Հնագույն պատմական տեղեկությունները Այսօր հայտնի առաջին պատմական տեղեկությունները Հայկական լեռնաշխարհի մասին պահպանվել են շումերական սեպագիր արձանագրություններում և վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Այդ արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը: Արատտա անունն իրավամբ համադրվում է Արարատի հետ (համարվելով վերջինիս նախաձևը), ինչն առավել ակնառու է Համաշխարհային ջրհեղեղի մասին շումերական և աստվածաշնչյան պատմությունների համեմատությունից: Դրանցում համապատասխանաբար Արատտան և Արարատն են հանդես գալիս իբրև և փրկության վայր: Հնագույն միջագետքյան սեպագրության մեջ հատուկ անունները գրվում էին երկու եղանակով` հնչյունային (վանկային և մեկ ամբողջական գաղափարագիր-նշանով: Հնչյունային գրության պարագայում Արատտա երկրանունը գրվում է երեք վանկով (Ա-րատ-տա), իսկ գաղափարագիր տարբերակում` Սուբուր (Սուբարի, Սուբարտու) երկրանվան գաղափարագրով: Դա նշանակում է, որ այդ երկու երկրանունները միևնույն երկրին տրված անվանումներ են: Սուբուր-Սուբարի-Սուբարտուի մասին հիշատակությունների (որոնցից հնագույնները գտնում ենք Ք.ա. XXVI դ. բնագրերում) վերլուծությունը ցույց է տալիս, որ այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում (ավելի որոշակի` Վանա լճի ավազանում և դեպի հարավ-արևմուտք ընկած շրջաններում): Ք.ա. XXVI դարից սկսած` միջագետքյան բնագրերը հիշատակում են Հայ(ա) աստծուն, նույնանուն երկիրն ու ժողովրդին: Հատկանշական է, որ շումերա-աքքադական երկլեզու արձանագրություններում շումերական բաժնի Սուբուրին աքքադերեն բաժնում համապատասխանում է Հայ(ա)ն, ինչը ցույց է տալիս այդ երկրանունների` միևնույն երկրին վերաբերվելը: Փաստորեն, մի կողմից` ունենքԱրատտա-Սուբուր, մյուս կողմից` Սուբուր-Հայ(ա) համապատասխանություն, ինչը նշանակում է, որ Ք.ա. III հազարամյակի առաջին կեսում արդեն Հայաստանը հայտնի էր երեք համարժեք անվանումներով (Արատտա-Հայ(ա)-Սուբուր): Ք.ա. XXIV–XXIII դարերից սկսած` Հայկական լեռնաշխարհում հիշատակվում են <<Արման(ի)>>, <<Արմի>>, <<Արամ>> և այլ երկրանունները, որոնք <<Արմենիայի>> նախաձևերն են: Էբլայի (Հյուսիսային Ասորիք) Ք.ա. XXIV–XXIII դարերի արձանագրություններում հիշատակվում են Արմի երկրում բնակված <<Հայայի որդիները>> (հայորդիները), որոնք գործուն փոխհարաբերություններ են ունեցել շրջակա երկրների հետ: Էբլայի բնագրերի <<Հայայի որդիները>>, շումերական աղբյուրների Հայա աստվածը և երկիրը ծագումնաբանորեն կապվում են միևնույն կենտրոնին` Հայոց բնաշխարհին: Այսպիսով` դեռևս Ք.ա. XXIV–XXIII դդ. Հայկական լեռնաշխարհի առնչությամբ հիշատակվում են Հայաստանին և հայերին տրված հիմնական անվանումները` Արատտա, Հայա, Սուբուր և Արման(ի): Դրանցից Սուբուրը դադարում է գործածվելուց Ք.ա. I հազարամյակի առաջին կեսին, իսկ մյուսները շարունակում են կենսունակ մնալ որպես Արարատ, Հայք-Հայաստան և Արմենիա:
|