Արի Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն էր իր Զորությամբ հովանավորում նրան: Վահագն էր հովանավորում նաև Ալանի ժառանգներին: ԵՎ Վահագնի Զորությամբ զորացած, Ալանաց թագավորը մեծ զորք հավաքեց ու շարժվեց դեպի Հայոց աշխարհ: Իմանալով դա, խիստ զայրացավ Արտաշեսը. ՙ Այդ ի՞նչ խենթություն է իջել ալանաց արքայի վրա, որ զենքով իր եղբայրների դեմ է ելել՚: Նա վերցրեց իր զորքը և դուրս եկավ պատերազմի: Ալանները հայոց զորքի ճնշումից ետ նահանջեցին, անցան Կուր գետը և բանակ դրեցին գետի հյուսիսային ափին: Արտաշեսն էլ բանակ դրեց գետի հարավային ափին: Արտաշեսը խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին: - Ո՛վ, Վահա՜գն Ամենազոր,- կանչեց նա,- բոլոր Աստվածները վկա են, որ ես չեմ խախտել արյան դաշինքը: Զորավիգ եղիր ինձ, որ ես պատժեմ ալանաց այդ գոռոզ արքայի սրբապղծությունը: Նույն ժամանակ Կուր գետի մյուս ափին ալանաց արքան էր խարույկ վառում, զոհ մատուցում Հայր Արային և Ամենազոր Վահագնին և դիմում նրան. - Ո՛վ, Զորության Աստված Վահա՜գն, Աստվածներն են վկա, որ Արտաշեսը մոռացել է արյան պատասխանատվությունը և անտեսել է Արի մյուս ազգերին: Զորավիգ եղիր ինձ, որ ես պատժեմ գոռոզ Արտաշեսի սրբապղծությունը: Վահագնը երկուսին էլ լսեց և ապա դիմեց Հայր Արային, ասելով. - Հա՜յր իմ, երկու կռվող եղբայրների զորությունն էլ ես եմ հովանավորում: ԵՎ երկուսն էլ իրենց արդար են համարում ու իմ Զորությանն են ապավինում: Ասա, ինչպե՞ս վարվեմ: ԵՎ Հայր Արան ասաց. - Երկուսի զորությունն էլ դու պիտի հովանավորես հավասարապես, որ եղբայրների մեջ հաղթող ու պարտվող չլինի: Գիտցիր, որ հաղթողը կգոռոզանա, իսկ պարտվողը կչարանա. և նրանց միջև այլևս հաշտություն չի լինի: Եղբայրների միջև թշնամանքը միայն սիրով կլուծվի: Առավոտյան, երբ Կուր գետի ալիքները բոցավառվեցին արևի առաջին ճառագայթներից, երկու Արի բանակները բախվեցին իրար: Զորավոր և անզիջում կռիվ էր գնում: Երկուսին էլ Վահագնը զորություն էր սնում, և երկու կողմերն էլ ահագնացած կռվում էին: ԵՎ մեկը մյուսին չէր կարողանում հաղթել: Հենց այդ կռվի թեժ պահին Արտավազդ Միհրը իր աստվածային հնարով ալանաց պատանի թագաժառանգին գցեց հայ զորականների ձեռքը: Դրանով դադարեց օրվա ճակատամարտը: Գերի արքայազնին բերեցին հայոց բանակատեղի: ԵՎ զայրացած Արտաշեսը որոշեց խստորեն պատժել պատանուն: Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում: Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի հայոց աշխարհը: Բայց Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել: ԵՎ ալանաց թագավորը պատրաստվում է առավոտյան կատաղի ճակատամարտ տալու: Ալանաց բանակում էր գտնվում նաև ալանների արքայադուստրը՝ չքնաղ Սաթենիկը: Նա խոր վիշտ էր ապրում իր պատանի եղբոր գերեվարության համար: Նրան հայտնվեց Աստղիկ Դիցուհին և ասաց. - Ո՛վ, չքնաղ Սաթենի՜կ, գիտցիր, որ Զորության զորությունն է Սերը: ԵՎ միայն քո սիրով դու կարող ես հաշտեցնել երկու զորությունները: ԵՎ Սաթենիկը գալիս կանգնում է Կուր գետի ափին և իր նրբագեղ ձայնով իր սրտի ողջ թախիծը երգով արտահայտում. - Քե՜զ ասեմ, այր քաջ Արտաշե՜ս, Որ հաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝ Տալ պատանիդ. Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դյուցազանց՝ Զայլոց դյուցազանց զարմից բառնալ զկենդանություն, Կամ ծառայացուցանելով ի ստրկաց կարգի պահել, ԵՎ թշնամություն հավիտենական Ի մեջ երկոցունց ազգաց Արյաց հաստատել: Սաթենիկի երգը դայլայլելով անցավ գետը և հասավ Արտաշեսի բանակատեղի: Լսեց Արտաշեսը այդ չքնաղ ձայնը, որի մեջ այնքան թախիծ ու մեղեդայնություն կար: Դուրս եկավ գետափ, հիացավ չքնաղ կույսի գեղեցկությամբ, և ալեկոծվեց նրա հոգին: Սիրո հրդեհը բոցավառվեց նրա մեջ: ԵՎ նա սրտանց ցանկացավ նրան կին ունենալ: Անմիջապես պատգամավոր է ուղարկում Ալանաց թագավորի մոտ և առաջարկում Ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ իրեն: Վիրավորվում է Ալանների թագավորը, համարելով դա որպես հաղթողի ամբարտավան պահանջ: ԵՎ իր արժանապատվությունը պահելով, ասում է. - ԵՎ որտեղի՞ց պիտի տա քաջն Արտաշեսը հազար հազարներ և բյուր բյուրեր Ալանների քաջ ազգի կույս օրիորդի փոխարեն: Երբ Արտաշեսը իմացավ Ալանաց թագավորի պատասխանը, խիստ սրտնեղեց. ՙԻնչպե՞ս հասկացնեմ հպարտ արքային, որ իմ ուզածը ոչ թե հաղթության տուրք է, այլ՝ սիրո դաշինք՚: Ապա ընդոստ ոտքի կանգնեց ու վճռական ձայնով ասաց. - Ես իմ սերը կնվաճեմ ոչ թե որպես հաղթող արքա, այլ որպես սիրող այր: Հեծավ Արի արքա Արտաշեսը իր Սևուկ ձին և հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը, և որպես բոցավառ սիրահար ու անթև արծիվ անցավ գետը, և նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը, գցեց մեջքը ալանաց օրիորդի, և շատ ցավացրեց փափուկ մեջքը օրիորդի, արագ հասցնելով բանակը իր: Առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, Արտաշեսը նրան բերեց Արտաշատ, որ ինքն էր կառուցել որպես արքայանիստ քաղաք, Էրեվան Հավերժական Քաղաքին շատ մոտիկ: ԵՎ շքեղ հարսանիք սարքեց: Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին, մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին: Երգն ու պարն էին թևածում դեպի երկինք, որպես փառաբանում սիրո հավերժումի: Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ: Երեկվա թշնամացած եղբայրները իրար հետ կենաց էին խմում, շնորհավորում նորապսակներին և փառաբանում Հայր Արային ու Անմահ Աստվածներին, որպես երկու եղբայր Արի ազգերի միջև սիրո դաշինքի հաստատում: