Приветствую Вас, Гость Արեգակ, 01.12.2024, 14:32
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Փետր 2012  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 7
հյուր 7
գրանցված 0

  
Главная » 2012 » Փետր » 10 » ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ ԱՆԲԱՐՈՅԱՒԷՏ ԽՕՍՔԸ
19:32
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ ԱՆԲԱՐՈՅԱՒԷՏ ԽՕՍՔԸ
ԱՆԲԱՐՈՅԱՒԷՏ ԽՕՍՔԸ

Մարդս իր խօսքի մէջ դրսեւորում է իր հոգու բովանդակութիւնը

Ոչինչ այնքան հեշտութեամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խօսքը:
Դա միաժամանակ մեր բարոյական շունչն է:
Մէկին մտերմօրէն ճանաչելու համար, հարկաւոր է լսել նրա խօսքը, անշուշտ երբ որ չի կեղծում: 
Մի ընտանիք, մի հասարակութիւն, մի ժողովուրդ ճանաչելու համար պէտք է լսել նրա մէջ հնչող խօսքը:
Երբ որ դա գործածւում է որպէս քօղ մտածումների համար, եթէ դա աւելի արտաքին բարեկրթութեան է ծառայում քան բարոյականութեան, երբ որ դա լսւում է որպէս ծաղր սրբութեանց եւ սկզբունքների դէմ, երբ դա դառնում է ծառայական, օգտախնդիր ու թունաւորիչ, եւ այդ ամէնի պատճառով՝ տարտամ, դա նշան է բարոյական անկման ու ապականութեան: Երբ մի ժողովրդի մէջ - ինչպէս մեզանում - որոշ տարրեր ազատօրէն ժխտում են ե՛ւ սրբութիւն, ե՛ւ սկզբունք, ե՛ւ Հայրենիք, առանց հասարակութեան ցասումը բորբոքելու իրենց դէմ, երբ մի ժողովրդի մէջ խօսքը աւելի գրգռում է, պառակտում, բաժանում, երբ դա կորցնում է լոյսն ու ջերմութիւնը - դա նշան է, թէ այդ ժողովուրդը նւաստացած է, ընկած՝ իր խօսքի հետ:
Այսպիսին է, չնչին բացառութեամբ, գաղութահայ խօսքն այսօր: Հետեւա՞նքը: - Հաւասար չափով՝ կեղծիքի ահաւորութիւն եւ ճշմարտութեան թշւառութիւն մեր կեանքում:
Չարութեան թոյն, կատաղութեան լորձունք եւ քացախ - ահա՛ թէ ի՞նչ են գործածում որոշ գրիչներ ու գրչակներ:
էլ ոչինչ է մնացել մեր գռեհկացած իրականութեան մէջ, որ հայհոյւած չլինէր:
Պոռոտ, տգէտ ու չար ճառատողներ!
Կարծէք, պետք է հայհոյել համոզելու կամ տարհամոզելու համար, զրպարտել, անւանարկել:
Կարծէք, անհրաժեշտ է դաստիարակելու համար խօսքը լինի բարձր եւ հայհոյալից, որ կարողանան ընթերցողին խաբել, թէ իրենք արդար են, ուժեղ, հեղինակաւոր:
Այնպէս են խօսում եւ գրում մեր գաղութներում, որ կարծէք իրենք են տէրը աշխարհի ողջ իմաստութեան եւ միակ տէրը Հայաստանի, զոր շատ-շատերը գուցէ եւ չեն էլ ճանաչում, նոյնիսկ քարտէսի վրայ:
- «Ես էլ աքացի տւի նրան, առիւծին: Թող աւանակի սմբակի ոյժն էլ զգայ !?...»:
Այս է շատերի խօսքի իմաստը ու շեշտը՝ իրենց հակառակորդների մասին: Կատաղի՜ գրչամարտ: Գրում են, անձանձիր գրում, մրոտում անվերջ իրենց հակառակորդների մասին, առանց կարդացւելու նրանց կողմից, բայց եւ այնպէս ոչ ոք է յուսահատւում:
Թոլսթոյի երրորդ որդին սկսել էր մամուլի մէջ քննադատել թոլսթոյականութիւնը: Հայրը՝ դժգոհ որդու արարքից, գանգատւում է իր մի բարեկամին.
- Կատարւեց, ինչ որ պիտ կատարւէր: Լսեցի որդուս գրածների մասին եւ չկարողացայ չկիտել յօնքերս: Սակայն, մի բան ուրախացնում է ինձ: Վէճը վարելու համար որդիս ստիպւած պիտ լինի կարդալու իմ որոշ աշխատութիւնները եւ խորհրդածելու նրանց մասին: Այդ ինձ յուսադրում է, թէ մի օր նա էլ կը հասկանայ ինձ...
Հայ գրիչ շարժողներն ունի՞ն այդ յոյսը, թէ իրենց հակառակորդները մի օր կը հասկանան իրենց: Ի հարկէ՝ ոչ: Հասկանալու համար պէտք է կարդալ հակառակորդի գրածները, մի բան, որ մեզանում չի արւում, իսկ չի արւում, որովհետեւ ծաղրով, հայհոյանքներով խնկւած յօդւածները գուցէ եւ հաճոյքով գրւում են, բայց ոչ կարդացւում:
Ընկած է հայ տպագրական խօսքը, որից ամէն մէկն օգտւում է իր ցանկութեանց համաձայն:
Օրւայ հայ խօսքը - երբեմն՝ մերկ սուսեր, երբեմն՝ բութ տապար, եւ միշտ էլ՝ անբարոյաւէտ:
Բանակռւողներին ցաւագինօրէն պակասում է տարրական բարեկրթութիւն, պարկեշտութիւն, րդարախոհութիւն:
Ընդդիմախօսողի մէջ ոչ ոք է ազնւութիւն ու շիտակութիւն տեսնում:
Անխնայ են, որպիսին չէին եւ վաղը չեն լինելու թուրքի հանդէպ:
* * *
«Պտոյտի ժամանակ հանդիպակաց բլուրի վրայ նշմարեցի մի հրէշային պատկեր: Երբ մի քիչ մօտեցայ, նկատեցի, որ դա մարդ է: Հասնելով նրան՝ տեսայ, որ դա իմ եղբայրներից մէկն է»...
Որքա՜ն հարուստ հոգեբանութիւն եւ գեղեցկութիւն, եւրոպացի քարոզչի այդ անպաճոյճ օրինակի մէջ:
Դադարում է մարդկանց միջեւ գոյութիւն ունեցող սառնութիւնը, երբ նրանք յաճախ են հանդիպում իրար: Տարակարծութիւնները տեղի են տալիս հասկացողութեան: Մեր կասկածը, հակակրանքը, թշնամանքը շարունակում են աճել, երբ դեռ հեռու են իրենց առարկայից: Ընդհակառակը, մեր այդ զգացումները ամէն անգամ աստիճանական շոգիացումներ են կրում, երբ մօտենում են իրենց առարկային:
«Իմ կարծածը չէ այդ պարոնը»,- յաճախ ասում ենք այն մարդկանց մասին, որոնցից անիմաստնաբար խուսափել էինք, որոնց թիւրիմացաբար չար էինք համարել: Իսկ մեզանում - Աստւա՜ծ իմ - մեր իրականութիւնն աւելի զարհուրելի է, քան երկու ցեղերի միջեւ բորբոքւած պատերազմը: Պատերազմող կողմերի համար գոյութիւն ունին զինադադարը, հաշտութիւնը, իսկ մեր կեանքում՝ անվերջ իրարակերութիւն:
Մենք չենք սիրում զինադադարը ներքին ճակատների վրայ, որովհետեւ սովոր ենք ծունկի գալ արտաքին թշնամու առաջ: 
Մենք չենք ներում իրար, որովհետեւ ստրուկին յատուկ հոգեբանու- թեամբ ներում ենք արտաքին թշնամիներին:
«Ամէն օր տեսնում ենք, թէ ինչպէս մարդիկ, յանուն իրենց կուսակցութեան, կատարում են այն, որ չէին կատարի իրենց համար, եթէ դրանով վտանգելու լինէին իրենց կեանքն իսկ»:
Ատելութիւնն ու ոխը, բոլորին, գրեթէ բոլորին դարձրել են կրքից կուրացած եւ աչառու: Քչերն են այլեւս խտիր դնում միջոցների մէջ, եւ ոչ ոք է ուզում հասկանալ, թէ կրքոտ վէճերի ժամանակ ի սպառ մոռացւում է ճշմարտութիւնը, որ հայկական վէճը ընդհանրապէս թշնամացնում է եւ ոչ թէ համոզում:
Հետեւա՞նքը: Կատարեալ բաբելոնեան աշտարակաշինութիւն, երբ այլեւս մարդիկ իրար չեն հասկանում:
Հետեւա՞նքը: Բարոյական մի մեծ դժբախտութիւն: Հասկանանք, սակայն, որ դրանք դեռ դժբախտութեան ծաղիկներն են, պտուղները կը վայելենք վաղը, մօտիկ ապագայում, երբ մեր երկրի գլխին կը պայթի թրքական վտանգը, երբ կարիք կը զգանք միակամ, կուռ եւ միաիդէալ ժողովրդի:
* * *
Խօսքը միաժամանակ մեր բարոյական պատկերն է. հասկանանք այդ: Ծնունդը մտքի՝ նա իր հերթին ազդում է մեր մտածումների վրայ:
Օրինակ՝ չի կարելի ծաղրել սրբութիւնը եւ շարունակել երկիւղած լինել նրա նկատմամբ:
Չի կարելի քամահրել մէկին եւ շարունակել յարգալից լինել դէպ նրա անձը:
Մեր արտաբերած ամէն մի խօսք, ուրիշներից աւելի մեզ է ազդում: Չի կարելի զազրախօս լինել եւ բարձր ու կիրթ նկարագիր ունենալ: Ինչպէս եւ չի կարելի անբարոյական, բայց եւ սրբախօս լինել: Գռեհկաբանելով, մարդս խրախուսում է եւ սնուցանում իր ստոր մտածումները՝ ուժեղացնելով նրանց: Խուսափի՛ր վայրաբանութիւնից: Ազնւացրո՛ւ լեզուդ, խօսքդ, իսկ այդ անելու համար, նախ ազնւացրո՛ւ մտաւոր կեանքդ: Թոյլ մի' տար, որ «անկոչ հիւրերը» տեղ գրաւեն ուղեղիդ մէջ: Մտածումների խստաբարոյութիւն, - ահա' թէ ի՛նչ պիտ լինի քո մտաւոր կեանքը: Եղա՞ր այդպիսին - դու կը լինես վսեմախոհ, ուժեղ եւ գրաւիչ:
Եղի՛ր ճշմարտութեան քարոզիչը, առաւել՝ ճշմարտութեան ուսուցիչը մեր կեանքում:
Երկու դէպքում էլ՝ եղի՛ր առաքեալ եւ ոչ անաղ ու անհամ դպիր: Երկու դէպքում էլ՝ վսեմաբան: Քարոզիչը բազմութիւններ է փնտռում եւ նրանց ուղղում իր խօսքը: Ուսուցիչը՝ քիչերին:
Առաջինին՝ զանգւածն է պէտք, երկրորդին՝ աշակերտողներ, հետեւորդներ: Աւելի՝ ուսուցի՛չ: Կեղծիքը զինաթափելուց յետոյ, եղի՛ր կարեկցող եւ ոչ դատաւոր. կարեկցող ուսուցիչ եւ ոչ անսիրտ մերկացնող: Այդպիսի՛ն եղիր, որովհետեւ գրեթէ անանձնական սխալանքների եւ հաւաքական թերութիւնների արդիւնք է մեր ժողովրդի ապրած անլուր աղէտը: Աւելի բարւոք վիճակ չեն ունենում չկատարւած պարտականութեանց կնիքը իրենց ճակտին կրող ժողովուրդները: Քո ժողովուրդի մի մասը միայն որպէս Հայ եւ մարդ կատարեց իր պարտականութիւնը եւ այսօր հաւասարապէս կը տառապի՝ միւս մասի տկարութեան եւ անպարտաճանաչութեան երեսից:
Մօտեցի՛ր բոլորին, բոլորի՛ն ուղղիր խօսքդ սիրոյ եւ համերաշխութեան: Եւ եթէ քեզ հարցրին, թէ ի՞նչ պէտք է անել, որ այսուհետեւ մեր ժողովուրդը հեռու մնայ նորանոր աղէտներից - պատասխանիր անմահ Դեմոսթենէսի խօսքերով՝ «ոչի՜նչ այն ամէնից, ինչ որ անում էք»:
Երեւա՛ բոլորին, կանչի՛ր, յորդորի՛ր բոլորին, որպէս անհանգիստ հոգին վիրաւոր Հայրենիքիդ:
Եւ թող գիտնան բոլորը, որ քեզ զբաղեցնողը ցեղիդ գոյութիւնն է, որ վտանգւած է:
Ասա՛ ամէն մէկին, մէ՛կ էլ, հազար անգամ կրկնիր բոլորին, մինչեւ որ հասկանան ու հարազատեն Ռընանի խօսքերի վսեմ իմաստը. «Հոգեւոր եղբայրներ են մի ժողովրդի անդամները: Եւ որպէսզի համերաշխութիւն տիրի եղբայրների միջեւ, անհրաժեշտ է, որ ամէն մէկը որոշ բաներ մոռացութեան տայ եւ մտահոգւի միայն ամենաէականով»:
Դարձի՛ր - ժամանակի պահանջն է դա - դարձի՛ր կենդանի արձագանքը ճակատագրի մարգարէի, որ վաղուց է քարոզում. «ժողովուրդնե՜ր, պատրաստւեցէ՛ք արեան օրւայ համար: Պատրաստւեցէ՛ք երկոտասան ժամւայ համար: Ձիթենու ճիւղի փոխարէն պատրաստեցէ՛ք արիւն եւ արցունք...»:
Պատրա՞ստ ես դու, հա՛յ ժողովուրդ:
* * *
Ես արդէն լսում եմ քո ձայնը, Հա՛յ երիտասարդ, քո խօսքը, որ ազդում է որպէս ջահել գինի:
Ոգեւորութեան հեղեղ են առաջացնում քո հայրենապաշտ շրթունքները:
Անցնում ես, որպէս կենդանի մագնիս, որ անդիմադրելիօրէն դէպ իրեն է ձգում իր անցած ճամբաների ցանցնւած երկաթի փշրանքները - հոգիները: 
Դու դառնում ես այն հրաբերան պերճախօսը, որ, դասական ժողովուրդների պատկերացմամբ, իր շրթունքներից դուրս եկած ոսկէ շղթաներով իր յետեւից քաշ կը տար ունկնդիր բազմութիւնները:
Դու այդպիսին պիտ լինես, քանզի միտքն ու սիրտը թեւ ու թռիչք են առնում, երբ վեհ է իրենց առարկան, քանզի չի կարելի ողջ էութեամբ նւիրւած լինել մի վսեմ առաքելութեան - եւ չդառնալ ոսկեբերան:

Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 724 | Добавил: PanArmenizm | Теги: Njdeh | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024