Приветствую Вас, Гость Արեգակ, 01.12.2024, 14:27
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 8
հյուր 8
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 29 » Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը
20:49
Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը

Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը

 

Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել և մնում է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցը, որը մի շարք կետերում ցայսօր վիճահարույց է: Որտեղից է ծագում մեր ժողովուրդը, որն է նրա բնօրրանը, երբ է ձևավորվել իբրև ինքնուրույն էթնիկ միավոր և որ ժամանակներից է հիշատակվում հնագույն գրավոր հուշարձաններում: Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլև երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ ժողովրդի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող հիմնական հարցերին: Անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտության մեջ տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները, ապա հարցի ուսումնասիրման այսօրվա վիճակը և Հայաստանի ու հայերի մասին պահպանված հնագույն տեղեկությունները:
Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:

 
ա. Հայկական ավանդությունը: 

 

Ստեղծվել է դեռևս վաղընջական ժամանակներում և մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են նաև միջնադարի այլ հայ մատենագիրների երկերում: Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին` հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին.<<Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը... Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը>>...:

Հայկ Նահապետ

Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության` հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ): Ըստ ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված <<Թորգոմա տուն>> և հայերին տրված <<Թորգոմյան ազգ>> անվանումները:
 

Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի` Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):


Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց <<հայ>> և երկիրը` <<Հայաստան>>, իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի <<Արմենիա>> և հայերի <<արմեն>> անվանումները: Ըստ նույն ավանդության Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից` Հայկաշեն, Արամանյակից` Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից` Արմավիր, Երաստից` Երասխ (Արաքս), Շարայից` Շիրակ, Ամասիայից` 
Մասիս, Գեղամից` Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից` Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից` Այրարատ և այլն):

բ. Հունական ավանդությունը:

 

Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի` արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ նրա անվամբ կոչվել է <<Արմենիա>>: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ Հունաստանում) Արմենիոն քաղաքը:


Ավանդությունն առավել հանգամանորեն պատմում է Ք.ա. I դարի հույն մատենագիր Ստրաբոնը. նա հաղորդում է, թե իր տեղեկությունների սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են: Դատելով փաստերից` հայերի ծագման մասին զրույցը ստեղծվել և արգոնավորդների ավանդությանն է զուգորդվել Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում. արգոնավորդների ավանդության մասին պատմող ավելի վաղ աղբյուրներում հայերի ծագման վերաբերյալ տեղեկություն չկա: Ամենայն հավանականությամբ դա ունեցել է նույնպիսի քաղաքական միտում, ինչպիսիք են պարսիկների և մարերի (մեդացիներ) հունական ծագման մասին զրույցները: Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ նվաճող իր ծրագրերն իրականացնելուն <<իրավական>> տեսք տալու համար նախապես ստեղծում էր կեղծ հիմնավորումներ: Ուստի և այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի թեսալական (հունական) ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ:


Հայերի արևմտյան (փռյուգիական) ծագման մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հույն հեղինակներ Հերոդոտոսի (Ք.ա. V դ.), Եվդոքսոսի (Ք.ա. IV դ.) և այլոց երկերում: Այդ տեղեկություններում բերված փաստարկները վերաբերում են փռյուգիացի և հայ զինվորների նման հագնված լինելուն և հայերենում փռյուգերեն շատ բառերի առկայությանը: Դրանցով, իհարկե, չի կարող բացատրվել մի ժողովրդի` մյուսից ծագած լինելը. փռյուգիացիներն ու հայերը ազգակից են (ունեն ընդհանուր` հնդեվրոպական ծագում), և նրանց լեզուներում նույն (կամ նույնարմատ) բառերի առկայությունը, առավել ևս զինվորների միանման հագուստ կրելը պետք է օրինաչափ համարել:

գ. Վրացական ավանդությունը:

 

Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել IX- XI դարերի վրաց հեղինակների կողմից (Անանուն պատմիչ, Լեոնտի Մրովելի և այլք): Ըստ վրացական ավանդության Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից` հայերը, Քարթլոսից` վրացիները, մյուս որդիներից` կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից` այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրներում: Դրանով էլ պետք է բացատրել ութ եղբայրներից Հայոսի ավագագույնը լինելու հանգամանքը:

դ. Արաբական ավանդությունը:

 

Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի` Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է XII-XIII դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին) և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:

ե. Հին եբրայական ավանդությունը:

 

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I - Ք.հ. I դդ.) <<Հրեական հնախոսության>> էջերում: Հաղորդման համաձայն <<Ուրոսը հաստատեց Հայաստանը>>: Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է: Ըստ մեկ այլ տեսակետի Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա <<Ռուսա Էրիմենայի որդին>>: Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում <<Ռուսա>> անունը հիշատակվում է նաև <<Ուրսա>> տարբերակով, իսկ <<Էրիմենա>> անունը կարող է մեկնաբանվել և° որպես անձնանուն, և° որպես ցեղանուն:

Նշվածներից բացի հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ ևս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն:

զ. Հայ ժողովրդի ծագման հարցը պատմագիտության մեջ:

 

Հինգերորդ դարից մինչև XIX դարի կեսերը հայերի ծագման հարցում անառարկելիորեն ընդունվում էր հայկական ավանդությունը` ձևակերպված Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> էջերում, որը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի համար ծագումնաբանության վկայագիր և դասագիրք: XIX դարում գիտության մեջ ի հայտ եկած նորությունները, սակայն, կասկած առաջացրեցին Պատմահոր տվյալների արժանահավատության նկատմամբ, և հարցականի տակ դրվեց հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության ճշմարտացիությունը:


XIX դարում ծնունդ առավ համեմատական լեզվաբանությունը, ըստ որի հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն (<<հնդեվրոպական մայր ժողովուրդ>>) և զբաղեցրել միևնույն տարածաշրջանը, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվում է <<հնդեվրոպական նախահայրենիք>>: Այդ ժողովուրդների ծագման հարցը այս տեսության շրջանակներում շաղկապված էր հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության հետ: Տարբեր ժամանակներում գիտության մեջ գերիշխող են եղել նախահայրենիքի տեղադրության տարբեր վարկածներ (հարավարևելյան Եվրոպա, հարավ-ռուսական տափաստաններ, Առաջավոր Ասիայի հյուսիս և այլն):


XIX դարում համեմատական լեզվաբանության մեջ լայն տարածում ստացավ հնդեվրոպական նախահայրենիքը հարավ-արևելյան Եվրոպայում տեղադրելու տեսակետը: Դա մի կողմից, մյուս կողմից` հույն հեղինակների հաղորդումները հայերի բալկանյան ծագման վերաբերյալ առաջ բերեցին հայերի եկվոր լինելու տեսությունը: Ձևավորվեց մի տեսակետ, ըստ որի հայերը գաղթելով Բալկանյան թերակղզուց` Ք.ա. VIII-VI դարերում մուտք են գործել Ուրարտու, նվաճել այն և վերջինիս անկումից հետո Ք.ա. VI դարում ստեղծել իրենց պետությունը (Երվանդունյաց թագավորությունը): Այս տեսակետը, որ չի հիմնվում փաստերի ամբողջության վրա, ուստի և չի կարող ճշմարտացի լինել մի շարք պատճառներով, դարձավ և մինչ օրս մնում է քաղաքական շահարկումների առարկա (հատկապես պատմության թուրք կեղծարարների կողմից):


Հաջորդը հայերի ծագման վերաբերյալ հաբեթական կամ ասիանիկ տեսությունն էր, համաձայն որի հայերենը ոչ հնդեվրոպական, խառնածին լեզու է, հետևաբար հայերը չեն մասնակցել հնդեվրոպական գաղթին և առաջացել են տեղաբնիկ ասիական (այդտեղից էլ <<ասիանիկ>> անվանումը) ցեղերից: Այս տեսությունը չէր կարող դիմանալ լուրջ գիտական քննության, և այժմ էլ մերժվում է, քանի որ չեն լինում խառնածին լեզուներ. երկու լեզուների ձուլումից չի առաջանում երրորդը:


1980-ական թվականների սկզբներին վերարծարծվեց դեռևս դարասկզբին հայտնված տեսակետն այն մասին, որ հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, ավելի որոշակի` Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում: Այս տեսակետը գնալով ավելի ամրապնդվում է նոր ի հայտ եկող փաստերով և այսօր ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից: Հայ ժողովրդի ծագման հարցը այս տեսությամբ ստացավ նոր բացատրություն: Ինքնըստինքյան հերքվեց հայերի եկվորության հարցը, քանի որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հենց այն տարածքում, ուր կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը:


Ներկայումս հստակորեն կարելի է ասել, որ հայերը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում կազմել են հնդեվրոպական մայր ժողովրդի մի մասը և 4-րդ հազարամյակի վերջին ու 3-րդի սկզբներին առանձնացել են հնդեվրոպական ընդհանրությունից: Այդ ժամանակաշրջանից էլ սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը, որն ընթացել է երկու փուլով: Առաջինը, որ կարելի է բնութագրել որպես ցեղային միությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջան, տեղի է ունեցել Ք.ա. 3-2-րդ հազարամյակներում: Երկրորդ փուլում, շնորհիվ միասնական պետականության ստեղծման, Ք.ա. VI - V դարերում ավարտվել է հայ ժողովրդի կազմավորման ընթացքը:


Ամփոփելով ասվածը` կարելի է պնդել, որ հայերեն լեզուն ու նրանով խոսողները հնդեվրոպական ընդհանրությունից անջատվել և ինքնուրույն են դարձել Ք.ա. 4-3-րդ հազարամյակների սահմանում: Հենց այդ ժամանակներից էլ մեր ժողովուրդը հիշատակվում է Հայկական լեռնաշխարհում, ուր գործել, գոյատևել ու կերտել է իր պատմությունը: Մովսիսյան Ա.
 

ԵՊՀ Հայագիտական  հետազոտությունների ինստիտուտ:

Категория: Հայագիտություն-Հայոց պատմություն | Просмотров: 2119 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024