ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ «Ո՛չ, ախոռը, ուր անասունները կ՛ուտեն եւ կը պառկեն՝ հայրենիք չէ» ԼԱՄԸՆէ
Հայրենասիրութի՛ւն - մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Մարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութիւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները: Եթէ այդպէս չէ ամենուրեք, այդպէս պիտ լինի: Այդ նւիրական զգացումը զարգանում է աստիճանաբար: Սկզբում՝ բնազդական, զարգանալով՝ նա դառնում է իմացական՝ ոգիանում է նա: Առաջին դէպքում անհատը թելադրւում է, մղւում մի բնազդային զգացումից, երկրորդ դէպքում՝ նա գիտակցօրէ՛ն կատարում է մի պարտականութիւն: Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցութեան եւ արժանապատւութեան զգացումի հետ, ընկնում՝ նրանց նիւթակրօնութեան, շռայլութեան, սեղմ ասած՝ նրանց բարքերի ապականութեան հետ, մեծապէս արագացնելով նրանց անկումը: Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով: Սեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին՝ առանց հոգու: Դա մայրն է - իր նման փրկարար - մի շարք առաքինութիւնների՝ գաղափարականութեան, անձնւիրութեան, արիութեան: Դա պատերազմողի բարոյական ամրութիւնն է, կախարդական զրահը, անվրէպ զէնքը: Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ, այլ՝ նրանց հրամայողը: Այդպիսին սովորական «նաւաբեկութիւններ»-ի ժամանակ չի զինաթափւում բարոյապէս: Վստահ իր բարոյական ոյժերին, նա շատ շուտ է ուղղում իր մէջքը՝ վերագրաւում իր նախկին դիրքերը, դրութիւնը: Հայրենասիրութեան հետ բարձրանում են ազգերը, ընկնում՝ նրա հետ: Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ աւելի՛ քան բոլորը: Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք:
|