ԱՍՔ ԱՐԻ ՀԱՅԿԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅԿԻ ԿՆՈՒՆՔԸ Արեգնազը նորածին Հայկին տեղավորեց առանձին սենյակում, և ոչ ոք չէր կարող մոտենալ նրան: Ավանդաբար եկած խորհուրդ էր դա: Չէ՞ որ ծնվելուց հետո Հայկը կյանքի նոր միջավայր էր մտել, որը շատ էր տարբերվում մայրական ներքին միջավայրից: ԵՎ մայրը զգուշությամբ խնամում էր Հայկին և աստիճանաբար վարժեցնում էր արտաքին ազդակներին: ԵՎ միայն Թորգոմն էր մոտենում որդուն և ժամերով հիանում էր նրա արևշող տեսքով ու փարթամ մարմնով: Օրերը անցնում էին, և ամեն նոր օր Հայկին մոտեցնում էր իրական կյանքին, իսկ ծնողներին՝ մահվան: Արեգնազը Թորգոմից թաքուն լաց էր լինում: Նա չէր ողբում իր մոտալուտ մահը՝ նա հավատում էր հավերժությանը, և մահը նրան չէր սարսափեցնում: Նա ողբում էր Հայկի մոտալուտ որբությունը: ԵՎ մտածում էր, թե ինչ հիշատակ թողնի որդուն, որ տխուր պահերին մայրական սփոփանք լինի նրա համար: ԵՎ Արեգնազը մի ծառ տնկեց՝ ծնունդի ծառ: Քառասուն օրը անցավ: Արդեն պետք էր կնքել Հայկին և հանձնել կյանքին ու Անմահ Աստվածներին: ԵՎ առավոտյան արևով Արեգնազը ճոխ սեղան սարքեց, Թորգոմը կանչեց Անմահ Աստվածներին և սուրբ նախնիներին՝ կնքելու փոքրիկ Հայկին: ԵՎ եկան Աստվածներն ու նախնիները, սիրով մասնակցեցին մեծ խնջույքին և վայելեցին արարատյան բարիքներն ու սուրբ գինին: Թորգոմը փառաբանեց Աստվածներին և ապա դիմեց Արարչին. - Ո՛վ, Հայր Արա՛, քո զավակները այս սուրբ կնունքի ծեսին հավաքվել են քո արարչական փառքը հյուսելու. քո որդու՝ Հայկի մեջ հաստատելու իր Արի ծագումը, որ քեզանից է գալիս. խնկարկելու նրա անարատ արյունը, որ քեզանից է հոսում նրա երակներում. պայծառացնելու նրա ազնվական դիմագիծը, որ քեզանից է ժառանգել և վեհացնելու նրա մեջ աստվածային զորությունը, որ արտացոլումն է քո էության: ԵՎ նա փոքրիկ Հայկին ընկղմում է արարատյան հազար ու մի ծաղիկների պահպանիչ յուղով օծված ավազանի մեջ և հանում: - Ո՛վ, Հայր Արա՛,- շարունակում է Թորգոմը,- ահա Արարատի հազար ու մի ծաղիկների յուղով օծում եմ մարմինը քո հարազատ զավակի և հանձնում եմ նրան կյանքին ու քո հայրական հովանավորությանը: Ապա Արեգնազը գրկում է Հայկին, մոտենում է Աստվածամայր Անահիտին, ծնկի է իջնում նրա առաջ և ասում է. - Օ՛, Մայր Անահի՜տ, Մայրը բոլոր Արի մայրերի, երկրային աստված Արիի ծնող, այս սուրբ կնունքով ես քեզ եմ հանձնում ինձանից ծնված Թորգոմի միակ որդուն: Պահպանիր որբ Հայկին, խնամիր նրան և նրա ծնունդի ծառը, որ տնկել եմ Հայկի ծնունդի առթիվ: ԵՎ թող Հայկը իր տխուր ժամերին այդ ծնունդի ծառի տակ դինջանա, սփոփվի ու երջանիկ երազներ տեսնի քո հովանավորությամբ: ԵՎ Մայր Անահիտը օծում է Արևխաչը, կախում է Հայկի պարանոցին և ասում է. - Իմ մայրական սիրով օծված այս Արևխաչը թող միշտ շողա նրա կրծքին, որպես հավատքի հավերժող խորհուրդ: ԵՎ փոքրիկ Հայկի երազների մեջ ես միշտ կերևամ, ես օրոր կասեմ և կխնամեմ ես իմ մայրությամբ, որ որբ չմնա, որ մայր ունենա: Ապա Թորգոմը դիմում է Ամենազոր Վահագնին և ասում. - Ո՛վ, Մեծդ Վահա՜գն, Աստվածն Արիի, դու՝ Արևն Աշխարհի, դու՝ կյանք և աշխույժ, դու՝ կռիվ և ուժ, դու՝ լույս և զտող, ազնիվը զատող, փառքը արարող. դու, որ հաղթողն ես ամեն խավարի, ամեն մռայլի, Վիշապի, չարի. ո՛վ, դու այգածին, քեզ եմ ես հանձնում քո երկրային եղբայր Արիից սերված, Արմեն Ցեղի Հայկ զավակին: ԵՎ Վահագնը արևի ճառագայթներից մի փունջ կազմելով, կնքեց կյանք մտնող Հայկի աչքերը և ասաց. - Թող միշտ փայլի արևի լույսը Հայկի աչքերում, որպես աստվածային զորության ճառագում, և թող արևին միշտ ուղիղ նայի նա: ԵՎ ես Հայկին ապրելու և կռվելու արբեցումն եմ տալիս, սնում եմ նրան զորությամբ, լույսով. նրա հոգու մեջ հավատն եմ վառում, բազուկը նրա՝ հաղթությամբ կռում, շանթերով հյուսում հայացքը նրա, սրտում՝ արևից բեկորներ ցանում, որ միշտ հաղթական լինի իր կյանքում: ԵՎ Թորգոմը դիմում է իր սուրբ նախնիներին. - Ո՛վ, մեր սուրբ նախնի՜ք, երկրային աստվածների անմահ ոգինե՜ր՝ հավերժից եկած, դեպի հավերժն եք ձգվում, մինչև Արարիչ. և հավերժության մեջ եք արարել դուք Հայկին: Նա էլ է հավերժից գալիս, Արարչից է գալիս, և իր մեջ էլ հավերժող հուրը կա: Այս սուրբ կնունքով ես ձեզ եմ հանձնում ձեզանից սերված, ձեզանով սնված մանուկ Հայկին. պաշտպանեք նրան: ԵՎ նախնիները հերթով համբուրեցին Հայկի ճակատը և ասացին. - Մենք մեր փառքի ճառագումով ենք օծում Հայկին, որ միշտ նա իր մեջ մեր սերը պահի, որ միաձուլվի հոգով նա մեզ հետ և իր մեջ նա միշտ զգա ուժը պապերի ու իր թոռների զորությունը զգա: ԵՎ բոլորը մեկտեղ փառաբանեցին Հայր Արային, խմեցին Հայկի կենացը գինով: ՈՒ երկար պարում էին, երգում էին մինչև մայրամուտ: Իսկ մայրամուտին Աստվածները հրաժեշտ տվին ու գնացին. նախնյաց ոգիները հրաժեշտ տվին ու գնացին. Թորգոմն ու Արեգնազն էլ հրաժեշտ տվին Հայկին ու մեռան:
|