Հայաստանը Ք.ա. 2-րդ հազարմայակում ա. Հայկական լեռնաշխարհը Ք.ա. XX-XVIII դարերում: Ք.ա. XX-XVIII դարերում Առաջավոր Ասիայի հյուսիսում գործում էր մետաղի առևտրի մայրուղին, որը ձգվում էր Քանեշից (քաղաք Փոքր Ասիայի արևելքում) մինչև Աշուր: Մայրուղու հետ կապի մեջ են եղել Հայկական լեռնաշխարհի ավելի քան երեք տասնյակ բնակավայրեր, որոնցից արտահանվում էին զանազան մետաղներ` ոսկի, արծաթ, պղինձ, անագ և այլն: Քանեշից գտնված սեպագիր արձանագրություններում հիշատակվում են հայաստանյան տասնյակ իշխանություններ` Ծուփանա (Ծոփք), Թեգարամա (Թոգարմա, Թորգոմա տուն), Խախ(ում), Տուգրիշ և այլն:
բ. Միտաննի թագավորությունը: Ք. ա. XVI դարում Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում և Միջագետքի հյուսիսում ստեղծվեց հնդեվրոպական Միտաննի թագավորությունը` Վաշշուգանե մայրաքաղաքով: Այս թագավորությունը էական դերակատարում է ունենում Առաջավոր Ասիայում` սկսած Ք.ա. XVI դարի վերջերից: Եգիպտական, բաբելական, խեթական տիրակալների նման Միտաննիի արքաները կրում էին <<Մեծ թագավոր>> տիտղոսը: Միտաննիի արքաների ազդեցությունը տարածվել է արևելքում մինչև Բոհտան և Մեծ Զաբ գետերի հովիտները, արևմուտքում` մինչև Միջերկրականի ծովեզերքը և Կիլիկյան Տավրոսի լեռները: Միտաննիի թագավորները հնդեվրոպական ծագում ունեին: Այդ մասին են վկայում ոչ միայն նրանց անունները, այլև հնդեվրոպական աստվածների պաշտամունքը: Միտաննիին վիճակված էր լուրջ ռազմական բախման մեջ մտնել Եգիպտոսի հետ, քանի որ վերջինս հիքսոսների դեմ վրիժառու պատերազմ սկսելով` հարվածներն ուղղել էր հենց Միտաննիի դեմ: Միտաննին երկարատև ռազմական բախումների մեջ է եղել Փոքր Ասիայում գտնվող Խեթական տերության հետ: Նա անկում է ապրել Ք.ա. XIII դարում` հզորացող Ասորեստանի հարվածներից: գ. Հայասա թագավորությունը: Խեթական սեպագիր արձանագրություններում Ք.ա. XV-XIII դարերի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա երկիրը: Երկրանվան հիմքում հայ ժողովրդի ինքնանվանումն է: Խեթերենում (ա)սա մասնիկով են կազմվում տեղանունները, այսինքն` <<Հայասա>> նշանակում է <<Հայք, Հայաստան>>: Հայասան հիշատակվում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջաններում: Հայասայի կարևոր կենտրոններից էր Կումախան` հետագա Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ գտնվում էր հայոց թագավորների դամբարանը: Հայասան վերջին անգամ հիշատակվում է Ք.ա. XIII դարի վերջին: Գիտության մեջ Հայասայի պատմության ավարտի մասին կա երկու տեսակետ: Մեկի համաձայն Հայասան պետք է անկում ապրած լինի Ք.ա. XIII դարավերջին: Մյուս տեսակետի կողմակիցները գտնում են, որ այն շարունակել է իր գոյությունը, պարզապես այլևս չի հիշատակվում <<Հայասա>> խեթերեն անվամբ, քանի որ Ք.ա. XII դ. անկում էր ապրել Խեթական տերությունը: Հայասան ուներ իր արքունիքը, բանակը և դիցապաշտական կենտրոնները: Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10 հազարանոց հետևազորից բաղկացած բանակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր: Այն ուներ նաև իր դիցարանը: Դատելով խեթական սկզբնաղբյուրներում խեթա-հայասական նամակագրության հիշատակությունից` Հայասան ուներ արքունի դիվան` իր դպիրներով, որոնք վարել են պետական գրագրությունը: դ. Նաիրյան <<երկրները>>: Ասորեստանյան աղբյուրներում Վանա լճի շրջանը և դրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունները ընդհանրական անունով կոչվում են <<Նաիրի>>: Այդ ընդարձակ տարածքում ապրում էին դաշնային հիմունքներով միավորված բազմաթիվ ցեղապետություններ, որոնք ասուրական աղբյուրներում անվանվում են <<երկրներ>>: <<Նաիրի>> երկրանունն առաջին անգամ հիշատակում է Ասորեստանի Սալմանասար I թագավորը (Ք.ա. XIII դ. առաջին կես): Ք.ա. XIII դ. Նաիրյան <<երկրների>> հզորության մասին է վկայում այն փաստը, որ Սալմանասար I-ը ստիպված էր սահմանամերձ մի քանի քաղաքներում նշանակել հատուկ պահակազորեր` Ասորեստանի տիրապետության շրջանների վրա նաիրյան հարձակումները կանխելու նպատակով: Նաիրյան <<երկրները>> և դրանց 40 առաջնորդները (որոնք աղբյուրներում կոչվում են <<թագավորներ>>) հիշատակվում են Սալմանասար I-ի հաջորդի` Թուկուլթի-Նինուրտայի (Ք.ա. XIII դ.), իսկ մեկուկես դար անց` Թիգլաթպալասար I-ի (Ք.ա. XII-XI դդ.) արձանագրություններում: Ուշագրավ է, որ չնայած իր նախորդները գրում են, թե իբր գրավել ու հպատակեցրել են Նաիրյան <<երկրներ>>, Թիգլաթպալասար I-ը Նաիրին անվանում է <<ընդարձակ, հպատակություն չճանաչող և անծանոթ երկիր>>: Ասորեստանյան արքաների արձանագրություններում հիշատակվում են Նաիրիի <<մեծամեծ քաղաքները>>, <<նրանց հարըստությունը>>, <<նրանց բազմաթիվ ձիերի, ջորիների երամակները, երինջների հոտերը և նրանց երկրագործական անթիվ ունեցվածք>>, որոնք խոսում են այդ շրջանում երկրի հզորության և հարստության մասին: Երկու դար անց` Ասորեստանի արքա Աշշուրնասիրապալ II թագավորի (Ք.ա. IX դար) արձանագրություններից տեղեկանում ենք, որ նա չորս խոշոր արշավանք է կատարել Նաիրի երկրի դեմ, ընդ որում այնտեղ ոչ թե խոսվում է մի քանի <<երկրների>> դաշինքի կամ համադաշնության մասին, այլ մեկ միասնական երկիր-պետության մասին: Հիշատակվում են <<Նաիրի երկրում 250 քաղաք` իրենց զորավոր պարիսպներով>>... և այլն: Նաիրին որպես մեկ միասնական պետություն է հիշատակվում նաև նրա հաջորդի` Սալմանասար III-ի (Ք.ա. IX դար) արձանագրություններում: <<Նաիրի>> անվամբ են իրենց երկիրը կոչում Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) տիրակալները ասուրերենով գրված իրենց արձանագրություններում: Մովսիսյան Ա.
|