Մայիսյան Հաղթանակների խորհուրդը
Ասես ի վերուստ էր որոշված՝ հայության մղած ամենաբախտորոշ ճակատամարտերն ու տարած հաղթանակները կայացել են մայիս ամսին: Սկսած 451թ. տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտից, մինչև Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, Մեծ հայրենական, Շուշիի ազատագրում: Ավելին՝ մինչև մեր միասնության մշտանորոգ հաստատումը՝ 2005 թվականի մայիսի 28-ի «Միասնության շուրջպարը» սրբազան լեռան՝ Արագածի շուրջ:
Ամենևին այն կարծիքին չենք, թե այլ ամիսների հաղթանակներ չենք ունեցել: Հայ ժողովրդի մղած դարավոր պայքարի առաջին օրինակը՝ հանուն ազատության, հանուն հայրենիքի, տվել է Հայկ նահապետը շուրջ հինգ հազար տարի առաջ՝ դեռևս հայ ժողովրդի կազմավորման արշալույսին:
Ավարայրում մենք պաշտպանում էինք դավանանքի և հայրենիքի ազատությունը, Սարդարապատում՝ հայրենիքում ապրելու ու պետականություն կերտելու իրավունքը, Մեծ հայրենականում, մեր նվիրյալ մասնակցությամբ, դրսևորվեց հայրենիքի ազատությունը պահպանելու կամքը, իսկ Արցախյան ազատամարտում կրկին վերահաստատեցինք ազատ ապրելու համայն հայության ձգտումը:
Հայրենիքում ազատ ապրելու և ստեղծագործելու իրավունք և կամք. ահա այն ոգևորող ուժերը, որոնք առաջնորդել են մեզ դարեդար: Արցախյան ազատամարտն ու նրա փառքի պսակը՝ Շուշիի ազատագրումը, այդ կամքի և իրավունքի լավագույն դրսևորումները եղան նոր ժամանակներում:
Սակայն ինչո՞ւ է դարից էլ երկար ձգվում մաքառումը, ինչո՞ւ չենք կարողանում, ի վերջո, հասնել մեր մշտնջենական երազանքին. Հայկական լեռնաշխարհում Հայոց հզոր ու բարգավաճ պետականության կերտմանը: Չէ՞ որ, բազմիցս, այնքան մոտ ենք եղել դրա իրագործմանը: Հիշենք, թեկուզ, Սարդարապատի հաղթանակից հետո ստեղծված բարենպաստ իրավիճակը կամ Սևրի դաշնագրի ստորագրումը: Մեր կարծիքով խանգարել են երեք հանգամանք.
Առաջին՝ պայքարում համախմբվելու, սակայն ձեռք բերած հաղթանակը բավարար չափով չգնահատելու մեր համաժողովրդական անփութությունը: Աշխարհում պարտությունն է որբ, մեզանում՝ հաղթանակը:
Երկրորդ՝ հնդեվրոպական քաղաքակրթության բնօրրանում գտնվելու, քաղաքակրթությունների շփման գծում լինելու խնդիրը և այն, որ նախկինում միջազգային դիվանագիտական շրջանակները (ուզում ենք հավատալ, որ այդ արատավոր գործընթացն ավարտվել է) ցանկացել են անտեսել հայության շահերը՝ հօգուտ նրա թշնամիների:
Հիմնականում դա է պատճառը, որ թուրքական պետական գործիչները շարունակում են հավատալ, թե հայության նկատմամբ ոչ մի փոխզիջում ստիպված չեն անելու: Այս զգացողությունը աստիճանաբար փոխանցվում է նաև Ադրբեջանի ղեկավարներին:
Եվ երրորդ հանգամանքը, որ իրականում սերտորեն կապված է առաջինի հետ, ռազմադաշտում ձեռք բերած հաղթանակները բանակցությունների ժամանակ զիջելու մեր դիվանագետների և քաղաքական գործիչների հանցավոր գործելակերպն է: Օրինակները բազմաթիվ են:
Նկատի առնելով նաև այլ խանգարող հանգամանքներ, որոնք համարում են փոքր ինչ ավելի երկրորդական, պայքարում համախմբվելով ու հաղթելով, իրականացնում ենք ազատ ապրելու մեր ցանկությունը միայն, որը պետք է կարողանանք վերածել մեր հայրենիքում ազատ ապրելու, ստեղծագործելու անխորտակելի իրավունքի:
Մեր կարծիքով սրանք են մայիսյան հաղթանակների դասերը, որոնք մշտապես պետք է հիշենք և իրագործենք.
Համախմբում՝ ազատության համար պայքարում:
Անառարկելի հարգանք՝ մեր ժողովրդի հերոս զավակներին:
Անկոտրում կամք՝ մեր իրավունքների պաշտպանության հարցերում:
«Ուխտ Արարատի», թիվ 2, մայիս, 2005թ., էջ 1: