ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳՈՒ ՈՒԺԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
Եղէգնի փողից` ծուխ էր բարձրանում, Եղէգնի փողից` բոց էր բարձրանում, Եւ բոցերի մէջ մի պատանի վազում...
Այսպէս եղաւ հայ կամքի խորհրդանշան, հայոց պատերազմական աստւած Վահագնի ծննդոցը: Իր գոյստացման բնոյթով, նա յիշեցնում է հայոց աշխարհի երկրաբանական լինելիութիւնը: Վահագնածնութեան երգը մի խտացում է հայոց տիեզերածնական (կոսմոգոնիական) ըմբռնումի: Նա հրահոսների եւ երկրաշարժերի մի աշխարհի ժողովրդի դիցաբանախառն բնափիլիսոփայութիւնն է: Մտայղացման առիթը, պատմական ժամանակներում լճային մի խառնարանում տեղի ունեցած հրահոսային ժայթքման ահարկու մի տեսարանը տւած պիտի լինի: Հոգեբանական տեսակէտից, սակայն, չափազանց հետաքրքրական է, որ հայն իր կենսաբանական կամքը պատկերում է ըստ իր հայրենիքի բնաուժական ներբնակ զօրոյթի, ըստ վերջինիս ժայթքողական արտայայտութեան: Սա լինելիական հոգեբանութիւն ունեցող մի էակի յղացումն է: Ուժական մի աստուծոյ ըմբռնումը կարող է միայն ուժական կամզգացութեամբ պայմանաւորւել: Աշխարհի երեւոյթները բաժանեցինք կայական եւ ուժական ստորոգածների: Նաեւ ցեղերի հոգեբանութիւնը, նրանց պատկերումը յաւիտենականութեան մասին, նրանց գործնական եւ վերացական իդէալները կրում են կայական կամ ուժական նկարագիր: Ցեղերից ոմանք ունեն լինելիական զգացում, ոմանք` յառողական: Առաջինները նորատենչ են, վերջինները` աւանդապաշտ: Նրանք իրանց գոյութեան իմաստը կապում են ապագային, սրանք` անցեալին կամ ներկային: Նրանց յաւիտենականութեան իդէալը տեւական շարժումն է, սրանցը` յարակայութիւնը: Նրանց երջանկութիւնն ասում է «եղիցի՛», սրանցը` «կա՛յ»: Նրանք կեանքը զգում են կենսաբանօրէն, սրանք ապրում են մեքենայօրէն: Նրանք պաշտում են կենագործ ոյժը, սրանք` վերացական իմացութիւնը եւն., եւն.: Նիցշէն փառաբանելով գերմանների լինելիական հոգեբանութիւնը` նրանց էութեան մէջ տեսնում է զրադաշտական կենսախինդ ոյժը, լինելիական հաճոյքը (werdelust) եւ այդ իսկ պատճառով, նրանց բարձր դասում ձեւապաշտ, մեքենայազգաց, հոգով քարացած եւ կայապաշտ ռոմաններից (այսպէս կոչւած «լատինական» ցեղեր): Ուրիշ շատերի հետ` Բերտրամը նոյն Նիցշէին համարում է գերմանական լինելիական նոր կրօնադիցաբանութեան մեծ առաքեալը, գերմանական ոգու ուժականութեան մարմնացումը, իսկ Լուտերի շարժումը` գերմանական լինելիական ուժականութեան յաղթական ծառացումն` ընդդէմ ռոմանական կայապաշտական-դաւանամոլական (դոգմատիկ) հոգեբանութեան: Գերմանական ոգու ուժականութիւնը ցայտունօրէն աչքի է զարկում նաեւ գերմաներէն յաղթ եւ ռազմաշունչ լեզւի մէջ - մի լեզու, որ աճեցողական ներբնակ զօրոյթ ունի, որ անընդհատ նորաստեղծւում է, մինչ ֆրանսերէնն օրինակ, կնքւած ու կաղապարւած է «քարացած» ձեւերի մէջ: Ահեղ է նաեւ մեր հայ լեզւի ուժական թափը: Ինչպէս մեր շատ հոգեգծերը, այդպէս էլ մեր լեզւի առանձնայատկութիւնները փիլիսոփայօրէն-հոգեբանօրէն տակաւին չեն վերծանւած: Բայց առաջին իսկ ակնարկից` նրանք գալիս են վկայելու, որ հայ ոգու անդունդը բազմախորհուրդ մի ուժաստան է: Վահագնածնութեան երգի փշրանքը հայ քաջքային (դեմոնական) ոգու հուժկու արձանացման մի վկայագիրն է, հաւանաբար տիեզերածնական դիւցազներգութեան վիթխարի մի կոթողի կտորը: Նարեկացին` հայոց ամենամեծ մտածող-բանաստեղծը, որի ոճն արդէն ահռելի ուժականութեամբ օժտւած վարար մի հեղեղ է, իր «առուղեկան յաւիտենական»-ի գաղափարով տուրք է տալիս իր ցեղի ուժապաշտ ոգուն: Դրանով նա ընդունում է, որ այս աշխարհում ո՛չ թէ յարակայութեան, այլ յարատեւ շարժման, անցումի սկզբունքն է յաւիտենական: Նարեկացուց մի հազարամեակ յետոյ, «Ձախորդ օրեր»-ի հեղինակ Ջիւանին` հայ ժողովրդի մտածող-աշուղը, կեանքի լաւատեսութեան հիմքը տեսնում է հե՛նց նրանում, որ այս աշխարհում ոչինչ է կայուն, որ «փոփոխակի անցքեր շարունակ` կուգան ու կերթան»: Ուժապաշտ մարդ-էակի բարոյական երջանկութեան ըմբռնում է սա, ընդդէմ կայապաշտական կենսահայեցողութեան բարոյականի քարոզիչներին, որոնք կեանքի յոռետեսութեան հիմքը տեսնում են անցաւորութեան մէջ, որոնք աղաղակում են «կա՛նգ առ, ակնթա՛րթ», որոնք սոսկալով մահից` կառչում են անփոփոխ, անանց եւ տենչազուրկ «հանդերձեալ»-ի բանդագուշանքին: «Սասմայ Ծռեր» աւանդավէպը, որի հերոսներն առիւծ են պատառում, սրի մի հարւածով 40 գոմէշի կաշի, 40 ջրաղացի քար եւ նրանց տակ եղած հսկայամարմին Մսրամելիքն են կտրում, ճկոյթի մի հարւածով ապառաժ քարից կրակ են հանում եւ այլն, եւ այլն - այդ ուժական աւանդավէպը տալիս է յարատեւ շարժման (perpetuum mobile) պատկերը: Հերոսի (Սասունցի Դաւիթ) զայրոյթից քարերը թռչում են այնպիսի ուժգնութեամբ, որ նրանք «մինչեւ էսօր գնում են, հա՛ գնում»: Նրանք «գնում են» բոլորի, հազարամեակներ, միլիառամեակներ յետոյ եկող սերունդների համար: Այդ քարերը պոկւել ու նետւել են «պատմական» մի վայրկեանում, բայց նրանց չուն այլեւս «յաւիտենական» է, որովհետեւ, քանի այս աշխարհը կայ` «էսօր»-ը վերջ չունի: Անվերջանալի եւ անվախճան շարժականութիւն- ահա՛, սասունցի ուժապաշտ հայ լեռնականների ըմբռնումը յաւիտենականութեան մասին: Այսպէս` ահարկու է հայ էութեան ուժական գիծը: Ապագայապաշտ է հայը. նրա կեանքի ամենաազդու մղօնը լինելիական տենչանք է, գալոց յաւիտենականի կարօտը: Իր խռովքոտ Հայրենիքի հրահոսային տարերքի պէս` գալիքի խորհուրդն է եռում նրա ոգում: Ուժականատիպ մարդ-էակի երկունք է սա - լինելիական հաճոյքի կորովը, որ կենսաբանօրէն առողջ ժողովուրդը օժտել է սերնդագործական բարձր կարողութեամբ, որ պատմութեան պարտադրած վտանգների կամրջին` արիւնլւայ հային մղում է խորհրդածել. «Վերջը լաւ կլինի»... Ե՞րբ, ո՞ւր է այդ վերջը. դա էլ պատմականօրէն թանձրացեալ ժամկէտ չէ, այլ յաւիտենօրէն լինելիական, մտանորոգ մի յոյս: Հայը կարող է ե՛ւ կրաւորական զոհ լինել, բայց նա մի՛շտ էլ մեռնում է հաւատով: Այս հաւատը նրան ներշնչում է ցեղային անմահութեան զգացում - զգացում, որ պայմանաւորում է կենսաբանական զօրութենականութեան արտասովոր թափով: Լինելիական հայը - դա յաւիտենատենչ մարդն է, յաւիտենական հայը: Դանուբեան մի նաւում, 1925 թւականի ամրան, կարդացի տարագիր մի հայու թողած հետեւեալ արձանագրութիւնը. «Աշխարհում ամէ՛ն բան կմեռնի, բա՛յց հայը` չի մեռնի»...
«Տարօնի Արծիւ», 1938 թ., թիվ 3-4
|