ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Երկար, շատ երկար էր կառավարում Հայկը Արարատյան Արիներին՝ Հայգ Արմեններին: Հայրական հոգատարությամբ և աստվածադիր օրենքներով էր կառավարում նա: Հայկը սիրում էր ամենքին և ամենը: ԵՎ նրա սիրտն ու տան դուռը միշտ բաց էին բոլորի համար: Արմեններն էլ սիրում ու պաշտում էին Հայկին և Արմենների հայր անվանում: ԵՎ այնքան մեծ էր Արմենների պաշտամունքը Հայկի նկատմամբ, որ ամեն զոհ մատուցելիս, Անմահ Աստվածների հետ մեկտեղ փառաբանում էին նաև Հայկին, որ Հայգ Արիի պատկերը ուներ:
ԵՎ ահա մի օր Հայկը հրովարտակ է ուղարկում Արարատի բոլոր կողմերը և բոլոր տոհմերի նահապետներին կանչում իր մոտ: Հավաքվեցին Արմենական բոլոր մեծ ու փոքր տոհմերի նահապետները: Հայկի հրավերով եկան նաև Արարատից դուրս Արի Ազգերի առաջնորդներ Արևելքից ու Արևմուտքից, Հյուսիսից ու Հարավից: Երբ բոլորը հավաքվեցին, ներկայացավ նաև ինքը՝ Հայկը, տոնական հագուստով և հանդիսավոր բազմեց իր գահի վրա:
Հայկի այդ տոնական հագուստը և ընդգծված հանդիսավորությունը զարմանք ու երկյուղ էին առաջացնում հավաքվածների մեջ: Բոլորը զգում էին՝ կա՜մ շատ ուրախալի լուր են լսելու, կա՜մ շատ ողբերգական: Ո՞րն է լինելու: Փորձում էին կռահել. չէին կարողանում և անհամբեր սպասում էին Հայկի խոսքին: Իսկ Հայկը լուռ էր: Նա չէր շտապում խոսել: Նա հայրական ժպիտով և կարոտալի հայացքով շոյում էր ամեն մեկին առանձին-առանձին: Տագնապալի սպասումը տանջում էր բոլորին: Նրանք պատրաստ էին լսել թեկուզ ամենավատ լուրը, միայն թե ազատվեին այդ տագնապալի սպասումից: Վերջապես Հայկը դիմելով բոլորին, ասաց.
- Ո՛վ, սիրելինե՜րդ իմ, ես կանչել եմ ձեզ հրաժեշտ տալու: Ես գնում եմ միանալու իմ նախնիներին:
Մի պահ բոլորը պապանձվեցին. ամեն ինչ կսպասեին, բայց ո՜չ այդ հայտարարությունը: Շուտով ըմբռնեցին Հայկի ասածի էությունը և խոր երկյուղով խառնվեցին իրար: Առաջին անգամ ըդվզեցին Հայկի դեմ: Ոչ ոք չէր ընդունում նրա հրաժեշտը: Տխրեց Հայկը, ձեռքով սաստեց բոլորին և ասաց.
- Ո՛վ, Արմեննե՜ր, մի՞թե ես այնքան անարժան առաջնորդ եմ եղել, որ դուք այսօր զլանում եք նույնիսկ հրաժեշտի երջանկություն պարգևել ինձ:
Լռեցին բոլորը, և ամեն մեկն իր շփոթված մտքով խորացավ ինքն իր մեջ: Ծանր, շատ ծանր լռություն էր տիրում, բայց ամենքի մեջ փոթորիկ էր ու պատերազմ՝ անելանելի շփոթ: Տոհմապետերից ամենաիմաստունը վերջապես դիմեց Հայկին ու ասաց.
- Ո՛վ, Մե՜ծդ Արի Հայկ, դու շատ լավ գիտես, որ բոլոր Հայգ Արմենները սիրում ու պաշտում են քեզ և քեզ Արմենների հայր են անվանում: Դու չես կարող կասկածել մեր սիրուն և նվիրվածությանը: ՈՒստի ես նույն հարցը կտամ քեզ. մի՞թե մենք այնքան անարժան զավակներ ենք եղել քեզ համար, որ վաղաժամ ուզում ես հեռանալ մեզանից:
Պայծառացավ Հայկը, գոհունակությամբ ժպտաց և ասաց.
- Ո՛վ, իմ սիրելի Արմեննե՜ր, դուք էլ գիտեք, որ իմ ամբողջ սերը ձեզ եմ տվել: Բայց գիտցեք, որ հրաժեշտի պահը ինձանից չի կախված: ԵՎ ընդհանրապես վաղաժամ կամ ետնաժամ մահեր չեն լինում: Բոլոր մահերը ճիշտ ժամանակին են լինում: Չէ՞ որ մարդ, որ ծնվում է, անպայման իր որոշակի բնական դերն ունի, որ իր ամբողջ կյանքում պիտի կատարի: Դեր չունեցող մարդը՝ կենդանի վիժվածք է. իր դերը չկատարող մարդը՝ կենդանի դիակ է: ԵՎ նույնիսկ նրանց մարմնավոր գոյությունը կյանքի հետ ոչ մի կապ չունի: ԵՎ մարդու ամեն մի կյանքի տևողությունը համապատասխանում է նրա դերի կատարմանը: Ես կատարել և ավարտել եմ իմ դերն այս կյանքում, ուստի իմ այս կյանքի սահմանն ավարտված է: ԵՎ եթե ես աննպատակ կառչեմ այս կյանքին, ապա կհավասարվեմ կենդանի վիժվածքներին ու կենդանի դիակներին և չարիք կլինեմ կյանքի համար: ԵՎ Հայր Արայի կամքով ես հրաժեշտ եմ տալիս ձեզ: Առավոտյան Արագածի լանջին մի կիզախարույկ կպատրաստեք, որ նախնյաց ավանդույթի համաձայն այրեք իմ մարմինը, և ես, որ հուր էի, նորից հուր դառնամ: