Приветствую Вас, Гость Արեգակ, 01.12.2024, 14:15
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԹՈՐԳՈՄՆ ՈՒ ՄԵՍՐԱՅԻՄԸ
21:37
ԹՈՐԳՈՄՆ ՈՒ ՄԵՍՐԱՅԻՄԸ
ԹՈՐԳՈՄՆ ՈՒ ՄԵՍՐԱՅԻՄԸ


   Հենց որ իմացավ՝ էլ Արամ չկա, տիտանյան Մեսրայիմը մեծ զորք հավաքեց ու եկավ կանգնեց Արարատի սահմանին:  Գուժկան եկավ Թորգոմի մոտ և հայտնեց, որ տիտանյան Մեսրայիմը գալիս է կռվելու նրա հետ:
   Թորգոմը իր սակավաթիվ զորքով գնաց Մեսրայիմի դեմ:  ԵՎ հենց սահմանին, որ բաժանում է Արարատը Խավարի թագավորությունից, հանդիպեցին իրար:
   ԵՎ Թորգոմը ասաց Մեսրայիմին.
   - Ո՛վ, տիտանյան արքա՜, ինչո՞ւ ես զորքդ հավաքել եկել իմ վրա:  Ի՞նչ ես ուզում:  Թե լույսն է պակաս քո երկրում, լույս տամ քեզ. ստեղծումն է պակաս, ստեղծում նվիրեմ. ծաղիկ ես ուզում աճեցնել, բազմերանգ ծաղիկներ ընծայեմ:  Ասա, ի՞նչ ես ուզում:
   ԵՎ Մեսրայիմը ասաց.
   - Ո՛վ, երկրային աստվածների արքա՜, ինձ լույս պետք չէ, ես խավարն եմ երկրպագում. ինձ ստեղծում պետք չէ, ես ավերումի ծարավը ունեմ. ինձ ծաղիկ պետք չէ, ես փուշ ու տատասկի բուրմունքով եմ արբենում:
   ԵՎ Թորգոմը ասաց.
   - Ո՛վ, Մեսրայիմ, քո ուզածը հենց քո երկրում է, և իզուր ես արշավում Արարատ, այստեղ քո ուզածները չկան:
   Ծիծաղեց Մեսրայիմը Թորգոմի միամտության վրա.
   - Քաջ ես դու, ո՛վ, Թորգո՜մ, բայց խակ ես և դեռ չես հասել արարչական իմաստությանը:  Դու աստված ես, ես՝ տիտան, դու Հայգ ես, ես՝ Ադամ, դու Արի ես, ես՝ Չարի:  ԵՎ Արայի կամքով քո դերն է արարելը, կերտելը, իսկ իմ դերն է քանդելը, ավերելը:
   ԵՎ Թորգոմը ասաց.
   - Մեսրայի՜մ, թե Արարիչը մեզ տարբեր դերեր է տվել, միաժամանակ էլ մեզ տարբեր Հողեր է հատկացրել:  Մենք մեր դերը կատարում ենք Արարատում, դուք ձեր դերը կատարում եք Անապատում:  Ես դեր չունեմ քո Անապատում, դու էլ դեր չունես իմ Արարատում:
   - Իմաստուն չես դու, ո՛վ, քաջդ Թորգո՜մ, - ասաց Մեսրայիմը, - իմ Անապատում ես ի՞նչը ավերեմ, երբ այնտեղ արարում չկա:  Արարումը Արարատում է, և միայն Արարատում ես կարող եմ ավերել արարումը:  ԵՎ ես եկել եմ կռվելու քեզ հետ:  Թե ես զորավոր լինեմ, կնվաճեմ Արարատը և իմ Աստված Վիշապի հովանավորությամբ ավեր և խավար կսփռեմ այնտեղ:  Իսկ եթե դու զորավոր լինես, կնվաճես իմ Անապատը և քո Աստված Վահագնի հովանավորությամբ լույս և արարում կսփռես այնտեղ:
- Մեսրայի՜մ, - ասաց Թորգոմը, - ինձ քո հողը պետք չէ:  Եթե խավարն է երջանկացնում ձեզ, ապրեք խավարով ձեր Հողի վրա:  Ես կկռվեմ միայն իմ Հողի համար, իմ Արարատի համար, որ ժառանգել եմ իմ նախնիներից և պիտի փոխանցեմ գալիք սերունդներին նույնպես լուսավոր, շեն ու ծաղկավետ:  Ես կկռվեմ, որ իմ Աստված Վահագնի հովանավորությամբ իմ Արի Ցեղը Արարատում անվերջ արարի:
   - Ինչպե՞ս կռվենք, - հարցրեց Մեսրայիմը:
   - Մեսրայի՜մ, - ասաց Թորգոմը, - երկու կողմից էլ բազում քաջեր մեզ են նայում:  Բայց նրանք շատ ջահել են և սիրո կարոտ:  Եկ նրանց սերը մահով չկնքենք, և թե համաձայն ես՝ մենամարտենք երկուսով:
   Մեսրայիմը նայեց իր զորքին՝ շատ էին իր զինվորները, ուրախացավ:  ՙԻմ զորքը կհաղթի, - խորհեց նա, - զորքով կռվենք՚:  Ապա նայեց Արի քաջերին՝ քիչ էին նրանք, բայց ամեն մեկի աչքերից կայծեր էին ցայտում, և ընկճվեց նա:  ՙԱրի քաջերը զորավոր են, - մտքում ասաց նա, - զորքով չկռվենք՚:  ԵՎ ասաց Մեսրայիմը.
   - Եկ մենամարտենք:
   - Ինչո՞վ մենամարտենք, - հարցրեց Թորգոմը, - սրո՞վ, թե՞ նետով, գուրզո՞վ, թե ձեռքով:  Ընտրությունը քեզ եմ թողնում:
   Մեսրայիմը նայեց Թորգոմին, նրա կեծակի թրին, երկաթե գուրզին, սաստիկ երկյուղեց ու մտքերի մեջ ընկավ. ՙԹե սրով կռվենք՝ նրա կեծակի թրից փրկություն չունեմ, թե նետով կռվենք՝ նա ջահել է ու սրատես, թե գուրզով կռվենք՝ շատ ծանր է նրա գուրզը:  Ձեռքով կռվելիս գուցե խուսափեմ մահից՚:  ԵՎ ասաց.
   - Թորգո՜մ, երկուսս էլ դյուցազուն ենք, եկ ձեռքով կռվենք:
   ԵՎ Թորգոմն ու Մեսրայիմը կպան իրար:  Հողը հերկվում էր նրանց ոտքերի տակ, փոշին երկինքն էր ծածկել, և ոչինչ չէր  երևում շուրջը:  Զոռում էին իրար հսկաները, և նրանց ահեղ մռունչը տարածվում էր շատ հեռուները:  ԵՎ աշխարհն էր դղրդում նրանց կռվից:  Արիներն իրենց երկրում ասում էին. ՙԱմպրոպն է ժայթքում հեռու երկնքում՚:  Չարիներն իրենց երկրում ասում էին. ՙԵրկրաշարժից սարերն են փլում՚:
   Երեք ցերեկ, երեք գիշեր կռվում էին նրանք և չէին կարողանում հաղթել իրար:  Ինչ Թորգոմն էր՝ ուժեղ էր, ինչ Մեսրայիմն էր՝ խորամանկ էր, ֆանդով էր:
   Չորրորդ օրը Մեսրայիմը զգաց, որ նվազում են իր ուժերը, իսկ Թորգոմը ավելի է զորանում, և ասաց.
   - Կա՜նգ առ, ո՛վ, Թորգո՜մ, սա քո հունարը չէր, որ անպարտելի ես. սա քո Աստված Վահագնի Զորությունն է, որ քո մեջ է մտել:
   - Այո, - պատասխանեց Թորգոմը, - բայց դա էլ քո հունարը չէր, որ օձի պես գալարվելով, ազատվում էիր իմ բազուկներից. քո մեջ քո Աստված Վիշապի խորամանկությունն ու ճկունությունն է մտել:
   - Եթե այդպես է, - ասաց Մեսրայիմը, - ուրեմն երկուսս էլ  չենք կարող հաղթել իրար: Եկ հաշտվենք. ես փառաբանեմ իմ Աստծուն, դու՝ քո Աստծուն և եղբայրանանք ու եղբայրության ուխտ կնքենք՝ թե ես շուտ մեռնեմ, դու պաշտպանես իմ ընտանիքը, թե դու շուտ մեռնես՝ ես հովանավորեմ քո ընտանիքը:
   Ձեռք ձեռքի տվին, երդվեցին իրենց նախնիներով ու եղբայրության ուխտ կնքեցին:  Միամիտ էր Թորգոմը, և անկեղծ էր նրա հաշտությունը:  Խորամանկ էր Մեսրայիմը, և կեղծ էր նրա եղբայրությունը:
   Թորգոմը վերադարձավ Հավերժական Քաղաք:  Նա ինքը շատ գոհ էր իր արածից և համոզված էր, որ աստվածահաճ գործ է արել:  ԵՎ մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային, Անմահ Աստվածներին և իր սուրբ նախնիներին:  ԵՎ զարմացավ, երբ տեսավ, որ ոչ մի Աստված և ոչ մի նախնի չմասնակցեց իր զոհաբերությանը:  Հասկացավ Թորգոմը, որ Աստվածները չեն ընդունում իր մատաղը:  Վշտացավ նա և մտքերի մեջ ընկավ:  ԵՎ Մայր Անահիտը հայտնվեց նրա դիմաց:  Թորգոմը ծնկի իջավ Մայր Անահիտի առաջ և ասաց.
   - Օ՛, Մա՜յր իմ, ասա ինձ՝ ի՞նչ մեծ սխալ եմ գործել, որ Աստվածները չընդունեցին իմ մատաղը. չէ՞ որ ես անարյուն հաշտություն կնքեցի:
   - Ո՜չ, զավա՜կս, - ասաց Մայր Անահիտը, - դու խաբվեցիր Մեսրայիմից և արյան ուխտ կնքեցիր:  Գիտցի՜ր, որ խորամանկությունը Չարիների արժանիքն է և միակ հաղթական զենքը Արիների դեմ:  Հենց այդ զենքով դու պարտվեցիր:  ԵՎ քո կնքած ուխտի ուժով տիտանյան բազում սերունդներ հենց քո արյունով քո դեմ են կռվելու:
   Հոգեկան խռովքի մեջ ընկավ Թորգոմը:  Նա խորհում էր, թե ինչպես իր Ցեղը պաշտպանի իր ուխտից:  Ինչ զորությունն է՝ դա իր արժանիքն էր, և նա ամրակուռ բերդեր էր կառուցում:  Բայց տիտանյան խորամանկության դեմ ամրոց կառուցել նա չկարողացավ:

Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 464 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024