրբ նախնիներին: Ապա Թորգոմին հանձնեց իր հորից ժառանգած թուր-կեծակին, նրան արքա կարգեց Արարատյան աշխարհին, և նույն օրը Արամը մեռավ: ԵՎ նա, որ հուր էր, հուր դարձավ:
|
Категория: Ուխտագիրք Արորդյաց |
Просмотров: 494 |
Добавил: PanArmenizm
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|