ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ Մտատանջվում էր տիտանյան Խաթունը: Նա ոչ մի կերպ չէր կարողանում մտնել Հայկի հոգու մեջ և իմանալ նրա խոհերը: Հայկը լուռ էր, ոչինչ չէր խոսում, ոչինչ չէր հարցնում: Նա հնազանդ էր Խաթունին և Բելին, ոչնչով չէր հակադրվում նրանց, բայց և չէր բացում իր սիրտը նրանց մոտ: ԵՎ դա ավելի էր անհանգստացնում Խաթունին: Նա չէր կարողանում պարզել, թե ինչ գիտի Հայկը և ինչ չգիտի: Բայց համոզված էր, որ եթե Հայկը այլևս հարց չի տալիս, ուրեմն նա ավելին գիտի, քան պետք է: ԵՎ զգում էր Խաթունը, որ Հայկը օրեցօր օտարանում էր տիտաններից: Խաթունը սիրում էր Հայկին, բայց նա սիրում էր նաև Բելին: Բելին նա սիրում էր ավելի: Չէ՞ որ Բելը իր ծնունդն էր և իր նպատակների ծնունդը: Խաթունը ուզում էր, որ Հայկը մեծանա որպես տիտան և թև ու թիկունք լինի Բելին: Արիները հավատացել են, որ Հայկը չկա, և Բելը մնացել է Թորգոմի միակ ժառանգորդը, և իր ժառանգական իրավունքով նա կպահանջի Արարատը: Տիտան Հայկը կօգներ Բելին: Իսկ աստվա՞ծ Հայկը: Որպես մայր, Խաթունը սիրում էր Հայկին: Բայց որպես տիտան, նա զգում էր, որ աստված Հայկը շատ է վտանգավոր: Հայկը կամ պետք է լինի տիտան, կամ չպետք է լինի: Դա էր պահանջում տիտանյան Ցեղի շահը, դա էր պահանջում նրա Աստված Վիշապը, դա էր պահանջում ահեղ Բելը:- Մարե՜, - պնդում էր Բելը, - Հայկը տիտան չի լինի, նա աստված է: Իսկ աստված Հայկը ինձ եղբայր չի լինի, նա ինձ թշնամի է:- Որդի՜ս, - համոզում էր մայրը, - Հայկը իմ ձեռքում է մեծացել: Գուցե նա քեզ եղբայր չլինի, բայց թշնամի էլ չի լինի: - Կլինի՜, մա՜յր, - ասաց Բելը, - թեկուզ նա մեծացել է քո ձեռքում, բայց նրա մեջ Արի արյունն է, որ խոսում է հիմա: Այդ արյունը նրա մեջ խոսելու է միշտ և զորավոր է խոսելու: Իսկ զորավոր Արին Չարիին երբեք չի հնազանդվի: - Լսի՜ր ինձ, որդի՜ս, - ասաց Խաթունը, - իմ ամուսինը եղբայրության ուխտ էր արել Թորգոմի հետ: Կեղծ էր այդ ուխտը: Բայց այդ կեղծ ուխտից ես երկու որդի ունեցա՝ մեկը տիտան, մյուսը՝ աստված, երկուսդ էլ միևնույն հոր զավակները: Գուցե Արարչի կա՞մքն է, որ եղբայրության կեղծ ուխտը ձեր միջոցով անկեղծ դառնա, և ապրեք այդ ուխտով աստված Հայկը Արարատում և տիտան Բելը Անապատում: - Մա՜յր, - բարկացավ Բելը, - դու չէի՞ր, որ ինձ ծնեցիր որպես ավերումի արքա, դու չէի՞ր, որ ինձ նվիրեցիր քո Աստված Վիշապին, դու չէի՞ր, որ սնեցիր ինձ չարությամբ Արիների դեմ: ԵՎ ես ուխտեցի Չարի Աստված Վիշապին՝ ավերել Արարատը, կործանել Արի Ցեղը՝ իմ հոր Ցեղը: Հիմա եղբայրության ո՞ւխտ ես նյութում: Ո՜չ, մա՜յր: Ես ատում եմ Արիներին և հատկապես Հայկին: Հայկը լիարժեք աստված է, իսկ ես աստծո որդի եմ միայն: Հենց դրա համար էլ ատում եմ նրան: Ես ատում եմ նաև քեզ, մա՜յր, որ գողացել ես աստված Թորգոմի սերմը և ծնել ես մի այլանդակ էակ, որը ո՜չ աստված է, ո՜չ՝ տիտան: Դե ասա՝ ո՞վ եմ ես՝ Չարի աստվա՞ծ, թե՞ Արի տիտան: Ես ամենաանկատարն եմ աստվածների մեջ և ամենակատարյալն եմ տիտանների մեջ: Հենց դրա համար էլ սիրում եմ տիտաններին և ատում եմ աստվածներին: ԵՎ Աստված Վիշապի օգնությամբ ես ավերելու եմ Արարատը և երկրային աստվածներին ստրուկ եմ դարձնելու ինձ: Դրանով անկատար աստվածը, որպես կատարյալ տիտան, կբազմի Արարատի գահի վրա: Բայց իմ ճանապարհին Հայկն է կանգնած: - Որդի՜ս, - ասաց Խաթունը, - մեղմիր քո մեղադրանքը: Ես մեղանչել եմ քո առջև, բայց դա իմ կամքը չէր, դա Աստված Վիշապի կամքն էր: Գիտցիր, որդի՜ս, որ Արիների դեմ միայն իրենց արյունով կարող ենք կռվել: Ուստի մեր Աստվածը տիտան ռազմիկներից շատ ավելի մեծ դեր է հատկացրել տիտան կանանց: ԵՎ դու ծնվել ես երկրային աստծուց, բայց ծնվել ես իմ Աստված Վիշապի կամքով, և դու պատկանում ես իմ Աստծուն: Դու պիտի կատարես Վիշապի կամքը, և նա ապավեն կլինի քեզ: Գիտցիր, որ Հայկը թեև աստված, բայց նրան էլ եմ ես նվիրել մեր Աստծուն: - Իսկ եթե Հայկի Արի արյունը ավելի զորավոր լինի, քան մեր Աստվա՞ծը, - հարցրեց Բելը: - Այդ դեպքում մեր Աստվածը կպատժի նրան: ԵՎ այդ պատիժը կլինի մահը, - ասաց Խաթունը: Կանչեցին տիտան իշխաններին և իմաստուններին որոշելու, թե ինչպես ստուգեն՝ Հայկի մեջ Վիշապ Աստվա՞ծն է զորավոր, թե՞ Արի արյունը: ԵՎ իմաստուններից ամենաիմաստունը ասաց. - Արարատից բերել տվեք երկու բեռ հող և մի աման ջուր: Բակի կեսի վրա շաղ տվեք արարատյան հողը և վրան ցանեք արարատյան ջուրը: Բելը թող Հայկի հետ զբոսնի բակում: Նախ թող քայլեն բնական հողի վրա, և Բելը թող հարց ու փորձ անի Հայկին: Հետո թող տանի արարատյան հող ու ջուր շաղ տված տեղը և լսի, թե ինչպես կխոսի Հայկը: Այն ժամանակ կիմանանք, թե Հայկի մեջ մեր Աստվա՞ծն է զորավոր, թե՞ նրա Արի արյունը: Այդպես էլ արին: Արարատից երկու բեռ հող և մի աման ջուր բերեցին ու ցանեցին բակի մի մասում: Ապա Բելը Հայկին թևանցուկ արած, տարավ բակ: Նախ նրանք քայլեցին Անապատի բնական հողի վրա: ԵՎ այսպես խոսեց Բելը. - Հա՜յկ, մեր մայրը քեզ նվիրել է մեր Աստծուն: ԵՎ մեր Աստվածը սիրում է քեզ ու հովանավորում: Իսկ դու մեղանչում ես մեր Աստծո դեմ և չես երկրպագում նրան: ԵՎ Հայկը պատասխանեց. - Թե մեղանչել եմ մեր Աստծո առաջ, ես կապաշխարեմ: Բայց ես տարբեր եմ բոլորից և վախենում եմ, որ մեր Աստված չընդունի իմ երկրպագումը: Բելը Հայկին տարավ շաղ տված հողի վրա: Հենց որ Հայկը իր ոտքը դրեց արարատյան հողի վրա, միանգամից կերպարանափոխվեց, հպարտ կեցվածք ընդունեց և հանդուգն ասաց. - Վիշապը ինձ ի՞նչ Աստված, երբ ինքս եմ աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես: Լսեց Բելը Հայկի խոսքերը, ձայն չհանեց և նրան տարավ բնական հողի վրա: ԵՎ Հայկը զղջաց իր հանդուգն խոսքերը. - Ների՜ր ինձ, Բե՜լ, ես հիմարություն դուրս տվեցի, բոլորին նման չլինելու զգացողությունը մոլորեցրել է ինձ և խելքս տարել: Ես անպայման կաղոթեմ մեր Աստծուն և ներում կխնդրեմ: Բելը նորից Հայկին տարավ արարատյան հողի վրա, և Հայկը իսկույն փոխվեց և հանդուգն խոսքեր ասաց: Այդպես մինչև մայրամուտ Բելը Հայկին տանում էր այս և այն հողերի վրա և միամիտ ձևանալով, հարցուփորձ էր անում: ԵՎ Հայկը Անապատի իսկական հողի վրա հնազանդ էր լինում, իսկ արարատյան հողի վրա վերափոխվում էր և հանդուգն ու ըմբոստ պատասխաններ տալիս Բելին: Այս բոլորին թաքուն հետևում էին Խաթունն ու բոլոր իշխանները: ԵՎ երեկոյան խորհուրդ արեցին: Բոլորը ընդունեցին, որ Հայկի արիական արյունը շատ ուժեղ է. և որոշեցին սպանել նրան: Խաթունը համաձայնվեց և ասաց. - Դա մեր Աստծո կամքն է: Միայն թե թողեք այս վերջին գիշերն էլ ես վայելեմ իմ մայրությունը, և առավոտյան տարեք սպանեք Հայկին: Գիշերը, անտեղյակ իր դեմ կատարված դատավճռին, Հայկը հանգիստ քնած էր: Իսկ Խաթունը չէր քնել: Նա հաճախ գալիս էր Հայկի սենյակը, ծածկում նրան, շոյում մազերը, համբուրում ճակատը և ապա գնում էր իր սենյակը ու լաց լինում:
|