|
|
|
Главная » 2011 » Նոյ » 14 » ՍԼԱԿԸ
|
ՍԼԱԿԸ Բուրավետ ու հիասքանչ դաշտ էր փռված բարձր լեռների միջև: Իսկ դաշտի միջով հոսում էր պարզաջուր Արածանին, որի ափերը ծածկված էին բազմագույն վարդերով: Այդ տեղը առանձնապես գեղեցիկ էր առավոտ կանուխ, երբ արևի առաջին ճառագայթները ընկնում էին գետի ջրերին և բեկվելով, ոսկեզօծ անձրևի պես թափվում էին ծաղիկների վրա: Օրվա հենց այդ պահին Աստղիկ Աստվածուհին իջնում էր Արարատ, մտնում էր գետը և իր աստվածային լոգանքն էր ընդունում: Ջրի զովությունը խառնվում էր հրաշագեղ ծաղիկների ու վարդերի բույրին և անրջային երանություն պարգևում Աստղիկին: Շատ և շատ պատանիներ մոտակա գյուղերից, շատ և շատ պատանիներ հեռավոր վայրերից հավաքվում էին այդտեղ և գետից ոչ հեռու աճող փարթամ թփերի ետևում թաքնվելով, դիտում էին Աստղիկին: Աստղիկը իր աստվածային գեղեցկությամբ սեր էր բորբոքում մատաղ սրտերի մեջ: ԵՎ պատանիները, մոռացած ամեն ինչ, օրերով չէին հեռանում գետի ափից: իշերները խարույկ էին վառում և խարույկի շուրջ հավաքված, սիրավառ երգեր էին հյուսում Աստղիկի համար՝ մեկը մյուսից հոգեթով, մեկը մյուսից սիրատենչ: Իսկ առավոտյան արշալույսին նրանք գրավում էին իրենց դիրքերը թփերի ետևում և անհամբեր սպասում, թե երբ Աստղիկն իր աստվածային գեղեցկությամբ կերևա գետի ջրերի մեջ: Աստղիկը զգաց պատանիների սիրատոչոր հայացքները, շիկնեց ամոթից և վարդագույն մշուշով պատեց իր շուրջը: ՈՒ այլևս ոչ ոք չէր կարող տեսնել նրան: Երկար սպասում էին պատանիները հույսով, որ մշուշը կցրվի, և նրանք նորից կտեսնեն Աստղիկին: Բայց անցնում էին օրեր, ամիսներ, և մշուշը չէր ցրվում: Պատանիները, հույսները կտրած, սկսեցին հեռանալ գետի ափից, Արի տոհմերի մեջ իրենց բախտը որոնելու: ԵՎ միայն մեկը, որի անունն էր Սլակ, համառորեն մնում էր գետի ափին: Սլակը Մանի տոհմից Արամի եղբոր թոռն էր: Տառապում էր պատանի Սլակը Աստղիկի սիրուց և համառորեն սպասում էր: Հիացավ Աստղիկը պատանի Սլակի սիրո զորությամբ և որոշեց վարձատրել նրա սերը: Լեռնային գյուղերից մեկում մի աղջիկ կար, անունը Հուրիկ: Գեղեցիկ էր նա և քնքուշ: ԵՎ մի գիշեր Հուրիկը իր երազում Վահագնին էր տեսել ու սիրել էր նրան: Օր ու գիշեր քուն չուներ Հուրիկը, երազում էր Վահագնին: Ամեն առավոտ վաղ արշալույսը առաջինն էր դիմավորում նա, հույս ունենալով տեսնել Վահագնին: ԵՎ աղոթում էր Հուրիկը, աղոթում էր Աստղիկին, որ Աստղիկը սեր արթնացնի Վահագնի սրտում, որ գոնե միայն երևա իր երազում: Աստղիկը լսում էր Հուրիկի խնդրանքը, խղճում էր նրան, բայց ինչպե՞ս օգներ: ԵՎ ահա Աստղիկի գլխում մի միտք հղացավ. ՙՀուրիկը ինձ է նման, Սլակն էլ՝ Վահագնին՚: ԵՎ նա գնաց Հուրիկի մոտ: - Չքնաղ Հուրի՜կ,- ասաց Աստղիկը,- ես վաղուց էի լսել քո սիրո խոստովանությունը, բայց օգնել չէի կարող: Հիմա եկ ինձ հետ, և դու կտեսնես քո սրտի Վահագնին: ՈՒրախացավ Հուրիկը ու հետևեց Աստղիկին: Նրանք եկան հասան Թորգոմա դաշտ, կանգնեցին գետի ափին: ԵՎ Աստղիկը ասաց. - Ամեն արևածագին ես այս ջրերի մեջ լոգանք էի ընդունում: Երջանկաբեր երանություն է պարգևում այս ջուրը: Արևի առաջին ճառագայթներով դու մտիր ջուրը: Մոտենում էր արշալույսը: Հուրիկը մտավ ջուրը: Աստղիկը մշուշը ցրեց նրա շուրջը և ինքը անհետացավ: ԵՎ Աստղիկն այլևս երբեք չեկավ այդ գետում լողանալու: Առավոտյան արշալույսին Սլակը թաքնվեց թփերի ետևը և հայացքն ուղղեց գետի ջրերին: Երբ արևի առաջին ճառագայթներն ընկան ջրի վրա, Սլակը տեսավ, որ մշուշն անհետացել է, գետի ջրերի մեջ լողանում է իր սրտի Աստղիկը և իր ամբողջ գեղեցկությամբ շողում է արևի ներքո: Սլակը խանդավառվեց, խենթացավ ի տես Աստղիկի: Էլ չհամբերեց, նետվեց ալիքների մեջ, իր բազուկներով աքցանեց նրան ու հանեց ափ: Չքնաղ Հուրիկը չընդդիմացավ. սիրով ընդունեց իր առևանգումը, քանզի Սլակը շատ էր նման Վահագնին, ում տեսել էր երազում և ում սիրուց այրվում էր նա: Սլակը Հուրիկի մեջ Աստղիկին էր տեսնում և սիրում նրան: Հուրիկն էլ Սլակի մեջ Վահագնին էր տեսնում և սիրում նրան: ԵՎ այդ սիրով նրանք ամուսնացան: Նույն գետի ափին էլ տուն շինեցին: ԵՎ այդ տեղը Սլակն անվանեց Մուշ: Շատ զավակներ ու թոռներ ունեցան Սլակն ու Հուրիկը: Սլակի թոռները իրենց նահապետի անունով կոչվեցին Սլկունիներ: Վահագնյա հուրը կար Սլկունի քաջ պատանիների մեջ: Աստղիկի սիրո շոյանքը կար Սլկունի հեզ աղջիկների մեջ: Շատ և շատ Արի տոհմերի հետ խնամություն էր անում Սլկունի տոհմը՝ աղջիկ առնում, աղջիկ տալիս: Հայր Արայի կամքով և Մայր Անահիտի հովանավորությամբ մեծացավ ու զորացավ Սլկունի տոհմը և տեր եղավ ամբողջ այդ դաշտին, որ հետագայում կոչվեց Տարոն:
|
Категория: Ուխտագիրք Արորդյաց |
Просмотров: 458 |
Добавил: PanArmenizm
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|