ՀԱՅԿԸ ԱՐԱՐԱՏՈՒՄ
Հայկը քայլում էր դեպի Հավերժական Քաղաք: Այնտեղ էր իր հոր տունը: Հայկը անցնում էր գյուղերով, տեսնում էր Արիներին՝ բոլորն իր նման, բոլորը ինքն էին: Բայց նրանք անծանոթ երգեր էին երգում, անծանոթ պարեր էին պարում, անծանոթ խաղեր էին խաղում:
Հայկից ավելի շուտ լուրն էր հասել Էրեվան, թե Արի Հայկը՝ Թորգոմի որդին է գալիս: ԵՎ քաղաքացիք հավաքվել էին քաղաքի դարպասների մոտ՝ տեսնելու Հայկին, որին վաղուց մեռած էին համարում: Հայկը տեսավ հավաքված բազմությունը: Ինչքա՛ն նման էին իրեն բոլորը: ԵՎ Հայկը ժպտաց:
- Դու ո՞վ ես, որդի՜ս,- հարցրեց ծերունի իշխանը՝ Թորգոմի հորեղբոր որդին:
ԵՎ Հայկը ասաց.
- Ես Արի Մանի տոհմից նահապետ Արամի թոռն եմ և Թորգոմի որդին եմ, ես Արի Հայկն եմ: Ես փախել եմ տիտանների մոտից ու եկել եմ ինձ նմանների՝ Հայգ Արմենների մոտ:
- Բայց Թորգոմի որդին մեռած է,- ասաց իշխանը:
- Ձեզ խաբել են տիտանները,- ասաց Հայկը,- ես եմ Հայկը: Նայեք ինձ, մի՞թե ես նման չեմ իմ հորը:
Հայկը, իրոք, շատ նման էր Թորգոմին: Բայց չէ՞ որ տիտանյան Խաթունը մեծ սուգ էր արել Հայկի մահվան առթիվ: ԵՎ Ցեղի նահապետները խորհուրդ արին: Նրանք կարող էին հավատալ Խաթունին կամ չհավատալ. կարող էին հավատալ Հայկին կամ չհավատալ: Բայց Ցեղի ճակատագիրը պատահականությանը հանձնել չէին կարող: Պետք էր համոզվել, որ նա, իրոք, Թորգոմի որդին է: ԵՎ Մեծն Քրմապետը ասաց.
- Հայկի ծնունդի առթիվ նրա մայրը մի ծառ է տնկել՝ ծնունդի ծառ և նվիրել է Հայկին: Այդ ծառը օրհնել է ինքը՝ Աստվածամայր Անահիտը: Եթե սա, իրոք, Թորգոմի որդի Հայկն է, ուրեմն նրա և ծնունդի ծառի միջև անպայման զգացմունքային կապ կլինի:
ԵՎ Հայկին տարան ծառաշատ պուրակ. այնտեղ էր նաև Հայկի ծնունդի ծառը: Հայկը քայլում էր ծառաստանում: Ծառերը մեկը մյուսից գեղեցիկ էին, մեկը մյուսից փարթամ և դյութիչ: Հանկարծ Հայկը մի մեղմ սոսափյուն լսեց: Նա կանգ առավ ու լարեց ուշադրությունը: Սոսափյունը կրկնվեց: Մի ստվարախիտ ծառ էր, որ իր ճյուղերը ճոճելով, սոսափում էր: ԵՎ Հայկին թվաց, թե իր անունն է տալիս:
Հայկը մոտեցավ այդ ծառին: Ճյուղերը կռանում էին և իրենց տերևներով համբուրում էին նրան: Մի ուժեղ հոգեկան կարոտ պարուրեց Հայկին: Ինքն էլ չգիտեր ինչու, բայց այդ ծառը այնքան հարազատ ու սիրելի էր իր համար: Նա շոյեց ծառը, ապա նստեց ծառի տակ, հենվեց բնին և քունը տարավ: Նա փակեց աչքերը և քնեց: Իսկ երանելի ժպիտը փայլում էր նրա քնած դեմքին:
Հայկը ծնունդի ծառի տակ քնեց մինչև լուսաբաց: Առավոտյան նա կանգնեց Ցեղի նահապետների առաջ: Բոլորը նրան ընդունեցին ուրախությամբ. բոլորն արդեն համոզված էին, որ նա իրոք Հայկն է:
ԵՎ Հայկը ասաց.
- Ես Թորգոմի որդին եմ և նրա օրինական ժառանգը:
ԵՎ մեծ իշխանը ասաց.
- Այո, որդի՜ս, բայց Թորգոմի ժառանգը նախ պետք է ձեռք բերի Թորգոմի թուր-կեծակին: Այդ թուրը խորն է թաքնված: Մասիս սարում մի մեծ քարանձավ կա. այնտեղ է թուր-կեծակին, և երկու արալեզներ հսկում են այն: Թե դու Թորգոմի ժառանգն ես՝ գնա վերցրու թուր -կեծակին:
Հայկը բարձրացավ Մասիս սար: Տեսավ մի մեծ խոռոչ ու մտավ ներս: Դա մի մեծ քարանձավ էր, որի մեջտեղում հազար ու մի գանձերի փայլով շողշողում էր թուր-կեծակին: Իսկ թուրը պաշտպանում էին երկու ահագին արալեզներ, որոնք ունեին շան մարմին և մարդու գլուխ:
- Ո՛վ, քաջ պատանի՜,- ասացին արալեզները,- քեզանից Թորգոմի հոտ ենք առնում, ասա՝ ո՞վ ես դու և ի՞նչ ես ուզում:
ԵՎ Հայկը ասաց.
- Ես Թորգոմի որդին եմ՝ Արի Հայկը և եկել եմ իմ հոր թուր-կեծակին վերցնելու:
ԵՎ արալեզները ասացին.
- Թեև դու Թորգոմի որդին ես, բայց պետք է Թորգոմի զորությունն էլ ունենաս: Դու պիտի կռվես մեզ հետ և թե հաղթեցիր՝ կվերցնես սուրը:
ԵՎ Հայկը կռվի բռնվեց արալեզների հետ: Երեք օր ու գիշեր կռվեց Հայկը, բայց հաղթել չկարողացավ: Հուսահատվեց Հայկը և գլխիկոր դուրս եկավ քարանձավից: Նա գնաց իր ծնունդի ծառի մոտ, գրկեց նրա բունը և լաց եղավ: ԵՎ նրա դիմաց հայտնվեց Աստվածամայր Անահիտն ու ասաց.
- Սիրելի որդի՜ս, ի՞նչն է քեզ այդպես վշտացրել:
ԵՎ Հայկը ասաց.
- Օ՛, Մայր Անահի՜տ, թե ես Թորգոմի որդին եմ, ինչո՞ւ ես իմ հոր զորությունը չունեմ:
- Որդի՜ս,- ասաց Մայր Անահիտը,- դու ունես քո հոր զորությունը, բայց զորությունը զգացողությամբ է զորավոր: Տիտանյան զգացողությամբ աստվածների արքա չի լինի: Աստվածների արքա միայն աստվածների զգացողությամբ կլինի: Գիտցի՜ր՝ Արիների պարերն են քո պարերը, Արիների երգերն են քո երգերը, Արիների խաղերն են քո խաղերը, որովհետև դրանք քո արյունից են գալիս: Երբ այդ բոլորը հարազատ կլինեն քեզ, այնժամ դու շատ զորավոր կլինես և կժառանգես քո հոր թուր -կեծակին: