ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ
ԿԵՂԾԻՔԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ
Տարիներից ի վեր հրապարակի վրայ մի կեղծիք կայ, մի հրէշային կեղծիք, որին կը շարունակի խունկ ծխել հայրերիդ մի մասը, հա՛յ երիտասարդութիւն: Կեղծ դառնութեամբ սրանք դեռ սգում են յեղափոխութեան զոհերի վրայ: Փարսեցիօրէն կուրծք են ծեծում, իմաստութիւն ծախում, երբեմն էլ արամազդեան կեցւածք ընդունելով, այդ դասալիքները երեւան են գալիս դատաւորի դերում եւ անիծում Անկախութեան գաղափարը: Ա՜խ, տխմար յեղափոխականներ,- միամիտների ականջին փսփսում են սրանք,- ի՞նչպէս կարելի էր զոհեր տալ. ի՞նչպէս կարելի էր չգիտենալ, թէ ազատութիւնը տարւոյ եղանակների նման գալիս է ինքնին, առանց պայքարի եւ արեան. պտուղի պէս,- պնդում է ծպտւած ստրուկը,- պտուղի պէս բան է ազատութիւնը, ընկնում է հենց որ հասունացաւ... Այս եւ այսպէս են թշւառաբանում հայրերէդ ոմանք, որոնք կեղծում են, թէ չգիտեն որ ազգերը երկաթով ու արիւնով են հարթել իրենց պատմական ճամբան, որ ազգերի բարօրութիւնը ձեռք է բերւում արիւնով ու արցունքով, որ ազգերի անցած ճամբաները շարունակում են ծածկւած մնալ մարդկային գանգերով: «Յաղթութիւնը չի պտղաբերի, մինչեւ որ դաշտերը չոռոգւին արեամբ»: Արեան հեղեղներով են ներկւած բոլոր հայրենիքները: Անհաշիւ է զոհերի թիւը, անչափելի՝ ժողովուրդների թափած արիւնը յանուն անկախութեան: Այդ գիտեն մեր ցեղի տկար տարրերը, գիտեն, բայց կեղծիք կոչւած հրէշի դէմ չմեղանչելու համար, դեռ կը պնդեն, թէ Հայոց աշխարհը կարող էր բացառութիւն կազմել ծանօթ երկաթէ օրէնքից - արեան տուրքից: Եւ զայրացած են սրանք - երկրորդ կեղծիքը - զայրացած են, որ մեզ չի յաջողել զինաթափելու այն մեծ ու փոքր ազգերը, որոնք սուր մերկացրին աշխարհի խաղաղութեան դէմ !?! Սրանք կ՚ուզէին որ չպայթէր համաշխարհային պատերազմը. կ՚ուզէին որ ազգերի իրար անցնելուց յետոյ հայութիւնը մնար չէզոք. եւ կը հաւատան, թէ թրքութիւնը, - դարերի գազանն ու խուժը - պատերազմի օրերին կարող էր դառնալ մարդ եւ հայասէր !?... Չէզոքութի՜ւն... Համաշխարհային պատերազմի օրերին չէզոքութիւն պահանջելը հայ ժողովրդից, կը նշանակէր մահացիօրէն տգէտ եւ վատ լինել, կը նշանակէր տարրական հասկացողութիւն չունենալ ստրկութեան մէջ հոգեվարող ժողովուրդների հոգեբանութեան մասին: Չեխը, Լեհը, Մակեդոնացին, Սերբը, Սիրիացին - քաղաքականապէս անիրաւուած բոլոր ժողովուրդները կողմ դառան, դարերի իրենց երազը իրականացած տեսնելու համար: Հոգեբանօրէն աւելի քան հասկանալի շարժումներ էին՝ կամաւորականը՝ ռուսահայ իրականութեան, լեգէոներականը՝ գաղութահայութեան մէջ: - Արդեօք մեր բացարձակ չէզոքութեան դէպքում, եթէ դա նոյնիսկ հոգեբանօրէն հնարաւոր լինէր, թուրք կառավարութիւնը պիտի չտեղահանէ՞ր հայութիւնը: - Նա պիտ վարւէր մեզ հետ ճիշտ այնպէս, ինչպէս որ վարւեց: - Ինչո՞ւ: - Որովհետեւ Թուրքն աւելի դրական կարծիք ունէր եւ ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները, որոնք ազնւութեան վկայական տալով թրքութեան, վատութիւնն ունին կարծելու, թէ հայութեան մէջ այլեւս մեռած է մարդն ու Հայը, թէ հայութիւնը կարող էր եւ չյուզւել, չուրախանալ, թէ ահա՛ կ՚երեւան եւրոպական գայլերը եւ իսլամ շունը կը թողնի, կը հեռանայ հայկական նահանգներէն, թէ ահա կը յայտնւին քրիստոնեայ զօրքերը եւ հայութիւնը կը թօթափի դարերի ստրկութեան լուծը: Վատերը միայն վատ կարծիք ունին մեր ժողովրդի մասին: Սրանց համար այնքան զուլումներից զարնւած հայութիւնը, փայտէ ժողովուրդ է, անընդունակ նոյնիսկ զգալու եւ երազելու լաւ օրերի մասին: Եօթնիցս տգէտ եւ զզւելի' կարծիք... Մեր բարեացակամ չէզոքութեան դէպքում իսկ - եթէ դա, կրկնում եմ, նոյնիսկ հնարաւոր լինէր - թրքութիւնը պիտ վարւէր մեզ հետ ճիշտ այն ձեւով, ինչպէս որ վարւեց: Նա չէր կարող հաւատալ մեր բարեկամութեան, քանզի կար մօտիկ անցեալի խրատական պատմութիւնը: Յունաստան, Ռումանիա, Սերբիա, Բուլղարիա, Սեւ Լեռ, Բոսնիա, Հերցէք - այդ բոլոր ժողովուրդները իրար յետեւից, գարշանքով էին թօթափել թրքական լուծը: Հայը չէր կարող սեւ բացառութիւն կազմել: Որպէսզի Թուրքը վստահէր մեզ՝ յիշատակածս ազգերը ժամանակին պէտք չէ ծառացած լինէին թրքութեան դէմ: Կարո՞ղ էինք այնպէս անել, որ մեր «սեւ աչքերի» համար այդ ժողովուրդները շարունակէին մնալ ստրուկ: Ոչ: Կարո՞ղ էինք այնպէս անել, որ թրքութիւնը մոռանար մօտիկ անցեալի խրատական պատմութիւնը եւ հաւատար մեզ: Ոչ: Ուրեմն, տեղի պիտ ունենար այն, ինչ որ տեղի ունեցաւ: * * * Կայ երրորդ կեղծիքը, որին «պաշտօն եւ ժամերգութիւն» է կատարում քո անդարձ, անապաշխար հայրերի որոշ մասը: Դա մեծ կեղծիքն է Կարսի մասին: Չի եղել, հայ երիտասարդ, ու չկայ մի ժողովուրդ, որի պատմութիւնը միայն եւ միայն փայլուն յաղթանակներ արձանագրած լինէր: ժամանակաւոր պարտութեան դառն բաժակը դատարկել են բոլոր ժողովուրդները, ինչպէս եւ աշխարհակալ Հռոմը: Երէկւայ գոռ ու գոռոզ յաղթականը պարտւում է այսօր, առանց, սակայն, կորցնելու վաղւայ յաղթանակի յոյսը: Հարւածներ է, որ կը փոխանակեն ժողովուրդները, եւ վա՜յ նրան, որ միայն ստանում է առանց վերադարձնելու, առանց հակահարւածելու: Այդպիսին իր տեղն արեւի տակ ընդմիշտ կ՚ազատէր նրանց համար, որոնք կեանքն ու պատերազմը նոյնանիշ երեւոյթներ են համարում, որոնք խօսում են խաղաղութեան մասին, բայց չեն դադարում պատրաստւելու հարւած տալու կամ իրենց տրւելիք հարւածը յետ մղելու համար: Եւ սովորութիւն կայ, գրչի ու գիրքի տէր բոլոր ժողովուրդների մօտ իմաստուն սովորութիւն կայ, պատերազմից յետոյ հաշւի նստել, պարզել իրենց յաջողութեանց եւ պարտութեանց պատճառները: Յաղթականը կ՚ուսումնասիրէ իր յաղթանակի պատճառները՝ վաղը եւս յաղթանակելու համար, պարտւածը կ՚անդրադառնայ իր պարտութեան պատճառներին՝ վաղը նրանցից խուսափելու նպատակով: Համաշխարհային պատերազ- մին մասնակցութիւն բերած կողմերը վաղուց են պարզել ճշմարտութիւնն իրենց զէնքի յաջողութեան ու ձախողանքի մասին, եւ զինւած այդ ճշմարտութեամբ, լռիկ ու մնջիկ պատրաստւում են վաղւայ համար: Մի տխուր բացառութիւն է կազմում աստւածապահ մեր ժողովուրդը միայն: Տարիներ են անցել Կարսի անկման օրէն, տարիներ, եւ ... այդ բերդի շուրջը տեղի ունեցած ողբերգութեան մասին հրապարակում կայ ամէն ինչ, միայն ոչ ճշմարտութիւն: Մի նշանախեց անգամ: Շատ բան գրւեց, աւելի շատ խօսւեց, եւ դեռ գրում են, խօսում Կարսի անկման պատճառների մասին, բայց ոչ ճշմարտութիւնը երեւան հանելու մտահոգութեամբ: Կարծիք յայտնեց մտաւորականը, սրճեփը, դիւանագիտական մարզանքներով զբաղւողը, նպարավաճառը, սափրիչը. չմնաց արհեստ եւ արւեստ, որի ներկայացուցիչը լեզու չթրջէր Կարսի պատերի տակ հայ զէնքի կրած անյաջողութեան պատճառների մասին: Բայց ոչ ոք ձեռնահասութիւն եւ արիութիւն ունեցաւ մազաչափ անգամ մօտենալու ճշմարտութեան, ոչ ոք ուզեց եւ կարողացաւ տեսնել ճշմարտութիւնը: - Հայաստանի կառավարութեան անհեռատեսութեան կը պարտինք Կարսի անկումը. պատերազմը դիւանագիտօրէն կազմակերպւած չէր, - ասացին եւ ասում են ոմանք: - Զինւորական նախարարի ապիկարութեան երեսից ընկաւ Կարսը, որովհետեւ զօրք չկար, որովհետեւ եղածը զօրք չէր: - Կարսը թշնամուն յանձնեց բարձր հրամանատարութեան անճարակութիւնը. զօրք կար, բայց կռւեցնող չկար: Սրանցով չէ սպառւում մեղադրականը: Շա՜տ են նրա կէտերը եւ բազմապիսի: Եւ ամէն մէկը՝ երեւակայական այս կամ այն պատճառներին վերագրելով հայկական բերդի անփառունակ անկումը, հագաւ դատաւորի պատմուճանը եւ գռեհկօրէն հայհոյեց, զրպարտեց, բամբասեց նրանց, որոնց ձեւականօրէն յանձնւած էր Հայաստանի ծանօթ ամրութեան պաշտպանութիւնը: Եւ ամէն մէկը, որ տգիտութիւն եւ վատութիւն ունեցաւ իրենից դուրս փնտրելու աղէտի պատճառները՝ կրկնեց յիմարութիւններ միայն: Հետեւա՞նքը: Փողոցում եւ հոգիների մէջ ամէն ինչ - տգիտութիւն, միամտութիւն, կեղծիք, իսկ ճշմարտութիւն՝ բնաւ: Հետեւէք, ընթերցող, կատարւող «քննադատութիւններին» եւ փութավճիռ դատաստաններին եւ պիտ մղւէք համոզւելու, թէ հայրերիդ շարքերում կան ամէն գնով ծիծաղելի դառնալու մարմաջով բռնւած մտաւորա- կաններ: Ինչի՞, սակայն, վերագրել այդ տխուր երեւոյթը. արդեօք, միայն տգիտութեա՞ն: ճիշտ է, հասկանալի պատճառներով մեր ժողովրդի մի որոշ մասը - որ անհայրենասիրութիւնն ունեցաւ հեռու մնալու ազգային պայքարից - ամենադոյզն չափով իսկ հասկացողութիւն չունի պատերազմ կոչւած բարդ երեւոյթի մասին: Բայց եւ այնպէս օրւայ դատապարտելի վարքագիծը չի կարելի բացատրել իր տգիտութեամբը միայն: Այդ տարրերի մէջ տգիտութեան հետ զինակցած է վատութիւնը: Երեք գլխաւոր պատճառներ ունին սրանք - գիտակցօրէն խուսափելու ճշմարտութիւնից: Սրանց կուսակցական շահը պահանջում է տեւականացնել Կարսի անկման առաջին օրերին ՀՀ կառավարութեան դէմ ստեղծւած հասկանալի դժգոհութիւնը: Այդ դժգոհութիւնը մի զէնք է, որից՝ ազգային իշխանութեան հակառակորդները չեն ուզում զրկւել: Այստեղ, ինչպէս տեսնում էք, կայ մտքի անազնւութիւն: - Ընդունել ճշմարտութիւնը հանրապետական բանակի անյաջողութեանց մասին, պարզել Կարսի անկման իսկական պատճառները - կը նշանակի պատասխանատւութեան բաժին ընդունել: ճշմարտութիւնն ընդունողը առաքինութիւն պիտ ունենար զբաղւելու ինքնաուղղումով, վաղը իր աղիտաբեր սխալներն ու պակասութիւնները չկրկնելու համար: Իսկ ինքնաուղղումը պահանջում է մտքի եւ հոգու ճիգեր, մի բան, որ այնքան էլ հաճելի չէ հոգեպէս ծոյլերի եւ նիւթականացածների համար: Այստեղ էլ տեսնում ենք բարոյականի պակասը: - ճշմարտութիւնից երես դարձնելու երրորդ պատճառը - դա իրենց դասալքութիւնն արդարացնելու յանցաւոր միտումն է: Հեռատես պիտ համարւէին, եթէ կարողանային լռել: Չկարողացան եւ մատնեցին իրենց: Իմաստութիւնը չէր, որ նրանց հեռու էր պահել ազատագրական պայքարից, այլ՝ փոքրոգութիւնը: Հին ծանօթ դասալիքներն են դրանք, որ միշտ էլ փորձել են փիլիսոփայել ու արդարացնել իրենց փախուստը ազգային պարտականութիւններից: * * * - Հառաչող ազգերը, ստրուկ, անիրաւուած, իրենց տառապանքին վերջ տալու յոյսով մի՛շտ էլ դիմած են յեղափոխութեան, որպէս ծայրայեղ եւ հերոսական միջոցի, մասնաւորապէս Արեւելքում: Այդ նոյն միջոցին պիտ դիմէր եւ հայ ժողովուրդը: Փա՜ռք իր խոյանքին, իր զոհերին եւ մայիսեան պատմական շարժուձեւին: - Համաշխարհային պատերազմի բերումով հայ տարրի տեղահանութիւնը օսմանեան սպայակոյտի համար ռազմագիտական անհրաժեշտութիւն լինելուց զատ, աշխարհի հզօրներից ծեծւած ու թքւած թուրք ցեղի գրգռւած բարբարոսութեան յագուրդ տալու հոգեբանական մի միջոց էր, որին անվարան կերպով դիմեց թուրք կառավարութիւնը: - Կարսի ամօթը Հ.Հանրապետական կառավարութեանը չէ միայն, այլ ողջ հայ ժողովրդին: Չափւում են, բաղխւում բանակները, բայց յաղթում կամ պարտւում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտւողը հայ զինւորն ու զօրավարը չէին միայն, այլ բովանդակ հայութիւնը, հայ ժողովրդի՝ իր ամբողջութեան մէջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին: Ահա' ճշմարտութիւնը, հայ երիտասարդ - սպանիչը կեղծիքի, ճշմարտութիւնը, որով զինւած, դու աննահանջ կռւի պիտ դուրս գաս տգիտութեան ու վատութեան դէմ: Դու պիտ սպանես կեղծիք հրէշը, որ սպառնում է մեր ազգի նիւթական եւ բարոյական գոյութեան: Վաղուց է, ինչ այդ եռագլխանի հրէշը, յենւած մեր հասարակական կեանքի գռեհկութեան, չաստւածաբար պաշտւում է եւ իշխում մեր ժողովրդի որոշ տարրերի հոգու եւ մտքի վրայ: Նա մեհեաններ ունի ցցւած ամէն տեղ, ուր կը սողայ տկար, անարի, անանձ հայը: Նա անսուրբ բագիններ ունի, որոնք դու, Աւարայրի հերոս Երէցի սրբազան կատաղութեամբ պիտ խորտակես: Վերջ կեղծիքի թագաւորութեանը մեր կեանքում, որ բազմիցս փորել է հիմերը մեր ազգային գերիշխանութեան եւ կործանել զայն: Թագաւորող կեղծիքի երեսից, հալածական է ճշմարտութիւնը մեր իրականութիւնից: Չկայ, ճշմարտութիւն չկայ մեր կեանքում եւ դրա համար էլ այնքան անլոյս ու անյոյս է մեր կեանքը, դրա համար էլ այնքան տգեղ են մեր բարքերը, այնքան խոպան մեր հոգիները: Չկայ ճշմարտութիւն, դրա համար էլ ներքին համերաշխութիւնը շարունակում է մնալ որպէս սնամէջ խօսք, դրա համար էլ մտքի, զգացումի, ոգու աղքատութիւնն այնքա՜ն աղաղակող է մեր ազգային կեանքում: Չկայ ճշմարտութիւն, եւ դրա համար էլ մեր ժողովուրդի մի մասը Մետերլինգեան կոյրերի նման մոլորւած է «տգիտութեան անտառում»: Կայ փիլիսոփայող եսականութիւն, ատելութիւն, նախանձ, փոքրոգութիւն, քաղաքական շաղակրատանք: Կայ այն ամէնը, որ դժոխքն իսկապէս դժոխք է դարձնում: Կայ այդ ամէնը, որովհետեւ ճշմարտութիւն չկայ: Կայ կեղծիքը եւ - յուրախութիւն թուրքերի - շարունակւում է ներքին իրարակերութիւնը: Կայ կեղծիքը - եւ հայութիւնը կը շարունակի զրավաստակ լինել - մի մասը շինարարելով, միւսը՝ քանդելով: Կեղծիքի մէջ կը շնչեն, կ՛ապրեն շատերը - եւ ահա', հայութիւնն իր ամբողջութեան մէջ շարունակում է մնալ հոգեպէս տկար, ասել է եւ անկարող ու անարժան անկախ հայրենիք ունենալու: ճշմարտութեան թագաւորութիւնը մեր կեանքում, իրական եւ անսասան պիտ դարձնի մեր ժողովրդի յաղթանակը իր արտաքին թշնամիների հանդէպ: - ճշմարտութիւնը - ա՜հ, երիտասարդ հայութիւն - դա աստւածային այն լոյսն ու ջերմութիւնն է, որով կը սնւի ու կը հզօրանայ հոգին՝ անհատի եւ ժողովրդի: Կեղծիքը կը ստրկացնի, ճշմարտութիւնը՝ կը փրկի: Վերջինն ոյժ է, առաջինը՝ տկարութիւն: Վախկոտն ու ստորը - ահա՛ կեղծիքի աշակերտները: ճշմարտութիւնը կը դաստիարակէ արին ու ազնիւը: Պարտութիւն, ստրկութիւն, տառապանք - ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը: ճշմարտութիւնն, ընդհակառակը, կը հզօրացնէ ու կը փրկի, դարձնելով ազգերին յաղթական: Առաջինը տխուր ախտանիշն է հոգիների խանգարման: Երկրորդը, կրկնենք իմաստունի հետ՝ ամենամեծ Աստւածութիւնն է, որ բնութիւնը յայտնաբերել է մարդկութեան համար եւ օժտել զայն ամենամեծ ոյժով: ճշմարտութեան մէջ ապրող անհատի եւ հաւաքականութեան հիմքը դրւած է լինում ժայռի, կեղծիքի մէջ խարխափողինը՝ աւազի վրայ: * * * Չե՞ս զգում, երիտասարդ ընթերցող, թէ ինչպէ՛ս մահաշունչ կեղծիքից խորշակահար է լինում այն ամէնը, ինչ որ գեղեցիկ, վսեմ, հերոսական է մեր կեանքում: Չե՞ս տեսնում, թէ ինչպէ՛ս մանրացել ու գռեհկացել են մեր ժողովրդի որո՛շ տարրերը: Թէ որքան մեծ է ստորութեան ոյժը մեր կեանքում: Չե՞ս զգում, արդեօք, թէ խեղդւում ես շրջապատիդ մահաշունչ կեղծիքի մէջ: Կեղծիք՝ մահ ասել է, դանդաղ մահացում, իսկ մեզ պէտք է ապրել որպէս ժողովուրդ: Տե՛ս, հայրերդ իրար աւելի են ատում, քան արտաքին թշնամուն: Եւ արդէն շատերի մէջ սկսել է խօսիլ ներումը դէպ թրքութիւնը: Նշան՝ ազգային նւաստութեան: Տե՛ս, թէ ի՞նչպէս ծաղրելի կերպով ինքնաբաւ են շատերը, քչով բաւականացող, փառասիրութեամբ ծոյլ եւ սակաւապէտ: Որքա՛ն անխռով են, մտահոգութեան ստւեր իսկ չի նկատւում սրանց մէջ՝ իրենց ժողովրդի ապագայի մասին: Կարծէք Թովմաս Մուրի իդէալական կղզում ապրելիս լինէր հայութիւնը եւ ոչ թէ մեր տխուր Արեւելքում, շրջապատւած բարբարոս եւ քրիստոնեաւէր իսլամութեամբ: Կեղծաւորնե՛րը ... Յովտ գրի մասին աւելի են աղմկում, քան հայ ժողովրդի վտանգւած ապագայի: Երբեք ջրի եւ հովի հոսանքին հակառակ չնաւել. յաւէտ սպասել յաջող հովի ու մակընթացութեան - այս է այն «զգաստ քաղաքականութիւնը», որով կ՚առաջնորդւեն եւ կ՛ուզեն առաջնորդել հայութիւնը: Տես, թէ ինչպիսի՜ մոլեռանդութեամբ նրանք ազգային գործիչների մեծագործութիւնները սառոյցի, իսկ սխալները մարմարիոնի վրայ են քանդակում: Իսկ նրանց կեցւա՞ծքը, ծառայական՝ օտարի, ամբարտաւան՝ հայ մարդու հանդէպ: Իսկ իրենց հոգեւոր ծուլութիւնն ու չքաւորութիւնը սքօղելու զաւեշտական ճիգե՞րը: Իսկ սրանց նիւթակրօն վարդապետութի՞ւնը, որ մարդկային կեանքը համարելով մի օրւայ ճամփորդութիւն՝ յորդորում է - կեր, խմիր, խնդա', աշխարհի եւ ազգիդ ցաւերը թողնելով ուրիշներին: Հետեւա՞նքը: - Մի յոռենշան վիճակ, մտաբարոյական ընդհանուր քաոս, որի մէջ վաղուց է սկսւել եղծումն ու խաթարումը մեր ազգային հաւաքական հոգու: Իսկ գիտենք, որ «մի ժողովրդի ոյժը աւելի նւազ չափով է գտնւում իր բանակների՝ քան իր զգացումների ընդհանրութեան, քան ազգային հոգու մէջ: Ազգային հոգին Հռոմէացիներին դարձրեց աշխարհի տէրը. կորցնելով այդ հոգին՝ կորաւ Հռոմը»: Հետեւա՞նքը. - մի դրութիւն, որ սպառնում է մեզ մահւամբ: * * * Ի՞նչ, հայ երիտասարդութիւն, մեռելի ականջի՞ն է հնչում իմ խօսքը: Ոչ, ես հաւատում եմ քո ներքին վերանորոգիչ ոյժին, ինչպէս եւ քո ջահիլ թեւերի թափին: Ես զգում եմ, թէ ինչպէս, զայրոյթն ու ամօթը, միացած՝ սրբազան ինք- նադժգոհութեան՝ այրում են քեզ: Ես տեսնում եմ, թէ ինչպէս սեղմւում է քո բռունցքը կեղծիք կոչւած հրէշի դէմ: Դու դողում ես կատաղութիւնից եւ արդէն նախաճաշակում քաղցրութիւնը պայքարի, որի մէջ պիտ սպանւի կեղծիք հսկան: Ահա', դու զայրոյթով յետ ես մղում անզիղջ հայրերիդ հոգեւոր խնամակալութիւնը եւ նրան պարտադրում քոնը: Սկսում է պայքարը որդիների եւ հայրերի միջեւ: ճշմարտութեան եւ կեղծիքի միջեւ: Կռիւը Դաւիթի եւ Գողիաթի միջեւ!... - «Ինձ թեթեւ գործ մի տաք, ես ուզում եմ բարձրացնել այն հսկայ լեռը եւ նետել ծովը»: Ա՜հ, այդ՝ ձայնն է քո ազնիւ փառասիրութեան, հայ երիտասարդութիւն, որի համար անկարելին հայկական բառ չէ: - Պիտ պարտւի, պիտ մեռնի կեղծիքը մեր կեանքում, որ ապրի մեր ժողովուրդը: - Ջան, այդ՝ քո ձայնն է, իդէալի ընդունակ երիտասարդութիւն, որ սիրում եմ լսել:
|