|
|
|
Главная » 2011 » Նոյ » 14 » ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂԸ
|
ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂԸ
Երանության մեջ էին Արին ու Արփին: Ձեռք ձեռքի տված զբոսնում էին Արարատի սքանչելի բնության մեջ, վազվզում էին դաշտերով, լողանում լեռնային գետակների մեջ: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար. հովի պես քնքուշ էր նրանց սերը, հողմի պես փոթորկող, արևի պես ջերմ, ջրի պես մաքուր, երկնի պես անկիրք: ԵՎ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք: Երկյուղում էին նայել իրար աչքերի մեջ, երկյուղում էին դիպչել, անգամ, իրար: Մեկը մյուսի զգացմունքների մեջ մի եթերային էակ էր, որ կարող էր հանկարծ գոլորշիանալ, անէանալ անդարձ: ԵՎ մեծագույն երկյուղածությամբ պահպանում էին իրար: Նրանց սիրով հիանում էր Աստղիկ Դիցուհին և հովանավորում էր նրանց սերը: Աստվածամայր Անահիտը իր մոտ կանչեց Աստղիկին և ասաց. - Արիի և Արփիի եթերային սերը շատ գեղեցիկ է, մաքուր, բայց անցողիկ է այն: Դու պիտի ապահովես նրանց սիրո հավերժումը: - Մի՞թե այս սերը հավերժական չէ,- զարմացավ Աստղիկը: ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց. - Երկրային աստվածները ժամանակի ազդեցությունն ունեն իրենց վրա: Եթերային սերը պատանեկության մենաշնորհն է. պատանեկության գարունն է և գարնան պես լուսաշող է, փոթորկող և անկիրք: Բայց գարնան հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Պտղաբերումի սերն արտահայտվում է սերնդատվությամբ և փոխանցվում է նրանց զավակների միջոցով: Դա է սիրո հավերժումը: - Մա՜յր,- ասաց Աստղիկը,- իսկ ինչպե՞ս ապահովեմ նրանց սիրո հավերժումը: ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց. - Հենց որ նրանք ամաչեն իրենց մերկությունից, այն կծածկեն: ԵՎ հենց այդ պահից նրանք կերազեն դիմացինի մերկությունը և կձգտեն իրար: ԵՎ Աստղիկը հարցրեց. - Ասա ինձ, Մա՜յր, իսկ ինչպե՞ս նրանք զգան իրենց մերկությունը: ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց. - Նրանք պիտի ճաշակեն կենաց պտուղը: Դա աստվածային սիրո հավերժական ծիրն է, որի սերմը ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ: Աստղիկը հայտնվեց Արփիին և ասաց. - Ո՛վ, չքնաղ քույրի՜կս, եթե ուզում ես հավերժացնել ձեր սերը, ապա պիտի կատարես իմ պատվերը, որ Մայր Անահիտից է գալիս: Գտիր կենաց պտուղը և այդ պտուղի կեսը դու ճաշակիր, մյուս կեսը տուր Արիին ճաշակելու: - Ո՛վ, Դիցուհի՜,- ասաց Արփին,- սուրբ է ինձ համար Մայր Անահիտի կամքը, բայց ասա ինձ, թե Արարատի ամենաբազմազան պտուղների մեջ ինչպե՞ս գտնեմ կենաց պտուղը: ԵՎ Աստղիկն ասաց. - Դա միակ պտուղն է, որ ձեռքով կիսվում է երկու հավասար մասերի: Ասաց Աստղիկը և անհետացավ: Իսկ Արփին սկսեց որոնել կենաց պտուղը: Նա Արիին ոչինչ չէր ասում և Արիի հետ զբոսնելիս, նա քաղում էր բազմազան պտուղներ և փորձում էր կիսել երկու հավասար մասերի: Չէին կիսվում: Հանկարծ մի փարթամ ծառի կատարին նա նկատեց արևագույն մի պտուղ: Արփիի խնդրանքով Արին բարձրացավ ծառ և պոկեց այդ միակ արևաթուշ պտուղը: Արփին ձեռքով հեշտությամբ կիսեց այն, և նրա ուրախության ճիչը զարմացրեց Արիին: Պտուղը կիսվեց երկու հավասար մասերի, և կորիզն անջատվելով, ընկավ գետին: - Ո՛վ, Արայի երկրային որդի՜,- ասաց Արփին,- սա կենաց պտուղն է: Մայր Անահիտի կամքով մենք պետք է ճաշակենք այն, որ մեր սերը հավերժանա: Նա մի կեսը տվեց Արիին, իսկ մյուս կեսը դրեց իր բերանը: ԵՎ հանկարծ Արփին կարծես սթափվեց խոր թմբիրից, նայեց Արիին, նայեց ինքն իրեն, զգաց իր և Արիի մերկությունը, ամաչեց ու փախավ, թաքնվեց թփերի մեջ: Զարմացած էր Արին, ոչինչ չէր հասկանում: ԵՎ Արփին կանչեց թփերի միջից. - Ճաշակի՜ր պտուղի այդ կեսը, ճաշակի՜ր, թե չէ հավիտյան կկորցնես ինձ: Ճաշակի՜ր և մենք երջանիկ կլինենք: Արին ճաշակեց պտուղի իր բաժինը: ԵՎ հանկարծ զգաց իր մերկությունը, ամաչեց ու փախավ: Նա թափառում էր ծառաստաններում, չհամարձակվելով երևալ Արփիին իր մերկությամբ: Նա կանգ առավ մի թզենու առջև, որը լայն և հաստ տերևներ ուներ: Պոկեց թզի մի տերև ու ծածկեց իր ամոթը: - Այսպես լավ է,- մտածեց նա և ուրախացավ: Մի տերև էլ պոկեց ու տարավ Արփիին: Արփին էլ իր ամոթը ծածկեց թզի տերևով և դուրս եկավ թփերի միջից: Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական և այնքան ձգող... ԵՎ սիրո հավերժումը հաստատվեց նրանց մեջ սերնդատվությամբ: ԵՎ նրանց սերնդատվությունը հովանավորում էր Աստվածամայր Անահիտը: Իսկ կենաց պտուղը կոչվեց Ծիրան:
|
Категория: Ուխտագիրք Արորդյաց |
Просмотров: 421 |
Добавил: PanArmenizm
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|