|
|
|
Главная » 2011 » Նոյ » 14 » ԱՐԱՄԻ ՈՐԴԻՆԵՐԸ
|
ԱՐԱՄԻ ՈՐԴԻՆԵՐԸ
Երկար էր կառավարում Արիներին Մանի որդի նահապետ Արամը: Նա կառավարում էր Արտի օրենքներով, որ իր հայրն էր հաստատել Արիների մեջ: Արարումը հաստատող օրենքներ էին դրանք: Այդ օրենքներով էին առաջնորդվում Արիները և ապրում էին աստվածավայել վարքով: Արարում էին Արիները, կերտում էին, ստեղծում: Բարեպաշտ էին Արիները, և Անմահ Աստվածներն էին հովանավորում իրենց երկրային եղբայրներին: Բայց մի մեծ հոգս ուներ նահապետ Արամը: Արդեն ծեր էր նա և շուտով պիտի մեռներ, որ նորերը ծնվեին: Բայց այդ նոր ծնվողներին ի՞նչ էր թողնելու նա: Այն բոլորը, որ ստեղծված էր Արարատում, բավարարում էր արդեն ծնվածներին միայն: Իսկ նոր ծնվողնե՞րը: Արիները շատ էին բազմացել, և նոր ծնվողներին քիչ տեղ էր մնում: Արարատի հողը չէր կարող սնել բոլորին: Ինչպե՞ս պիտի ապրեն նոր ծնվողները: ԵՎ Արամը պիտի հոգար նաև նոր ծնվողների մասին, որ նրանք էլ իրենցից ծնվողների մասին հոգան: Դա է կյանքի աստվածային խորհուրդը: ԵՎ Արամը դիմեց Արարչին. - Ո՛վ, Հայր Արա՛, գերբնակեցվում է Արարատը, ինչից ամենայն դժբախտություններ են ծնվելու Ցեղիս մեջ: Ապահովիր նոր ծնվող Արիների կենաց շարունակելիությունը և պահպանիր նրանց աստվածայնությունը հնարավոր մոլորություններից: Արարիչը հավանեց Արամի խոսքերը և բավարարեց նրա խնդրանքը: Արամը իր մոտ կանչեց որդիներին: Հերթով եկան ու հոր առջև կանգնեցին նրա որդիները՝ Ինդրան, Զևսը, Ալանը, Արեշը և պատանի Թորգոմը՝ մեկը մյուսից հաղթանդամ, մեկը մյուսից գեղադեմ, մեկը մյուսից արևշող ու հրաչյա: ԵՎ այդ հսկաները հնազանդ շարվեցին իրենց հոր դիմաց՝ պատրաստ կատարելու նրա հայրական կամքը: ԵՎ Արամն ասաց. - Արարատն արդեն գերբնակեցված է: ԵՎ Հայր Արայի կամքով դուք ժառանգություն եք ստանում Արարատից դուրս ձեզ հատկացված հողերը: Դուք կտեղափոխվեք այնտեղ և ձեզ հետ կտանեք ամեն տոհմից հազար այր և հազար կին, որ ամեն մի տոհմ նոր հողերում ճյուղեր արձակի: ԵՎ ձեզանից միայն մեկը՝ Թորգոմը, որ դեռ պատանի է, կմնա Արարատում: - Հա՜յր իմ,- ասաց ավագ որդին,- քո կամքը Արայից է: Բայց ասա մեզ՝ ով ո՞ր ուղղությամբ է գնալու և ո՞րն է սահմանը մեր ժառանգած հողերի: ԵՎ Արամն ասաց. - Այս գիշեր դուք կբարձրանաք Մասիս սար: Խարույկ կվառեք, զոհ կմատուցեք: Մնացյալը Աստվածների կամքն է: ԵՎ Արամի որդիները բարձրացան Մասիս սար. նրանց հետ էր նաև պատանի Թորգոմը: Նա եղբայրների հետ գնաց հետաքրքրությունից դրդված: Նրանք հասան հենց այն տեղը, ուր Մեծ Ջրհեղեղի ժամանակ հանգրվանել էր նրանց պապը՝ Արի Մանը: Մեծ խարույկ վառեցին ու զոհ մատուցեցին: ԵՎ Անմահ Աստվածները հավաքվեցին խարույկի մոտ: Այնտեղ էին և՜ Ամենազոր Վահագնը, և՜ Արտավազդ Միհրը, և՜ Ճարտարագետ Տիրը, և՜ Չքնաղ Աստղիկը իր հավերժական ժպիտով: Նույնիսկ Մայր Անահիտը եկել էր դիտելու իրենից ծնված երկրային աստված Արիի ժառանգների զորության ցուցադրումը: Խարույկի մոտ հավաքվեցին նաև շատ ու շատ նախնիներ: Մեծ խնջույք սարքեցին եղբայրները: Աստվածներն ու նախնիները սիրով վայելում էին Արարատյան ճոխ բարիքները, համեմված սուրբ ըմպելիքով՝ գինիով: Մինչև երկինք էին հասնում եղբայրների շուրթերից ծորացող ձոները՝ նվիրված Հայր Արային, Աստվածներին ու նախնիներին: Խնջույքը տևեց մինչև լուսաբաց: Առավոտյան արևի առաջին ճառագայթներով Արամի որդիները ոտքի կանգնեցին ու շարվեցին կարգով: ԵՎ ասաց Վահագնը. - Երկրի ջուրը նահանջում է և կուտակվում է բևեռներում սարցաբլուրների տեսքով: Բացվում է Հարաբերական Ցամաքը: ԵՎ նորանոր հողեր կան արդեն, որ պիտանի են բնակության համար: Հայր Արայի կամքով դուք ձեզ հատկացրած հողերն եք ժառանգելու Արարատից դուրս, Հարաբերական Ցամաքում: Իսկ ձեր ժառանգության տեղն ու սահմանը ձեր արձակած նետի թռիչքն է լինելու: Առաջինը Վահագնին մոտեցավ Ինդրան: Վահագնը նրան տվեց մի կայծ-նետ, որ հազար ու մի գույներով փայլում էր առավոտյան արևի տակ: Աստվածամայր Անահիտը օրհնեց Ինդրային: Ապա Ինդրան իր հուժկու բազուկներով ձգեց աղեղը, և կայծ-նետը թռավ երկինք: Իր հետևից բոց արձակելով, նետը սլացավ վերև, ապա թեքվեց ու գնաց դեպի Արևելք: Ապա Վահագնին մոտեցավ Զևսը: Վերցրեց կայծ-նետը և ստանալով Մայր Անահիտի օրհնանքը, լարեց իր աղեղը: Նրա նետը իր հետևից բոց արձակելով, սլացավ վերև, ապա թեքվեց ու գնաց դեպի Արևմուտք: Ալանի նետը թռավ դեպի Հյուսիս, իսկ Արեշինը՝ դեպի Հարավ: Մրցույթն ավարտվեց: Արամի որդիները ստացան իրենց ժառանգությունը: Բայց Վահագնին մոտեցավ պատանի Թորգոմը և ասաց. - Ո՛վ, Զորությունների Արքա՜, թույլ տուր ես էլ իմ աստվածային զորությունը ստուգեմ և ինքս համոզվեմ, որ արժանի ժառանգն եմ երկրային աստված Արիի և իրական առաջնորդը Արարատյան աշխարհի: Վահագնը հավանեց Թորգոմի խոսքերը ու նրան էլ տվեց մի կայծ-նետ: Թորգոմը ծնկի իջավ Մայր Անահիտի առաջ: Մայր Անահիտը համբուրեց նրա ճակատը և իր մայրական օրհնանքը տվեց: Պատանի էր Թորգոմը, բայց զորավոր էր: Նա լարեց իր լայնալիճ աղեղը: Նետը սլացավ երկինք, գնաց ուղիղ վերև: ԵՎ ապա շատ բարձր երկնքում նետը պայթեց և հրացայտ հրավառությամբ տարածվեց Արարատի վրա ու բազմագույն ծիածանով օղակեց երկինքը: Բոլորը ցնծում էին, շնորհավորում էին Թորգոմին þ փառաբանում նրա զորությունը: ԵՎ Վահագնը ասաց. - Ո՛վ, սքանչելի Թորգո՜մ, դու իրոք արժանի ժառանգն ես երկրային աստված Արիի, և ես ինքս իմ Աստվածային Զորությամբ քո ձախ բազկին դնում եմ խաչ-պատերազմին, որ լինես անպարտելի առաջնորդ Արարատյան աշխարհի: Արամի որդիները իջան Մասիսից, հավաքվեցին հոր մոտ, ստանալու նրա հայրական օրհնանքը: Արամը խարույկ վառեց, զոհ մատուցեց Աստվածներին: Ապա խարույկից չորս ջահ վառեց, հանձնեց որդիներին ու ասաց. - Հայր Արայի կամքով է, զավակնե՜րս: Դուք ստացել եք ձեր ժառանգությունը և գնացեք ձեր նետերի ետևից: Ձեզ հետ տարեք հայրական օջախի այս կրակը և դրանով վառեք ձեր օջախները: ԵՎ քանի դեռ այս կրակը կվառվի այնտեղ, դուք հոգեպես կապված կլինեք հայրական օջախին՝ Արարատին, մշտապես կսնվեք նրանից և անվերջ կնորոգեք ձեր մեջ արիական որակները: Ձեր սերունդները Հարաբերական Ցամաքում նորանոր Արի Ազգեր կկազմեն, որոնք միայն բնական ճյուղերն են Արի Ցեղածառի, որի Արմատը Արարատում է: ԵՎ Հայր Արայի կամքը որպես պատվիրան փոխանցեք ձեր սերունդներին՝ երբեք կեղտաջուր չլցնեն իրենց Ցեղածառի Արմատին, քանզի միայն Արմատով են կենդանի Ճյուղերը: Արամի որդիները իրենց երդումը տվեցին, երկրպագեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին, խոնարհվեցին իրենց նախնյաց ոգիներին և ընտանիքներով գնացին իրենց ուղղությամբ: ԵՎ ամեն տոհմից հազար այր ու հազար կին հետևեցին ամեն մեկին: Հարաբերական Ցամաքում բազմացան Արամի որդիների սերունդները և նորանոր Արի Ազգեր կազմեցին: Իսկ Արարատին տեր ու պահապան եղան Թորգոմի սերունդները:
|
Категория: Ուխտագիրք Արորդյաց |
Просмотров: 528 |
Добавил: PanArmenizm
| Рейтинг: 0.0/0 |
|
|
|
|
|
|
|
|