բ. ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԱՐՄԱՆ
1. Արարման Խորհուրդն է ԱՐԱ՛-ն՝ ԱՐ /սերում, արարում/ - ԱՀ /հզոր/՝ Արարող Զորություն՝ Արարիչ, ուր Ա՛ բացարձակ ձայնը չեզոքացնում է Հ հնչյունին և ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության՝ Արարչի Էությունը որպես ԱՐԱ՛:
2. Արա՛ն է միակ ու բացարձակ Արարիչը ամբողջի, ամենի. և ամեն ինչ Աշխարհում Արայից է գալիս ու դեպի Արա՛ն է գնում:
3. Արա՛ն ոգի է և նյութ, միտք է և մարմին, նա զգացական է և նյութական, էություն է ու երևույթ:
4. Արա՛ն Գոյ է՝ Գոյության Ոգի. նա ով է, նա ինչ է, ամեն ոք, ամեն ինչ, ամեն:
5. Բացարձակ է Արա՛ն, անսկիզբ ու հավերժ, անսահման ու անժամանակ: Իրենն են, իր մեջ են երկինք, տիեզերք, ջերմություն և լույս, երկիր ու արեգ, միտք և հոգի:
6. ԱՐԵՎ է Արա՛ն՝ Կենաց Զորություն՝ ԱՐ /զորություն/ - ԱՎ /կյանք/:
7. Արա՛ն գերմեծն է ու գերփոքրը. և գերմեծն ու գերփոքրը նույնանում են Արայի մեջ:
8. Արա՛ն ամենազոր է, ճշգրիտ, հաստատուն: Նա ամենագոյն է, որ կյանք է տալիս ամեն գոյության. Նա ամենաուժն է, որ ուժ է տալիս ամեն զորության. Նա ամենանյութն է, որ խտանում է ամեն մարմնի մեջ. Նա ամենամիտքն է, որ արարումն է ամեն իմաստության. Նա ամենաոգին է, որ ճառագումն է ամեն երանության. Նա անժամանակն է, որ ժամանակն է հաստատում հաջորդականության. Նա անսահմանն է, որ սահման է հաստատում պարբերականության:
9. Արա՛ն անժամանակում է արարել Բնությունը և արարել է հենց իր էությանը համապատասխան: ԵՎ Բացարձակ Բնությունը նույնանում է Բացարձակ Արարչին:
10. ԵՎ բնական օրենքները նույնն են թե՜ մեզ համար և թե՜ Արարչի, քանզի Նա է ամենաճշգրիտ օրենքները սահմանել: ԵՎ նույնիսկ ինքը՝ Արա՛ն չի կարող իր հաստատած օրենքները խախտել:
11. ԵՎ Արա՛ն իր իսկ հաստատած օրինաչափությամբ անվերջ արարչագործությամբ նորոգում է ու պահպանում իրեն և իր մեջ բոլորը, ամբողջը, ամենը:
12. Արարումը նոր բան ստեղծել չի նշանակում, և ընդհանրապես Արարիչը ոչ մի նոր բան չի ստեղծում:
13. Արարիչը իր տիեզերքով, Աստվածներով, Աստվածամարդերով, մարդկանցով, ծառ ու ծաղկով, հավքով, գազանով մի ամբողջական Բնություն է: ԵՎ եթե Արարիչը մի նոր բան ստեղծի, կնշանակի՝ Բնությունը անկատար է, Արարիչն էլ է անկատար: Բայց Արարիչը կատարյալ է, Բնությունը կատարյալ է, և կատարյալ են ամենը Բնության մեջ:
15. Անսկիզբ է Արա՛ն, և ամենն են անսկիզբ. հավերժ է Արա՛ն, և ամենն են հավերժ. բացարձակ է Արա՛ն, և ամենն են բացարձակ:
16. ԵՎ Արա՛ն իր արարչագործությամբ հենց բացարձակությունն է անվերջ արարում Բնության բոլոր Տեսակների մեջ, միշտ նորոգելով որակը նրանց:
17. Արա՛ն ինքն է անժամանակի մեջ ժամանակ հաստատում և ամեն սահման հաստատում անսահմանության մեջ: ԵՎ ժամանակի ու սահմանի մեջ կատարում է ինքնանորոգում իր բոլոր Տեսակների հավերժ նորոգմամբ՝ մահվան սահմանում և անմահության հավերժ ընթացքում:
18. Արա՛ն մշտապես զգում է իր բոլոր օրգանական մասերին և հենց նրանց մեջ է իրագործում իր ինքնանորոգումը մշտական արարչագործությամբ:
19. Արարումը անժամանակ է, Ծնունդն է հաստատում ժամանակ. Արարումը անսահման է, Ծնունդն է հաստատում սահման:
20. ԵՎ անսահման ու անժամանակ արարումի մեջ ամեն պարբերություն ծնունդով է հաստատում իր ժամանակն ու սահմանը:
21. ԵՎ թե Արարումի Խորհուրդն է Արա՛ն, ապա Ծնումի Խորհուրդն է Անահիտը, ԵՎ Արարչագործությունը՝ դա Արարումի և Ծնումի ամբողջություն է:
22. ԵՎ արարչագործությունը իրագործվում է Բնության բոլոր էակների մեջ և իրագործվում է հոր ու մոր միջոցով՝ հայրը՝ արարող, իսկ մայրը՝ ծնող:
23. Հայրը ծնվող զավակի մեջ արարում է նրա շարունակելիությունը, իսկ մայրը, ծնելով հոր զավակին, հաստատում է նրա կենաց շարունակելիության անսահմանության մեջ մի նոր պարբերություն:
24. Արա՛ն է Հայրը բոլոր Աստվածների և Աստվածամարդերի: ԵՎ Արայի կամքով է Երկիրը ծնել Տիտանին:
25. Արա՛ն է հենց Արարատում արարել իր երկրային որդուն՝ երկրային Հէգին /բացարձակ հուր, հրեղեն, աստված/ և իր անունով Արի անվանել:
26. ԵՎ Հէգ՝ Հայգ Արին մյուս Աստվածների պես անմահ չէ, բայց իր հավերժությունը հաստատում է սերնդատվությամբ՝ կյանքի ու մահվան անընդհատ հաջորդականությամբ:
27. Հէգ Արին Արայից սերված երկրային աստված է: ԵՎ հենց նրանից են առաջացել Աստվածամարդիկ, որ կոչվում են Հայամարդ կամ Արմեն:
28. Բացարձակ է Արա՛ն, և կատարյալ են զավակները նրա: Կատարյալ էր և Արին, որպես երկրային աստված. կատարյալ են և Հէգ Արիից սերված աստվածամարդիկ:
29. Արին Արայի հարազատ որդին է, Հէգ՝ բացարձակ հուր, հրեղեն է նա և Հայր Արայից արարչական զորություն է ժառանգել: ԵՎ Արիի սերունդները, որ նույնպես Հէգի բռնկումն ունեն իրենց մեջ, ժառանգել են նաև նրա արարչական զորությունը:
30. Արարիչ չի ընտրվում երբեք: Արարչի ընտրությունը արդեն Աստվածության ժխտում է, Բնության ժխտում է, բնականի ժխտում է և հոր ժխտում է:
31. Իմ արարիչը նա է, ով ինձ տվել է կյանք, ուժ, սեր և ում արյունն եմ կրում իմ մեջ: Դա իմ հայրն է, իմ պապը, ապուպապը, նրա պապը և այդպես մինչև Հայր Արա՛ն: Արա՛ն է իմ Բացարձակ Հայրը՝ Արարիչը, որ արարել է իմ բոլոր նախահայրերին:
32. ԵՎ ճանաչելով ինձ որպես Արորդի՝ Արայի որդի, ես զգում եմ իմ Արիական ծագումը, որ Հայր Արայից է գալիս. խնկարկում եմ իմ անարատ արյունը, որ Հայր Արայից է հոսում իմ երակներում. պայծառացնում եմ իմ ազնվական դիմագիծը, որ Հայր Արայից եմ ժառանգել և վեհացնում եմ իմ մեջ Վահագնյա ոգին, որ արտացոլումն է Հայր Արայի էության:
33. Հայր Արա՛ն հենց Արարատում ինքն է արարել իմ Ցեղը Արի և դեռ արարում է անվերջ, անդադար Արի սերունդներ՝ արարում նրանց հենց իր կերպարով ու իր բնությամբ, որ լինելությունը արարումով լցվի, որ իմաստավորվի լույսը արևի և աստվածային խորհուրդը կյանքի մարդկանց սրտերում անվերջ առկայծի:
34. Հայր Արա՛ն իմ Արարիչն է, իմ հայելին է. ես ինձ եմ տեսնում Նրա պատկերում. Նա ինձ է նման, բայց Նա նման է նաև բոլորին, և բոլորի նման բնական է Նա:
35. Ես զգում եմ Նրա զարկերը սրտի, ես Նրա կրծքի ջերմությունն եմ զգում. և Նա հենց իմ մեջ արարում է ինձ:
36. ԵՎ ապրել Արայով, կնշանակե՝ ապրել բնական, կնշանակե՝ զգալ, որ Բնության մեջ Ոչինչը չկա. կա Ամեն Ինչը, և ամեն ինչը հենց լինելությունն է. և լինելությունը Արայից է գալիս ու Արայով է լինելությունը հաստատվում:
37. Արարիչը մի ամբողջություն է, և Բնության մեջ ամենը Նրա օրգանական մասերն են . և ինչպե՞ս կարելի է ճանաչել Արարչին, երբ անտեսում ենք Նրա օրգանական մասերը:
38. Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, մեր պատկերացման մեջ են միայն առանձին. իրականում դրանք բոլորը մի ամբողջություն են: ԵՎ որ երևույթի հետ էլ որ մենք առնչվում ենք, իրականում առնչվում ենք Բնության Արարչական Ամբողջության հետ:
39. Չէ՞ որ մենք, որպես բնական օրգանիզմ, մեր բոլոր օրգանական մասերի ամբողջություն ենք և պայմանականորեն ենք այդ մասերը դիտում առանձին - առանձին. իրականում դրանք բոլորը մեր ամբողջության օրգանական մասերն են:
40. ԵՎ մենք չենք կարող մեր մարմնի մի որևէ մաս անտեսել. անտեսելով մեր մարմնի որևէ մաս, մենք իրականում անտեսում ենք մեր ամբողջությունը:
41. Բնության մեջ ամենը ճանաչելով է, որ մենք ճանաչում ենք Արային. ամենը սիրելով է, որ մենք սիրում ենք Արային:
42. Մենք էլ ենք Արարչական Ամբողջության օրգանական մաս. ուրեմն մեզ էլ պահպանելով ու սիրելով այդ Ամբողջության մեջ, մենք պաշտում ու սիրում ենք Արային:
43. Մենք չենք կարող մեզ անջատել այդ Ամբողջությունից, հակառակ դեպքում մենք կկտրվենք հենց մեզանից և կդառնանք չարիք հենց Արարչի համար: ԵՎ ինչքան էլ աղոթենք ու ապաշխարենք, միևնույն է՝ մենք չարիք կլինենք:
44. ԵՎ իրականը թողած, վերացական դատողություններով մենք երբեք չենք ճանաչի Արային: Արային մենք կարող ենք ճանաչել միայն մեր շրջապատի իրականի մեջ և նրա միջոցով:
45. Մենք, որպես Աստվածամարդիկ, մեր ամբողջությունը պիտի որոնենք մեր շրջապատի իրականության մեջ՝ ծառ ու ծաղկի, հավք ու գազանի, սար ու դաշտի, ջրի, արեգի, մարդկանց ու Աստվածների մեջ: ԵՎ մեր ամբողջությունը որոնելով, մենք այդ բոլորի մեջ պիտի որոնենք մեզ, նրանց մեջ էլ գտնենք մեզ և նրանցով էլ ամբողջանանք որպես Աստվածամարդ ու ճանաչենք Արային, սիրենք Արային, միանանք Արային: