|
|
|
Главная » 2011 » Նոյ » 19 » ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
21:47 ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ |
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Տիեզերական խոր Աշուն էր հաստատվել Երկրի վրա, և արդեն զգացվում էր մոտալուտ Ձմռան սառը շունչը: Վիշապը Երկիր էր իջել, բռնել էր Երկրի ջուրը, կուտակում էր բևեռներում և սառեցնում: Երկրի վրա սաստկանում էին ցուրտ քամիները: Պակասում էր ջուրը Երկրի վրա, պակասում էր և արևի ջերմությունը: Անհանգստացել էին Արիները Արարատում և Արարատից դուրս. պետք էր նախապատրաստվել Տիեզերական Ձմռանը: ԵՎ Արի քրմերը հավաքվեցին Արարատի Հավերժական Քաղաք Էրեվանում: Եկան աշխարհի բոլոր կողմերից: Հավաքվեցին խորհելու, թե ինչպես նախապատրաստվեն Տիեզերական Ձմռանը, ինչպես ապահովեն կենսատու ջերմությունը Արի ազգերի համար: Նրանք գիտեին, որ թեև աստվածամարդ են իրենք, բայց իրենք չեն վառում արևի ջահը. նրանք միայն սնվում են Աստվածների վառած Ջահից: ԵՎ միայն Աստվածների զորությամբ կարող էին արևի կենաց ջերմությունը կուտակել Ձմեռվա համար: ԵՎ Արի քրմերը մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին և խնդրեցին օգնել դիմավորելու մահաշունչ Ձմեռը: Իմաստության Աստված Տիրը հայտնվեց նրանց և ասաց. - Ո՛վ, Արյաց իմաստուննե՜ր, Հայր Արայի կամքով եմ ես եկել ձեզ մոտ: Դուք ինքներդ աստվածներ եք, թեև՝ երկրային, աստվածային զորություն ունեք և Հայր Արայից ժառանգած արարումի կարողություն ունեք: Թե Անմահ Աստվածները արևի ջահն են վառել երկնքում՝ ամբողջ աշխարհը ջերմացնելու համար, ապա դուք էլ կարող եք ձեր երկրային ջահը վառել Արարատում, որ սնվելով արևից, ջերմացնի բոլոր Արի ազգերին ամբողջ Ձմեռվա ընթացքում: Արագածի փեշերին կառուցեք մի բարձր աշտարակ, որ մոտենա արևին և տեսանելի լինի Երկրի բոլոր ծայրերից: Ապա Արագածի ընդերքից պեղեք հազար ու մի գանձեր: Այդ հազար ու մի գանձերով ձուլեք մի մեծ ջահ ու կանգնեցրեք աշտարակի գլխին: Այդ ջահը կբոցավառվի արևից, և կենսական հուրը կբոցկլտա ջահի մեջ ամբողջ Ձմեռ և իր լույսով ու ջերմությամբ կսնի բոլոր Արի ազգերին: Բայց գիտցեք, որ բոլոր Արի ազգերի միասնական ուժով միայն կկառուցվի Արարատյան Աշտարակը, և կապահովվի Արյաց ազգերի կենսաջերմության կուտակումը: Դա է Հայր Արայի կամքը: Արի քրմերը գնացին իրենց երկրները, հաղորդելու Հայր Արայի կամքը: Բոլորն ընդունեցին աստվածային խորհուրդը: ԵՎ շուտով արքաների հրովարտակներով և քուրմերի առաջնորդությամբ Երկրի բոլոր Արի ազգերից ամենահմուտ վարպետներ հազար-հազարներով եկան Արարատ և հենց Արագածի փեշերին հիմք դրեցին աստվածային Աշտարակի: Մեծ շուքով ու ծիսակատարությամբ նշվեց Աշտարակի հիմնադրումը: Մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին, փառաբանեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին: ԵՎ ընդունելի էր նրանց զոհաբերությունը Աստվածների կողմից: Մեծ խանդավառություն էր տիրում Արիներին: Նրանք խոսում էին իրենց ազգային լեզուներով, բայց հասկանում էին իրար և՜ լեզվով, և՜ հոգով: ԵՎ չկար նրանց մեջ որևէ տարբերություն, և ոչ մեկը չէր փնտրում տարբերություն: Անհանգստացել էր Չարի Վիշապը: Նա զայրացած ոռնում էր ու Երկրի այս ու այն կողմ թռչում, փորձելով խանգարել Արիների աստվածահաճ գործին: ԵՎ Վիշապը դիմեց Յահվահին. - Ո՛վ, ամենազոր Յահվա՜հ, Արիները համախմբվել են և Արարատում բարձր Աշտարակ են կառուցում, որ արևի ջերմությամբ սնվեն ամբողջ Տիեզերական Ձմեռը: Դրանով նրանք իրենց մեջ կնորոգեն նախնյաց զորությունը և Վահագնի հովանավորությամբ անպարտելի կդառնան: Ասա, ինչպե՞ս խափանեմ նրանց զորացման ընթացքը: ԵՎ Յահվահը ասաց. - Մի՜ վհատվիր, ո՛վ, Չարի Վիշա՜պ, մեր ուժը խորամանկության մեջ է: Խաբի՜ր, մասնատի՜ր ու կտիրես: Խաղա Արի ազգերի ինքնասիրության և փառամոլության վրա. թող ամեն մի ազգ միայն իրեն ճանաչի, իրենով գոռոզանա ու փքվի: Դրանով նրանց միաբանությունը կխախտվի, և կխափանվի նրանց զորության Աշտարակի շինությունը: ԵՎ Չարի Վիշապը, հետևելով Յահվահի խորհրդին, թռչում էր մեկ արևելք, մեկ արևմուտք, հյուսիս ու հարավ և թաքնվելով տարբեր կերպարանքների մեջ, հայտնվում էր տարբեր Արի ազգերի մեջ և ամենուր նույն քարոզն էր տանում. - Ո՛վ, երկրային աստված Արիի արժանավոր զավակնե՜ր, մի՞թե դուք մոռացել եք ձեր ծագումը, մի՞թե չեք տեսնում ձեր աստվածային փայլն ու զորությունը: Անմահ Աստվածների շնորհը ձեր վրա է, դուք եք ակունքը Արի Ցեղի և առաջնորդը բոլոր Արի ազգերի: ԵՎ Աստվածային Աշտարակը միայն ձեր հողի վրա պիտի կառուցվի: Լսում էին Արի ազգերը, և պղտորվում էին նրանց հոգիներն ու մտքերը: Գոռոզանում էին, փքվում էին իրենք իրենց մեջ ու մոռանում էին վերահաս վտանգը: ԵՎ մեծ վեճեր ծագեցին Արի ազգերի միջև. ամեն մեկը պահանջում էր, որ Աշտարակը իր հողի վրա կառուցվի, և ոչ մեկը չէր համաձայնվում մյուսի հետ: Վեճերը խորացան, Արի ազգերը խռովեցին Արարատից, խռովեցին իրարից, գժտվեցին և սկսեցին ուժով ապացուցել իրենց առավելությունները: Եվ կանչեցին Արարատից իրենց վարպետներին: ԵՎ մեծ պատերազմներ սկսվեցին Արի ազգերի միջև: Արի քուրմերը, որ ծանոթ էին աստվածային խորհրդին, ճգնում էին համոզել իրենց ազգերին՝ հաշտվելու և շարունակելու Արարատյան Աշտարակի շինությունը: Բայց գազազած ամբոխը քարկոծում էր նրանց: ԵՎ կիսատ մնաց Արարատյան Աշտարակը: Աշտարակաշինությունը խափանվեց: Ցնծում էր Վիշապը իր խարդավանքի հաղթության համար: Իսկ Յահվահը ուժգին ցնցեց Երկիրը ու տապալեց կիսակառույց Աշտարակը: ԵՎ Արարատյան Աշտարակից մնաց միայն անունը՝ Աշտարակ: Իսկ Արի Ազգերը այդպես էլ հեռացան իրարից ու այլևս չեն հասկանում իրար ո՜չ հոգով և ո՜չ լեզվով: ԵՎ եկավ Տիեզերական Ձմեռը: Չարի Վիշապը հաղթական ոռնոցով արշավում էր Երկրի մի ծայրից մյուսը: ԵՎ Վիշապի հովանավորությամբ զորացած Չարիները հաղթում էին սառած ու տկարացած Արիներին թե՜ Արարատում և թե՜ Արարատից դուրս: Սառել էին Արիների մարմիններն ու հոգիները: Նրանք լքեցին իրենց Աստվածներին, ուրացան իրենց նախնիներին, մոռացան իրենց ծագումը, օտարացան իրենք իրենցից և մահվան կրոնների հաշիշով հարբած, մահի մեջ էին միայն փրկություն որոնում: ԵՎ վիշտն ու հյուծող աղետները այնուհետև ուղեկցեցին Արիներին: Վերացան նրանց զորությունը, սերը, արարումը: Ամենուրեք Չարի Վիշապի բռնությունն էր տիրում: ԵՎ Վիշապի մահազգեստ սպասավորներն էին ամբոխներին առաջնորդում: ԵՎ Արիներին բաժին ընկան միայն հոգեմաշ դժբախտություններ, որոնցից փրկություն չկար: Մահաշունչ Ձմեռ է Երկրի վրա և Արարատում: Ցուրտն է պատել Արիների հոգիներն ու մտքերը: Բայց Ձմեռից հետո գալու է Գարուն...
|
Категория: Ուխտագիրք Արորդյաց |
Просмотров: 465 |
Добавил: PanArmenizm
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|