Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 07:41
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Դեկտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Դեկտ » 2 » ՆԱԽ ՄԱՐԴ
20:39
ՆԱԽ ՄԱՐԴ
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ՆԱԽ ՄԱՐԴ

Կեանքի խորհուրդը կայանում է հոգեւոր եւ ոչ թէ նիւթական շինարարութեան մէջ

Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց եւ այնպէս լաւ Հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կեանքում նիւթակրօն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Նա, որ իրեն զգում է որպէս «ժամանակաւոր շունչ եւ կենդանութիւն առած մեքենայ»՝ չի կարող հասարակական ասպարէզում երեւան գալ որպէս կենդանի հոգեկանութիւն: Նա, որ որպէս մարդ, իդէալականացնում է նիւթն ու նրանից բղխող բաւականութիւնները, որ կեանքի նպատակը համարում է կրաւորական հաճոյքները - որպէս Հայ չի կարող լինել անձնւէր, արի, հայրենապաշտ: Միեւնոյն մարդու մէջ չեն ապրիր միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կամ մէկն է, կամ միւսը: Սեղմ ասած՝ չի կարելի որպէս մարդ, կեանքում դաւանել անձնական երջանկութեան վարդապետութիւնը, իսկ որպէս գործիչ, առանց կեղծիքի, ընդունել Տոսթոեւսքուն, թէ մարդկութիւնն ապրում է ոչ թէ երջանկութեան, այլ անսահման կատարելագործման համար: Այո՛, չի կարելի անկատար մարդ, բայց կատարեալ Հայ լինել: Միայն մարդ կոչւելու արժանին կարող է արժանաբար Հայ կոչւել: Դա այբուբենական մի ճշմարտութիւն է, որ
երկար իմաստասիրութիւն չի վերցնում:
* * *
Նախ մա՛րդ: Դա նշանակում է զգալ իր հոգու մէջ ներկայութիւնը որեւէ բարձր բարոյական իդէալի: Դա նշանակում է իր էութեան մէջ զգալ անվերջ բոցավառումն այդ իդէալի սրբազան կրակի:
Իդէա՜լ եւ աննւաղ ձգտում դէպ այդ վերջինը, - ահա' թէ ի՛նչն է մեզ իրաւունք տալիս մարդ կոչւելու:
Կենդանի արե՜ւ, որ այրւում է ներքուստ եւ լուսաւորում ու ջերմացնում իր հոգեւոր շրջապատը:
Այդ դէպքում միայն մարդս դադարում է մնալ այն տխուր արարածը, որի ճակտին ծանօթ բարոյագէտի զայրոյթը «կենդանի դիակ» անունն է դրոշմել:
* * *
Նազովրեցին կ՚ուսուցանէր, թէ մարդուս մէջ ապրող հոգին աւելի արժի, քան ողջ աշխարհը:
Նոյնը - գեղեցկագոյն բանն այս աշխարհում նկարագիրն է, վսեմ ու ազնւական:
Իդէալ, իդէալապաշտութիւն - դա միակ միջոցն է, որի շնորհիւ տգեղ ու տկար հոգիներն ու նկարագրերը կը գեղեցկանան, կը բարձրանան, կը փարթամանան:
Անիմաստ ու դատապարտելի է մարդկային կեանքը, եթէ դա ծառայութիւնը չէ իդէալի, կատարումը բարոյական պարտականութեանց:
«Երկու բան է լցնում իմ հոգին միշտ նոր հիացումով ու յարգանքով - աստղալից երկինքը՝ գլխիս վերեւ, բարոյական օրէնքը՝ սրտիս մէջ»,- ասել է մեծ իմաստասէրը:
Նոյնը - «վարւիր այնպէս, որ կարողանաս ասել ամէն մէկին՝ վարւիր ինձ պէս»:
Եղի՛ր իդէալիստ, երիտասարդ ընթերցող, քանզի նիւթապաշտը դառնում է մարդ - մեքենայ, կոկորդ ու ստամոքս միայն. իսկ նմանը ե՛ւ ապրում է, ե՛ւ չի ապրում. իսկ նմանը աւելի անասուն է, քան մարդ: Եղի՛ր իդէալի ընդունակ, եւ բաւական մի' համարիր իմացականութեամբ զարգացումը, որ առանց սրտի կրթութեան, աշխարհի չարիքները մեղմացնելու փոխարէն աճեցնում է յաճախ: Եղի՛ր ընդունակ՝ ինքնանորոգումի ճամբով սատար հանդիսանալ հասարակութեան բարոյական վերանորոգումին, խորապէս գիտակցելով, թէ միակ մարդը, որին կարող ես բարձրացնել - դա ի՛նքդ ես: Սկսի՛ր քեզնից: Եւ իմաստունի հարցին, թէ «ի՞նչ կ՚ուզէիր լինել կեանքում,- յանուն ճշմարտութեան թոյնի բաժակը դատարկելու դատապարտւած Սոկրատէ՞սը, թէ՞ ճշմարտութիւնից դուրս ապրող խոզաբարոյ մի էակ», դու պատասխանիր - առաջի՛նը:
* * *
ճշմարիտ է այն կարծիքը, թէ մարդկութիւնը դառնացնող տառապանքների մեծագոյն մասը հետեւանք է իրերի եւ երեւոյթների սխալ գնահատումի:
Չե՞ս յիշում, ընթերցո՛ղ, այն ծանօթ պատկերը, որ երջանկութիւնը կը խորհրդանշէ: Կախարդական զօրութեամբ օժտւած կանացի մի թեւաւոր էակ, մի բան ձեռքում, փախչում է՝ իրեն հետ վազեցնելով մարդկային ցեղը:
Փախչում է մտացածին ըղձանոյշը եւ հազարներն ու հազարները խելայեղօրէն վազում են իր յետեւից: Հեւում են, հառաչում եւ աղմկում - ի՜նձ է՛լ, ի՜նձ էլ... իսկ թեւաւոր էակը ժպտում է ու փախչում, թողնելով իր ետեւը դժբախտների, յուսախաբների, ձախողւածների անթիւ ու անհամար բանակը:
Եւ ահա՛, երեւակայական ըղձանոյշի ժպիտներին ու շնորհին չարժանացածների մի մասը, իր «դժբախտութեան» վերջ տալու համար դիմեց գնդակին, թոկին, դաշոյնին, թոյնին՝ անձնասպանութեան: Մի մասը իրեն յանձնեց արբեցողութեան եւ նման այլասերիչ մոլութիւնների: Մի այլ մասը գազազած, դառաւ թունաւորիչը եւ անէծքը հասարակական կեանքի:
Տղամարդը, որ կարող էր իր մեծագործութիւններով անմահանալ, յաւերժացաւ իր չարագործութիւններով:
Կինը, որ կարող էր առաքինութեան օրինակ ծառայել աշխարհին, դառաւ փողոցի սեփականութիւնը:
Հետեւա՞նքը: - Լիքն են բանտերը, յիմարանոցները, հիւանդանոցները:
Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպէս: Ինչո՞ւ կը տառապի մարդկային ցեղը: - Որովհետեւ միամիտ մարդը, իրենից, իր հոգուց դուրս փնտռեց եւ կը փնտռի երջանկութիւնը: Որովհետեւ նիւթականացած մարդը չճանաչեց ճշմարիտ
երջանկութիւնը եւ իր կեանքը վերածեց դժոխքի:
* * *
Մշտատեւ անհանգստութիւն - ահա՛ այն սպանիչ տրամադրութիւնը, որ տիրում է արդի հասարակութեան եւ անհատի հոգում: Մի բան պակասում է բոլորին, բոլորի՜ն:
Անորոշ ձանձրոյթ, ջղայնութիւն, ինքնապատճառ թախիծ,- ահա՛ անհատի հանապազօրեայ կեանքը:
Հարուստն իրեն աղքատ է զգում իր հարստութեան մէջ, նիւթապէս երջանիկը՝ բարոյապէս դժբախտ:
Կա՛յ, կա՛յ մի բան, որ թունաւորում է մեր կարճատեւ ուրախութեան վայրկեանները, սպանում՝ ժպիտը մեր շրթունքների վրայ, խլում՝ մեր քունը, մեր հոգեկան անդորրութիւնը եւ սարսափեցնում՝ անարեւ ծերութեան ու մահւան ուրւականներով:
Կա՛յ մի խորհրդաւոր ձեռք, որ աներեւութաբար թոյն եւ արտօսր է կաթեցնում մեր շրթունքներին մօտեցող գինու եւ հաճոյքի բաժակի մէջ: Կա՛յ մի պատուհասող ոյժ, մի ձեռք, որ դատում է մեզ, պատժում ամէն օր, ժամ, վայրկեան:
Ի՞նչ է նշանակում սա: Ո՞վ է, ի՞նչ է այդ խորհրդաւոր ոյժը:
- Դա մեր խիղճն է, ընթերցո՛ղ, մեր գիտակցութիւնը, թէ բարի չենք,
առաքինի չենք, հայրենասէր չենք. թէ՝ կատարեալ Հայ եւ մարդ չենք:
* * *
Արտաքին երջանկութիւնը, զոր խելագարօրէն կը փնտռեն այն բոլորը, որոնց կեանքի նպատակը հաճոյքներն են եւ ոչ բարոյական պարտականութիւնների կատարումը - խաբուսիկ եւ խոզաբարոյ երջանկութիւն է, որ պէտք չէ լինի առարկան քո ձգտումների: Դու պիտ չճանաչես երջանիկ լինելու մի այլ միջոց, քան ցեղիդ եւ նմաններիդ համար աշխատելն ու տառապելը:
Քո երջանկութիւնը - ծնունդ իմաստութեան - պիտ լինի յանուն ցեղային իդէալի զոհաբերւողների գերագոյն երջանկութիւնը, քանզի մարդս տէրն է միայն իր զոհաբերածի, եւ դա՛ է միայն նրա արժէքը, եւ ոչ թէ այն կարողութիւնները, որոնցից իրենից զատ ոչ ոք է օգտւում: Քեզնից դուրս չկայ եւ պիտի չփնտռես երջանկութիւն: Փնտռածդ երջանկատու ըղձանոյշը ապրում է մի խորհրդաւոր դղեա- կում, որ քո սիրտն է, բաժանելով հարեւանութիւնը մաքուր խիղճ կոչւած աստւածութեան:
Քո երջանկութիւնը պիտ լինի՝ ծառայել ժողովրդիդ երջանկութեան: Իսկ դա նշանակում է, թէ քո սերունդը զզւանքով երես պիտ դարձնի իր օրւայ կեանքից, որ նա պիտ թողնի փողոցն իր բազմապիսի հրապոյրներով: Նա պիտ յետ մղի այն բոլոր նիւթակրօն եւ անասնացուցիչ վարդապետութիւնները, որոնք տկարացնում են մեզ, որպէս Հայ եւ մարդ:
Իսկ դա նշանակում է, որ դու պիտ չնմանւես այն սերունդներին, որոնք կորչել են առանց ազգային օգտակարութեան, ինչպէս խոռոչներում ընկած արեւի ճառագայթը: Որոնք գոյութիւն են ունեցել, բայց չեն ապրել: Որոնք չեն թողել մի բան, որ ապրէր իրենցից յետոյ:
Դու բարոյապէս ազատ չես դառնալու սերունդը անասնօրէն երջանիկ դատարկապորտների, որովհետեւ եւ ոչ մի ժամանակ քո ժողովրդի գոյութիւնն այնքան լուրջ կերպով վտանգւած չի եղել, որքան այսօր: Ինչպէս եւ երբեք քո ժողովուրդը այնքան հրամայողաբար չի զգացել կարիքը մի ուխտւած եւ հերոսական սերունդի:
Եղել են սերունդներ, որոնք իրենց կեանքը վատնել են խաբէական «կրկներեւոյթներ»ի կամ «թիթեռնիկներ»ի յետեւից վազելով: Դու, սակայն, պիտ լինես անձնական երջանկութիւնը չճանաչող սերունդ: Ահա թէ ինչո՛ւ եմ ասում քեզ,- վերցրո՛ւ խաչդ եւ հետեւի՛ր ինձ: Այո՛, քո սերունդը պիտ լինի խաչակիր: Նա պիտ քաւի մեղքերն իր հայրերի՝ հանդիսանալով նրանց վերադաստիարակիչը: Իսկ այդպիսին դառնալու համար, պէտք է որ քո ամէն մի օրը լինի «ճերմակ քարով նշանակելի օր». պէտք է որ քո կեանքը լինի բարոյական լրջութիւն, գրաւչութիւն եւ առողջութիւն: Իսկ այդպիսին լինելու համար՝ ապրի՛ր չմեռնելու, մեռի՛ր ապրելու համար: Կեանքդ նւիրիր բաների, որ չեն մեռնում:
Եղել են սերունդներ, որոնք աւելի ժամանակ են վատնել իրենց արտաքինը յարդարելու, քան իրենց մտքի եւ սրտի մշակոյթի համար: Դու պիտ ապրես ժողովրդիդ համար, այլապէս պիտ երկարի նրա հոգեվարքը
եւ շատ պիտ ուշանայ նրա քաղաքական յարութիւնը:
* * *
Հոգեպէս ծոյլերն են ստեղծել դժւարին ու անկարելի խօսքերը: Քոյր ու եղբայր են չկամենալն ու չկարողանալը: Հազարամղոն ճամփորդութիւնն սկսւում է մի հատիկ քայլով: Չկա՛յ անկարելին, երբ կայ զօրեղ ու վճռական կամքը: Գիտցի՛ր, եղել են կամքի հսկաներ, որոնք առաջարկել են Ալեքսանդր Մակեդոնացուն՝ իր արձանը կերտել Աթօս լեռը տաշելով: «Թագաւորը նա' է, ով կարող է»: Ես ուզում եմ, որ դու լինես թագաւոր սերունդ: Քանի դեռ գետափին ես - տկար ես: Անցա՞ր - կեսար ես: Անցի՛ր, հա՛յ երիտասարդութիւն, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ յաղթութեան դափնին է սպասում:
Յաղթութեան ու պարտութեան միջեւ ամբողջ պետութիւններ կանխասել է Բոնապարտը:
Քո վաղւայ յաղթանակի եւ պարտութեան միջեւ հայ ժողովրդի լինել- չլինելու հարցը կայ, հա՛յ երիտասարդութիւն:
Ահա՛ թէ ինչու քեզ պէտք է յաղթականի լուսապսակ ստեղծել քո ժողովրդի անւան ու ճակտի շուրջը:
Իսկ դրա համար քեզ պէտք է լինել՝ աւելի քան Հայ եւ մարդ:

Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 577 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024