Приветствую Вас, Гость Արեգակ, 01.12.2024, 14:28
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Փետր 2012  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 8
հյուր 8
գրանցված 0

  
Главная » 2012 » Փետր » 10 » ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ ԱՐԻԱԴԱՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ
19:40
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ ԱՐԻԱԴԱՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ԱՐԻԱԴԱՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Արիութի՛ւն, մեզ պէտք է արիութիւն, այնպիսին, որը չափաւորելու կարիքն զգայինք

Արիութիւնն է ոստայնանկում ազգերի անկախութեան ու հզօրութեան դրօշը: Անարիութիւնը՝ պատանքն ազգերի:
Այն օրից, ընթերցո՛ղ, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:
Ես տեսայ մեր վարած ճակատամարտներում, տեսայ ամենաընտիրը Հայու - մեռնելու մտքի հետ հաշտւած, ամէն գնով յաղթելու անտեղիտալի վճռականութեամբ դէպ թշնամին խոյացող հայ զինւորը: ճանաչեցի եւ ամենավատը Հայու - վախկոտութեան յանցանքի մէջ բռնւած անարին:
Առաջինը կը մեռնէր ապրեցնելու համար իր ազգն ու նրա զէնքի հմայքը. երկրորդը կ՚ապրէր ամէն գնով՝ ապրեցնելու համար թշնամու փառքը: Առաջինը ինձ համար աւելի բարձր էակ է, քան մարդ: Երկրորդը՝ աւելի անասուն, քան Հայ եւ մարդ: Եւ քանի կայ այդ վերջինը - թրքութիւնը իր գոյութեան ապահովութիւնը պիտ փնտռի մեր ժողովրդի չգոյութեան մէջ:
* * *
Հանգիստ սրտով պիտ մեռնիմ, երիտասա՛րդ Հայ, եթէ քո սերնդի օրով հայօրէնբառը, մեր ժողովրդի բարեկամների եւ թշնամիների կողմից գործածւի քաջօրէնբառի իմաստով: Քանզի գիտեմ, թէ քանի դեռ իր ամբողջութեան մէջ քաջ եւ քաջանուն չէ հայութիւնը, նրա համար անցած չէ դեռ աշխարհի քարտէսից ազգովին անհետանալու վտանգը:
ժողովուրդ, պետութիւն, անհատ - սրանց իրաւունք է տրւում ապրելու եւ ապրում են, երբ պատրաստ են ամէն վայրկեան ապացուցելու, թէ գիտեն մահւամբ պաշտպանել իրենց գոյութեան իրաւունքը: Այլապէս, սրանք որպէս աւելորդ տեղ գրաւող իրեր, հարկադրւում են ազատելու իրենց տեղն արեւի տակ:
* * *
- Մի՞թէ,- Արաքսի ափին, պահախարոյկի շուրջը կը խօսակցէին հայ զօրավարները,- մի՞թէ անցեալ գիշեր չլսւեցաւ գետնի տակէն խուլ որոտում մը, նման զինուց շառաչման:
Վայրագ տիտանն էր, որ կը զարթնէր ու կը կանգնէր ի վեր:
- Անտեղի է ասածդ: Իրեն մօտ կը հանգչի յաղթականն Հայկ ու զինքը սպաննողը: Եթէ զարթնու Նեբրովթ՝ Հայկ չի ննջեր... (Յուլիոս Պարիլի):
Քանի դեռ ամենահամեստ Հայն իսկ - տղամարդ թէ կին - չի կարող այդ խրոխտ անձնապաստանութեամբ անգիտանալ թրքական վտանգը, քանի դեռ «Քաջ, ահաւոր եւ անողոքելին Հայկ, իբրեւ կայծականց Աստւած» չի արթնացել հայ մարդու մէջ - բախտին, այո՜, անարժանաբար, միայն բախտին կը պարտինք մեր գոյութիւնը եւ ոչ մեր բազկին:
* * *
Պատժւած անարիութիւն - ահա երկու բառ, որոնցմով պիտ բնորոշել մեր արդի քաղաքական տխուր կացութիւնը:
Վաղւայ մեր վիճակը կարելի պիտ լինի բնորոշել վարձատրւած արիութիւնբառերով, եթէ մինչեւ այդ վաղը, հայութիւնը հոգեփոխւելով դառաւ արի եւ արիապաշտ:
Արիութիւն! Գրեթէ ոչինչ արժեն մարդկային բոլոր դրական յատկութիւնները, եթէ պակասում է արիութիւնը: Չկան ներգործօն առաքինութիւններ առանց արիութեան:
ճշմարիտ է իմաստուն խօսքը, թէ «մեռեալ են անոնց գործերը, որոնք վախ ունին մահից»:
Անհատ թէ ժողովուրդ - սրանք չեն կարող ինքնիշխան տէր դառնալ իրենց կեանքին, ճակատագրին, մինչեւ որ չյաղթահարեն իրենց անասնական վախը եւ նրա պատճառները:
«Ես շատ թոյլ էի»,- մի հրեայ ասում է միւսին: Այդ խօսքերը, ըստ Հայնէի, կարող են յանձնարարւել որպէս moto, հրէութեան մասին գրւելիք պատմութեան:
Արդեօ՛ք, այս երեք բառերի մէջ պէտք չէ՞ փնտռել եւ հայութեան դարաւոր տառապանքի իսկական պատճառը: 
* * *
Անարին - դա խրտւիլակն է, որով կարելի է միայն ճնճղուկներից պաշտպանւել, բայց ոչ եւ անգղերից:
Անարի լինել եւ անկախ հայրենիք երազել - ծիծաղելի չէ՞ դա: Անմտութիւն չէ՞ ե՛ւ ոչխար լինել, ե՛ւ գանգատւել գայլերից: Դառար ոչխար՝ պատրաստ են գայլերը:
Արիութեանն է աշխարհն ու անկախութիւնը, քանզի «արիներն են անցնում Աստուծոյ ճանապարհով»:
Անկախ Հայրենիքը - որպէս Աւետեաց Երկիր - տրւում է մեզ, անապատներում մեր վարած բաղխումներում արիանալուց յետոյ: Իսկ արի է նա, որ իր մէջ սպանել է իր կաշւի համար դողացող անասունը եւ գիտի զինաթափել վտանգն ու մահը, ծիծաղելով նրանց երեսին: Իսկ արի է նա, ով զինակցել է Ամենակարող Ոգու հետ:
Արին նա է, որ գիտի լրիւ կերպով արտայայտել իր մէջ ծփացող անծանօթ ծովը ոյժերի:
Արի է ինքնաճանաչը, նա՛, որ ծիծաղում է թւի, նիւթի, զէնքի գերազանցութեան, ինչպէս եւ գիտութիւնների վրայ, եւ ճանաչում է մի հատիկ հոգեբանական արւեստ միայն - մեռնել, երբ պահանջում է պահը, ինչպէս արեւն է մեռնում:
Արիութիւն, որ իր մէջ կրում է իր վարձատրութիւնը - ներքին ուրախութիւնը՝ թէ պիտի յաղթի, եւ արտաքին յաջողութիւնը՝ յաղթանակը:
Հայրենասիրութիւնը միշտ էլ յաղթել է, երբ իր զինակիցը արիութիւնն է եղել:
* * *
- Հռոմէացիք, պաշարւած հին գաղիացիներից, քաշւում են բերդատաճարը Հռոմի եւ զզւանքով յետ մղում թշնամու առաջարկը - զէնքը վայր դնել եւ յանձնւել:
Իսկ ծերակուտականները, որոնք չէին կարող զէնքի դիմել, բայց չէին կարող եւ որեւէ կերպով չմասնակցել հայրենի երդիկների համար մղւող ճակատամարտին - հագնում են իրենց ամենաշքեղ զգեստները, դուրս գալիս մեծ հրապարակ, ուր դրւած կը մնային իրենց փղոսկրեայ աթոռները, հանդիսաւորապէս կատարում իրենց վերջին աղօթքը եւ վերջ տալիս իրենց կեանքին... Առաքինական այդ օրինակով նրանք հաստատում են թշնամու դէմ ծառացած իրենց որդիներին, թէ որքան քա՜ղցր էր մեռնել Հայրենիքի համար: Եւ յաղթում է Հռոմէական Արծիւը:
* * *
Լոզենգրադում է: Խռպոտ շեփորները, ռազմադաշտային թմբուկները եւ սուր սուլիչները գրոհի հրամանն են տալիս:
Հուռռա՜, յառա՜ջ... Բուլղար գումարտակները շարժւում են առաջ: Գլխապետ Զաբրանսկին հրաման է ստացել սկսելու գրոհը:
Հրացանաձիգների մի վաշտի գլուխն անցած՝ նա խթանում է իր ձին, որ վայրկենաբար փռւում է գետնին, գլուխը ցրւած՝ հրանօթով: Սպան ոտքի է թռչում, վերցնում սուրը, քաշում ատրճանակը եւ նետւում առաջ՝ իր զինւորներին հասնելու համար... եւ գնդացիրային մի համազարկից, փռւում գետին՝ ծեծւած ծնօտով:
Նա նորից ոտքի վրայ է արնաթաթախ, բայց դժւարանում է խօսել եւ հրամայել բերանացի, եւ ահա՛, որպէս զօրավար Marguerite-ը Floing-ի մօտ, նա նշանացի, մի յաղթական շարժուձեւով ցոյց է տալիս ամրութիւնը, որ պիտ գրաւել:
Եւ նա նետւում է առաջ, թաշկինակով սեղմած իր զարհուրելի վէրքը: Սուսերամերկ, անմատչելի ու վեհափառ՝ նա հասնում է... Նա առաջինը պիտ լինի, բայց ո՛չ... Մի գնդակ փշրում է նրա ծունկը եւ վերստին փռում գետնին: Սակայն ահա, յենւած մի զինւորի, նա նորէն գրոհում է: Ընկնում է եւ այս անգամ, երբ յաղթական աղաղակները, վերջապէս, ազդարարում են յաղթանակը բուլղար առիւծի...
Մի պատգարակի վրայ, կազմւած թրքական սւիններից, զինւորները իրենց հրամանատարին տեղափոխում են հիւանդանոց, կիսամեռ, բայց յաղթական:
* * *
Ռուս-ճապոնական պատերազմի սկզբի օրերն են: Պէտք է փակել Պորտ Արթուրի մուտքը: Հարկաւոր են հարիւրի չափ կամաւորներ: Ներկայանում են երկու հազար հոգի: Կամաւորները՝ փոքրիկ խմբակներով նստած շոգենաւերը, թշնամու նավային եւ ծովափեայ մարտկոցների փոթորկային կրակի տակ պիտ հասնին նաւահանգիստ, մուտքի առջեւ պիտի խորտակեն իրենց նաւերը եւ, եթէ կարողացան, պիտ փորձեն վերադառնալ փոքրիկ նաւակներով: Նաւապետ Եաշիրան՝ «Ասամա» զրահաւորի հրամանատարը, ճամբայ դնելով այդ խիզախներին, որպէս հրաժեշտի նշան, տալիս է նրանց խմելու արծաթէ գաւաթից եւ ասում. «Եթէ ունենայի հարիւր որդի, պիտ ուղարկէի բոլորին էլ այդ վտանգաւոր ձեռնարկի համար. եթէ ունենայի մէկը, պիտ ուղարկէի եւ նրան:
«Ձեզ ուղարկում եմ դէպ ստոյգ մահ եւ գիտեմ, որ պատրաստ էք մեռնելու: Այժմ վստահէք երկնքին ձեր կեանքը եւ դէպ գո՛րծ...»: 
Ի՞նչ կայ աւելի վեհափառ, քան ճապոնացի զինւորի այդ արհամարհանքը դէպ կեանքը եւ մահը!
Արիները, «Գայ է Նիպոն բանզայ»* աղաղակներով, խորտակում են նաւերը, խորտակում են նաեւ իրենց կեանքը, բայց ապահովում հայրենի զէնքի յաջողութիւնը:
* * *
Բախտ ժպտի խիզախաց:
«Հողմերն ու ալիքները միշտ էլ զօրավիգ են հանդիսանում համարձակ նաւորդներին»: Ինչպէս բնութեան գեղեցկութիւնը մի՛շտ էլ զգեստաւորում է մարդկային մեծագործութիւնները - արիութեան գործերը:
Այն գիշերը, ասում է շւէյցարական աւանդութիւնը, երբ որ երեսուներեք հայրենասէրները, հաւաքւած՝ Լիւցերն լճի ափին, կ՚երդւէին մեռնել հայրենիքի ազատութեան համար, անսպասելիօրէն քչքչալ սկսեցին երեք առւակներ, հակառակ որ ձմեռ էր եւ երկիրը ծածկւած խոր ձիւնով: Այդ առւակները մինչեւ օրս էլ կոչւում են սուրբ աղբիւրներ:
Երբ որ Արնոլդը, ուխտւած շւէյցարական լեռնականներից մէկը, Ալպէրի գագաթին, սառցակոյտերի շուքի տակ գրկում է դէպ իրեն ուղղւած աւստրիական սւինների մի ամբողջ խուրձ եւ խրում կրծքի մէջ, որպէսզի պատռի թշնամու շղթան իր ընկերների համար, այն ժամանակ այդ հերոսները իրաւունք չունե՞ն իրենց գործի գեղեցկութեան միացնելու եւ շրջապատի գեղեցկութիւնը:
Ամենաանշուք իրերի շրջանում, ճշմարտութեան կամ հերոսութեան գործը, կարծէք անմիջապէս դարձնում է երկինքն իր տաճարը, արեւն՝ իր կերոնը... « Բնութիւնը մեկնում է իր ձեռքերը՝ գրկելու մարդը, բաւական է, որ նրա մտածումները լինեն նոյնքան վեհ, որքան իրենը»:
Երեւակայում եւ օրհնում եմ քաջութիւնը հեթանոս Հայի, որպէս տղամարդու բարձր յատկութիւն: Նախաքրիստոնէական հայութեան մօտ այն աստիճան զարգացած էին քաջութիւնն ու իր պաշտամունքը, որ Վահագն Արքան, ժողովրդի կողմից արձանացած է հեթանոս երգերի մէջ, որպէս գերբնական ծնունդ «երկնի, երկրի եւ ծիրանի ծովի»: Նախապատկերը քաջութեան, Աստւածացեալ Վահագն, որ իր անհուն քաջութեամբ կը քաղէր վիշապները Հայոց աշխարհէն! Վիշապաքաղ Արքան Հայոց, որի պատկերը կը պաշտւէր Տարօնի Վահեվանեան մեհեաններում:
Երեւակայում եմ եւ ապրում գեղեցկութիւնը Աւարայրի եւ նրա հերոսների անմեռ գործի, երբ, ըստ Խորենացու, «ամենայն մարդ յանձն իւր եկեղեցի էր, նոյն ինքն քահանայ». երբ հայկական արիութիւնը կը սրբացնէր հայ ռազմիկն ու այն վայրերը, ուր կը թափլէր նրա նւիրական արիւնը:
* * *
Այսօ՜ր...
Կասկածելի եւ անօգուտ եմ համարում անարի Հայու հայրենասիրութիւնը:
Արիութիւն - սա պիտ լինի քո սերունդի կրօնը, հայ երիտասարդ: Արի եւ արիադաւան, - այդպիսի՛ն պիտ լինի հայութիւնը, եթէ ուզում է որպէս ազգ ապրել եւ վա՛ղը: Հա՛յ երիտասարդութիւն, պիտ կարողանա՞ս, արտաքին վտանգի ժամանակ ձեռքդ խղճիդ գոչել. - ես քո կենդանի սուրն եմ, Հայրենի՛ք, որ քեզ յաղթութիւն պիտ բերի:
Պիտի չկարողանա՞ս, - ի զո՜ւր ես ապրում:
Պիտի չարիանա՞ս, - վա՛յ քո ժողովրդին...

Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 802 | Добавил: PanArmenizm | Теги: Njdeh | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024