Приветствую Вас, Гость Արեգակ, 01.12.2024, 14:11
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Դեկտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Դեկտ » 4 » ՀԱՅՈՑ ՆԱՒԱՍԱՐԴԱԿԱՆԸ
15:01
ՀԱՅՈՑ ՆԱՒԱՍԱՐԴԱԿԱՆԸ
    Հին հայերի Նաւասարդ նշանաւոր աւուր հանդիսավայրն Այրարատ նահանգի Բագրեւանդ (Ալաշկերտ) գաւառի Բագաւան կամ Դիցաւան մեհենական աւանն էր: Բագաւանը գտնւում էր Ձիրաւ լեռնադաշտում` Արածանի գետի անմիջական եզրին եւ Նպատ կոնաձեւ լերան ստորոտում: Այստեղ էր հեթանոս հայոց կենսատւութեան եւ պտղաբերութեան աստւածահայր Արամազդի եւ աստւածամայր Անահիտի «վանատուր», այսինքն` օթեւան պարգեւող, հիւրընկալող բագինը, որի փոխարէն այսօր, մենաւոր հսկայի պէս, խրոխտօրէն կարկառւում է (թուրքերի ձեռքում մնացած, բայց բարեբախտաբար տակաւին կանգուն) Ալաշկերտի Ս. Յովհաննու վիթխարակառոյց պատմական վանքը` «Իւչքիլիսէ»-ն: 
    Քիչ, շա՛տ քիչ բան է աւանդւած մեզ Նաւասարդական տօնախմբութեանց եւ խաղերի մասին: 
    «Աւանդւած»-ով ըստ էութեան չենք զբաղւի. պիտի բաւարարւենք մի քանի խորհրդածութիւններով` որոնք թերեւս պիտի կարենան մի քիչ լոյս սփռել տակաւին խոր ուսումնասիրութեան կարօտ նշանաւոր այդ հանդիսութեանց բովանդակութեան եւ էութեան վրայ: 
    1) Հայոց ամանորային Նաւասարդ ամիսը, մօտաւորապէս, համապատասխանում է հռովմէական օգոստոսին: Այս ամսի երկրորդ կէսին հասնում է Հայաստանի պտուղների թագուհի խաղողը, իսկ հունձքը` գրեթէ վերջանում է Արարատեան դաշտում եւ սկսում է Բարձրաւանդակի միւս զուտ ցորենաբեր հովիտներում, որպիսիք են օր. Ալաշկերտը, Անթափ-Մանազկերտը եւ Շիրակը: Այսպէս, Նաւասարդը Հայաստանի պտղաբերութեան ամիսն է: Նաւասարդեան հանդիսութիւնները տեղի էին ունենում երկրի պտղաբերութեան աստւածների բագնաւանում, որով` նրանք առաջին հերթին, կրում էին գոհաբանական եւ ընծայաբերական ցոյցի բնոյթ: Ուզում ենք ասել, որ Հայաստանի զանազան գաւառների ժողովուրդը, պտղաբեր աստւածներին իր գոհունակութիւնն արտայայտելու համար` բնական պարգեւներից բաժին էր հանում նրանց բագիններին: Քրմական դասն էլ այս ընծաների մի մասով կերակրում էր «ուխտաւոր» բազմութիւնները, միւսը` տնտեսում էր բագինի «Վանատուր» կոչումն արդարացնելու եւ տարւայ ընթացքում հանդիպող ճամբորդներին օթեւանի հետ նաեւ սնունդ հայթայթելու: Հաւանական է, որ նաւասարդական ճաշկերոյթը տեղի կ’ունենար հեթանոսական հանդիսաւորութեամբ, խմբակցաբար եւ ուրախ մթնոլորտի մէջ: Քաղաքական շարժառիթներ էլ կարող էին դեր խաղալ, որպէսզի տարւայ մէջ գէթ մի քանի օրով, լեռներով կտրտւած գաւառների միմեանցից մեկուսացած ժողովուրդը, Հայաստանի կենտրոնում ապրէր իբր համացեղային մի միաւոր, իբր ազգային եւ քաղաքական մի ընտանիք: 
    2) Նաւասարդեան տօնախմբութիւնները տեղի էին ունենում հայոց արքայական նահանգ Այրարատի սահմաններում: Ասել է թէ նրանք կազմակերպւում էին Հայաստանի կենտրոնական իշխանութեան - արքաների - նախաձեռնութեամբ: Այս պարագան կասկած չի թողնում, որ հանդիսութեանց մասնակցում էին թագաւորները իրենց շքախմբով: 
    3) Հանդիսավայրը Բագրեւանդ գաւառն էր: «Բագրեւանդ» իրանական բառ է եւ նշանակում է «հարուստ պարգեւատու»: Միհրական այս տիտղոսը պայմանաւորւում է այս գեղեցիկ գաւառի բուսական եզակի հարստութեամբ: Գաւառը ցորենի նշանաւոր շտեմարան է: Բացի այդ` նրա զմայլելի մարգագետիններն ու շքեղ լեռնալանջերը մինչեւ աշուն մնում են կանաչ եւ առատ կեր են հայթայթում խաշնաւոր կենդանիների ահագին հօտերին ու նախիրներին: Կասկած չկայ, ուրեմն, որ հանդիսութեանց կարող էր մասնակցել երկրի բոլոր նահանգների այրուձին, ինչպէս նաեւ ժողովրդական հեծեալ բազմութիւնը, քանի որ բնութիւնը նրանց երիվարներին ապահովում էր առատ եւ ձրի կեր: 
    4) Այրարատ նահանգի մէկ գաւառը կազմող եւ Տայք, Բարձր Հայք, Տուրուբերան ու Վասպուրական նահանգների միջեւ տարածւող Բագրեւանդը գրաւում է Հայկական Բարձրաւանդակի կենտրոնական մարզը եւ բնական հանգոյցն է Տարօն-Այրարատ ճանապարհի, որով երկրի մի մասից միւսը անցնող ճամբորդների համար հանդիսանում է կենտրոնական կայանը: Ո՛չ միայն իր բուսական փարթամութեան, այլեւ այս կենտրոնական դիրքի շնորհիւ էր, որ «Վանատուր» բագինը սեփականելու պատիւը վիճակւած էր Բագրեւանդին: Բարձրաւանդակի ամենահեռաւոր ծայրամասերից իսկ, ձիով, 5-6 օրւայ ընթացքում կարելի է հասնել Բագրեւանդ: Որով` հանդիսական մի առիթով, նա կարող էր այցելւել ո՛չ միայն Հայաստանի կենտրոնական, այլեւ եզերական նահանգների բնակչութիւնից: 
    5) Հանդիսութիւնները տեղի էին ունենում հայոց ամառնային կենտրոնական բանակատեղի Շահապաւանի (այժմ` Դիադին) մօտերը: Այդտեղ էր մէկը հայկական բանակի ռազմափորձային գլխաւոր  վայրերից, որոնք հնում «ասպարէզ» էին կոչւում: Անկարելի է երեւակայել, որ Նաւասարդ ամսին, Շահապաւանի ասպարէզում մարզւող հայ բանակը չմասնակցէր այս համազգային տօնախմբութեանց եւ ռազմափորձային խաղեր, ձիարշաւներ կազմակերպելով` փայլ չտար նրանց: 
    6) Հանդիսավայրի մօտն են նաեւ իրենց հարստութեամբ, գրեթէ ամբողջ աշխարհում եզակի հանքային տաք ջրերը - Դիադինի այսօրւայ լքւած, անտէր, բայց նշանաւոր ցայտաղբիւր-ջերմուկները: Դժւար է կարծել, որ նաւասարդեան հանդիսականները նրանց հանդէպ անտարբեր կարող էին մնալ: Աւելի՛ն: Դժւար է չընդունել, որ թէ՛ Շահապաւանն իբր ամառնային բանակատեղի, թէ՛ Բագաւանն իբր նաւասարդական հանդիսավայր` իրենց դիրքը մեծ չափով կը պարտին նաեւ այս ջերմուկներին, որոնք, ո՛չ միայն համահայաստանեան, այլեւ համաշխարհային նշանակութիւն ունեցող բնական հրաշալիքներ են` փառահեղօրէն հանդիսաւոր, ճշմարտօրէն երազային տեսարաններ: 
    Այս ջերմուկների արծաթափայլ եւ կենանորոգ շատրւանները, որոնք 5-10 մետր բարձրանալով խոնարհւում են դէպի իրենց ծծմբազանգ, սպիտակ-մարմարագոյն բնակերտ տաշտերը, ապա միանում` Արածանու կապոյտ յորձանքին, Ծաղկանց լեռների իրաւամբ «անթառամ» ծաղիկները, որոնք մինչեւ աշնան կէսերը պահում են իրենց օդասփիւռ, դրախտազմայլ բոյրը, Բագրեւանդի օգոստոսեան վճիտ, ակնապարար արեւը, նօսր, ախտափարատ օդը եւ այլ զմայլանքները - ահա՛ սրանք են կազմում հմայիչ ա՛յն ոյժը, որի միջոցով Բագաւանի աստւածները իրենց որդիներին Հայկ. Բարձրաւանդակի բոլոր ծագերից հրապուրում էին դէպի Ձիրաւ լեռնադաշտը: Ըստ այսմ, նաւասարդեան հանդիսութիւններով հետապնդւում էր նաեւ առողջապահական նպատակ: Այս կէտը նշանակալից է նրանով, որ ենթադրել է տալիս, թէ հանդիսավայրում եղած խաղերը պատշաճեցւած պիտի լինէին առողջապահական պահանջների, այսինքն` մարմնակրթօրէն նպատակայարմար կանոնների: 
    7) Նաւասարդեան հանդիսութիւնները տեղի էին ունենում մարդկային ձիրքերի պարգեւատու աստւածների բագնաւանում: Այս պարագան իրաւունք է տալիս մեզ պնդել, որ այդ հանդիսութիւնները կրում էին նաեւ ձիրքերի ցուցահանդէսի բնոյթ: Որով` երգիչների, նւագածուների, բանաստեղծների, ձեռնածուների եւ այլ «տւածուրիկ»-ների հետ` հանդիսութեանց փայլ պիտի տային նաեւ մարմնական ոյժով, ճկունութեամբ եւ այլ առաւելութիւններով «օժտւածներ»-ը` ըմբիշները, նետողները, ցատկող-վազողները, լարախաղացները եւ այլն: 
    Առանց մարմնամարզական որոշ կանոնների կիրարկման` այդ ձիրքերը չէին կարող մշակւել: Յայտնի է, որ օր. լարախաղացութիւնը ո՛չ միայն վտանգաւոր, այլեւ բարդ մի արւեստ է: Նա յենւում է հաւասարակշռութեան սկզբունքին վրայ - մի սկզբունք, որն առանց լուրջ մարմնակրթանքի անկարելի է գործնականացնել: 
    Ի՞նչ էր կապը Աշտիշատի եւ Բագաւանի հեթանոս աստւածների միջեւ: Բագրեւանդը սկսւում է այնտեղ, ուր Արածանին փոխում է իր սկզբնական հիւսիսահակ ընթացքը եւ թեքւելով դէպի արեւմուտք` բռնում է իր բուն հովիտ Տարօնի ճամբան: Բնա-ռազմագիտօրէն այս գաւառը բացառիկ նշանակութիւն ունի: Դա է հանգոյցը Տարօնի եւ Այրարատի: Գաւառի արեւելքը տարածւում է Արածանու եւ Արաքսի ջրբաժան գիծը: Արածանու հոսանքն ի վեր կատարւած տարօնական հայերի պատմական չուն չէր կարող այստեղ ճակատագրական մի հանգրւան չարձանագրել: Այստեղից պիտի նետւէր Ուրարտուն նւաճելու մեծ քայլը. իսկ դա պիտի պահանջէր ոյժերի լարում եւ ամփոփում: «Վանատուր»-ը կայանի, օթեւանի աստւածութիւն է, իսկ տարօնական հայերն իրենց բախտորոշ կայանը հենց այդտեղ պէտք է որ ունեցած լինեն: Հոգեւոր իմաստով` դա Վահագնի, հայոց պատերազմական ոգու օթեւան - կազդուրարանն է, Աշտիշատի աստւածների ոյժի ճառագայթումը` Այրարատի սահմաններին: Հետագային, այստեղ, Տրդատը հանդիպեց Տարօնից յաղթականօրէն եկող Լուսաւորչի քրիստոնէավառ բանակին: Եւ խորհրդաւոր կապը, որ կար հեթանոս Աշտիշատի եւ Բագաւանի միջեւ` քրիստոնեայ հայութիւնը պիտի պահէր Ս. Կարապետի եւ Ս. Յովհաննէսի էակցութեամբ: Անկասկած, հայոց նաւասարդական ոգու կենտրոնը Տարօնն էր, եւ թերեւս հնագոյն նաւասարդականները տեղի ունեցած են այնտեղ. թերեւս դա է ենթագիտակցական պատճառը, որ քրիստոնէութիւնից յետոյ հայոց նոր նաւասարդականի` Վարդավառի գլխաւոր հանդիսավայրը կրկին դարձաւ Տարօնը: 
    Ասւեց, որ Բագրեւանդի Ս. Յովհաննու վանքը բարձրանում է «Վանատուր» բագինի տեղը: Միանգամայն տրամաբանական է ընդունել, որ քրիստոնէութիւնից առաջ, հայ լարախաղացների ձիրքերի պարգեւատուներն եղել են Բագաւանի աստւածները: Հետագային, այդ պատիւը Բագաւանի նոր տաճար Ս. Յովհաննու եւ Մշու Ս. Կարապետի էակցութեան շնորհիւ` փոխանցւել է վերջինին: Ուշագրաւ իրողութիւն է, որ հայ լարախաղացների տարազը, իդէալն ու շարժուձեւը չեն համապատասխանում քրիստոնէական ոգուն: Նրանց վհուկապաշտական համոզումների եւ պարամոլեկան թռիչքների մէջ կայ հին, հեթանոսական մի գիծ, որի հետքերով մեր մտածումը ո՛չ թէ դէպի ճգնաւոր-մարգարէի անապատն է գնում, այլ` դէպի նաւասարդեան կենսախինդ առաւօտը: 
    Այս տւեալներից կարող ենք եզրակացնել, որ նաւասարդականները նախ եւ առաջ գոհաբանական-ընծայաբերական ցոյցեր էին, որով` նրանք կրում էին համաժողովրդական բնոյթ: Եւ որովհետեւ Հայաստանի ժողովուրդն երկրագործութեամբ եւ խաշնապահութեամբ էր զբաղւում, նրա համազգային տօնը պիտի ունենար գեղջկական-հովւերգական նկարագիր: 
    Թագաւորի, նախարարների եւ հայկական այրուձիի ներկայութիւնն ստիպում է մեզ ընդունել, որ տօնակատարութիւնը տեղի էր ունենում հանդիսաւոր որսագնացութեամբ եւ հեծելազօրային ռազմախաղերով:
    Մարզարւեստն ո՛չ այլ ինչ է, եթէ ոչ կենսաբանօրէն նպատակայարմար շարժմանց կանոնների մի գումար: 
    Նաւասարդեան հայերն ունէի՞ն այսպիսի կանոններ: Հայոց մարզականի համար բախտորոշ այս հարցումի հանդէպ պատմութիւնը մնում է լուռ. տրամաբանութիւնը, սակայն, ասում է` այո՛: 
    Պատմականօրէն յայտնի է միայն, որ հայերը նշանաւոր որսագնացներ եւ ձիավարներ էին: Նոյնպէս նրանք տալիս էին բարբարոս հսկաները խորտակող ախոյեաններ եւ մինչեւ մեր ժամանակները` ամենաճարպիկ պարանախաղացներ: 
    Որսարւեստը մարզական նշանակալից մի կերպ է: Նա պահանջում է ձիավարութեան, հետապնդումի, նետումի եւ հարւածումի վարպետութիւն: Ճի՛շդ է. սա ուղղակիօրէն չի մտնում մարզարւեստի բնագաւառում, բայց անուղղակիօրէն նպաստում է մարզարւեստի զարգացմանը: 
    Այրուձիական կազմակերպութեան արւեստը (որում հայերն այնքան հռչակւած էին) նախատեսում է ո՛չ միայն ձիավարական, այլեւ զինախաղական ճարպիկութիւն: Հայկական ձին նշանաւոր «օդապարիկ» նժոյգն էր, իսկ զէնքերը` հին ժամանակների պաղ ու ծանր գործիքները: Թէ՛ նժոյգի կառավարումը, թէ՛ ծանր զէնքերի գործածութիւնը պահանջում են մարմնական ոյժ եւ ճկունութիւն: Մարմնական ոյժը մարզանքի կենսաբանական աղբիւրն է, իսկ ճկունութիւնը ձեռք է բերւում մարզական կերպերի մշակումով, մարմնակրթանքով, մարմնամարզով:
    Ախոյենական եւ մանաւանդ լարախաղացական արւեստներն արդէն պահանջում են մարզական բարդ կանոնների կիրարկում: 
    Այս մասին աւելորդ է երկարաբանել. հայ ախոյեաններն ու լարախաղացները մարդկային մարզական կորովի ամենափայլուն ներկայացուցիչներն են: 
    Ինչպէս տեսնւում է, մենք տրամադիր ենք ընդունել, թէ նաւասարդական հայերն ուրոյն մի մարզարւեստ ունեցած պիտի լինեն: Այդ մարզարւեստը, թերեւս, զուրկ էր տեսաբանօրէն հիմնաւորւած ամբողջականութեան իդէալից: Նրա արտայայտութեան կերպերը, սակայն, մատնանշում են սքանչելիօրէն զարգացած գործնական կողմը: Նաւասարդական հայերը կենսախինդ մարդիկ էին, համակւած հովւերգական-ուժապաշտական հոգեբանութեամբ եւ նւիրւած «մարդկային առողջ հասկացողութեան» վրայ խարսխւած ու հեթանոսօրէն պարզ մի քաղաքակրթութեան: 
    Նրանք ո՛չ թէ բանականն ընդհանրացնող եւ հոգեւորը ճշմարտօրէն արժեքաւորող հանճարներ էին, այլ կամային-մարմնականը գնահատող գործնական տաղանդներ: 
    Այս գծերով էլ կնքւել է նրանց ո՛չ թէ համադրական, այլ կամքի եւ մարմնական ոյժի մշակման, ո՛չ թէ «կալոկագաթիական», այլ սոսկ «բիոլոգիական» մարզականը: Հայոց մարզականի զուտ կենսաբանական այս նկարագիրը համապատասխանում է հայ ժողովրդի լինելիական էութեան: 
    «Նաւասարդունիք»... այսպէս պիտի անւանել պատմական անցեալի, ներկայի եւ գալիքի (մինչեւ մեր ցեղի յաւիտենականը) ուժական եւ ուժապաշտ հայ տիպերը: Նաւասարդական հայն է առասպելաբանը Վահագնածնութեան, Տորք Անգեղի, «Ո՜հ, տայր ինձ»-ի, «Սասմայ ծռեր»-ի: Այս տիպն էին մարմնացնում Տրդատը, Արտաւազդը, Սմբատը... Մամիկոնեան մեծ զօրավարները... «Նալղրան» Մանուկն ու Աբուլ-բուհարայ Ալօն... հայ յեղափոխական փաղանգի ընտիր հայդուկները, որոնք իբր ախոյեաններ կամ ռազմավառ հսկաներ, ապաւինած իրենց մարմնական, հոգեւոր, կամային եւ բարոյական ոյժին, իջան պատմութեան հանդիսավայրը եւ մի քիչ արեւ, մի քիչ հպարտանք եւ ապրելու ահագին տենչ դրին անընդհատօրէն բեկբեկւող մեր ցեղի կրծքի տակ: Դրանք մեր սրտում բորբոքեցին մի հրդեհ, որի բոցը մինչեւ «էսօր» բարձրանում է, հա՛ բարձրանում: 

«Տարօնի Արծիւ», 1938թ., թիվ 3-4
Категория: Հայկ Ասատրյան | Просмотров: 581 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024